ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԶԵՆՔՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ»

«ԶԵՆՔՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ»
17.12.2010 | 00:00

Երեկ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկեց Աֆղանստանում Հայաստանի զինուժի ստորաբաժանման մասնակցության ժամկետը մեկ տարով երկարացնելու և կազմը 40-ից 45 դարձնելու հարցը։ Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն օրենքի առնչությամբ նախ շնորհակալություն հայտնեց հայ զինծառայողներին խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, հետո էլ արձանագրեց. «Սա պետք է դիտարկել Հայաստանի արտաքին բազմավեկտոր քաղաքականության համատեքստում։ Հայաստանն իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որն իր դրսևորումն ստանում է ռազմական համագործակցության բնագավառում։ Այս քայլը Հայաստանի համար տակտիկական է, քանի որ զենքով ժողովրդավարության չեն հասնում։ Պատմությունը ցույց է տվել, որ Աֆղանստանում մինչ այսօր ոչ մի իմպերիա հաջողության չի հասել»։ Նկատելով, որ այս նախաձեռնությամբ Հայաստանը ճիշտ քայլ է իրականացնում, Դալլաքյանը միաժամանակ շեշտեց. «Աստանայի վերջին գագաթնաժողովը, ըստ էության, փաստեց, որ ԵԱՀԿ-ն ճգնաժամի մեջ է, որովհետև ընդհանուր բնույթի հայտարարություն ընդունվեց։ Անվտանգության հիմնախնդիրն աշխարհի առջև կանգնած խնդիր է, որը լուծումներ է պահանջում»։ Ավելին, ըստ անկախ պատգամավորի, այս հարցը պետք է դիտարկել քաղաքակրթությունների բախման համատեքստում, որովհետև այստեղ արևմտյան և արևելյան արժեքներն են հակադրվում։ «Համաշխարհային մակարդակով լուծումները ոչ թե հակամարտության մեջ են, պարտադրանքի, այլ արժեքների հանդուրժողականության։ Համաշխարհային գործընթացների լուծման բանալին ոչ թե քաղաքակրթությունների բախումն է, այլ նրանց համագործակցությունը, փոխլրացումը»,- փաստեց Վիկտոր Դալլաքյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ