ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«Տանելի վիճակ» կատեգորիան իրողություն է, և սրա հետ պետք է հաշվի նստել

«Տանելի վիճակ» կատեգորիան իրողություն է, և սրա հետ պետք է հաշվի նստել
10.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Հայաստանում ընթանում է գաղափարազուրկ և ան-սկզբունք քաղաքական պայքար, որի նպատակը նյութական բարիքների վերաբաշխումն է, ինչին և հանգում է մարդկանց թեկուզ թույլ, բայց, այնուամենայնիվ, գերադաս ուշադրությունը։ Դրա հետ մեկտեղ, մինչև հիմա հայկական քաղաքական մեկնաբանություններում այդպես էլ հարցեր չեն հնչել այն ներքին ու արտաքին սուբյեկտների դիրքորոշումների ու գնահատականների վերաբերյալ, որոնք այս կամ այն չափով շահագրգռված են Հայաստանի ներքաղաքական գործընթացների արագացմամբ։ Այդ հարցերի առնչությամբ թերասացություն կա, թեև գործող ընդդիմության գործունեությունը ենթադրում է, որ կան ներքին և արտաքին շահագրգիռ կողմեր, որոնք, անկասկած, աջակցություն են ցուցաբերում ընդդիմությանը։ Ժամանակն է քննության առնելու այդ իրական և ենթադրական սուբյեկտների ճշմարիտ շահերը։

ՌՈՒՍԱՍՏԱՆ։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը երբեք շատ թե քիչ նշանակալի միջամտություն չի ցուցաբերի Հայաստանի ներքաղաքական գործերին, իսկ եթե առանձին լրատվամիջոցներ փորձեր անեն էլ, ապա դրանք կա՛մ ոչ մի նշանակություն չեն ունենա, կա՛մ էլ կատակերգական հնչողություն կունենան։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակներին Ռուսաստանի քաղաքական միջամտությունը խիստ վտանգավոր է, որովհետև, բացի իր քաղաքականության հերթական ձախողումից, Ռուսաստանը ոչնչի չի հասնի։ Բուն Ռուսաստանում ներքաղաքական իրադրությունն այնքան անորոշ է և աղմկահարույց, որ նման միջամտությունը կարող է հակառեսուրս դառնալ Մոսկվայի այս կամ այն քաղաքական խմբավորման համար` օգտագործվելով նրա դեմ։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտքաղաքական կողմնորոշման առնչությամբ կասկածների սաստկացումը հանգեցնում է ռուսական քաղաքական ղեկավարության հեղինակության խարխլմանը։ Բացի այդ, ո՛չ Դ. Մեդվեդևի, ոչ էլ Վ. Պուտինի թիմում չկան այնպիսի քաղգործիչներ, վարչարարներ կամ քաղտեխնոլոգներ, որոնք կարողանային հաջողություն երաշխավորել Հայաստանում որևէ արկածախնդիր քայլ ձեռնարկելու դեպքում։ Սպառնալիքներն ավելի քան մեծ են, և Ռուսաստանը փորձում է այլ լծակներ գործի դնել իր նպատակներին հասնելու համար, քան ցուցադրել իր ազդեցությունը ներքին իրադարձությունների վրա։

ԹՈՒՐՔԻԱ։ Անկարայում հնարավորություն ունեցել են հետևելու, թե ինչպես է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որն ամուր կապեր ունի Մոսկվայի հետ, հաճույքով ընդունում խաղը և կարգապահորեն աջակցում Թուրքիայի զսպմանն ու նրա նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը միտված ամերիկյան քաղաքականության իրականացմանը։ Այդ գործընթացից ակնկալելով «հայկական հարցի» վերացում, Թուրքիան համոզվեց, որ «հայկական գործոնն» ԱՄՆ-ի սցենարներում սկսել է ավելի կարևոր դեր խաղալ։ Ի՞նչ է անելու ենթադրյալ քաղաքական վարչախումբը, որը, ըստ «մտահղացման», ավելի շատ հակված է Արևմտյան ընկերակցության հետ մերձենալուն։ Հայ-թուրքական մերձեցման փորձերի հետևանքով Թուրքիան հայտնվեց այնքան դժվարին կացության մեջ, որ հարկադրված էր օգտագործել իր պահեստային «խաղաքարտը», այսինքն` ադրբեջանական պահեստային տարբերակը` ղարաբաղյան թեմայով հանդերձ։ Սակայն պետք է ուշադրության առնել նաև Թուրքիայի հնարավոր ակնկալիքները ղարաբաղյան հարցը լուծելու Հայաստանի ներկա ընդդիմության մտադրությունների առումով, և այն պատրանքները, թե ինքը կարող է այդ հարցը լուծել արագացված կարգով կամ առհասարակ ինչ-որ կերպ լուծել այն։ Ընդդիմության առաջնորդների մեծ ցանկությունը` ամեն գնով լուծելու ղարաբաղյան հարցը, ակնհայտ է։ Բայց ի՞նչ պիտի անի Թուրքիան այդ երևակայական իրավիճակում` իրո՞ք կկատարի Ցյուրիխի որոշումները, այսինքն, կընդունի ԱՄՆ-ի պահանջներն ու իր քաղաքականությունը կենթարկի պարտադրված կանոնակարգին։ Չլուծված ղարաբաղյան հարցը, այսինքն ներկա ստատուս-քվոն, ինչպես երբևէ, ձեռնտու է Թուրքիային, և նա մտադիր չէ իրական ճնշում գործադրելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ արտաքին շահագրգիռ կողմերի վրա։ Հայաստանի կառավարող վարչակազմը, որն ի վիճակի չէ կարգավորելու երկրի ո՛չ վարչական, ո՛չ էլ տնտեսական իրողությունները, լիովին ձեռնտու է Անկարային։ Թուրքերի ինչի՞ն է պետք ԱՄՆ-ի ու եվրոպացիների կողմից կիրառվող շահարկումների նոր փուլը։ Հայաստանն առայժմ միտք չունի պատերազմ սկսելու Ադրբեջանի դեմ, համաձայն է հաշտվելու «ծույլ» պատերազմի հետ, ուստի և Թուրքիային չի հարկադրում իր համար վտանգավոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում։

ԻՐԱՆ։ Թեհրանում ավելի ու ավելի են արդեն ոչ թե անհանգստություն, այլ երկյուղներ զգում Հարթավայրային Ադրբեջանի հողերի հանձնման, ավելին` հակամարտության գոտի խաղաղարար զորքեր մտցնելու առնչությամբ հայ ղեկավարների անվերջանալի հայտարարությունների առթիվ։ Իրանի քաղգործիչների գնահատմամբ, դա կազմալուծում է հայ-իրանական հարաբերությունների զարգացման ռազմավարական ծրագրերը։ Իրանը դեռևս հույս ունի, թե հայաստանյան ղեկավարությունը չի հայտնվի հակամարտության կարգավորման կեղծ պայմանների գերության մեջ և «իրական հողը» չի փոխանակի «անիրական քաղաքական պայմանների» հետ։ Ղարաբաղյան գործոնն իրանական քաղաքականության մեջ ավելի կարևոր է, քան ենթադրում են տարբեր քաղգործիչներ ու քաղաքագետներ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս։ Թերևս դա Հայաստանի հետ կապված Իրանի երկյուղների միակ լուրջ պատճառն է։ Օրինակ, այնպիսի միտում, ինչպիսին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցումն է, այնքան էլ չի անհանգստացնում իրանցիներին։ Նրանք ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությունը համարում են իրենց գործընկերոջ ներկայություն այդ դաշինքում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական վարչակազմն Իրանի կողմից դիտվում է որպես իր շահերի տեսանկյունից ընդունելի, թեև դեմ չէին լինի, եթե նրանք «պատժվեին չկշռադատված քաղաքականության համար»։ Ամեն դեպքում, հայ ընդդիմության առաջնորդներն ամենևին ընդունելի չեն Իրանի համար, և վերջինս պատրաստ է քաղաքական բոլոր միջոցներով խոչընդոտելու այդ քաղաքական գործիչների իշխանության գալուն։

ՖՐԱՆՍԻԱ։ Փարիզը բացահայտորեն ձգտում է ակտիվացնել իր քաղաքականությունը շատ տարածաշրջաններում և նորովի իմաստավորել ու կառուցել իր դիրքորոշումը։ Նա դեռևս Հարավային Կովկասի և առհասարակ նախկին խորհրդային տարածությունում չունի բավականաչափ ուժեղ դիրքեր, թեև դա միանգամայն հնարավոր կլիներ, եթե հաջողվեր ավելի ինքնուրույն դիրք գրավել, որը տարբերվեր իր գործընկերների քաղաքականությունից։ Ֆրանսիային` որպես Եվրոպայի քաղաքական առաջատար պետության, չի կարող բավարարել ո՛չ ներկա հայ ղեկավարության վարկանիշը, ո՛չ Հայաստանում տիրող բուն իրավիճակը, բայց Փարիզում հազիվ թե ցանկանային կասկածի տակ դնել հարաբերությունները Հարավային Կովկասում իրենց միակ հուսալի գործընկերոջ հետ այն խնդիրների պատճառով, որոնք կապ չունեն ո՛չ պաշտպանության հետ, ո՛չ էլ անվտանգության։ Ֆրանսիացիները շատ լավ են հասկանում, որ իր ներկա` տարածաշրջանում առայժմ ոչ առաջատար դիրքերի պայմաններում չարժե շեշտն ընդդիմության վրա դնել, որը կասկածելի հեռանկարներ ունի երկրում։ Ֆրանսիացիները շատ լրջորեն են ծանրութեթև անում ստատուս-քվոն` որպես տնտեսական և սոցիալական իրադրության հետևողական բարելավման և դրա շնորհիվ իր դիրքերի ամրապնդման հիմնապայման։

ԱՄՆ։ Նկատի ունենալով, որ հիմա ԱՄՆ-ի «գլուխը շատ խառն» է և այլոց, առավել ևս Հայաստանի ցավով չի կարող «տապակվել», հայ ընդդիմության հարցը ծայրաստիճան օրախնդիր չէ նրա համար։ Այն անհանգստացնող է, բայց ոչ գլխացավանք առաջացնող. մոտավորապես այս կերպ է արտահայտվել մի երդվյալ հանրապետական, որը Ջ. Բուշի վարչակազմում կարևոր պաշտոններ է զբաղեցրել, իսկ հիմա առանցքային դիրքեր ունի «Freedom House» կազմակերպությունում։ Ընդ որում, այդ վերաբերմունքը եթե ոչ լիովին, ապա գոնե զգալիորեն հիշեցնում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Վրաստանում և Ադրբեջանում։ Սակայն դա վերաբերմունք է միայն ներքին քաղաքականության նկատմամբ։ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ մի փոքր ակտիվանում է, և Հարավային Կովկասի երկրների ներքին քաղաքականության դիտարկումն ամերիկացիների կողմից անհնար է առանց ԱՄՆ-ի քաղաքականության տարբեր շահերի և ուղղությունների զուգորդման։ Նշենք Հայաստանի ներքաղաքական իրադրության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա ազդող մի շարք գործոններ։

Հայաստանի գործող նախագահն իր բազմաթիվ գործընկերների գաղափարական աջակցությամբ համաձայնեց Ցյուրիխի պայմանավորվածությունների ստորագրմանը, որը ոչ մի ժողովրդականություն չէր վայելում, և իրեն դատապարտեց ոտք դնելու մի շատ վտանգավոր ու կասկածելի ուղու։ Ըստ էության, դրանով նա ընդունում էր Հայաստանի որոշակի քաղաքական շրջանակների իդեալներն ու ձգտումները, որոնք համարվում են Հայաստանի առաջին նախագահի գաղափարակիցները։ Ամերիկյան քաղաքականության հետքով այդ ընթացքը տեղի էր ունենում առանց քաղաքական վերլուծության հետևությունների հաշվառման, հասարակական կարծիքի լիակատար անտեսմամբ, այն զինակից-գործընկերների ցուցադրմամբ, որոնք, ինքնըստինքյան, կոմիկական վերաբերմունք էին առաջ բերում։ Դա, անշուշտ, վճռական քայլ էր և նշանակում էր ոչ միայն գնալ «վա-բանկ», այլև պահանջում էր անտեսել անգամ սեփական զգացողությունները։ Ամերիկացիները չէին կարող չգնահատել քաղաքական ղեկավարության, նախ և առաջ Հայաստանի նախագահի այդ որոշումները, ու չնայած երկրում տիրող իրավիճակից ստացած ամենաաննպաստ տպավորություններին, Վաշինգտոնում, իհարկե, Հայաստանի ղեկավարին ընդգրկեցին իրենց անհատական գործընկերների կազմում և չեն կարող «հանձնել» նրան, փաստորեն, հնարավոր ոչ մի պարագայում։ Ամերիկացիները համոզվել են, որ Հայաստանի ներկա նախագահը կարող է ընդունել ամենաանսպասելի նախաձեռնությունները։

Իհարկե, կարելի է փորձել դատողություն անել այն հարցի շուրջ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի առնչությամբ դարձել է ավելի իրատեսական ու զգուշավոր, ինչի մասին վկայում են Պենտագոնի և պետդեպարտամենտի վերջին ամիսներին և վերջին երկու տարում տարածաշրջան այցելած բարձրաստիճան ներկայացուցիչները։ Կարելի է նշել, որ ԱՄՆ-ին ձեռնտու է ղարաբաղյան խնդրի ամենևին էլ ո՛չ ցանկացած լուծում, ինչպես հայտարարում են որոշ հայ հեղինակներ, ինչպես նաև կարգավորման ցանկացած նախաձեռնություն, և, որ ԱՄՆ-ն ամենևին էլ շահագրգռված չէ Հայաստանի ռազմական ու դիրքային թուլացմամբ որպես Թուրքիայի զսպման իր ռազմավարության մեջ ընդգրկված երկրի և Հարավային Կովկասում հավասարակշռողի։ Բայց, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հարցի կարգավորման գործում Հայաստանի վարքագիծը, հաշվի առնելով կարգավորման խնդրում Ռուսաստանի նախաձեռնած գործընթացի ձախողումը, միանգամայն ձեռնտու է ԱՄՆ-ին։ Ամերիկացիները հասկացել են, որ ցանկացած ճնշում Հայաստանի կամ Հայաստանի իշխանությունների վրա նրան կմոտեցնի Ռուսաստանին։

Հայաստանում կարող են կատարվել բավական կոշտ քայլեր, բայց, միաժամանակ, չկան զանգվածային և խմբակային բռնություններ, պատվիրված քաղաքական սպանություններ, և ԱՄՆ-ի այն կազմակերպությունները, որոնք կոչված են գնահատականներ տալու տարբեր երկրներում «ազատության» ու «ժողովրդավարության» հետ կապված իրադրությանը, ոչ մի օբյեկտիվ պատճառ չունեն Հայաստանը դասելու ազատությունից զուրկ բռնատիրական երկրների շարքը։ Այսինքն, Հայաստանում տիրող իրադրությունը հեռու է անթերի լինելուց, բայց տանելի է։ «Տանելի վիճակ» կատեգորիան, որքան էլ վիրավորական լինի ընդդիմության և հասարակության որոշակի շրջանակների համար, իրողություն է, և սրա հետ պետք է հաշվի նստել։

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ։ Այն, ինչ կոչվում է ներքին հիմնարար գործոն, այնքան էլ հուսադրող չէ։ Հայաստանի բնակչությունը ծայրաստիճան դիմազրկված է, ու անգամ ավանդական, պապենական արժեքներն ակնհայտորեն անտեսված են։ Ընդդիմությունը հուսով է, որ եթե ինքը «երեք տարի պահում է ամբոխը», ուրեմն դա ինչ-որ բան արժե, և հույսը չի կորցնում, բայց նույն հաջողությամբ կարելի է ուշադրություն գրավել ամեն տեսակի անվճար ցուցադրանքով։

Հայաստանում ձևավորվում է նոր, մանրբուրժուական խավ, և միակ բանը, որ նրան ներդաշնակություն ու ոգևորություն կհաղորդի, քաղաքական ազգայնականությունն է։ Առայժմ կատարվում է «անհատական ընտրություն», «որոշումների անհատական ընդունում», և ազգային անվտանգության շահագրգռության տեսակետից չկա որևէ արտաքին ուժ, որն այդ վիճակը դարձներ շինծու, ձևական։ Դեռևս ընկալելի են շատ պարզունակ, ֆիզիոլոգիական պահանջարկի համար մատչելի գաղափարները, ավելի ճիշտ` ազդականչերը։ Տնտեսության և հասարակության զարգացման գլխավոր խոչընդոտն օլիգարխիական բուրժուազիան է, որի հետ կապված են տեսադաշտում եղած առանց բացառության բոլոր քաղաքական կուսակցությունները։ Որքա՞ն են օլիգարխները շահագրգռված ընդդիմության հետ համագործակցությամբ։ Ըստ երևույթին, ճիշտ նույնքան, որքան և իշխանությունների հետ, քանի որ ընդունակ են հաջողությամբ իրենց խնդիրները լուծելու երկրում հնարավոր ցանկացած կառավարող վարչակազմի հետ։ Զինվորական շրջանակներն ու ազգային անվտանգության սպաները, թեև շատ բացասաբար են վերաբերվում երկրում տիրող իրադրությանն ու արտաքին քաղաքականությանը, իրականում իրենց կարծիքն արտահայտում են և պատրաստ են միջամտելու քաղաքական գործընթացներին բացառապես այն դեպքում, եթե կասկածի տակ առնվեն ղարաբաղյան խնդիրների հետ կապված շահերը։ ՈՒրիշ ոչ մի պարագայում տանկերը կայանատեղերից չեն շարժվի և չեն հայտնվի Երևանի ու Ստեփանակերտի փողոցներում։

Այսպիսով, ներկա իրավիճակում գործող ընդդիմությունն ակնկալիքներ չի կարող ունենալ, բացի նրանից, որ իրեն թույլ տրվի շարունակել «զանգվածային» և ոչ այնքան զանգվածային ելույթները։ Ընդդիմությունն ավելի ու ավելի է ձեռնտու դառնում իշխանություններին, և քողարկված կամ հրապարակային բնույթի ամեն տեսակi բանակցություններն ու պայմանավորվածությունները սոսկ ժամանակ ձգելու նպատակ ունեն իշխանությունների համար։

Ասում են` մարդկանց հիշողությունը կարճ է, և այս իմաստով վստահաբար կարելի է ասել, որ հայերի հիշողությունը ոչ թե չափազանց կարճ է, այլ ապշեցուցիչ ընտրովի է` կախված ներկա իրադրությունից, տրամադրությունից, տաք ու ցուրտ եղանակից, սեղանին հաց լինել-չլինելու հանգամանքից և այսպես շարունակ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ