ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԼԱՐՎԱԾ ՏԱՐԻ ԷՐ

ԼԱՐՎԱԾ ՏԱՐԻ ԷՐ
14.12.2010 | 00:00

Խորհրդարանական կուսակցությունների համար ինչպիսի՞ն էր 2010-ը, ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցան։ «Օրինաց երկիր» կուսակցության որակմամբ` տարին բավականին ծանր էր, չնայած, ըստ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ, նաև դրական առումով կարելի է առանձնացնել 2010-ը։ Ըստ նրա` աղետի գոտում բնակարանաշինության գործընթացը, թերևս, այս տարվա ամենակարևոր ձեռքբերումն է, քանի որ, նույնիսկ հետճգնաժամային իրավիճակում, լուրջ ներդրում կատարվեց այս ոլորտում։ Բիշարյանի կարծիքով, դրական քայլ է նաև ավանդների վերադարձման շարունակականությունը, և այս տարվա բյուջեում այդ մասով ոչ մի կրճատում չի եղել։ Իսկ կորուստների մասով ՕԵԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ այն, ինչ իրենց նախընտրական ծրագրում ամրագրել են (աշխատատեղերի բացում և այլն), չի հաջողվել ամբողջովին կյանքի կոչել։
Տարին անկորուստ է եղել ԲՀԿ-ի համար. սա խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ որակումն է։ «Որպես այդպիսին, ԲՀԿ-ն կորուստներ չի ունեցել, հանդես է եկել որպես քաղաքական լուրջ ուժ, և ես չեմ հիշում մի դեպք, որ ԲՀԿ-ն կորուստներ է ունեցել»,- համոզված արձանագրեց Վարդան Բոստանջյանը։
«Ժառանգության» համար 2010-ը վատ տարի չէր։ «Վատ էր այնքանով, որքանով վատ էր ողջ երկրի համար։ Շատ հարցերում, որպես քաղաքական ուժ, բախվել ենք այն պատերին, որոնց հանդիպում ենք խնդիրները լուծելիս։ Չափազանց ակտիվ ենք եղել օրենսդրական նախաձեռնությունների առումով, չնայած ցավով պիտի նշել, որ դրանց զգալի հատվածը մերժվել է,- փաստեց խմբակցության ղեկավար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ` միաժամանակ թվարկելով մերժված նախաձեռնությունները` ԼՂՀ-ի անկախության ճանաչում, ՊՈԱԿ-ներ և այլն։- Ընդհանուր առմամբ, շատ հարցերում հաջողել ենք, շատերում էլ` ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի դրանք տապալել է»։
Իշխող կուսակցության համար տարին բավականին լարված էր, աշխատանքային։ ԱԺ հանրապետական փոխնախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆՆ ընդգծեց` քանի որ իշխող օղակում ներկայացված է հիմնականում հանրապետականը, ուստի պետության խնդիրները, հոգսերը ՀՀԿ-ի պատասխանատվության դաշտում են։ «Ասել, որ անցնող տարին առանց խնդիրների էր, այդպես չէ, որովհետև հետճգնաժամային տարի էր։ Տնտեսության մեջ այդ ճգնաժամի հետևանքները վերացնելու անհրաժեշտություն կար, ինչը ՀՀԿ-ին մտահոգող թիվ մեկ հարցերից է»,- արձանագրեց ԱԺ փոխնախագահը` հընթացս առանձնացնելով արտաքին քաղաքականության ձեռքբերումները` հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կայուն քաղաքականություն։ «Սրան գումարած այն, որ Ադրբեջանն այս տարի բավականին կոշտացրել էր իր դիրքորոշումը, ռազմատենչ հայտարարություններն ավելացրել` պատերազմի սպառնալիքով։ Փառք Աստծո, տարին այս առումով եզրափակում ենք Աստանայի գագաթնաժողովով, որը դրական միտումներ է պարունակում»։
ՀՅԴ-ի համար ևս տարին լարված ու աշխատանքային էր։ «Կոնկրետ գործերի, սպասելիքների տարի էր»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ` միաժամանակ թվարկելով իրենց անհանգստությունները` պայմանավորված ղարաբաղյան հիմնախնդրով, հայ-թուրքական հարաբերություններով և այլն։ «Շատ հարցեր ունենք, որոնք լուծված չեն։ Ամեն դեպքում ծանրաբեռնված տարի էր, ու բավականին աշխատանքներ են իրականացվել»,- արձանագրեց դաշնակցական պատգամավորը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ