ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵՑ ՆՈՐ ՏԵՍՔ ՏԱԼՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՆ

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵՑ ՆՈՐ ՏԵՍՔ ՏԱԼՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻՆ
18.10.2011 | 00:00

Դեռ վերջերս մի ամբողջ շարք փորձագետներ (ընդ որում Արևմուտքում` որոշ զգուշավորությամբ, իսկ Ռուսաստանում` մեծ հույսով) սկսեցին պնդել, թե մեր տարածաշրջանում մեծ է այնպիսի «արտակարգ իրավիճակի» առաջացման հավանականությունը, երբ Իրանն ու Թուրքիան սկսեն ձեռք ձեռքի տված գործել։ Եվ ամեն ինչ, ասես, խոսում էր այդ ընդհանուր առմամբ ֆանտաստիկ սցենարի օգտին։ Ամրապնդվում էին Թեհրանի ու Անկարայի տնտեսական կապերը, հատկապես էներգետիկայի ասպարեզում, երկկողմ հայտարարվեց այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունն ամենամոտ ժամանակներս տարեկան մինչև 30 մլրդ դոլարի հասցնելու մտադրության մասին, Թուրքիան Իրանի հետ պայմանավորվեց միջուկային թափոնների օգտահանման շուրջ, ՄԱԿ-ում քվեարկեց պատժամիջոցների կիրառման դեմ և հսկայական ջանքեր գործադրեց իրանական միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական լուծման համար։ Հաճախակի ու հաջողությամբ սկսել էին հանդիպել երկրների ղեկավարները, արտգործնախարարները, հայտարարություններ էին անում և ճշգրտում դիրքորոշումները տարածաշրջանային հարցերում։ Ավելին, ինչպես գրում էին լրատվամիջոցները, թուրքական հեռուստածրագրերը սկսել էին Իրանում արտասովոր ժողովրդականություն վայելել, իսկ ընդհանուր առմամբ խստաբարո իսլամականներն սկսել էին չտեսնելու տալ բավականին ազատաբարո, անգամ անպարկեշտ թուրքական ծրագրերը։ Սակայն, պարզվում է, այս ամենը չի վերացնում երկու երկրների շահերի ու կարողությունների խոր տարբերությունները։ ՈՒ հիմա ավելի ու ավելի է հասկանալի դառնում, որ դեպի Իրան Թուրքիայի հնարավոր «ազատ սահքի» վերաբերյալ երկյուղներն ու հույսերն ավելի շուտ անհիմն են։ Իրանն ու Թուրքիան` Օսմանյան ու Պարսկական կայսրությունների ժառանգորդները (ինչպես միշտ եղել է, այնպես էլ մնացել է այսօր), առաջին հերթին, բնական մրցակիցներ են և տարբեր հայացքներ ունեն։ Բացի այդ, նրանք միատեսակ, բայց փոխբացառող հավակնություններ ունեն տարածաշրջանային լիդերի դերի համար։ Այնպես որ, արևելյան հին իմաստախոսությունն այն մասին, թե «երկու գլուխ մի կաթսայի մեջ չի եփվի», սկսել է ակնբախ հաստատում գտնել Դամասկոսի դեպքերի շուրջ։ Իսկ սիրիական ապստամբությունն սկսեց վերաճել իշխանության և ազդեցության համար տարածաշրջանային մրցակից պետությունների` Թուրքիայի և Իրանի միջև սրվող պայքարի։ Եվ, համապատասխանաբար, երբ երկար տատանումներից հետո Անկարան, այնուամենայնիվ, որոշեց, որ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչախումբն այլևս մնալ չի կարող, Թեհրանն սկսեց կտրականապես հանդես գալ նման սխեմայի դեմ։
Նկատենք, որ վերջին տասնամյակում Սիրիան Իրանի համար դարձել էր ավելի շատ արբանյակ, քան դաշնակից, և արաբական աշխարհում գաղափարների ու շահերի գլխավոր ջատագով։ Իրանը Սիրիայի մեռնող տնտեսությունն ապրեցրեց ներարկումների միջոցով, իսկ դրանք կազմում են 20 մլրդ դոլար, ինչպես նաև Սիրիային «նվերներ» էր մատուցում, այդ թվում` տարեկան 150 մլն դոլարի զենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «համակարգման բյուրո» ունի Դամասկոսում, որտեղ 400 ռազմական փորձագետ է աշխատում, իսկ Սիրիան միակ միջերկրածովյան պետությունն է, որն իրանական նավատորմին կառանվելու իրավունք է տալիս։ Թեհրանի աղբյուրները նույնիսկ պնդում են, թե Ասադի շրջապատի առանցքային անդամները վարձատրվում են Իրանի կողմից։ Այնպես որ, լիովին հասկանալի է, որ Ասադից Էրդողանի կառավարության երես թեքելը, ինչպես նաև Արևմուտքի ակնհայտ ցանկությունը` Սիրիայում Թուրքիան տեսնելու որպես գլխավոր դերակատար, Թեհրանում ոգևորություն չավելացրեց։ Ավելին, թուրքական նախաձեռնությունը սկսեցին պաշտպանել մի քանի տարածաշրջանային տերություններ, մասնավորապես` Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի ավազանի նրա դաշնակիցները, իսկ դա Իրանի համար կրկնակի անընդունելի էր։ Հայտնի դարձավ, որ «ծանր խոսակցություն» է տեղի ունեցել Ահմադինեժադի և Էրդողանի միջև, և Իրանում անմիջապես հակաթուրք քարոզչություն սկսվեց, իսկ իրանական թերթերը թուրքերին մեղադրեցին սիրիական խռովարարներին զենք մատակարարելու մեջ, թուրքական կառավարությունն անվանեցին «ԱՄՆ-ի լաքեյ»։
Եվ ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել այդ տարածքում, «վիրավորանքներից» հետո սկսել է ավելի մեծ թափով գործի դրվել «քրդական գործոնը»։ Ընդ որում, իրավիճակն առանձնապես զավեշտալի է դառնում նրանով, որ եթե քրդերը վաղուց ու հետևողականորեն ամերիկացիների կողմից էին օգտագործվում «Մեծ Մերձավոր Արևելք» լայնընդգրկուն խաղում, ապա հիմա, ինչպես վկայում են լրատվամիջոցները, Թեհրանն էլ է միացել այդ գործերին։ Նա, ըստ էության, փաստորեն, արդեն վերացրել է Թուրքիայի «գլխացավանքի»` քրդական աշխատավորական կուսակցության զինված միավորումների շարժման վրա դրված արգելքը։ Այսինքն, թուրքերին աներկմտորեն հասկացրել են, որ եթե նրանք մասնակցեն Սիրիայի դեմ գործադրվող քայլերին, ապա Իրանը, չնայած իր ներքին խնդիրներին, կաջակցի «քուրդ անջատականներին»։ Նկատենք, որ դեռ ամռան սկզբներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներն Իրաքի տարածքում գրավել էին իրանա-իրաքյան սահմանի շրջանում գործող գրոհայինների երեք ճամբար։ Իսկ թուրքական 500-հոգանոց մի ստորաբաժանում անցել էր իրանա-թուրքական սահմանը, կանգ էր առել իրանական ՈՒրմիա քաղաքից ոչ հեռու և պատրաստվում էր մասնակցելու քրդական «Քրդստանի ազատ կյանք» կազմակերպության` Քրդստանի աշխատավորական կուսակցության իրանական թևի դեմ Իրանի բանակի գործողություններին։ Սակայն հետագայում իրադարձություններն սկսեցին Թեհրանին նոր պայմաններ թելադրել «քրդական քարտի» խաղարկման գործում։ Եվ համապատասխանաբար, իրանական հազարամյա խորամանկ դիվանագիտության կանոններով խաղարկվեց մեծ ակնարկներով և հեռագնա հետևանքներով մի ծրագիր։ Իրանական իշխանությունների բարձրաստիճան շատ ներկայացուցիչների համար անսպասելիորեն հայտարարվեց քրդական աշխատավորական կուսակցության մարտական կազմակերպության հրամանատար Մուրատ Քարայըլանի կալանավորման մասին։ Կարևոր է նշել, որ թուրքական խորհրդարանում նրա խմբակցությունը տրամադրված է բանակցելու Անկարայի հետ, մինչդեռ մյուս` հրամանատար Ջեմիլ Բայիքի գլխավորած խմբակցությունը ձգտում է հակամարտության սրման։ Այնպես որ, Քարայըլանի ձերբակալմամբ Թեհրանը, երևի, կստիպեր լռել քրդական աշխատավորական կուսակցության ավելի չափավոր ներկայացուցիչներին և Անկարայի համար կդժվարացներ նրա առջև ծառացած խնդրի լուծումը։ Ինչպես և պետք էր սպասել, Թուրքիայում անհանգստացած են, որ քրդական ապստամբական գործունեությունը հիմա արդեն նոր անսպասելի շրջադարձ կընդունի և յուղ կլցնի վերջին ժամանակներս նոր ուժով բռնկված զինված հակամարտության կրակի վրա։ ՈՒ թեև հետո Իրանը հերքեց ձերբակալության հայտարարությունը, գործն արդեն արված էր։ Շատ հետաքրքիր է նաև այն, որ բառացիորեն նույն օրերին Իրանի արտգործնախարարությունը պաշտոնապես հերքեց Հայաստանի տարածքում քրդական «Փեժաք» խմբավորման գրոհայինների վարժեցման մասին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած լուրերը և նշեց, որ պետք չէ վստահել ոչ պաշտոնական աղբյուրներին, քանի որ դրանք չեն համապատասխանում իսկությանը։ «Իրանն ուզում է ազդանշանել Թուրքիային` մի կպեք տարածաշրջանում մեր ունեցած շահերին։ Մենք ներգործության լծակներ ունենք»,- ասում է Ստամբուլի համալսարանի ահաբեկչության հարցերի փորձագետ Եդիթեփ Էմրուլլան։ Եվ այդ ամենը, անկախ Դամասկոսի շուրջ Անկարայի բազմաքայլ գործողություններից և Պարսից ծոցի «ոսկե արաբներին» դուր գալու անզուսպ ցանկությունից, ավելի քան լուրջ ակնարկ է։ Առավել ևս, որ Հյուսիսային Իրաքում խաղաղ բնակչության զոհվելու բազմաթիվ դեպքերից հետո քրդերի «համբերության բաժակը» կարող է լցվել, և այդ ժամանակ մարտի մեջ կարող են մտնել Իրաքյան Քրդստանի զինված կազմավորումները, որոնք մինչև հիմա դեռ չեն մասնակցել բախումներին։ Դրանց թվակազմը հասնում է մոտ 100 հազարի, որոնց անվանում են «մահապարտներ», ու հասկանալի է, որ նրանք մեծ տհաճություն կարող են պատճառել թուրքերին։ Արդյունքը կլինի այն, որ հակաահաբեկչական գործողությունը կվերածվի իսկական արյունալի պատերազմի։ Այնպես որ, եթե տարածաշրջանի կենտրոնում անկախ Քրդստանի ստեղծումը տրամաբանական շարունակություն ունենա, ապա և՛ թուրքական զորքերի համար ծանր վիճակ կստեղծվի, և ՛Թուրքիայի տարածքային կորուստներն անհամեմատ մեծ կլինեն։ Եվ այստեղ անհնար է չհիշել, այսպես կոչված, «գնդապետ Ռալֆ Պետերսի քարտեզը»։ Ամերիկյան հետախուզության վետերանն այս դարասկզբին Պենտագոնի կողմից հրապարակվող «Armed Forces Journal» հանդեսում հրապարակեց «Արյունոտ սահմաններ» հոդվածը և մի քարտեզ` «Ինչպես ավելի լավ տեսք կունենա Մերձավոր Արևելքը» խիստ բազմիմաստ ենթավերնագրով։ Ինչպես դժվար չէ նկատել, ամերիկացիները մտադիր էին անճանաչելիորեն փոխել տարածաշրջանի քարտեզը. նորովի ձևել հին սահմանները, ինչպես նաև նպաստել մի քանի նոր պետությունների առաջացմանը։ Այն մասին, որ այդ քարտեզն արտացոլում է ոչ միայն փորձագետի հայացքները, այլև համապատասխանում է ամերիկյան կառավարության ծրագրերին, պերճախոս վկայում է ամերիկյան զինվորական գերատեսչության կողմից դրա տարածման փաստը։ Այսպես, 2006 թ. վերջից «Պետերսի քարտեզը» ուսումնասիրվում է ԱՄՆ-ի ռազմակրթական հաստատություններում, այդ թվում նաև` սպայական և գեներալական բարձրագույն դասընթացներում։ Կուրսանտներին և ունկնդիրներին որպես տնային աշխատանք առաջադրվում է գտնել այդ քարտեզի կենսագործման առանձին խնդիրների լուծման նպատակահարմար ուղիներ։ Հետաքրքրական է, որ «Պետերսի քարտեզը» ի տես բոլորի փակցված է եղել Հռոմի ՆԱՏՕ-ի զինվորական քոլեջում, որտեղ ուսուցում էին անցնում թուրք սպաները։ Վիրավորված լինելով ծվատված Թուրքիայի տեսքից, նրանք «վճռական բողոք» հայտնեցին ԱՄՆ-ի շտաբների պետերի կոմիտեի նախագահին։ Քարտեզը հանեցին, սակայն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ոչինչ չփոխեցին։
Նկատենք ևս մեկ նշանակալի իրադարձություն, որը համահունչ է արծարծվող թեմային. դա վերջերս Ստամբուլի համալսարանին առընթեր Աթաթուրքի սկզբունքների և թուրքական հեղափոխության պատմության ինստիտուտի աշխատակից Մեհմեդ Փերինչեկի ձերբակալությունն է։ Նա ձերբակալվել է Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրության կազմակերպման` դեռևս օրախնդիր «Էրգենեկոն» գործի շրջանակներում։ Սակայն պետք չէ մոռանալ, որ հենց նա է Արևմտյան Ասիայի դաշինքի (Թուրքիա, Սիրիա, Իրաք, Իրան, Ադրբեջան) ստեղծման գաղափարական ոգեշնչողն ու կազմակերպիչը։ Նա էլ հենց ապահովում էր «առողջ գործակցությունը» ռուսական «ազգային ուժերի» հետ, կապեր էր փնտրում Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Ծրագրված դաշինքի նպատակը պետք է լիներ խոչընդոտել Մերձավոր Արևելքում ամերիկյան պլանների իրագործմանը։
Հասկանալի է, որ իրադարձությունները հեռու են ավարտված լինելուց, բայց արդեն պարզ է նաև, որ «արաբական գարունը» հնարավորություն ընձեռեց նոր տեսք տալու Մերձավոր Արևելքին։ Հիմա հարցն այն է, թե ով կօգտվի դրանից և ինչ կերպ։ Իսկ ինչ վերաբերում է քրդերին և գլխավոր հակառակորդ Անկարայի դեմ նրանց պայքարին, ապա, թվում է, տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր վերջին իրադարձությունները Թուրքիային ավելի ու ավելի են մոտեցնում «անշրջելի կետին»։ Թե ինչ է լինելու հետո, միայն Աստծուն է հայտնի։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ