ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ և ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՊՐԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է»

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ և ՈՐՊԵՍ ՀԱՅ ԱՊՐԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է»
15.07.2011 | 00:00

Հայերը, քրդերը և մի շարք այլախոհ թուրք գործիչներ մինչև օգոստոսի 15-ը պետք է լքեն Թուրքիան: Համենայն դեպս, այսպիսի կոչով էր հանդես եկել «Թուրք վրիժառուների բրիգադ» (TIT) խմբավորումը` պահանջը չկատարելու դեպքում սպառնալով արյունոտ գործողություններ իրականացնել Դիարբեքիրում և Ստամբուլում:
«Թեև դա թուրքական սովորական, շարքային հայտարարություն է, այնուհանդերձ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիայում հակահայկականությունը լուրջ արմատներ ունի ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հասարակության մեջ: Դրա մեղավորը թուրքական պաշտոնական քարոզչությունն է, որ տասնամյակներ շարունակ որպես թշնամի է ներկայացրել Հայաստանն ու հայությանը»,- ասում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: Նրա համոզմամբ` Թուրքիայում հայերը, անկախ կրոնական պատկանելությունից` առաքելական, կաթոլիկ, թե իսլամադավան, միշտ որոշակի վտանգի տակ են: «Երբ սրվում են հայ-թուրքական հարաբերությունները, ծպտյալ հայերը կամ իսլամացած հայերն իրենց հարևանների կողմից մեղադրվում են, ենթարկվում վիրավորանքների, սպառնալիքների: Թուրքիայում հայ լինելը և որպես հայ ապրելը հերոսություն է»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը և անդրադառնում ևս մեկ ցավոտ իրողության: Սոցիալական խնդիրների պատճառով շուրջ 10 հազար հայաստանցի արտագաղթել է Թուրքիա և աշխատում է ամենատարբեր ոլորտներում: Այդ մարդիկ հիմնականում ապրում են Ստամբուլում, որն իր բնույթով մեգապոլիս է, և որտեղ հասարակական մթնոլորտն ավելի ազատական է, քան գավառներում: Բայց Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ այդ հայերից ոչ մեկն ապահովագրված չէ: Նրա խոսքով` առիթի կամ թուրքական իշխանությունների համար ձեռնտու պայմանների դեպքում իշխանությունն ու թուրք հասարակությունն այդ հայերի հետ վարվելու են այնպես, ինչպես վարվել են 1915-ին կամ 1955-ին:
Նշենք, որ 1955-ին հենց Ստամբուլում օրը ցերեկով տեղի է ունեցել հայերի, հույների կոտորած` թալան, առևանգումներ, սպանություններ: Հետագայում դատավարության ժամանակ պարզվել է, որ այն կազմակերպվել է թուրքական իշխանությունների դրդմամբ: Ռուբեն Մելքոնյանը նկատում է, որ մեր հասարակությունը գրեթե անտեղյակ է այս իրադարձությանը, և մեջբերում է ազատական գաղափարներ ունեցող թուրք գիտնականի վերջերս հնչեցրած հայտարարությունը. «Երբ անհրաժեշտ լինի, երբ իշխանությունները հրաման տան, մեր հասարակությունը հայերի հետ վարվելու է ճիշտ այնպես, ինչպես 1915-ին»:
Չմոռանանք ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետի հնչեցրած սպառնալից հայտարարությունը հայերին արտաքսելու վերաբերյալ:
Ռուբեն Մելքոնյանը մեջբերում է մի օրինակ ևս ոչ հեռավոր պատմությունից. երբ 1964-ին սրվեցին թուրք-հունական հարաբերությունները, Թուրքիայի կառավարությունը մի քանի օրվա ընթացքում արտաքսեց Ստամբուլում բնակվող շուրջ 30 հազար հույնի, որոնց մի մասը Թուրքիայի քաղաքացի էր, մի մասը` Հունաստանի:
«Ցավոք, մեր հասարակությունն այնքան էլ տեղյակ չէ ներկայիս Թուրքիայից: Մեզանում կան կարծրատիպեր նախկին Թուրքիայի հետ կապված, բայց այսօրվա Թուրքիան խորությամբ չենք ճանաչում,- ասում է զրուցակիցս:- Ես համակարծիք չեմ այն տեսակետին, թե այսօրվա Թուրքիան փոխվել է: Մեր հանրությանը պետք է ներկայացնել Թուրքիայի ավելի օբյեկտիվ, ավելի ճշգրիտ պատկերը: Դա մասնագետների պարտքն է, ցավոք, դրա համար ունենք փոքր հնարավորություն: Գրվում են հոդվածներ, գրքեր, ելույթներ են հնչում, բայց թե դա որքա՞ն է տարածվում հասարակության մեջ, դժվար է ասել: Հասարակությանն իրազեկելու այլ մեթոդներ են պետք»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ