Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԷՍ Ի՞ՆՉ ԲԱՆԻ ԵՔ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»

«ԷՍ Ի՞ՆՉ ԲԱՆԻ ԵՔ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
06.03.2012 | 00:00

Արթմնի երազ
Մարտի 5-ին Վազգենենց տանն էի:
Ժողովուրդը եկել էր նրա ծնունդը շնորհավորելու, իսկ ինքը տանը չէր:
Հյուրերը շատ էին… Գրետա մայրիկը կաղամբով տոլմա էր փաթաթել… իսկ ինքը տանը չէր: Կարևոր, շատ կարևոր գործով տեղ էր գնացել և …
Դռան դիմաց էի նստած ու աչքս շարունակ դռանն էր, դուռն էլ միշտ բաց էր… Ելքն ու մուտքը շատ էր: Գալիս էին, գնում: Գալիս էին, մնում…
Հպարտ, տխուր, հպարտ օր էր: Ներկաներից շատերը խոսեցին: Խոսեց նաև վարպետը` Հրանտ Մաթևոսյանը. «… Բոլոր մարդիկ Վազգենի համար կառավարելի են, ես միայն կարող էի նրա գնդի զինվորը լինել ու այս երկրի օրինապաշտ քաղաքացին` բոլորի մեջ ու բոլորի հետ, վստահ նրա մտքի ուղղությանը, նրա` ճանապարհի սկիզբ դարձող քայլին և հայոց հավերժությանը միտված նրա հայացքին»: Հրանտ Մաթևոսյանը հանգիստ էր խոսում, խոսում էր դանդաղ` հատ-հատ բառերը շեշտելով, շատ անգամ նույն բառը, խոսքը մի քանի անգամ կրկնելով, ինքն իր տեսակով, իր բանավոր խոսքով այդպիսին է, բայց ինձ թվում էր, որ վարպետը նպատակ ունի խոսքը ձգելու մինչև Վազգենը գա, հասնի...
ՈՒ չզգացի, թե վարպետի խոսքի ավարտին, օրն ինչպես երեկոյացավ, ծովածավալ ու ոգևորված ժողովուրդն ինչպես մի կուշտ ոգևորվելուց հետո թեթևացած, հավատով լի ու յուրաքանչյուրն իր մեջ մի Վազգեն ունենալով` ցրվեց տուն, և Արարատի հայացքի ներքո, Արարատից եկող ոգու պես լսվեց Վազգենի` հաղթանակ ավետող զանգի ղողանջ հիշեցնող քրքիջ-ծիծաղն ու մեզ թողած հարցը.
-Էս ի՞նչ բանի եք, հայ ժողովուրդ:
Սթափվեցի: Արարատի լանջերից թևերը լայն բացած մի արծիվ էր ամպերի միջով ճախրում Արարատ գյուղի ուղղությամբ: Ճախրանքը հպարտ էր, վեհասլաց: Արծվի թևերից լույս էր սփռվում, և իջնող մթության մեջ ճախրանքի հետ լույսն այդ ալիք-ալիք տարածվում էր Հայաստան աշխարհի վրա` Վազգենի լույսը:

Ասաց ու...
Ազգային ազատագրական պայքարի, արցախյան պատերազմի և նորանկախ պետության կայացման մեր ապրած տարիների, տառապանքների ու սխրագործությունների մասին երգեր են երգվել և դեռ կերգվեն, ֆիլմեր են նկարահանվել և դեռ կնկարահանվեն, գրքեր են գրվել և դեռ կգրվեն:
Հետո կսկսենք քննարկել ու գնահատել լավն ու լավագույնը գտնելու համար, կայացածն ու կատարյալը գտնելու համար: Կքննարկենք, կվիճենք, կորոշենք: Հետո մեր որոշածը ճիշտ ու սխալ կհամարենք ու նորից կստեղծագործենք, որ հասնենք կատարվածի իրական ներկայացմանը` կատարյալին, իսկ կստացվի, թե չի ստացվի, դատավորն ու գնահատողը մենք չենք, Ձերդ պայծառափայլություն ամենաարդար ժամանակն է:
Իսկ ժամանակին…
Ժամանակին Վազգենը զինվոր էր ու ուսուցիչ, զորական էր ու գաղափարախոս, սպարապետ էր ու մատենագիր:
Եվ այն Վազգենը, որ պիտի ուսուցչություն աներ, կռվեց, որ հայը կռվել սովորի, որ պիտի քարոզչություն աներ, պատերազմեց, որ հայը հող ազատագրի, որ պիտի ստեղծագործեր, բանակ կառուցեց, որ հայ զինվորը հող ազատագրի և ազատագրած հողը պաշտպանի:
Թվում է, թե ուսուցիչը, գաղափարախոսը, մատենագիրը, ժամանակի տարեգիրը ժողովրդի համար ճակատագրական պահին ստորադասվեցին զինվորին, զորականին, սպարապետին, ու Վազգենը, որ պիտի որպես ուսուցիչ, որպես գաղափարախոս, որպես մատենագիր ստեղծագործեր, այս ամենի փոխարեն ասաց.
-Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:
Ասաց` ու…
ՈՒրիշ էլ ի՞նչ ասեր, որ արժևորվեին ապրած ու պայքարած տարիները, և ասելիքը մնար որպես դաս ու կարգախոս:
ՈՒրիշ էլ ի՞նչ ասեր, որ ամենաարդար դատավորը` ժամանակը, հաստատի ամենակատարյալ ստեղծագործությունը:
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ