ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ՍԵՂՄԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ «ՊԵԴԱԼԸ» ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

«ՍԵՂՄԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ «ՊԵԴԱԼԸ» ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
26.01.2010 | 00:00

Վերահսկիչ պալատի մասով, կարծես թե, մշտապես պակասում էր «վեցերորդ տարրը». այն է` ի վերջո, ի՞նչ է մտածում երկրի բարձրագույն ղեկավարությունն այն ամենի մասին, ինչ հայտնաբերում է ՎՊ-ն` անկախ կառույց դառնալու երկու տարվա ընթացքում:
Եղան բազմաթիվ բացահայտումներ, այդ թվում և` խիստ աղմկահարույց, որոնք, այսպես ասած, «նոր խոսք» էին կառավարման համակարգում այն առումով, որ մինչ այդ նման մասշտաբի և խորության վերահսկողություն պետական կառույցներում չէր իրականացվել: Եվ բնական էր, որ այդ աշխատանքը նաև առարկայական վավերացման էր սպասելու: Առաջին հերթին ոչ այնքան իրավապահ, որքան առավել բարձր մարմինների կողմից, որպես պետական և քաղաքական կամքի ու աջակցության դրսևորում, որովհետև հակազդեցությունը ՎՊ-ի սկսածի նկատմամբ նույն կառավարման համակարգում սպասվածից հզոր էր. ոչ մեկին հաճո չէ, երբ տարիներ շարունակ «ծնած-սնած» սեփական «մազոլը» ինչ-որ մեկը գա-վերահսկի-տրորի, պահանջի` առողջանալ:
Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի այցը ՎՊ շատ ավելի քաղաքական նշանակության էր, որովհետև այդ այցով ազդարարվեց` կուրսը, որ վերցրել է ՎՊ-ն պետական միջոցների արդյունավետ օգտագործման ուսումնասիրման, նույն այդ միջոցների վերականգնման ուղղությամբ, որպես նոր մոտեցում, մշակույթ, իրավամտածողություն, արժանանում է իշխանական «դաբրոյի»:
Քաղաքական լեքսիկոնով ձևակերպած` Սերժ Սարգսյանը եկավ, տեսավ, տվեց իր համաձայնությունը ՎՊ գործունեությանը: Ընդ որում, Սերժ Սարգսյանն այդ մասին խոսեց բավականին բաց տեքստով` քանիցս կրկնելով. «ՎՊ-ի աշխատանքն ինձ մոտ առաջացրել է գոհունակության զգացողություն»:
Այն, որ ՎՊ-ի աշխատանքները «գոհունակություն են առաջացնում», ակնհայտորեն երևաց Սերժ Սարգսյանի` վերջերս Գյումրի կատարած այցի ընթացքում նույնպես, երբ նրան ուղեկցում էր Վերահսկիչ պալատի նախագահը` փաստերի յուր «պապկայով»:
Ասել կուզի` նախագահական բարձր ամբիոնից Գյումրու պատասխանատուներին հասկացվեց, որ ամբողջական ու շատ լուրջ «աչք» է հետևում Գյումրու խնդիրներին, բացթողումներին` ի դեմս ՎՊ-ի կատարած ուսումնասիրությունների (ի դեպ, առաջիկա շաբաթ ՎՊ-ի խորհրդի արտագնա նիստը կհրավիրվի հենց Գյումրիում), և ավելորդ են այն դրսևորումները, որոնք նկատվում են հետվերահսկողության փուլում, ինչի ականատեսը եղանք կոնկրետ Սյունիքի մարզի ու մարզպետի «վերահսկողության» արդյունքում, երբ նույն մարզպետն աղմուկ բարձրացրեց վերահսկողության արդյունքների առնչությամբ, հայտնելով իր անհամաձայնությունը, սակայն հետո շատ խելոք ու համակերպված վերականգնեց բոլոր բացթողումները: Նույնը վերաբերում է նաև Սևանի քաղաքապետին, Տալվորիկի գյուղապետին և մնացածներին:
Ասել է` ՎՊ-ն ինստիտուտ է, ընդ որում, ինչպես շեշտեց Սերժ Սարգսյանը, լրջորեն կայացող, և նրա հետ պետք է խոսել ինստիտուցիոնալ սկզբունքով: Ասել է` չարաշահում կատարած որևէ պաշտոնյա այլևս հույս չպետք է փայփայի, թե ՎՊ-ի վերահսկողության արդյունքները հենց այնպես` աննկատ անցնելու են. դրանք, այո՛, նախ վերականգնվելու են, ապա չարաշահումներն ուրույն էպիկրիզն են դառնալու ոչ միայն տվյալ կառույցի, ուր հայտնաբերվել են խախտումները, այլև պաշտոնյային են բնութագրելու, որը, ըստ Սերժ Սարգսյանի, «ամենազզվելի անձը պետք է դիտվի մեր հասարակության մեջ», որովհետև մեր երկիրը, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը` «ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում», որպեսզի երկիրը երկիր դառնա։ «Պետական միջոցները ձեռք գցած պաշտոնյան մեր երկրում կրկնակի հանցագործ է, որովհետև մենք բազմաթիվ չլուծված պրոբլեմներ ունենք և պիտի կարողանանք առավել արդյունավետ ծախսել մեր հարկատուների միջոցները: Մենք պիտի կարողանանք առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել պետական միջոցներով, և երբ պետական միջոցների նկատմամբ ոտնձգություն է կատարվում, այդ ոտնձգությունը մենք պետք է համարենք նաև ոտնձգություն գալիք սերունդների նկատմամբ»,- արձանագրեց ՎՊ այցելած Սերժ Սարգսյանը:
Ինչպես նշեց փորձագետներից մեկը, ՎՊ-ի ընտրած ուղին ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարը ճիշտ համարեց, այլև ասվեց` «սեղմեք աշխատանքային պեդալը մինչև վերջ»: Ինչն էլ, թերևս, նշանակում է` ՎՊ-ի աշխատանքի «ճանաչողական» փուլն ավարտվում է, սկսվում է, այսպես կոչված, իրավաբանական փուլը: Սերժ Սարգսյանը հորդորեց ՎՊ-ին` խիստ հետևողական լինել չարաշահումները բացահայտելու ու մինչև վերջ հասցնելու գործում` աշխատելով իրավապահ մարմինների հետ շատ սերտ` ճնշումներին ու «հարազատներին» «ո՛չ» ասելով:
Ի դեպ, ՎՊ-ի աշխատանքն այս առումով իսկապես որակական փոփոխություն կկրի առաջիկայում: Բանն այն է, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխված դրույթը պարտադրում է` ցանկացած քրեաիրավական կասկածի դեպքում անպայմանորեն ուսումնասիրված գործն ուղարկել իրավապահ մարմիններին։
Մի հետաքրքիր, «վեցերորդ էլեմենտ» ևս արձանագրվեց Սերժ Սարգսյանի այցի ընթացքում: ՎՊ-ի օպոնենտները մշտապես վկայակոչում են հանգամանքը, որ Վերահսկիչի ուսումնասիրություններն «ամուլ» են, քանզի դրանց արդյունքում ձերբակալություններ և պաշտոնանկումներ տեղի չեն ունենում (վերջիններս, թերևս, մոռանում են շատ էական «մի մանրուք». ՎՊ-ն պատժիչ կառույց չէ, նրանք մոռանում են է՛լ ավելի էական մեկ «մանրուք» ևս, այն է` կոնկրետ 2008-ին ՎՊ-ն պետբուջե է վերադարձրել 1 մլրդ 139 միլիոն 224 հազար դրամի կանխիկ գումար, աշխատանքի տեսքով` 1 մլրդ 883 միլիոն 492 հազար դրամ։ 2009-ի թվերը դեռ չեն ամփոփվել):
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև վերը նշված խնդրին. «Մեր հանրության մեջ արդարացի հարցեր են առաջանում. բա ինչպե՞ս է պատահում, որ Պալատը վեր է հանում այդ պրոբլեմները, վատնումների փաստերը, սակայն լուրջ, աղմկահարույց գործեր չկան, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք չեն դատապարտվում, նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում: Իհարկե, հարցադրումներն օբյեկտիվ են: Փաստերը, որ հնչում և դառնում են մեր հանրության սեփականությունը, նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են, սակայն, մյուս կողմից էլ, միշտ չէ, որ թերությունը բավարար է` մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Խնդիրն այն չէ, որ ՎՊ-ն պետք է ցուցակ կազմի, թե որ պետական պաշտոնյաների նկատմամբ կարելի է քրեական գործեր հարուցել: Այնուհանդերձ, մենք պետք է խստապահանջ լինենք մեր ասածների նկատմամբ և հետևողական` վեր հանած թերությունները մինչև վերջ վերացնելու գործում»:
Դո՛ւ ասացիր:
Հա՛, ի դեպ, ՎՊ-ի կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հաճախ էր կրկնում` «մենք», հետո ճշտում էր` դուք... Գործի ընդհանրականությունն էր, երևի, պատճառը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ