ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՆ, Ո՛Չ ԷԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԵՎ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՔՐԴԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՆ, Ո՛Չ ԷԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԵՎ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԷԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՔՐԴԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
18.10.2011 | 00:00

Քրդական գործոնն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այդ թվում ամերիկյան և իրանական քաղաքականության համար։ Իրանում և Իրաքում ընդունվում է քուրդ ժողովրդի, քրդերենի և քրդական սոցիալ-մշակութային խնդիրների գոյությունը և, ի տարբերություն Թուրքիայի, առավելապես քրդաբնակ տարածքն անվանվում է Քրդստան։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կան քրդական անվանումներ ունեցող բազմաթիվ փողոցներ և հաստատություններ։ Ի տարբերություն Թուրքիայի, ուր քրդերին քաղաքական և հասարակական հաջողություն է սպասում միայն այն դեպքում, եթե նրանք իրենց համարում են թուրքեր, Իրանում քուրդ բնակչությունն իսլամական հեղափոխությունից հետո ինտեգրվել է իրանական պետությանն ինչպես անհատական, այնպես էլ ազգային-համայնքային մակարդակով։ Քրդերն իրանական նկարագրի բաղկացուցիչ տարր են, որը բազմազգ բնույթ ունի։ Եթե առաջ քրդական խնդրի քննարկումը տեղի էր ունենում չորս պետությունների` Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև, ապա իրաքյան պատերազմից հետո այդ խնդրի քննարկումը տեղի է ունենում արդեն կանոնավորապես Եվրոպայում և ԱՄՆ-ում, և հիմա այդ քննարկումներին անպայման մասնակցում են քրդերն այս կամ այն փուլից։ Քուրդ քաղաքական գործիչները, հակառակ տարածաշրջանի պետությունների շահերի, դարձել են տարածաշրջանային քաղաքական վերնախավի բաղկացուցիչ մասը։ Ընդ որում, այդ երկրների քաղգործիչները ոչ թե սոսկ հաշտվել են այդ հանգամանքի հետ, այլ սկսում են հասկանալ, որ քրդերի մասնակցությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացներին կարող է արդյունավետ դառնալ, այդ թվում ներտարածաշրջանային մրցակցության հունում, երբ քրդերի դիրքորոշումից կախված լինի այս կամ այն պետության դիրքորոշումը։ Լիբանանցի փորձագետների գնահատմամբ, որոնք աչքի են ընկնում Մերձավոր Արևելքի «փակ հասարակությունների» պայմաններում մտածողության և վարքագծի հարաբերական ազդեցությամբ, արաբ, որոշ չափով նաև իրանցի քաղգործիչները պատրաստ չէին այն բանին, որ քրդական կուսակցություններն ու կազմակերպություններն ինտեգրվեն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերին, դառնան ոչ միայն այդ պետությունների գործիքներ, այլև գործընկերներ։ Այդ երևույթն ընկալվում է որպես անակնկալ` ոչ միայն այն կապակցությամբ, որ քրդերը զգալի չափով պահանջարկված էին Իրաքի պատերազմի պայմաններում, այլև, որ արաբական աշխարհի երկրները և Թուրքիան, որոնց հետ երկար ժամանակ գործընկերային բարդ հարաբերություններ էին պահպանվում, միառժամանակ «փակված» էին հենց տարածաշրջանում քրդերի նոր դերի հաստատման շնորհիվ։ Քրդական քաղաքական կուսակցությունները կարողացան Իրաքում պատերազմի նախապատրաստման և անցկացման այնքան բարդ պայմաններում վարել արդյունավետ և տեխնոլոգիապես գրագետ քաղաքականություն, ինչի հետևանքով պարզ դարձավ, որ անցած տասնամյակներում քրդերը կարողացել են հաղորդակցվել քաղաքակիրթ գործունեության ձևերին ու եղանակներին և ոչ թե սահմանափակվել այն արմատականությամբ, որը ներհատուկ է ցանկացած ազգային ազատագրական շարժման։ Մերձավոր Արևելքի բոլոր շահագրգիռ պետությունները հասկացել են, որ եթե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան վերջնական որոշում կայացնեն ձեռնամուխ լինելու Իրաքի հյուսիսում քրդական պետության անկախության միջազգային ճանաչման վերջնական փուլին, ապա տարածաշրջանի պետությունները ոչ մի իրական հնարավորություն չեն ունենա կանխելու այդ գործընթացը։ Այս կապակցությամբ, ձախ և ազատական ուղղության թուրք և իրանցի քաղաքական փորձագետներն ու մեկնաբանները բազմիցս ընդգծել են, որ ժամանակն է ոչ թե քննարկելու քրդական սպառնալիքի չափերը և այդ սպառնալիքի վերացման եղանակները, այլ քրդերի քաղաքական տարբեր կուսակցությունների հետ համագործակցելու ուղիները, պարզելու մի պետության հետ հարաբերություններում առավել նպաստավոր դիրքերը, որն այսպես թե այնպես ստեղծվելու է Հյուսիսային Իրաքում։ Հյուսիսային Եվրոպայի երկրների ձախ ազատական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք վաղուց և ակտիվորեն զբաղվում են քրդական խնդրով, ձգտում են Թուրքիայի և Իրանի քաղգործիչներին բացատրել այդ գործընթացի հեռանկարները և քրդերի իրավունքների ճանաչման անհրաժեշտությունը։ Քրդական քաղաքական կազմակերպությունները ոչ միայն հույսեր են կապում Եվրոպայի իրենց բարեկամների հետ, այլև ձգտում են վարել հավասարակշռման քաղաքականություն, օգտագործելով տարածաշրջանի պետությունների միջև եղած հակասությունները։ Քրդերի խնդիրն է չեզոքացնել մի պետությունը` մեկ ուրիշի դեմ իր գործունեությունն ակտիվացնելու նպատակով (օրինակ, ավելի վստահալից հարաբերություններ հաստատել Իրանի հետ` Թուրքիայի հանդեպ ճնշման քաղաքականություն վարելու համար)։ Սակայն եթե Իրաքի քրդերի «ժողովրդավարական կուսակցությունը» նախընտրում է չկորցնել ավանդական հարաբերություններն Իրանի հետ և սաստկացնել քաղաքական քայլերը Թուրքիայի հանդեպ, ապա Իրաքյան Քրդստանի «հայրենասիրական միությունը», ընդհակառակը, աշխատում է բավարարել ԱՄՆ-ի ձգտումը` Իրաքի տարածքից որոշակի սպառնալիք ստեղծելու Իրանի համար։ Ներկայումս այդ հակասությունները որոշ չափով կորցնում են հրատապությունը, երբ իրաքաքրդերը փորձում են մշակել ավելի համաձայնեցված քաղաքականություն, բայց, այսպես թե այնպես, քրդերը դեռ չեն հասել համախմբվածության։ Իրանցի փորձագետները պնդում են, թե ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է քրդական պետության այնպիսի մոդելի ստեղծմանը, որը կողմնորոշված լինի ոչ թե տարածաշրջանային համագործակցության, այլ առճակատման սաստկացման, Մերձավոր Արևելքի շատ պետությունների համար սպառնալիքի ստեղծման, ուստի և այդ մոդելը մի ինչ-որ «կիսամեկուսական» գոյություն է ենթադրում։ Իսրայելցիները դա անվանում են «ամերիկա-իսրայելական» ծրագիր, նշելով, թե ԱՄՆ-ին և Իսրայելին պետք չէ տարածաշրջանին ինտեգրված քրդական ժողովրդավարական պետություն, որին խորթ լինեին իսլամական քաղաքական սկզբունքները։ Հիմա Իրաքում քրդական պետության ստեղծման հեռանկարների հանդեպ տարբեր դիրքորոշումներ են ձևավորվել, թեև բոլոր շահագրգիռ պետությունները ձգտում են ավանդական վերաբերմունք ցուցաբերել, այսինքն` հրապարակայնորեն ժխտել նման հեռանկարի հնարավորությունը։ Իրաքի քաղաքական խավը, փաստորեն, պատրաստ է Իրաքից քրդական հողերի առանձնացմանը, քանի որ երկրում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս պաշտպանելու նրա քաղաքական-տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև, ըստ էության, ժխտելու Իրաքը երեք պետության տրոհելու հնարավորությունը։ Ընդ որում, կարող է առաջանալ նավթի հիմնական ակունքների վերահսկողության հարցը, բայց այդ հարցն էլ անլուծելի չէ, և կարող է լուծվել տեխնոլոգիական եղանակների կիրառմամբ։ Իրաքյան վերնախավն աներևակայելիորեն մասնատված է, անգամ կարելի է խոսել նրա քայքայվածության ու գլխիկորության մասին։ Նա ի վիճակի չէ ո՛չ կառավարելու իր երկիրը, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքական հեռանկար ծրագրելու։ Սուննի վերնախավը, փաստորեն, արդեն վճռել է ստեղծել իր պետությունը, ընդ որում, Բաղդադով, Քիրկուկի վերահսկողությամբ, քրդերին համարելով ավելի մեծ սպառնալիք, քան շիաներին։ Շիաներն ու սուննիները քրդերին համարում են օտար տարր արաբական աշխարհի համար, և մեծ հաճուքով կհամաձայնեն Իրաքից նրա հողերի առանձնացմանը։ Իրանը քրդերին համարում է շատ վտանգավոր և, միաժամանակ, իրավիճակային հավատարիմ գործընկեր։ Իրանցիները հասկանում են, որ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն կարող լիովին և տևական ժամանակով իրացնել իրենց խնամակալությունը Քրդստանի նկատմամբ, ինչը կհանգեցնի Իրանից այդ պետության մեծ կախման, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ արաբական երկրները պատրաստ չեն և հազիվ թե հետագայում էլ ցանկություն ունենան դառնալու քրդերի գործընկերներ։ Իրանցիները սպասում են, թե երբ Իրաքյան Քրդստանը կհայտնվի իրանական քաղաքական ու տնտեսական ազդեցության հունում։ Իրանը Թուրքիայի հնարավորություններն ամեն կերպ խեղդելու ռազմավարություն է իրականացնում քրդերի օգնությամբ, և Իրաքում քրդական պետության ստեղծումն «աղետ» չի լինի Իրանի համար, ինչպես Թուրքիայի համար է։ Սիրիայի դիրքորոշումը, որն էլ ի՛ր Քրդստանն ունի, նպատակահարմար է գտնում քրդական պետություն ստեղծել Իրաքում, ինչի արդյունքում, հնարավոր է, սիրիացի քրդերի մի մասը կցանկանա տեղափոխվել այնտեղ, բայց Սիրիայի այս դիրքորոշման հիմքում ընկած է Թուրքիայի դեմ նոր դաշնակցի առկայության նշանակության ըմբռնումը։ Միաժամանակ, ուշադրության է առնվում այն, որ բացի Թուրքիա-Սիրիա-Իրան եռակողմ խորհրդակցություններից, որոնց հիմա չի կարող մասնակցել Իրաքը (որպես փաստացի արաբա-քրդական պետություն), երկկողմ խորհրդակցություններ են անցկացվում Իրանի ու Սիրիայի միջև, որոնց շնորհիվ հնարավոր է հետագա գործողությունների պլան մշակել քրդական քաղաքական հեռանկարի առնչությամբ։ Սիրիան և Իրանն այդ խորհրդակցություններում ներկայացնում են ոչ միայն հետախուզական ծառայությունների ու ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները, այլև արտաքին գործերի նախարարների տեղակալները։
Քրդական հասարակական-քաղաքական շրջանակները միշտ էլ նպաստավոր միջավայր են եղել տարբեր պետությունների հատուկ ծառայությունների գործունեության և ամեն կարգի խարդախությունների համար։ Հատկանշական է, որ Քրդստանի արտաքին գործերի նախկին նախարար Նաջի Սաբրին, ըստ լրատվամիջոցների, ԿՀՎ-ի գործակալ է եղել։ Գտնվելով շատ բարդ քաղաքական պայմաններում, քրդական կազմակերպություններն ու նրանց գործիչները հարկադրված էին ուշադրության առնել և հաճախ առաջնորդվել այդ պետությունների ներկայացուցիչների գնահատականներով ու կարծիքներով։ Դա հաճախ հանգեցնում էր քրդական ազգային ազատագրական շարժման թուլացման և խարխլման, ծնում հակասական միտումներ ու գաղափարներ։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում քրդական կազմակերպությունները հարաբերական վստահալից հարաբերություններ են հաստատել Սիրիայի հետ և իրենց պայքարը կենտրոնացրել են Թուրքիայի և Իրաքի դեմ։ Դա պայմանավորված էր քրդերի հակաարևմտյան և հակաիսրայելական տրամադրություններով, քանի որ ԱՄՆ-ը և Իսրայելը համարվում էին Թուրքիայի դաշնակիցներ։ Այդ տրամադրությունները հատկապես տարածված էին Քրդստանի աշխատավորական կուսակցության շարքերում, որը գլխավորապես պայքար էր մղում Թուրքիայի դեմ։ Իրաքի հյուսիս-արևելքի քրդական կազմակերպությունները, բնականաբար, ավելի շատ հակված էին համագործակցելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ որպես Սադամ Հուսեյնի հակառակորդների։ Այդ ավելի քան մոտավոր գնահատականը, այնուամենայնիվ, արտացոլում է քրդական քաղաքական միջավայրում ազգային ազատագրական պայքարի և, համապատասխանաբար, նոր արտքաղաքական կողմնորոշման մի ինչ-որ նոր հայեցակարգի արմատավորման մեկնարկային դիրքը։ 1991-2003 թթ. ընթացքում, Իրաքի երկու պատերազմների միջև ընկած շրջանում, Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների և հրահանգիչների խմբերի ներկայությունն այնքան էլ շոշափելի և համակարգված չէր։ Ամերիկացիներին ու բրիտանացիներին այդ շրջանում հետաքրքրում էին Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի գործողությունների հետ կապված ամենաընդհանուր հարցերը։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը սկսեց մեծ հետաքրքրություն ցուցաբերել Իրաքյան Քրդստանի իսլամական կազմակերպությունների, և, առհասարակ, քրդական միջավայրի նկատմամբ։ Այն ժամանակ Սուլեյմանիայում ստեղծվեց ԿՀՎ-ի գրասենյակ, որը պաշտոնապես կոչվում էր «հումանիտար կազմակերպություն» և հանգրվանում էր Ատլանտայի նահանգում։ Մեծ Բրիտանիան Իրաքյան Քրդստանում ստեղծել էր կանոնավոր չվերթերի համար նախատեսված երկու ոչ մեծ օդանավակայան։ Այդ չվերթերն իրականացվում էին Հյուսիսային Կիպրոսի բրիտանական ռազմաբազայից և սպասարկվում էին, նախ և առաջ, Մեծ Բրիտանայի հետախուզական ծառայության գրասենյակների կողմից։ Իրաքի ռազմական գործողությանը նախորդած մեկուկես տարում Իրաքյան Քրդստանում արդեն ստեղծվել էր պատկառելի գործակալական ցանց, որն օգտագործվում էր բազմաթիվ ուղղություններով, առաջին հերթին` իրանական։ Ամերիկացիների և բրիտանացիների վերահսկողությամբ Իրաքյան Քրդստանը մաքրվեց Իրանի և Թուրքիայի գործակալներից։ Այդ գործունեության մեջ շատ էական աջակցություն ցուցաբերեց Իսրայելը, ինչը, ի միջի այլոց, միշտ չէ, որ ողջունվում էր Մեծ Բրիտանիայի կողմից, որը հանդես էր գալիս Իրաքյան Քրդստանի դեմ Իսրայելի նյութած պլանների դեմ։ Ներկայումս Իրաքյան Քրդստանում, համենայն դեպս, տարածաշրջանային կառավարության կողմից վերահսկվող տարածքում, փաստորեն ամբողջ օպերատիվ աշխատանքը կատարվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների գրասենյակների գիտությամբ կամ լիակատար վերահսկողությամբ։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ քուրդ բնակչության հանրային գիտակցության մեջ հասցրել է արմատավորվել այն կարծիքը, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը «հայրենասիրական վարքագծի» կարևոր պայման է։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հատուկ հետազոտություն էին անցկացրել Իրաքյան Քրդստանում` պարզելու համար նրա տարածքում օդանավակայանների, ռադիոտեղորոշիչների, ռազմական բնույթի այլ բազաների, հաղորդուղիների կառուցման պայմաններն ու հնարավորությունները։ Այդ ծրագրերը վաղուց քննարկվել են Իրաքյան Քրդստանի քաղաքական ղեկավարության հետ` սկզբունքայնորեն, հաշվի առնելով քաղաքական և տնտեսական իրողությունները։ Դրա հետ մեկտեղ Իրաքյան Քրդստանում ավելի լայն ու հետևողական աշխատանք է կատարում Իսրայելը, որն զբաղվում է ռազմակրթական ծրագրերով, այդ թվում ուսումնական հաստատություններում պատրաստելով հետախուզության սպաներ և մասնագետներ։ Ընդ որում, սովորողներին պատվաստվում են վարքագծի, աշխարհայացքի և քաղաքական կողմնորոշման գաղափարախոսական որոշակի հմտություններ։ 2006 թ. սկզբից հատուկ Իրաքյան Քրդստանում առաջադրանքներ կատարելու համար ստեղծվել են վարձու զինվորական տիպի մասնավոր կազմակերպություններ, որոնք իշխանությունների հետ կնքել են իրենց աշխատանքը կանոնակարգող պայմանագրեր։ Հարկ է նշել, որ նախ բրիտանական, ապա նաև ամերիկյան գրասենյակներում ստեղծվել են քաղաքական նախագծման մասնագետների խմբեր։ Այդ խմբերը բազմանդամ չեն, նրանք չունեն բավականաչափ հստակ և որոշակի աշխատանքի պլաններ ու ղեկավարության ցուցումներ, նրանց իրավունք է տրված ինքնուրույն նախագծեր մշակելու։ Դրանք, ավելի շուտ, ստեղծվել են Իսրայելի օրինակով, որը զբաղվում է քրդերին առնչվող քաղաքական նախագծմամբ և դա անում է Իսրայելի համալսարանների ու քաղաքացիական վերլուծական կենտրոնների մակարդակով, բայց Իսրայելի հետախուզության և կառավարական հիմնարկների համար։ Բրիտանական ներկայացուցիչներն ապշած էին, երբ իսրայելցիները ցույց տվեցին, թե իրենք ինչ կերպ են մասնակցում Իրաքյան Քրդստանի քաղաքական կառույցներում տարվող կադրային քաղաքականությանն ու տարբեր նշանակումներին։ Դա իրարանցում առաջացրեց Մեծ Բրիտանիայում, որն առարկություն հայտնեց զինվորական կադրերի նշանակմանը Իսրայելի մասնակցության առթիվ։ Առայժմ պարտավորություններ կան, որ ոլորտը պետք է վերահսկվի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Բրիտանացի փորձագետների խոստովանությամբ, քրդերը շատ արագ են զարգանում, արագորեն ընկալելով արդի քաղաքական գաղափարները, և արաբներից տարբերվում են ավելի մեծ կարգապահությամբ և, լինելով բարդութավորված, ավելի ու ավելի են ձգտում ցուցադրել պետություն կառուցելու իրենց ունակությունը։ Իրաքյան Քրդստանում նկատվում են անվստահության տրամադրություններ, շատ քաղգործիչներ ավելի ու ավելի կասկածամիտ են դառնում, տարածված են «հակահետախուզական» տրամադրությունները, ընդհանուր կասկածանքը, ինչը հատուկ է այն քրդերին, ովքեր միշտ աչքի են ընկել միմյանց նկատմամբ վստահության պակասով, փոքր խմբավորումների շրջանակներից դուրս չգալու ձգտմամբ։ Այս ամենը շատ նպաստավոր ազդեցություն է գործում այդ երկրում իրավիճակը չարաշահելու, դիվերսիոն, հետախուզական և արմատական բնույթի տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորության վրա։ Ներկայումս Իրաքյան Քրդստանում կան առանձնացած խմբավորումներ, որոնք, այսպես թե այնպես, կողմնորոշվում, հովանավորվում և վերահսկվում են արտաքին ուժերի կողմից։ Բրիտանացի փորձագետները համոզված են, որ հետագայում քրդերն ավելի շատ արտաքին գործընկերներ կամ արտաքին «խնամակալներ» կունենան։ Կան առանձին նշաններ, որ բրիտանացի քաղաքական նախագծողներն առաջարկում են Իրաքյան Քրդստանում ձևավորել դաշնային պետական կազմավորում` բաղկացած երկու կանտոնից` հյուսիսային և հարավային, ուր կգերիշխի երկու առաջատար քաղաքական կուսակցություն։ Երևի խնդիր է դրվում մշակելու քրդական պետության առավելագույնս կառավարելի մոդել։ Վերջին երկու-երեք տարում, այսինքն` Իրաքի պատերազմի հիմնական փուլի ավարտից հետո, Իրաքյան Քրդստանի հանդեպ մեծ ակտիվություն սկսեց դրսևորել Սիրիայի հետախուզական ծառայությունը, զուգահեռաբար նաև այդ երկրի քաղաքական հիմնարկները։ Սիրիան որոշակի խնդիր ունի Իրաքյան Քրդստանում` կապված իր ազգային անվտանգության հետ։ Քաղաքական հարաբերությունների ոլորտում Սիրիան քուրդ քաղգործիչներին առաջարկում է իր միջնորդ դերը այն արաբական պետությունների հետ հարաբերություններում, որոնց հետ քրդերը տարբեր խնդիրներ են ունենում։ Սա շատ կարևոր ռեսուրս է քուրդ քաղգործիչների համար, ընդ որում, Իրաքի հյուսիսում քրդական պետության ուժեղացման համեմատ այդ խնդիրներն ավելի լուրջ ու ավելի առարկայական են դառնում և, իհարկե, քրդերը կարիք ունեն մշտական գործընկերոջ` ի դեմս արաբական աշխարհում այնպիսի ազդեցիկ պետության, ինչպիսին Սիրիան է։ Սիրիան լիովին օտագործում է քրդական գործոնը` տարածաշրջանում հակակշիռներ ստեղծելու համար, ունի նշանակալի փորձ և, թերևս, միակ պետությունն է Մերձավոր Արևելքում, որը, փաստորեն, երբեք բռնի քաղաքականություն չի վարել քրդերի նկատմամբ, և նրանց վստահությունը շահելու մեծ հույսեր ունի։ Բացի այդ, նախագահ Բաշար Ասադի իշխանության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանը զուգընթաց ավելի ու ավելի զարգացում է ստանում Սիրիայի բազմազգության գաղափարը, որը ներառում է մի շարք ազգային ու կրոնական համայնքներ։ Այս կապակցությամբ Սիրիան, ըստ էության, առանց միտումի և ոչ պաշտոնապես առաջարկել է միասնական պետության կազմում քրդական խնդրի լուծման իր տարբերակը։ Դա արդի պայմաններում շատ ընդունելի է Իրաքի քուրդ քաղգործիչների քաղաքական կուսակցությունների համար, որոնք չեն պատրաստվում միջամտել սիրիացի քրդերի (թիվը հասնում է 1,5 մլն-ի) գործին։ Իրաքի քրդերը պիտի ջանան խարխլել քրդական խնդիրների առնչությամբ Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ավանդական դիրքերը, և այդ նպատակով Սիրիայի դերը կարող է շատ հետաքրքրական լինել։ Այս հանգամանքը կարող է հիմք դառնալ, որ Սիրիան օրինական հետախուզական դիրքեր ունենա Իրաքյան Քրդստանում, ինչպես արևմտյան տերությունները։ Եվրոպայում բնակվող, ձախ իսլամական հայացքներ ունեցող քուրդ մտավորականները երբեմն-երբեմն մամուլ են նետում Իրանի, Սիրիայի, Լիբանանի և Քրդաստանի մասնակցությամբ իրանա-շիական «գոտու» ստեղծման գաղափարը։ Այդ գաղափարը քաջ հայտնի և տարածված է, բայց այդ «գոտուն» Քրդստանի մասնակցությունը դարձել է այդ դատողությունների մի նոր տարր։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ