ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ
29.01.2010 | 00:00

Վերջին օրերին միջազգային ԶԼՄ-ներն ու բազմաթիվ փորձագետներ արձանագրեցին «Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինվորականների միջև գործնական համագործակցության վերականգնումը», որը սառեցվել էր նախանցած տարվա ռուս-վրացական պատերազմից հետո։
Ընդ որում, փաստի արձանագրումն ուղեկցվեց առանձին փորձագետների զարմանքով ու անվստահությամբ, և նրանց գործընկերների մեկ այլ հատվածի ոգևորությամբ, որ Ռուսաստանն այսուհետ աջակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքին մի շարք կարևոր ուղղություններում։ Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գոյություն չունի հարաբերությունների արագ փոփոխության դեղատոմս, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքան կտևի այս «հալոցքը» և, ի վերջո, ինչի կհանգեն կողմերը «կառուցողական համագործակցության» արդյունքում։ Սակայն Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների ճոճանակը, որ տարիներ ի վեր ծանրաբեռնված է փոխադարձ անվստահության կուտակված բեռով, առայժմ տատանվում է միայն «մարտավարական անհրաժեշտության» շրջանակներում և հազիվ թե վերածվի ռազմավարական որակի։
Այնուհանդերձ, սկզբում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Մոսկվա, այնուհետև Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը` գլխավոր շտաբների պետերի մակարդակով, որոշակի լավատեսություն ներշնչեցին։ Թեպետ այդ բանակցություններն ընթացան փակ դռների հետևում, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը որոշ չափով բացեց փակագծերը. «Սա ավարտական քայլն է մեր հարաբերությունների ապասառեցման գործում, քանի որ անհնար է պատկերացնել քաղաքական երկխոսությունը ռազմական բնույթ ունեցող կազմակերպության հետ, գործնական առումով առանց համագործակցության պատրաստակամության։ Իմ տպավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովի «բենեֆիսը» հաջողված էր»։ Համագործակցության պայմանագիրը վերջնականապես հաստատելու համար Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերը կհանդիպեն այս տարվա մայիսի 6-ին ևս մեկ անգամ։ Առայժմ հաջողվել է հասնել պայմանավորվածության Ռուսաստան-ՆԱՏՕ շրջանակային համաձայնագրի շուրջ այս տարվա կտրվածքով։ Այդ փաստաթղթում ավելի քան 30 կետ կա, որոնք ներառում են կողմերի համատեղ պայքարն ահաբեկչության ու ծովահենության դեմ, գործողությունների համակարգումը փրկարարական բնույթի գործողությունների ընթացքում։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը 2010-ին անցկացնելու ռուս-ՆԱՏՕ-ական համատեղ զորավարժություններ։ Եվ, իհարկե, քննարկվող հիմնախնդիրների ամենաօրակարգային հարցը դարձավ իրավիճակն Աֆղանստանում, ու այդ կապակցությամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք հետաքրքիր հանգամանքների և նոր միտումների, որոնք առկա են Կրեմլի դիրքորոշման մեջ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի համար այս ցավալի խնդրի կապակցությամբ։
Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունն Աֆղանստանում, ինչպես ռուսական իշխանությունների, այնպես էլ հասարակ բնակչության համար բարդ ու ցավագին ընկալման խնդիր է։ Դա բացատրվում է ոչ միայն խանդով, որ խորհրդային տասնամյա ներկայությունն Աֆղանստանում ավարտվեց 1989-ին խորհրդային զորքերի անփառունակ դուրսբերումով։ Գոյություն ունի անվստահության մեծ չափաբաժին, որովհետև ռուսները քաջ գիտեն, թե ինչ դեր են խաղացել ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի առանձին այլ երկրներ մոջահեդների հետ իրենց տասնամյա պայքարում։ Եվ զարմանալի չէ, որ որոշ ռուսական զինվորականներ չեն էլ թաքցնում, թե հուսով են, որ ՆԱՏՕ-ն պարտություն կկրի Աֆղանստանում և այսօր հարկադրված է վճարել 1970-1980-ականներին իր անհեռատես հակախորհրդային քաղաքականության համար։ Հասարակ քաղաքացիները լավագույն դեպքում համարում են, որ Ռուսաստանը պետք է որդեգրի չեզոք դիրքորոշում` ՆԱՏՕ-ին թողնելով միայնակ նախկին «դուշմանների» հետ։ Ռուսական քաղաքական ղեկավարությունն իր հերթին չի զլանում ակնարկել, որ աֆղանական ներկայիս պատերազմը ՆԱՏՕ-ի համար ամրության յուրօրինակ ստուգատես է, և այս խորապատկերի վրա բավականին անսպասելի էին արևմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած վերոնշյալ Դմիտրի Ռոգոզինի և Աֆղանստանում խորհրդային 40-րդ բանակի հրամանատար, գեներալ Բորիս Գրոմովի հոդվածների հրապարակումները։ Մինչդեռ այդ հրապարակումներում նրանք ոչ միայն պնդում են, որ ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումն Աֆղանստանից մոտակա ժամանակահատվածի կտրվածքով համարժեք կլինի «ինքնասպանության ամբողջ դաշինքի համար», այլև ընդգծում են, որ Ռուսաստանը սկզբունքորեն պատրաստ է աջակցելու ՆԱՏՕ-ին` առանց իր զինվորներին կրկին Աֆղանստան ուղարկելու։ Ինչպես Ռոգոզինը, այնպես էլ Գրոմովն անսպասելի եզրակացության են հանգել. «Նվազագույն խմբագրումներով մեր պահանջները կայանում են նրանում, որ ՆԱՏՕ-ն կարողանա ձևավորել կայուն քաղաքական ռեժիմ Աֆղանստանում և դրանով իսկ կանխարգելի արդեն ամբողջ տարածաշրջանի «թալիբանացումը»։
Չմոռանանք, որ ամենևին էլ ոչ վաղ անցյալում, երկար բանակցություններից հետո և մեծ դժվարությամբ, Կրեմլը համաձայնեց տրանզիտ տրամադրել ՆԱՏՕ-ի «հումանիտար բեռներին»։ Սակայն դրանից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսսենն արդեն կոչ արեց Ռուսաստանին` օգնություն ցուցաբերել նաև աֆղանական զինվորականների ուսուցումը կազմակերպելու և նրանց տեխնիկական զինվածությունն ապահովելու ուղղությամբ։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը հարկ համարեց ընդգծել, որ դաշինքի ուժերը սովորելու որոշ բաներ ունեն 1979-89-ի աֆղանական պատերազմի խորհրդային փորձից։ «Մենք պետք է հասկանանք, որ ռուսների փորձը շատ կարևոր է, և սովորելու բան ունենք` նրանց ստացած դասերը նկատի ունենալով»,- նշել էր ծովակալը։ Դրան հաջորդեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մակարովի հայտարարությունը Բրյուսելում, որ «Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված Աֆղանստանում հակամարտության հաջող կարգավորումով, քան նույնիսկ ինքը` ՆԱՏՕ-ն»։ Արդյունքում կողմերը հանգեցին համաձայնության, որ Ռուսաստանի տարածքով տրանզիտի մասին պայմանագրի գործունեության շրջանակները կընդլայնվեն։ ՆԱՏՕ-ական «չեզոք» բեռների երկաթուղային փոխադրումները Ռուսաստանը պատրաստ է սկսել գործնականում առաջիկա օրերին։ Միաժամանակ պայմանավորվածությունները ներառում են ռուսական կողմի աջակցությունը` արևմտյան կոալիցիայի և աֆղանական բանակի ուղղաթիռները մարտական վիճակում պահելու խնդրում, որովհետև ռազմական օդուժի այդ տեսակի մեջ խորհրդային արտադրության ուղղաթիռներն այսօր էլ մեծամասնություն են։ Մոսկվան նույնիսկ պատրաստ է դիտարկելու Աֆղանստանի կառավարության խնդրանքը ռուսական զենքի ու ռազմամթերքի տրամադրման վերաբերյալ, թեպետ, ըստ ռուսական աղբյուրների, «մատակարարման մեխանիզմները դեռ ճշգրտման կարիք ունեն»։ Առանձին փորձագետների պնդմամբ, Ռուսաստանն այսօր արդեն Քաբուլին մատակարարում է հրաձգային զենք ու զինամթերք, ռազմաօդային ուժերի համար նախատեսված սարքավորումներ, աֆղանական մայրաքաղաքի օդանավակայանի պաշտպանության ժամանակակից համակարգեր, կոմունիկացիոն և տրանսպորտային միջոցներ, զինտեխնիկայի ու զինատեսակների նորոգման համար անհրաժեշտ պահեստամասեր։ Ծախսերի մի մասը վճարում են ամերիկացիները, մի մասն էլ ռուսներն ուղղակի նվիրում են աֆղանական կառավարությանը։ Ընդ որում, եթե նախկինում Քաբուլին տրամադրվում էր օգտագործված ռուսական զենք կամ ռազմական տեխնիկա, ապա այսօր արդեն խոսվում է դրանց նոր, ժամանակակից մոդելների մատակարարման հնարավորության մասին։ Հատկապես ՄԻ-8/17 ռազմական և տրանսպորտային ուղղաթիռների, որոնք «մեծ ժողովրդականություն» են վայելում, առհասարակ, տարածաշրջանում և հատկապես Աֆղանստանում։ Այս գործարքի իրականացման համար անհրաժեշտ է միայն վերջնական քաղաքական որոշում, որը Մոսկվան դեռ չի կայացրել։
Անշուշտ, այս ամենը չի արվում հանուն ՆԱՏՕ-ի «գեղեցիկ աչքերի»։ Ողջ քննադատական հռետորաբանությամբ հանդերձ, Ռուսաստանում հասկանում են, որ դաշինքի հետ համագործակցությունն առնվազն աֆղանական ուղղությամբ անհրաժեշտ է։ Որովհետև կոալիցիայի զորքերի դուրսբերման պարագայում ծայրահեղականները դա կհամարեն իրենց հաղթանակը, նույնիսկ իբրև գրոհի ազդանշան, և այդ դեպքում առաջինը հարվածի կենթարկվի Տաջիկստանը, հետո ՈՒզբեկստանը, այնուհետև Ղազախստանի ու Ղրղզստանի միջոցով ծայրահեղականությունը կհասնի Ռուսաստանի սահմաններին։ «Այդ դեպքում ռուսական բանակը հարկադրված կլինի կրկին պատերազմել ու զոհվել հարավում։ Մենք դա, իհարկե, չենք ցանկանում ու այդ պատճառով էլ պետք է օժանդակենք ՆԱՏՕ-ին»,- նշում է նույն Դմիտրի Ռոգոզինը։
Սակայն, դրանով հանդերձ, ռուսները կցանկանային համատեղել օգտակարն ու հաճելին, և Հյուսիսատլանտյան դաշինքից սպասում են նաև կոմերցիոն բնույթի առաջարկություններ։ Մոսկվան մասնավորապես պատրաստ է Աֆղանստանում վերականգնել շուրջ 140 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ, որոնք ժամանակին կառուցել է նախկին ԽՍՀՄ-ը, և ակնկալում է, որ այդ աշխատանքները կվճարվեն միջազգային օգնության ֆոնդից։ Սակայն, դրան զուգահեռ, ՆԱՏՕ-ից համարժեք առաջարկություն առայժմ չի ստացել։ Կողմերի միջև կան նաև բավականին լուրջ հակասություններ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև նոր իրավական հարաբերությունների ստեղծմանը, ինչից արևմտյան գեներալները խուսափում են` արձանագրելով, որ կողմերին անհրաժեշտ է առավել կենտրոնանալ «գործնական քայլերի վրա»։ Արևմուտքում, և մասնավորապես ՆԱՏՕ-ում առայժմ անհրաժեշտ ընկալում չկա նաև Դմիտրի Մեդվեդևի հայտնի առաջարկության վերաբերյալ, որ անհրաժեշտ է մշակել համաեվրոպական անվտանգության նոր պայմանագիր։ Եթե ռուսները կարծում են, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտար վերջ դնելու սառը պատերազմի ժառանգությանը, ապա Արևմուտքում համարում են, որ Մոսկվայի առաջարկությունն իրականում «խորամանկ թակարդ» է։ Համարվում է, որ Ռուսաստանն այդ դեպքում կստանար ՆԱՏՕ-ի որոշումների նկատմամբ վետո կիրառելու իրավունք, ինչն էլ իր հերթին հնարավոր կդարձներ «ռուսական ազդեցության գոտու ամրագրումը» տարբեր տարածաշրջաններում։ Ավելին, Եվրոպայում չեն կասկածում, որ ՆԱՏՕ-ն կա և պետք է մնա իբրև Եվրատլանտյան անվտանգության հիմնական կառույց։ ՆԱՏՕ-ին նաև անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանն առայժմ միակ երկիրն է աշխարհում, որը «ռազմավարական փաստաթղթերում հստակ ամրագրում է իր շահերի թշնամիներին»։ Իսկ այդ ցանկում առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում` ՆԱՏՕ-ն և միայն երրորդ տեղում` միջազգային ահաբեկչությունը։
Կարծրատիպերը երկու կողմերի մոտ էլ ամրապնդված են գրեթե ենթագիտակցորեն։ Օրինակ կարող է ծառայել թեկուզ այն, որ երբ տեղեկություն տարածվեց, թե Լեհաստանում կարող են տեղակայվել «Պետրիոտ» տիպի ամերիկյան հրթիռային կայաններ, անմիջապես ասպարեզ եկավ «հակակշռող» տեղեկությունը, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ուժեղացնելու է ներկայությունը Բալթիկ ծովում միջուկային սուզանավերով և բարձր ճշգրտության հրթիռներով զինված ռազմանավերով։ Իրարամերժ են կողմերի տեսակետները նաև ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի հետագա ճակատագրի, ռուս-վրացական պատերազմի արդյունքների վերաբերյալ։ Նույնիսկ որոշակի տեղաշարժերի պայմաններում պարզ չէ, թե որ սցենարով կզարգանան իրադարձությունները` հակադրությա՞ն, թե՞ համաձայնության։ Գուցե պարզություն կմտնի այն բանից հետո, երբ «Իմաստունների խորհուրդը», որն զբաղված է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակմամբ, Մադլեն Օլբրայթի գլխավորությամբ փետրվարի 9-11-ին կգտնվի Ռուսաստանում։ Ընդ որում, այս այցը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնումն իր գործունեության առաջնահերթություններից մեկն է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ