ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԹԵ ՏՈՂԱՏԱԿԵՐՈՒՄ ԻՆՉ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՈՒՄԻԱՆԵՐ ՊԵՂԵԼՈՒ ՊԵՍ, ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԹԵ ՏՈՂԱՏԱԿԵՐՈՒՄ ԻՆՉ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՈՒՄԻԱՆԵՐ ՊԵՂԵԼՈՒ ՊԵՍ, ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
30.10.2009 | 00:00

«Իրավունք de facto» ակումբի երեկվա հյուրերն էին ՀՀԿ-ական ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՀԺԿ-ական ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Բացի ազգանվան նույնությունից` այսօր ընդհանուրը նրանց համար, երևի, միայն անցյալն է: Տասը տարի առաջ ՀՀԿ-ն ու ՀԺԿ-ն ձևավորել էին «Միասնություն» դաշինքը, որի գոյությունն ու գործունեությունը ևս նախկին դաշնակիցները տարբեր են գնահատում, ինչպես տրամագծորեն տարբեր գնահատականներ են տալիս ներկա քաղաքական օրակարգի հարցերին: Ասուլիսի թեման հայ-թուրքական հարաբերություններն էին, ստորագրված արձանագրություններն ու ղարաբաղյան հարցը:
ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը կարծում է, որ արձանագրություններում Ղարաբաղի հարցն ընդհանրապես չի շոշափվում, և հայկական կողմի նախապայմաններից մեկը հենց դա է եղել` ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերը չներառել և չքննարկել այդ նախահամաձայնագրերում. «Այդպես էլ կա, բայց շատերը դրա հետ համաձայն չեն և համաձայնագրերում անդրադարձներ են տեսնում։ Ես կոնկրետ չեմ տեսնում: Իհարկե, հայ-թուրքական ցանկացած հարաբերությունում չի կարող այդ հարցը չշոշափվել, բայց կոնկրետ համաձայնագրերում դա չկա և չի կարող լինել, քանի որ երկրի նախագահը բազմիցս հայտարարել է, որ այդպիսի բան լինել չի կարող: Եթե դա դառնա նախապայման, Հայաստանն ուղղակի չի ստորագրի փաստաթղթերը»:
ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանն էլ կարծում է, որ արձանագրությունների հարցը շատ է շոշափվել, ու թեև Ղարաբաղի հարցը բառացիորեն արձանագրություններում արտահայտված չէ, անմիջապես արձանագրությունների հրապարակումից ու ստորագրումից հետո Թուրքիայի իշխանություններն իրենց տեսակետները հայտնեցին այդ հարցի առնչությամբ. «Նրանք բազմիցս կրկնել են, որ եթե ղարաբաղյան հարցում առաջընթաց չլինի, հայկական զորքերը դուրս չբերվեն գրավյալ տարածքներից, ապա սահմանը չեն բացի: Չմոռանանք նաև, թե ինչի համար արձանագրությունների ստորագրումը 3 ժամ հետաձգվեց, ինչ պետք է ասեր Թուրքիայի արտգործնախարարը: Ակնհայտ է, որ Թուրքիան դրել է, դնում է և դնելու է նախապայմաններ»:
Համլետ Հարությունյանի համոզմամբ, հավատ պետք է ունենալ երկրի ղեկավարի նկատմամբ, որովհետև եթե Ղարաբաղի հարց լիներ, բանակցություններն ուղղակի չէին շարունակվի, իսկ թե տողատակերում ինչ են հայտնաբերում եգիպտական մումիաներ պեղելու պես, դա քաղաքականություն չէ, այլ հնագիտություն: Հանրապետական պատգամավորը վստահ է, որ ՀՀ նախագահը Ղարաբաղի հարցի վերաբերյալ որևէ նախապայման ոչ մի դեպքում չի ընդունի։ «Մի մարդ, որ գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել է ազատագրական պայքարին, նախապայմանի առկայության դեպքում կասեր այդ մասին»: Այլ խնդիր է, որ Թուրքիան ոչ մի հարաբերությունում չի մոռանա Ադրբեջանին: «Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է` Թուրքիայի դրոշը Ադրբեջանի դրոշն է, Ադրբեջանի դրոշը Թուրքիայի դրոշն է... Ադրբեջանը չունի սեփական արտաքին քաղաքականության հայեցակարգ, դա Թուրքիայի մշակածն է: Ի՞նչն է զարմանալի, որ Թուրքիան խոսում է Ղարաբաղի հարցի մասին: Այս փաստաթղթերի էությունը Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ դիվանագիտական հարաբերությունների ստեղծումն է, իսկ որ ցեղասպանությունն ու Ղարաբաղի հարցը շատ տասնյակ տարիներ կլինեն հայ-թուրքական վեճի առարկա, եթե ոչ հարյուրավոր, ես չեմ կասկածում»: Պարոն Հարությունյանի գնահատմամբ` եթե առաջին ու երկրորդ հանրապետությունները գոնե մի քիչ թեթևացնեին այդ բեռը, հիմա ավելի հեշտ վիճակ կլիներ: Նա շեշտում է հանրապետության նախագահի պատմական դերն այս բնագավառում. «Ես ձեզ հավատացնում եմ` դա պատմական քայլ է, և ոչ բոլոր քաղաքական գործիչները կհամարձակվեին կատարել այդ քայլը»:
Գրիգոր Հարությունյանն իր հերթին համոզված է, որ 1999-ին Ռոբերտ Քոչարյանը մեծագույն սխալ թույլ տվեց՝ ստորագրելով Ստամբուլի խարտիան` առանց վերապահումների և ճանաչելով հարևան երկրի տարածքային ամբողջականությունը: Նրա համոզմամբ՝ Հայաստանը ևս չունի արտաքին քաղաքականություն։ «Այդ քաղաքականությունը գրվում է այլ տեղ, թելադրվում է այլ տեղից: Դա միանշանակ է, որևէ մեկի համար գաղտնիք չէ... Իշխանությունները չունեն ժողովրդի վստահությունը` սա է ամբողջ խնդիրը: Եթե ծաղիկներ էլ աճեցնենք, կասեն` թույն եք աճեցնում. ղեկավարներից մեկը տարիներ առաջ այսպիսի արտահայտություն էր արել»: Նա անհանգստացնող բազում կետեր է տեսնում արձանագրություններում, ու, թերևս, դա միակ հարցն էր, որի շուրջ համաձայն էին Համլետ և Գրիգոր Հարությունյանները, որովհետև, Համլետ Հարությունյանի համոզմամբ, «մի երկրի հետ, որի հանդեպ դարավոր գենետիկ թշնամանք ունես, որը մեղավոր է քո գենոֆոնդի մի մասի ոչնչացման համար, չես կարող խնդիրներ չունենալ ու դիվանագիտական հարաբերություններդ սկսել մաքուր էջից»:
Նախկին ու ներկա պատգամավորները դեռ երկար պատասխանեցին լրագրողների հարցերին, բայց հիմնականն ակնհայտ էր. Համլետ Հարությունյանը կողմ է հայ-թուրքական հարաբերություններին, որոնց կայացման գործընթացում նախապայմաններ չի տեսնում ու կոչ է անում հավատալ ՀՀ նախագահին, Գրիգոր Հարությունյանը կողմ է հայ-թուրքական հարաբերություններին, սակայն համաձայն չէ նախապայմաններին և չի ցանկանում, որ այդ գնով սահմանը բացվի: Եվ երկուսն էլ ասում են` կապրենք, կտեսնենք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ