ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է»

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է»
23.03.2010 | 00:00

«Հաջողության գաղտնիքն այն է, որ պետք է պատրաստ լինել օգտագործելու ո՛չ միայն բարենպաստ հնարավորությունը, երբ այն ի հայտ կգա, այլև հակառակորդների սխալները»։
Բենջամին ԴԻԶՐԱՅԵԼԻ
Բրիտանացի նշանավոր քաղաքական գործչի ու դիվանագետի այս խորհուրդն այսօր ավելի քան արդիական է Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր պետություններում վերջին բանաձևերի ընդունումից հետո Թուրքիայի քաղաքական էլիտան, ինչպես ասում են, ցնդել է։ Խնդիրը և ստեղծված իրավիճակը սառեցնելու նրա բոլոր փորձերը հանգեցնում են ճիշտ հակառակ արդյունքի։ Թուրք քաղաքական գործիչները վերջերս նույնիսկ հանդես եկան Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթություն տեղափոխելու առաջարկով։ Սորբոնի համալսարանի իրավունքի և տնտեսական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտ, Ճապոնիայում Թուրքիայի նախկին դեսպան, իսկ այսօր պատգամավոր Մուստաֆա Էլեդգագը իբր արդեն մշակել է համապատասխան փաստաթուղթ և նույնիսկ ներկայացրել նախագահ Աբդուլլահ Գյուլին։ Եվ դա այս քաղաքական գործչի առաջին այդպիսի նախաձեռնությունը չէ։ Դեռևս 1985-ին «Նյու Յորք թայմս» թերթում նա փորձել է «պարզաբանել» Հիտլերի հայտնի արտահայտությունը («Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին») և հանգել է այսպիսի եզրակացության. «Ընդունված է կարծել, թե Հիտլերը դա ասել է հրեաների ցեղասպանության առնչությամբ, իրականում խոսքը լեհերի ցեղասպանության մասին է»։
Այսպիսի դարակազմիկ բացահայտումից հետո թուրք գիտնականն ու քաղաքական գործիչը հայտարարում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցը սառեցնելու երկու ճանապարհ ունի։ Այն է` բողոք ներկայացնել Հաագայի միջազգային դատարան այն երկրների նկատմամբ, «որոնք տուրք են տվել հայերի ստերին»։ Էլեդգագը պնդում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները խախտել են ՄԱԿ-ի կոնվենցիաները և բանաձևեր ընդունել «առանց իրավասու ատյանների համապատասխան որոշումների»։ «Մենք պետք է անպայման պահանջենք Ցեղասպանությունը ճանաչած պետություններից պարզաբանել այդ բառի իմաստը և հստակեցնել, թե որքանով է մեկ երկիրն իրավասու մեկ ուրիշ երկրի մեղադրելու ցեղասպանության մեջ»։ Երկրորդ ճանապարհը, ըստ նրա, առաջարկել Հայաստանին, որ պաշտոնական Երևանն Անկարայի հետ համատեղ դիմի Հաագայի միջազգային դատարան։
Ակնհայտ է, որ այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ միջազգային կարծիքի ձևավորած թակարդից դուրս պրծնելու փորձեր։ Պարզ է նաև, որ, քարոզչական աղմուկից բացի, թուրքերն ավելի առաջ չեն գնա, որովհետև չափազանց դժվար է կանխատեսել, թե ինչպիսի քաղաքական հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ երկրների ու կազմակերպությունների նկատմամբ հարուցված դատական հայցը։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համատեղ միջազգային դատարան դիմելու առաջարկին, ապա դա առավել քան տարօրինակ է, սակայն այդ համատեքստում դժվար չէ հայտնաբերել թուրքական հոգեկերտվածքի կարևոր և հիմնական բնութագրականներից մեկը. թուրքերը միանգամայն անկեղծ համոզված են, թե պատմական ճշմարտությունն իրենց կողմն է։ Նրանք պատրաստվում են արդարացնել կատարված հանցագործությունն այն հիմնավորմամբ, թե հայերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «հինգերորդ շարասյան» դեր են կատարել հօգուտ Ռուսաստանի և այլ երկրների, և օսմանյան պետությունը «հարկադրված է եղել դիմելու տեղահանության»` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Վերջին շրջանում հաճախ օգտագործվող ինկվիզիտորական այս հնարքին հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել։
Միանգամայն պարզ է, որ Հայոց ցեղասպանության հերքումը Թուրքիայի գոյության հիմքերից մեկն է։ Դեռև Մուստաֆա Քեմալը, նույն ինքը` Աթաթուրքը, տաբու դրեց Թուրքիայում 1915-ի դեպքերի հիշատակման վրա և իրավունք տվեց թուրք պատմաբաններին իրենց հայեցողությամբ մեկնաբանելու սարսափելի ոճիրը։ Պաշտոնական թուրքական պատմագրությունն Արևմտյան Հայաստանից հայերի տեղահանությունը «բացատրելիս» նախընտրում է օգտագործել «տեղափոխություն» արտահայտությունը, իսկ ցեղասպանություն իրականացնելու մասին ընդունած երիտթուրքերի հատուկ որոշումը մեկնաբանում է իբրև «օրենք տեղափոխության մասին»։ Բնականաբար, մոռացության են տվել 1915-ի մայիսի 24-ին Թուրքիային ուղղված Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ նոտան, ուր թուրքական իշխանությունների գործողություններն արդեն իսկ որակվել են իբրև մարդկության դեմ հանցագործություն։ Չի հիշատակվում նաև այն փաստը, որ պատերազմի ավարտից հետո 1919-ի մարտի 8-ին թուրքական ժամանակավոր կառավարությունը երիտթուրքերի կուսակցության և նրանց կառավարության նախարարների գործերն ուղարկել է Ստամբուլի արտակարգ ռազմական տրիբունալ, և դատավարության արդյունքում, բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրությունից ու վկաների հարցաքննությունից հետո Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հեռակա կարգով դատապարտվել են մահապատժի, քանզի գտնվում էին փախուստի մեջ։ Ավելին, ինքը` Քեմալ Աթաթուրքը, 1926-ի հուլիսին շվեյցարացի լրագրող Էմիլ Հիլդենբրանդին տված հարցազրույցում չի ժխտել հայերի կոտորածները, այլ մեղքը բարդել է երիտթուրքերի վրա, թեպետ այդ ժամանակ նա, որպես բարձրաստիճան զինվորական, ծառայում էր թուրքական բանակում և անմասն չէր այդ ամենից։
Այսպիսով, Թուրքիայի ներկայիս քաղաքական գործիչների հղումները, թե ցանկացած հանցագործության առնչությամբ «հարուցվում է քրեական գործ, որը քննվում է դատախազական և դատական մարմինների կողմից, իսկ այս դեպքում նման բան չի եղել», չեն դիմանում որևէ քննադատության։ Նույնքան անհիմն են պնդումները, թե հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրությունում չի կարող բնորոշվել որպես ցեղասպանություն, որովհետև այն ժամանակ, իբր, միջազգային իրավական պրակտիկայում նման տերմին չի եղել։ Այս տեսակետը սիրում է պնդել թուրք իրավագետ և պատմաբան Մեհմետ Պերինչեկը։ Մինչդեռ տվյալ դեպքում օրենքը հետադարձ ուժ ունի, որովհետև 1968-ին ընդունվել է ՄԱԿ-ի կոնվենցիան այն մասին, որ ռազմական և մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Ավելին, միջազգային հարաբերությունների պատմության մեջ ստեղծվել է երեք միջազգային տրիբունալ, որոնք հետաքննել են մարդկության դեմ կատարված հանցագործությունները։ Դա եղել է Նյուրնբերգում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև նախկին Հարավսլավիայում և Ռուանդայում։ Բոլոր այդ տրիբունալները ձևավորվել են հետին թվով, տեղի ունեցած իրադարձություններից հետո։
Մինչդեռ թուրքական քաղաքական գործիչները թեմայի շուրջ բանավեճով ոգևորված, կամա թե ակամա, հիմնախնդիրը դուրս են բերում միջազգային նոր մակարդակ, ինչը և կարելի է օգտագործել։ Ակնհայտ է, որ եթե ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահն անգամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, շատ բան չի փոխվի նույնիսկ այն դեպքում, եթե այդ իրադարձությունը շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենա և հանգեցնի համընդհանուր ճանաչման։ Ըստ այդմ, բոլորովին էլ անհիմն չեն հայ գիտնականների և առանձին քաղաքական գործիչների պնդումները, թե եկել է հարցը միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ժամանակը։ Մասնավորապես, Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այս կապակցությամբ իրավացիորեն նշում է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն ճանաչված պատմական փաստ է և պետք է մտածել հետևանքների վերացման մասին»։ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նույնպես նպատակահարմար է համարում խնդրի տեղափոխումը իրավական հարթություն` լայնածավալ հետազոտական աշխատանքից հետո։ Ըստ նրա` կարևոր է ճշտել, թե ով է դիմելու Հաագայի միջազգային դատարան` Հայաստանի Հանրապետությո՞ւնը, թե՞ հայկական սփյուռքը։ Ընդ որում, չի բացառվում, որ գործառույթները բաժանվեն այնպես, որ Հայ դատի կառույցները շարունակեն զբաղվել տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման լոբբինգով, իսկ այլ կառույցներն ու կազմակերպությունները, և` ոչ միայն հայկական, արդեն այսօր զբաղվեն հարցի իրավական հիմնավորմամբ։
Բացի այդ, պակաս կարևոր չէ հստակեցնել, թե ուր և ինչպես պետք է դիմել։ Այսօր գոյություն ունեն երկու համապատասխան կառույցներ` ՄԱԿ-ի Միջազգային դատարանը և Միջազգային քրեական դատարանը, որոնք գտնվում են Հաագայում, բայց իրականացնում են տարբեր գործառույթներ։ Միջազգային քրեական դատարանը չի մտնում ՄԱԿ-ի պաշտոնական կառույցների մեջ, թեկուզ և այնտեղ կարելի է գործեր հարուցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացմամբ։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կոչված է «լուծելու միջազգային վեճերը կամ այն իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության վտանգման»։ Ցեղասպանությունների ուսումնասիրությունը Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո է, որը միաժամանակ քննում է ռազմական հանցագործություններին առնչվող գործեր, սակայն այս դատարանի իրավասությունը ժամանակի առումով սահմանափակ է և առնչվում է այն հանցագործություններին, որոնք կատարվել են 2002-ի հուլիսի 1-ից հետո։ Էրդողանի վերջին հայտարարությունները Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին տեղահանելու հավանականության մասին, ամենայն հավանականությամբ, կարելի է քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Սակայն իրավական առումով կան նաև մի շարք նոր և կարևոր հարցադրումներ։ Եթե մինչ այսօր միայն Ռուսաստանի Պետդումայի 1995-ի որոշման մեջ էր ամրագրված, որ հայերն արտաքսվել են իրենց պատմական հայրենիքից, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունած վերջին բանաձևն էլ է ընդգծում այդ փաստը։ Շվեդական խորհրդարանի ընդունած բանաձևն էլ նախորդներից առանձնանում է նրանով, որ այստեղ մատնանշված են ոչ միայն հայերը, այլև Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված բոլոր քրիստոնյաները։ Չպետք է մոռանալ, որ ժամանակակից Թուրքիայում էլ ջարդերը, մեղմ ասած, անսովոր երևույթ չեն։ 1955-ի սեպտեմբերին Ստամբուլում տեղի ունեցան հույների, ասորիների, հրեաների և հայերի ջարդեր, տուժեց մոտ 10 հազար մարդ, իսկ 1974-ին, թուրքական զորքերի Կիպրոս ներխուժելու հետ մեկտեղ, նոր հակահունական «հուզումներ» տեղի ունեցան։ Թուրքիայի ժամանակակից քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի նկատմամբ ի ցույց է դնում առհասարակ ոչ թուրք բնակչության նկատմամբ իշխանությունների քաղաքականությունն ու տրամադրությունները։ Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության հարցի տեղափոխումն իրավական հարթություն կարևոր է նաև նշված ժողովուրդների համար` նրանց նկատմամբ խտրականության քաղաքականության թարմ փաստերի առկայության պայմաններում։
Վաղուց հայտնի է, որ քաղաքականությունը չի առաջնորդվում բարոյական չափորոշիչներով, և դա հաճախ ծնում է իրավացի հիասթափություն։ Եվ չնայած դրան, տարբեր երկրների ուսանողների մեջ մեծ հետաքրքրություն կա Նյուրնբերգում ԱՄՆ-ի կողմից որպես մեղադրող հանդես եկող Ռոբերտ Ջեքսոնի ելույթի նկատմամբ, որն այն ժամանակ հայտարարեց. «Հիտլերն իր հետ գերեզման չտարավ նացիզմի գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեղքն ամբողջությամբ գերեզման չիջավ Հիմլերի հետ։ Ովքեր ողջ են, մեռածների հանցակիցներն են, և կատարված հանցագործության համար պետք է վճարի նրանցից յուրաքանչյուրը։ Եթե որևէ մեկն ասի, թե նրանք մեղավոր չեն, նույնն է, թե հայտարարի, որ չեն եղել պատերազմ, հանցագործություններ, չեն եղել սպանվածներ»։ Ահա այսպիսի փաստարկների դեմ քաղաքականությունն արդեն անզոր է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ