ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՈՍՏՆԱԿ ՆՈՐ ՑԱՏԿԻ ՀԱՄԱՐ

ՈՍՏՆԱԿ ՆՈՐ ՑԱՏԿԻ ՀԱՄԱՐ
15.07.2011 | 00:00

Աթաթուրքն ու նրա զինակիցները հիանալի հասկանում էին, որ այն ժամանակ ձևավորվող աշխարհաքաղաքական իրավիճակում գլխավոր սպառնալիքը Թուրքիայի համար նրա հնարավոր ձգտումն էր իր քաղաքական և ռազմական ներկայությունը նկատելի դարձնելու հարևան երկրներում։ Թուրքիան Աթաթուրքի օրոք գտնվում էր խորհրդային, բրիտանական, ֆրանսիական ու գերմանական կայսրությունների ճնշման տակ։ Եթե օգտագործելու լինենք շատ պայմանական պատկեր, ապա խոսքը «ռուս-բրիտանական աշխարհաքաղաքական սխեմայի» մասին է։ Հիմա այդ «սխեման» խզված է, և եկել է ժամանակը, որ դրան փոխարինի ուրիշը։ Թե ո՞րը` այս հարցը դեռ որոշակի պատասխան չունի։ Բայց պարզվում է, որ Թուրքիայի առջև բացվել է իրական պատմական հնարավորություն` նվաճելու աշխարհաքաղաքական նոր բնագծեր և ձեռք բերելու կայսրության կարգավիճակ։ Պետք է ասել, որ ժամանակակից Թուրքիան գործում է շատ հմտորեն` բավական կշռադատված քայլերով ու մոտեցումներով, ակնհայտ է մտավոր ապահովվածությունը, Թուրքիայի նպատակներն ու խնդիրները շատ գրագետ ու հիմնավորապես են հռչակված, և անգամ ընտրվել է շատ հետաքրքիր անվանում` «նեոօսմանիզմ»։ Ժամանակակից աշխարհը փուլ է գալիս, և ուրիշ էլ ով, եթե ոչ Թուրքիան պիտի փորձեր նոր սկզբունքային դիրքեր ձեռք բերել Բալկաններում, Կովկասում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում։ Միաժամանակ, ուժի համաշխարհային կենտրոնները և տարածաշրջանների խոշոր պետությունները ձեռքները ծալած չնստեցին ու սպասեցին «նեոօսմանիզմի» դոկտրինի լրիվ ծավալմանը։ Նրանք սկսեցին ձեռնարկել դեռևս սահմանափակ, բայց, այնուամենայնիվ, նպատակամետ քայլեր` ուղղված Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների զսպմանը։ «Զսպման» քաղաքականության վերլուծության շարադրումը խիստ դժվարացված է, քանի որ պահանջում է ներգրավել բավական ընդարձակ նյութ, որը ոչ միշտ հասկանալի կլինի ընթերցողին։ Խնդիրն այն է, որ թեման հասկանալու համար անհրաժեշտ է լավ ծանոթ լինել այդ տարածաշրջանների քաղաքական գործընթացներին։ Բայց խնդիրը նաև այն է, որ այդ տարածաշրջաններում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ ցանկացած հետևություն հնանում է մի քանի ամսում։ Բերենք տարածաշրջաններում Թուրքիայի քաղաքական նվաճողամտության վերաբերյալ վերջին հետևությունների որոշ գնահատականներ։
Անկարայում մեծ հույսեր են կապում Բալկանների հետ, որը «ոստնակ» էր համարվում դեպի Եվրոպա նոր սկզբունքային ցատկի համար։ Առանց Բալկաններում նոր դիրքերի ձեռքբերման անհնար է հավակնել Եվրոպայի առանցքային տարածաշրջաններից մեկի վրա էական ազդեցություն ունեցող տերության դերին։ Բայց արդեն բավականաչափ նյութ կա պնդելու, որ հույսեր չկան Բալկաններում ձեռք բերելու որևէ առանձնահատուկ, առաջատար դեր։ Թուրքիայի գլխավոր հույսը` Ալբանիան, Կոսովոն և Բոսնիան, հնարավոր է, Թուրքիայի աջակցության կարիքն ունեին իրենց պատմության բեկումնային պահերին, բայց ներկայումս այդ երկրները բավականին ինտեգրված են եվրոպական կառույցներին, ունեն եվրոպական և անգամ ատլանտյան հստակ հեռանկարներ։ Նեոօսմանիզմին այդ առավելապես մահմեդական ազգերի որևէ հաղորդակցության մասին խոսք լինել չի կարող։ Այդ երկրների վերնախավերը Թուրքիան համարում են միայն տնտեսական գործընկեր, բայց այդպես էլ նրանից լուրջ ներդրումներ չտեսան և հայտնվեցին սոսկ թուրքական ցածրորակ արտադրանքի վաճառահանման շուկայի դերում։ Թուրքիայի ցանկացած բարեգործական օգնություն սկսել է նյարդայնացնել այդ երկրներին, քանի որ, բացի խորթ քաղաքակրթական արժեքների արմատավորումից, հումանիտար օգնությունն ուրիշ ոչինչ չի տալիս։ Եվրոպայի որոշ քաղաքական ուժեր, այդ թվում` աջ և կաթոլիկ շրջանակները, բոսնիացիներին ու ալբանացիներին ազդանշաններ են հղում առ այն, որ տարածաշրջանում Թուրքիայի ներկայության մեծացումն ամենևին չի խրախուսվում Եվրոպայում։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի նվաճողամտությունը չի սահմանափակվել առավելապես Բալկանների մահմեդական երկրներով, այլ ենթադրում է տնտեսական ճնշմամբ իր ազդեցության ոլորտ ներքաշել Բուլղարիան, Մակեդոնիան, Չեռնոգորիային, Ռումինիան և անգամ Սերբիան ու Հունաստանը։ Չի կարելի բացառել, որ այդ երկրների արդի վերնախավերը մեծ ակնկալիքներ են ունեցել թուրքական ներդրումներից, սակայն Թուրքիայի տնտեսական մտադրությունների վերաբերյալ ակնկալիքները հիմա շատ ավելի համեստ են, հատկապես Բուլղարիայում։ Տնտեսական ձախողման կողքին Թուրքիային սպասում էին խնդիրներ` կապված Բուլղարիայում գործող թուրքական խոշոր կորպորատիվ քաղաքական կազմակերպության և բուլղարական արմատական շարժումների շահերի բախման հետ։ Բալկաններում թուրքական մտադրությունների հանդեպ խիստ թշնամաբար են տրամադրված Սերբիայում գտնվող հայրենասիրական և մյուս կուսակցություններն ու խմբերը, ինչը հանգեցրել է բուլղարական ու սերբական քաղաքական կուսակցությունների համերաշխ գործողություններին, որոնք ավանդաբար հակառակորդներ են եղել։ Դրա հետ մեկտեղ, չնայած Թուրքիայի առնչությամբ հույն քաղգործիչների որոշ զուգակշիռ հայտարարություններին, Հունաստանը շարունակում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը հակադրվելու իր գործելաոճը, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց դառնալ Բալկաններում հակաթուրք քաղաքականության պարագլուխ, որի պատճառը, առաջին հերթին, բուլղարական հայրենասիրական կուսակցություններն են։ Բայց իրավիճակը փոխվում է, և Հունաստանի, Բուլղարիայի ու Սերբիայի արմատական և մյուս հայրենասիրական ուժերն ավելի հանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ։ Բալկաններում Թուրքիան խնդիրներ չունի, թերևս, միայն Ռումինիայի հետ, բայց Ռումինիան Բալկաններում այն երկիրը չէ, որից կախված է նեոօսմանիզմի բախտը։ Անկարայում դեռևս շարունակում են հույսեր կապել Բալկաններում նոր դիրքեր ձեռք բերելու հետ, բայց երևի Թուրքիան սկսում է հասկանալ, որ առաջին «ալիքը» մարել է, և նոր ցատկ է պատրաստվում տարածաշրջանում։ Համենայն դեպս, թուրքական խաղը Բալկաններում կանխավ տանուլ էր տրված, ինչը կատարվել է ո՛չ առանց Արևմտյան ընկերակցության մասնակցության։
Հարավային Կովկաս։ Եթե ենթադրելու լինենք, որ թուրքական դոկտրինը տարածվում է ամբողջ Կովկասի վրա, այնուամենայնիվ, այդ տարածաշրջանը մնում է առավել խնդրահարույցը Թուրքիայի համար, չնայած Թուրքիան այստեղ ամենաշատ դիրքերն ունի։ Սակայն, չնայած Կասպից ծովն ու Անատոլիան կապող միջտարածաշրջանային էներգետիկ հաղորդուղիների կառուցմանը, Թուրքիան պատշաճ ներդրումներ չի արել, ինչը հնարավորություն կտար խոսելու Հարավային Կովկասում նշանակալի տնտեսական ներկայության մասին։ Ինչպես այլ տարածաշրջաններում է, տնտեսական նվաճողականություն այստեղ տեղի չի ունեցել, և մինչև օրս ոչ մի հույս չկա, թե Թուրքիան ավելի կարևոր տնտեսական դիրքեր կգրավի Հարավային Կովկասում։ Ինչպես մյուս տարածաշրջանները, Հարավային Կովկասը դարձել է թուրքական ամենևին էլ ոչ բարձրտեխնոլոգիական արտադրանքի «սաղացման» շուկա։ Անգամ Ադրբեջանի հետ են առաջացել ավելի քան լուրջ խնդիրներ։ Ռազմավարական նշանակության կարևոր պայմանագրերի կնքումը չօգնեց, որ Ադրբեջանը հասկանա Թուրքիայի արտաքին քաղաքականության շահերն ու պայմանները։ Ադրբեջանին չի հաջողվել Թուրքիան լիովին ներգրավել Արևմուտքի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոլորտ՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ։ Անկարայում Ադրբեջանի քաղաքականությունը համարում են կամակորության և արտքաղաքական իրողությունների ոչ հստակ ըմբռնման խառնակույտ։ Ավելին, պարզվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սկզբունքորեն չեն համընկնում (հակասությունները և շահերի անհամաձայնությունը նրանց միջև ավելի շատ են, քան Հայաստանի և Ռուսաստանի միջև)։ Վրաստանը կանգնած է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շահերի կտրուկ անկման պայմաններում Ռուսաստանի և Թուրքիայի ճնշման ներքո հայտնվելու նոր խնդրի ու սպառնալիքի առջև և հիմա ավելի զգուշավոր է հետևում Թուրքիայի հավակնություններին։ Վրաստանը տարբեր ազդանշաններ է ուղարկում Հայաստանին և Իրանին՝ հնարավոր համագործակցության և տարածաշրջանում այլընտրանքային գործընկերներ ձեռք բերելու նպատակով։ Վրացական ավանդապահ քաղգործիչների կանխատեսումները, թե Թուրքիայից բխող սպառնալիքները դեռ նոր են երևալու, կարծես հաստատվում են։ Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման սխեման ու տրամաբանությունը դարձել են ամերիկացիների ու եվրոպացիների կողմից հայկական գործոնի օգտագործման «դասական» հիմք։
Կենտրոնական Ասիան դարձել է ոչ միայն նեոօսմանիզմի, այլև պանթուրքիզմի ձախողման (որ ավելի կարևոր է) առավել ակնբախ օրինակ։ Ըստ էության, այդ տարածաշրջանում բանը նեոօսմանիզմին չի հասել։ Թուրքական նվաճողամտությունը Կենտրոնական Ասիայում անհաջողության մատնվեց արդեն 90-ականների վերջին, երբ պարզվեց, որ Անկարան չունի ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի աջակցությունը և հարկադրված է միայնակ յուրացնել տարածաշրջանը քաղաքական ու տնտեսական առումով։ Թուրքիան Կենտրոնական Ասիայում բախվեց նույնպիսի խնդիրների, ինչ ԱՄՆ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո՝ ավերված Եվրոպայում։ Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի առջև շատ կոնկրետ խնդիրներ դրեցին՝ կապված ներդրումների, տնտեսական ու տեխնոլոգիական օգնության հետ, և նրանց շատ քիչ էր հետաքրքրում քաղաքականությունը։ Ավելին, այդ պետությունները շատ զգուշավոր էին թուրքական հավակնությունների հարցում։ Նախագահի պոստից Ս. Դեմիրելի հեռանալուց հետո այդ ուղղությամբ տարածաշրջանային նվաճողամտության քաղաքականության վրա, փաստորեն, կա՛մ «խաչ քաշվեց», կա՛մ էլ այն մտավ ձգձգված դադարի փուլ։ Ղազախստանն ու Ղրղզստանը որպես ճշմարիտ եվրասիական երկրներ ու ժողովուրդներ, անշուշտ, ավելի հակված են դեպի Ռուսաստան, նրան ցույց տալով, թե ով է իրականում Եվրասիայի «ծուծքը»։ Անատոլիական խիստ արևելականացած ոճը բացահայտորեն խորթ է ղազախներին ու ղրղզներին։ ՈՒզբեկստանը շարունակում է ձգտել տարածաշրջանային մեծապետականության և մտադիր չէ թուրքական նվաճողամտությունն ընդունել որպես օգտակար և բնական մի բան։ Թուրքմենստանը հարկադրված է հաշվի նստել հարևանների՝ Իրանի ու Աֆղանստանի, ինչպես նաև Տաջիկստանի կարծիքի հետ և պետք է վարի ավելի հավասարակշիռ տարածաշրջանային քաղաքականություն։ Տաջիկստանն արդեն վաղուց դարձել է իրանական քաղաքական աշխարհի կազմավորման ակտիվ մասնակից։ Եթե անգամ ուշադրության առնենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իրանը հավակնում են Կենտրոնական Ասիայում առաջնային դերակատարության կամ, համենայն դեպս, նշում են իրենց ներկայությունը որպես հիմնական դերակատարներ, ապա Թուրքիայի գլխավոր մրցակիցը տնտեսական ոլորտում դառնում է Չինաստանը, որը ֆանտաստիկ արագությամբ է այստեղ ընդլայնում իր տնտեսական ներկայությունը։ Իսկ, ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայում շահեր հետապնդող ուժի և ոչ մի կենտրոն շահագրգռված չէ այստեղ Թուրքիայի ներկայությամբ ու նրա դերով։ Թուրքիան ավելորդ է դարձել այդ նոր-նոր ծավալվող տարածաշրջանային խաղում և զգում է իր մեկուսացածությունը։ Կենտրոնական Ասիան մի տարածաշրջան է, ուր թուրքական հավակնությունները ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ պարտություն կրեցին։
Եվ, վերջապես, Մերձավոր Արևելքը, որը Թուրքիայի ուշադրության գլխավոր առարկան է նեոօսմանիզմի դոկտրինի իրականացման փորձերի ճանապարհին։ Իհարկե, Անկարայում աշխարհաքաղաքական ապագան տեսնում են այսպես. սկզբում հասնել Մերձավոր Արևելքում նոր դիրքերի նվաճման, իսկ հետո կարելի է վերադառնալ նաև մյուս տարածաշրջաններ, առաջատարի նոր մակարդակով։ Թուրքիային ոգևորում են արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները, որոնք կարող էին հանգեցնել այն բանին, որ տարածաշրջանը հետ քաշվեր Արևմտյան ընկերակցությունից, ինչպես նաև Իրանից։ Թուրքիան մեծ հույսեր էր կապում Եգիպտոսի իրադարձությունների հետ, հուսալով, որ այս երկիրը շրջադարձ կկատարի դեպի Արևելք, երկար ժամանակով դուրս կգա ԱՄՆ-ի պլաններից՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ծրագրերի խափանման առումով։ Եգիպտոսը չի կարող երկար ժամանակ պասիվ դեր խաղալ համաարաբական ասպարեզում, սակայն հիմա ժամանակավորապես դադարել է Թուրքիային հակակշռողի ակտիվ դերակատար լինելուց։ Արաբական աշխարհում Թուրքիային հակազդելու առաջատարը հիմա Սաուդյան Արաբիան է, որին աջակցում են մյուս արաբական պետությունները, որոնք, անկախ մեծությունից, պատասխանատվություն են զգում ամբողջ արաբական աշխարհի ճակատագրի համար։ Եվ դա առայժմ լիովին բավարար է թուրքական նվաճողամտությունը սահմանափակելու համար։ Թուրքիան որոշակի հաջողությունների է հասել Սիրիայի ու Իրաքի առնչությամբ, բայց այստեղ էլ Թուրքիայի տնտեսական նշանակությունը խիստ հարաբերական է և սահմանափակվում է տեղական շուկաների յուրացմամբ։ Ներկայումս արաբական վերնախավերը մեծ ակտիվությամբ քննարկում են Իրանի և Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքների հետ կապված խնդիրները, և եթե արաբական մայրաքաղաքում պտտվում էր այն միտքը, թե միգուցե վատ չէր լինի Թուրքիան օգտագործել ի հակակշիռ Իրանի, ապա հիմա այդ միտքը գնալով մարում է։ Ինքը` Թուրքիան, հասկանալով, որ Մերձավոր Արևելքում բախվել է լուրջ խնդիրների, աշխատում է իր խնդիրներն ու նպատակները ներկայացնել ոչ թե ամբողջ արաբական աշխարհի շրջանակներում, այլ տարբեր արաբական երկրներում՝ առանձին-առանձին։ Այսինքն, փորձ է արվում բաժանել խնդիրները և դրանք լուծել հերթով, թույլ չտալով արաբական պետությունների համախմբում։ Բայց դա սոսկ ենթադրություն է և հույս, իսկ իրականում արաբական երկրները պատճառ չունեն հեռու մնալու Արևմուտքից և փչացնելու հարաբերություններն Իրանի հետ` հույս դնելով Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության ոչ այնքան հասկանալի հեռանկարի վրա։ Անկարայի գործողությունները պաշտպանել են Իսրայելի հակառակորդ արաբական երկրների լուսանցքային շատ խմբեր, բայց ո՛չ ավելի։ Միաժամանակ, դեռևս չի կարելի ասել, թե բավականաչափ հայտանշաններ ու փաստարկներ կան Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողամտության ձախողման հարցի առնչությամբ։ Դա մեծ խաղի տարածաշրջան է, այստեղ տեղ կգտնվի բազմաթիվ շահերի ու ռազմավարությունների համար, և Թուրքիան հենց այնպես, առանց ջանքերի չի հեռանա այդ տարածաշրջանից։
Այսպիսով, Թուրքիան հիմա արդեն բախվել է իր սահմանների ամբողջ երկայնքով և արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում իր նվաճողամտության ճանապարհին հարուցվող խոչընդոտներին։ Ենթադրվում էր, թե դա տեղի կունենա 3-5 տարի հետո, բայց հիմա արդեն պարզ է, որ Թուրքիան իր նվաճողամտության նոր փուլին կանցնի` ավելի լավ հասկանալով իր հնարավորությունները։ Այս պայմաններում Թուրքիան կփորձի «ձիու քայլ» անել և իր համար քաղաքականության, անվտանգության և տնտեսության ոլորտի ռազմավարական գործընկեր ապահովել՝ ի դեմս Ռուսաստանի։ Ռուսաստանի ներկա պայմանները, նրա տնտեսական և քաղաքական դրությունը, թե՛ Եվրոպայում, թե՛ Ասիայում հուսալի գործընկերների բացակայությունը նրան հարկադրական ընտրության առջև են կանգնեցնում՝ կապ ստեղծել Թուրքիայի հետ որպես հարավարևմտյան ուղղության առաջատար գործընկերոջ։ Ռուսաստանը կփորձի լիովին օգտվել Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Եվրոպայի առաջատար երկրներին, ԱՄՆ-ին, Չինաստանին և Իրանին ցուցադրելու իր հնարավորությունները, ընդլայնելու Թուրքիայի հետ դաշինքի տարրերը։ Արևմուտքում ու նաև բուն Ռուսաստանում տարածված է այն կարծիքը, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև այնքան մեծ են տարաձայնությունները, որ անհնար է կամ քիչ հավանական է դաշինքի կնքումը։ Իհարկե, Ռուսաստանը կաշխատի սահմանափակել Թուրքիայի ձգտումը դեպի Սև ծովի և Կովկասի, ինչպես նաև իր Պովոլժիեի և Կովկասի տարածաշրջաններ, սակայն Թուրքիայի հետ համագործակցությունը «կանխիկ փող» է ենթադրում, և Ռուսաստանի չարչիաբարո վերնախավն ամեն ինչի պատրաստ է, անգամ քաղաքական վտանգների։ Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի տնտեսությունները ժամանակի ընթացքում կսերտաճեն շատ ուղղություններում։ ՈՒստի «դնել-վերցնել» այնպիսի մի հասկացություն, ինչպիսին «դաշինքն» է Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կասկածելի է ցանկացած առումով, քանի որ շատ ոլորտներում կարող է տեղի ունենալ երկու պետությունների սերտ մերձեցում։ Առայժմ Մոսկվայում վստահ են, որ մեծ սպառնալիք չկա, և կկարողանան զսպել Թուրքիայի չափն անցնող նվաճողամտությունը, բայց դա երևի հետզհետե ավելի ու ավելի դժվար կլինի անել` հաշվի առնելով ռուսական պետության ու հասարակության շարունակվող խոր ճգնաժամը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ