Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայության ապագան վերադառնալու է սոցիալիզմին

Հայության ապագան վերադառնալու է սոցիալիզմին
06.03.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրավունքը de facto»-ի էլեկտրոնային փոստում դեռևս ստացվում են «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԿ-Ի նախագահ Ներսես Ներսիսյանի «Հայ ազգային սոցիալիզմ» (թիվ 58, 2008) հրապարակման արձագանքները։ Այսօր խնդրին անդրադառնում է հայտնի քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր ՍՏԵՓԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
Սոցիալիզմը համամարդկային նպատակ ու կատեգորիա է, որի հիմքերը մշակել են հին աշխարհի մտածողները: Առաջիններից մեկն անգլիացի Թոմաս Մորն էր, որը գրել է նաև կոմունիզմի մասին: Այն, որ կոմունիզմի ժամանակ մարդիկ կազատվեն շահագործման բոլոր տարրերից, և հասարակությունը կապրի սոցիալական բացարձակ հավասարության պայմաններում, իհարկե, հեռավոր նպատակ է: Իրատեսականը սոցիալիզմն է, թեև դրա սահմանումն առաջինը տվել են ուտոպիստները: Սոցիալիզմի սկզբունքները վերջնականապես և գիտականորեն հիմնավորեցին Մարքսը և Էնգելսը: Ըստ նրանց, հասարակությունը կզարգանա այն աստիճանի, որ կստեղծի հատուկ տնտեսական և սոցիալական համակարգ: Համաձայն այդ տեսության` կգործեն հետևյալ սկզբունքները. հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է աշխատի ըստ իր ընդունակությունների և իր ստեղծած բարիքներից պետք է ստանա ըստ կատարած աշխատանքի որակի և քանակի: Կապիտալիզմի օրոք դա հնարավոր չէ, քանի որ տիրապետողը մասնավոր սեփականությունն է, իսկ սոցիալիզմի պայմաններում այլ է, երբ սեփականության գլխավոր ձևը հանրային է, ընդ որում այնպիսին, որը չի ժխտում սեփականության մյուս ձևերը, նաև մասնավորն ու կոոպերատիվը: Պետք է ասել, որ հասարակության շահերը պահանջում են, որ խոշոր գործարաններն ու ընդերքը` հողը, ջուրը և մյուս հանածոները, լինեն հանրային, այսինքն` պետական:
Խորհրդային Միության ժամանակ ամբողջ հասարակությունը գրեթե սոցիալական հավասար պայմաններում էր ապրում: Գրեթե, որովհետև բացարձակ հավասարությունը հնարավոր չէ: Հայտնի է, որ խորհրդային տարիներին սոցիալիզմի և՛ գաղափարների մեջ, և՛ պրակտիկայում աղավաղումներ եղան, օրինակ կոլտնտեսությունների և սովխոզների վերափոխման, նաև այլ հարցերում: Իհարկե, մասնավոր սեփականության լրիվ վերացումը կոպիտ սխալ է, որովհետև այն մարդու հոգեբանության մեջ է, և գուցե մշտապես էլ գոյություն ունենա, բայց որպեսզի լինի սոցիալական հավասարության հասարակություն, պետք է տնտեսության գոնե ամենակարևոր բնագավառները սոցիալիստական լինեն: Մեր ժամանակների համար ասվածի տիպիկ օրինակ կարող են հանդիսանալ Չինաստանը, Կուբան, Վիետնամը, նաև սկանդինավյան երկրները` Շվեդիան, Նորվեգիան, Լատինական Ամերիկայում` Վենեսուելան: Եվրոպական այլ երկրներում էլ արդեն իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում սոցիալիստական գաղափարախոսություն կրող կուսակցությունները, կամ հասարակությունն ինքն է այդպիսին դառնում: Դա խոսում է այն մասին, որ մարդկության ապագան ավելի մեծ հավանականություն ունի դեպի սոցիալիզմ գնալու:
Չինաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է բնակչության թվով` մոտ մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն մարդ, և այնտեղ գործազրկություն ու աղքատություն չկա: Ի՞նչն է պատճառը, որ չինացիները կարողացան այդպես վերափոխել իրենց երկիրը, և իշխանությունն էլ դեռ գլխավորում է կոմունիստական կուսակցությունը: Ընդ որում, կոմունիստների թիվը շատ չէ, մոտ հիսուն-վաթսուն միլիոն, և բանն այն է, որ նրանք չեն ընկնում քանակի հետևից, կաշառքն էլ չի գործում, ինչպես անցյալում մեզ մոտ էր: Համեմատենք Հնդկաստանը. նույնպես հարուստ երկիր է, բնակչությունն էլ մեծ, բայց տնտեսությունը սոցիալիստական չէ, և զարգացման տեմպերն այն չեն, ինչպիսիք Չինաստանում են: Չինաստանում հողը պետական է: Պետությունը ստեղծագործական մոտեցում է ցույց տալիս. նա հողը մշակման է տալիս գյուղացուն, բայց ոչ թե այնպես, որ ինչպես ուզենա, այնպես էլ մշակի, այլ պահանջում է, որ գյուղացին իր վրա պարտավորություն վերցնի, իսկ ինքը տրամադրում է համապատասխան մեքենաներ, ջուր, պարարտանյութ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է հողը մշակելու համար: Պետությունը կարող ուժ է, և գյուղացին էլ այնքան արտադրանք է տալիս, որը ոչ միայն գերազանցում է իր պահանջները, այլ նաև բավարարում քաղաքում աշխատողի պահանջմունքները:
Չինաստանը միշտ էլ եղել է փոքր կամ մեծ մասշտաբների սովի երկիր, նաև սոցիալիզմին անցնելու սկզբնական փուլում: Նրանք էլ կրկնեցին Խորհրդային Միության սխալները, կազմակերպեցին, այսպես ասած, «կուլտուրական հեղափոխություն», և, մեր օրինակով, ով սոցիալիզմին չէր համակերպվում, հալածանքի էր ենթարկվում կամ նույնիսկ ֆիզիկապես ոչնչացվում, դրանով էլ հասարակությունը մեծ վնասներ էր կրում: Պետությունը, փոխանակ ուշադրություն դարձներ տնտեսության զարգացմանը, սոցիալական շեղումները վերացներ, ընկնում էր այդպիսի վնասաբեր քաղաքական գաղափարների հետևից:
Բայց Չինաստանում գտնվեցին ունակ մարդիկ` Դեն Սյաոպինը և ուրիշներ, որոնք վերանայեցին սոցիալիզմի կիրառման յուրահատկություններն իրենց երկրի համար: Ժամանակն է, որ մեզ մոտ էլ գտնվեն այնպիսի արժանիքներով օժտված մարդիկ, որոնք իրատեսաբար մոտենան սոցիալիզմի կիրառելիությանը նաև մեր երկրում և ստեղծեն բարգավաճ Հայաստան, այլ ոչ թե բավարարվեն միայն այդ անունով կուսակցություն ստեղծելով: Հաշվի առնենք, որ Չինաստանում այժմ ընդամենն ութ կուսակցություն կա, և երկրի բնակչությունն էլ հարուստ է ապրում, մինչդեռ Հայաստանում կուսակցությունները տասն անգամ շատ են, իսկ բնակչության կեսից ավելին աղքատ է, միայն մոտ տասը տոկոսն է, որ ապրում է լավ, իսկ նրանց մի մասը` գուցե և շատ լավ պայմաններում:
Ես լիովին սխալ եմ համարում սակավաթիվ հող և ջուր ունեցող Հայաստանում թե՛ հողի մասնավորեցումը, թե՛ ջուրն օտարին հանձնելը, իսկ կոնյակի գործարա՞նը, որը շահութաբեր էր, ի՞նչ կարիք կար տալ ֆրանսիացիներին, իսկ կա՞պը, էներգետիկա՞ն, ընդերքի հարստություննե՞րը…, ի՞նչ է նշանակում հանքային ջրերի մասնավորեցումը… Չէ՞ որ առիթը եթե եկել էր, կարելի էր և «Բջնին» նորից չվաճառել, այլ ուղղակի թող սա էլ մնար պետական սեփականություն և մրցեր մասնավորի հետ:
Այսօր գոյություն ունի իր յուրահատկություններով չինական սոցիալիզմ, կուբայական սոցիալիզմ, եվրոպական սոցիալիզմ, և ոչինչ էլ չի խանգարում, որ լինի նաև հայկական սոցիալիզմ: Մենք լավ մասնագետներ ունենք, ովքեր կարող են սոցիալիստական եղանակով ապահովել տնտեսության ապագա զարգացումը: Ես վստահորեն կարող եմ ասել, որ սոցիալիզմը կլինի մեր փրկությունը: Սակայն այսօր, ժողովրդի շահերից ելնելով, այն պետք է արվի պետականորեն` վերևից, բայց ներքևինների ցանկությանբ, այլ ոչ հեղափոխությամբ:
Այո, աշխարհն աստիճանաբար գնում է դեպի սոցիալիզմ, և մենք էլ պետք է գնանք, քանի որ եթե այլևս չենք հավանում տխրահռչակ ՀՀՇ-ին, ուրեմն պետք է հրաժարվենք նաև նրա պարտադրած կապիտալիստական ուղուց, որն իբրև թե կամավոր սկզբունքով, բայց ստիպողաբար փաթաթվեց մեր ժողովրդի վզին:
Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերածնունդ կապրի, երբ Հայաստանում վերածնունդ ապրի սոցիալիզմը:
Ներկայումս, երբ համաշխարհային կապիտալիզմն ապրում է տնտեսական ու ֆինանսական խոր ճգնաժամ, դրանով մի անգամ ևս հաստատվում է, որ այդ համակարգն իրեն հատուկ հակասություններով ու հակաժողովրդական բնույթով չի կարող հարատևել և օբյեկտիվ օրինաչափություններով անպայմանորեն իր տեղը պետք է զիջի ամբողջ մարդկությանը, աշխատավոր ժողովրդին ծառայող համակարգին` սոցիալիզմին:

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ