ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Սեփական իրավունքը պաշտպանելուց առաջ պետք չէ տրորել ուրիշի իրավունքը

Սեփական իրավունքը պաշտպանելուց առաջ պետք չէ տրորել ուրիշի իրավունքը
10.04.2012 | 00:00

Հարգելի՛ Սարիբեկ, մենք երբևէ ծանոթներ չենք եղել, իրար ձեռք չենք սեղմել, բաժակ բաժակի չենք խփել. հավատարմությունից, արդարությունից, նվիրվածությունից, առհասարակ մարդկային բարձր արժեքներից չենք խոսել: Քանի որ ձեր գերդաստանը (ով չգիտի Գռզոյենց) հայտնի է ողջ հանրապետությունում, ասեմ, որ ես էլ տեղեկացված եմ այդ գերդաստանի մասին այնքան, որքան հասարակությունը, թերևս կյանքի բերումով փոքր-ինչ ավելի: Ասում եմ ավելի, որովհետև, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում (ժողովուրդը, որպես հավաքական արարած զուրկ է հիշելու կարողությունից), այն մութ ու խավար տարիներին, երբ «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում առևտրական սեղանիկներ էին դրված, ծանոթներիցս մեկն ուներ նման մի սեղանիկ: Մի օր «Լրագիր» թերթում կարդացել էր իմ հոդվածը, որտեղ ես լավատեսություն էի ցուցաբերել` գրելով, թե երկիրը կուղղվի, կանցնի այդ ամենը, մեր երկիրն էլ երկիր կդառնա: Նա քմծիծաղով ասաց.

-Էս մի կտոր սեղանիկի համար ես Գռզոյին ամեն ամիս 50 դոլար (դա 1992-ին էր) փող եմ տալիս: Գիտե՞ս, թե քանի նման սեղանիկ կա. ո՛չ ավելի, ո՛չ պակաս` 2000 հատ: Դե հաշվիր, թե Գռզոյի եկամուտը մեկ ամսում որքան է կազմում, էն էլ հաշվիր, որ մարդիկ անդագաղ են թաղվում, դե հիմա եկ ու հավատա, որ երկիրը երկիր կդառնա:

Իհարկե, ես ոչինչ չպատասխանեցի, բայց և չկտրեցի հույսս, որ մի օր երկիրը երկիր կդառնա:

Ճիշտ է, այսօր երկիրն իմ ուզած երկիրը չի դարձել, բայց և այնպես այսօր հանգուցյալը ոչ միայն դագաղով է թաղվում, անգամ հոգեհաց են տալիս: Էլ չեմ ցանկանում խորանալ, նշել, թե շան մսի գնով քանի գործարան են Գռզոյենք գնել:

Չեմ էլ ուզում ասել` այսօր ավանդների վերադարձից խոսողը (Սարիբե՛կ, դու Լևոնի երդվյալներից ես, դրա համար էլ այդ օրինակը նշում եմ, որ պարզ լինի ձեր թիմի ողջ կերպարը) մոռանում է, որ լեն ու բոլ երկիր ժառանգողն այնքան ագահ էր, խաբեբա, որ 200 խորհրդային ռուբլին մեկ դրամ գնահատեց և մարդկանց փողերը (նաև ավանդները) մի օրում քամուն տվեց. ԱՄՆ 1 դոլարը 14 դրամ գնահատվեց, այդ մախինացիայի արդյունքում լևոնականները տեղը տեղին վաստակեցին, և մի քանի օր հետո (մի լավ վաստակելուց հետո), չեմ ուզում հիշել, թե քանի դրամը մեկ դոլար դարձավ։ Եվ այդ խաբեբայի կողքին հարթակում կանգնել ես դու և չես ասում.

-Մարդ Աստծո, որքա՞ն կարելի է փչել, ախր ամոթն էլ լավ բան է:

Ամո՞թ ... Լևոնն ո՜ւր, ամոթն ո՜ւր:

Հիմա դառնամ քեզ, Սարիբեկ:

Սարիբե՛կ, անունս Սոկրատ է, ազգանունս` Հովսեփյան: Երդվում եմ, Սարիբե՛կ, այս զրույցը չէի ունենա քեզ հետ, եթե չծանոթանայի թիվ 10 ընտրական տեղամասի շուրջ առաջացած կրքերին, հատկապես Ձեր տարածած հայտարարությանը, եղբորդ` Խաչիկ Սուքիասյանին (անկեղծորեն, եղբորդ մասին որևէ վատ բան չեմ լսել, միայն մեկ անգամ, հանրահավաքի ժամանակ երբ տեսա եղբորդ 13 թազիների ուղեկցությամբ, լսելի բոլորին ասացի. «Խաչիկը նորմալ մարդ է, ումի՞ց է վախենում») որպես պատգամավորության թեկնածու չգրանցելը համարել ես անօրինական, քաղաքական հետապնդում, մարդու իրավունքների կոպիտ խախտում, հաշվեհարդար: Ասեմ, Սարիբեկ, որ այդ հիանալի բաներին անվերապահ կհավատայի, եթե սեփական մաշկիս վրա զգացած չլինեի քո իսկ կատարած...

Խոսեմ կոնկրետ փաստերով։

Տիգրան Միրզոյանին ճանաչում ես, Սարիբեկ: Նա քո (կոպիտ եմ ասում` քո) բանկում տեղակալ էր աշխատում: Ասեմ, Սարիբեկ, որ Տիգրան Միրզոյանն իմ աղջկա ամուսինն է, ազնվության մի տիպար, խելքի ու զսպվածության մասին որևէ գնահատական չեմ ցանկանում տալ: Իր աշխատասիրությամբ (ասեմ, որ նա անհայր է մեծացել, իր հացը դառնությամբ է կերել), առանց որևէ ծանոթի, միջնորդության հասել էր կառավարչի տեղակալի պաշտոնին: Պետք է ասեմ, փառք ու պատիվ քեզ, որ գնահատել ես մարդու մեջ նրա դրական հատկանիշները և առաջ ես տարել: Այն էլ ասեմ, Սարիբե՛կ, որ նա իմ հակապատկերն է: Երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, երբևէ այս կամ այն գործչին որևէ գնահատական չի տվել: Նա, որպես երկրի քաղաքացի, ազնվորեն կատարել է իր գործը, հավանաբար մտածելով, որ ազնվորեն գործ կատարելը բոլորի պարտականությունն է` սկսած շարքային գյուղացուց, վերջացրած երկրի առաջին դեմքով: Եթե չեմ սխալվում, դու ցանկացել ես նրան ավելի առաջ տանել, բա՞յց...

Բայց մի օր պարզվել է, որ Սոկրատ Հովսեփյանը նրա աներն է: Այո՛, այո՛, այդ դու ես հարցրել.

-Սոկրատ Հովսեփյանը քո անե՞րն է։

Ինչին դաստիարակված մարդը պատասխանել է դրական: Հետո էլ ավելացրել ես.

-Բա գիտե՞ս` Լևոնը մեր աստվածն է:

Սարիբե՛կ, Աստծուն մի՛ շփոթիր երբևէ... Հարմար բառի ընտրությունը թողնում եմ քեզ: Երկու օր հետո դու նրան առաջարկել ես այլ պաշտոնի անցնելու դիմում գրել: Չեմ ցանկանում գրել այդ ստոր պատմության բոլոր մանրամասները: Նշեմ, որ երկու օր հետո նա աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այսօր Տիգրան Միրզոյանն աշխատանք ունի, համարժեք աշխատանք, որին, ասեմ, օգնել է երկրի նախագահը: Դե, հիմա համեմատիր Սերժի և քո Լևոնի մարդկային հատկանիշները, եթե, իհարկե, համեմատելի են: Լևոնն ինձ էլ է աշխատանքից ազատել:

Սարիբեկ, թույլ տուր հարցնել, ի՞նչ կապ ունի Տիգրան Միրզոյանը Սոկրատ Հովսեփյանի քաղաքական հայացքների հետ: Մինչև նրա` իմ փեսա դառնալը ես պայքարել եմ Լևոնի, նրա կլիկի ստորությունների դեմ: Իմ քաղաքական համոզմունքները միս ու արյուն են, կմեռնեն հոգուս հետ միայն: Հիմա թույլ տուր հարցնել` քո արարքը Տիգրան Միրզոյանի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է, թե՞ ոչ: Այո՛, և այն էլ ասեմ, շատ ստոր հետապնդում, աներոջը պատժելու անկարողությունը (նկատի ունեմ քո թիմի գլավարին) թափել ես մի ազնիվ, աշխատասեր երիտասարդի վրա: Հիմա թույլ տուր հարցնել` քաղաքական այդ հետապնդման համար դու քրեական գործ շալակելու արժանի՞ էիր, թե՞ ոչ: Բայց ես չգնացի այդ ճանապարհով: Մարդու իրավունքների կոպիտ խախտում ես անվանում եղբորդ չգրանցվելը (ասեմ, որ ցավում եմ), թույլ տուր հարցնել, գործից ապօրինի հանելը մարդու իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Հաշվեհարդար բառն ես օգտագործում: Թույլ տուր հարցնել` Տիգրանի նկատմամբ քո անազնիվ արարքը հաշվեհարդա՞ր էր, թե՞ ոչ: Եթե ԿԸՀ-ն եղբորդ պատժել է նրա քաղաքական դիրքորոշման համար (թեպետ կասկածում եմ), թող որ հարցնեմ` Տիգրան Միրզոյանի քաղաքական դիրքորոշումը ո՞րն էր, որ աները պայքարում է Լևոնի կազմակերպված հանցախմբի դեմ: Ասեմ, Սարիբե՛կ, որ քո նկատմամբ ես թույն չեմ տածում: Մեկ անգամ, երբ քրոջդ տղան, Էդուլը, իր համադասարանցիների հետ գիշերեց թոռանս հետ գյուղում, իմ տանը, ես ողջ գիշեր չքնեցի, հսկում էի, որ հանկարծ ոչ մեկին, իսկ Էդուլին առավել ևս, ոչինչ չպատահի: Հաջորդ օրը հրաժեշտ տալուց առաջ ես գրկեցի ու պաչեցի Էդուլին, նորից գյուղ հրավիրելով: Ես մտածում էի, որ այդ երեխաները վաղը բանակ կգնան, նրանք պիտի հասկանան, որ մեր մեջ թշնամի չկա, որ թշնամին դրսում է:

Այնպես էլ քո մասին մտածելով` ես թշնամություն չեմ տածում քո նկատմամբ: Այդ ընտրատարածքում ես ծանոթներ շատ ունեմ և կաշխատեմ քո օգտին, որպեսզի դու պատգամավոր դառնաս և հասկանաս, որ մարդու իրավունք պաշտպանելը միայն սեփական կամ եղբոր իրավունքը պաշտպանելը չէ, այլ, առաջին հերթին, ուրիշների իրավունքը պաշտպանելն է:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. -Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի մասին ֆիլմ էին ցույց տալիս: Ֆիլմի նախաբանում հումանիզմ բառի գնահատականն էր տվել գերմանացի հինգ հանճարեղ մարդ: Ամենից շատ ինձ դուր եկավ մեկի միտքը, որ հումանիզմն այն է, թե որքան ես դու ապրում ուրիշի համար: Անալոգիայով կասեմ` սեփական իրավունքը պաշտպանելուց առաջ պետք չէ տրորել ուրիշի իրավունքը: ՈՒրիշի իրավունք պաշտպանելը ամենամեծ հումանիզմն է, Սարիբե՛կ:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ