Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ինչու՞ են աղմկում բազմաԳԵՏները

Ինչու՞ են աղմկում բազմաԳԵՏները
15.10.2023 | 10:07

Որևէ մեկին ո՛չ վիրավորելու տրամադրություն ունեմ, ո՛չ էլ կոպտելու: Բայց «մի երկու բան» պիտի ասեմ մարդկանց, զանազան-զարմանազան օգտատերերի մասին, որ, ասես մեկ կենտրոնից իջեցված հրահանգով, բավականին համակարգված ու փոխպայմանավորված, թիրախավորում են որևէ անձի (որևէ դեպք, որևէ երևույթ) և աջուձախից հարձակվում են, կա՛մ իրենք գեներացնելով ատելության խոսք, կամ իրենց հետ փոխպայմանավորվածները, կամ էլ՝ իրենց «սպեցիֆիկ» աուդիտորիան:

Նախաբանից անցնենք բուն հանգամանքներին ու մանրամասնություններին:

Զարուհի Փոստանջյանը գնացել է Երևանից Երասխ՝ Երևան-Մեղրի ճանապարհով, նկատել է դիրքեր, դիտակետեր, խրամուղիներ, որոնք տեսանկարահանվել են, ապա որոշակի հարցադրումներ է ուղղել պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնողին:

Հազիվ թե Զարուհի Փոստանջյանը, իր քաղաքական ու փաստաբանական գործունեության, փորձի բերումով, ունի իմ պաշտպանության կարիքը: Ավելի շուտ, երևի նրա վրա հարձակվողները կարող են նման կարիք ունենալ: Բայց հարցն, ընդգծեմ, ամենևին Զարուհի Փոստանջյանը չէ:

Հարցն այն աղմուկ-աղաղակն է, որ դրվել է որոշակն անձանց կողմից, հնարավոր է, նաև՝ որոշակի կենտրոն(ներ)ից ուղղորդմամբ կամ հրահանգավորմամբ:

Ի՞նչ աղմուկ է բարձրացել: Ինչու՞ են աղմկում բազմագետները, ինչի՞ մասին:

ԱՌԱՋԻՆԸ. վա՜յ, ամա՜ն, պետական, ռազմական գաղտնիքնե՜ր են հրապարակվե՜լ, ու՞ր ես ԱԱԾ, ո՞ւր ես ՊՆ, դուրս եկեք մեյդան, տեսեք, թե՝ ինչե՜ր են անում...

Պարոնայք ու տիկնայք, բազմագետներ, դուք դա լու՞րջ եք ասում:

ՈՒնենալով վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյան,

ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյան,

ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյան, պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյան (դեռ չեմ խոսում մյուսների մասին ու չեմ էլ ուզում թվարկել), դուք ներկայիս Հայաստանում ինչ-որ պետական ու ռազմական գաղտնիքնե՞ր եք տեսնում, որ մի հատ էլ որևէ անհատ, մի երկու «ափալ-թափալ» վրա բերված 5 րոպեանոց դիտակետ (այսինքն՝ առաջին իսկ արկով խոցելի) նկարելով, դրանք բացահայտի:

Այդ «դիրքերը», «դիտակետերը», կարող եք չկասկածել, թշնամին թե՛ դրոններից, թե՛ հեռադիտարկման սարքերով, թե՛ իր «արբանյակային հետախուզությամբ» վաղուց արդեն մի 10 անգամ նկարել է: Բայց հիմնականը՝ խոսքն այդ մասին չէ՛, պարոնայք ու տիկնայք բազմագետնե՛ր:

Խոսքն այն խայտառակ իրողության մասին է, որ խրամատներն արդեն Երևանի մատույցներում են փորվում:



ԵՐԿՐՈՐԴ. որքա՞ն գաղտնի է այսպես կոչված «գաղտնիքը»: Վերոակնարկյալ աղմկային գրառումներից մեկի տակ մեկ ուրիշ բազմագետ, երևի ցանկանալով «փայլատակել», հերսոտ գրել է, թե՝ «պետք է արգելե՛լ, որ լրագրողները գնան ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ»:

ՈՒրեմն... «մարտական դիրքեր»: Եթե այդ դիրքերը մարտական լինեին, ապա այնտեղ մարտիկներ կլինեին, մեր մեջ ասած: Գոնե ինչ-որ հսկողություն կլիներ, գոնե 1 հերթապահ:

Ոմանց թվում է, թե մարդիկ հատուկ ելել-գնացել են ինչ-որ «մարտական դիրքեր»:

Ո՜նց չէ: Պարզապես մեքենայով անցել են Երևան-Մեղրի մայրուղով, որի անմիջականորեն եզրին աչք են ծակում հիշատակված դիտակետերը կամ դրանց մի մասը:

Այսինքն, դա մի «գաղտնիք» է, որ տեսել ու տեսնում են մայրուղով անցնող հազարավոր մարդիկ:

Իսկ բազմագետները համոզվա՞ծ են, որ այդ մայրուղով ադրբեջանցիներ չեն անցնում: Ինչու՞ նրանք, օրինակ, նույն

ՊՆ-ին, ԱԱԾ-ին «վա՜յ, ամա՜ն, հասե՜ք» չեն կանչում, թե՝ «այ մարդ, ո՞վ է էսպես դիրք դնում, գոնե քողարկեիք, ինչ է...»:





Բայց կրկնում եմ՝ խոսքն այն մասին է, թե այդ ո՞նց եղավ, որ մենք արդեն Երևանի մատույցներում ենք խրամատավորվում, ո՞նց եղավ, որ քննարկվող հարցը Տիգրանաշենն ու այլ «անկլավներ» տալն է:



ԲԱԶՄԱԳԵՏՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԻ ԱՂՄԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի՞նչն է հատկանշական: Նման «միջադեպերի» հետ կապված տիեզերական ու թիրախավորված աղմուկ բարձրացնողների մի որոշակի մասի ձայնը բացարձակապես չի լսվում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը թշնամու տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու վերաբերյալ, ծպտուն չեն հանում «անկլավների» հարցով, ձեն-ձուն չկա, երբ փաշինյանական իշխանությունը, կետ առ կետ, ծեղ առ ծեղ կազմաքանդում էր ու կազմաքանդում է Հայաստանի անվտանգության «ճարտարապետությունը», տո հենց բուն հանրապետությունն էլ՝ հետը:

Նույն այն Սուրեն Պապիկյանը, նրա նաչալնիկ Նիկոլ Փաշինյանը, առհասարակ, այդ ամբողջ ՔՊ-աթափոնը բացարձակապես մատը մատին չտվեցին, ընդհանրապես որևէ կերպ «իրար չեկան», երբ թշնամին, ի դեպ, բացարձակապես բացահայտորեն, մի ամբողջ ամիս զորքեր էր կուտակում Արցախի շուրջն ու ՀՀ սահմանին, կուտակում էր, գրեթե ամեն մի զրահամեքենայի, ամեն մի շարասյան շարժը նկարելով ու տարածելով, ի դեպ:

Բայց ո՛չ բազմագետներից մի մասի համար ընդունելի Նիկոլը, ո՛չ բազմագետներից մի մասի համար սիրելի ՊՆ-ն ո՛չ մի բան չարեցին՝ մեր հայրենակիցներին օգնելու համար:

ՈՉ ՄԻ ԲԱՆ:

Թողեցին, որ թշնամին հոշոտի, որպեսզի հիմա իրենց մանկլավիկները չարախնդան, թե՝ «արա, էդքան զենք ունեի՜ն... մի օր դիմադրեցին»: Բազմագետները լուռ-լուռ էին, որ Արցախի մի քանի հազարանոց, վատ զինված, վատ մատակարարվող, 9 ամիս բլոկադայի մեջ գտնվող ՊԲ ստորաբաժանումները կամ ավելի ճիշտ՝ ՊԲ-ի մնացորդները, մի քանի հազար հոգով, առնվազն 2 օր դիմակայել են 60 հազարանոց, դրոններով ու ինչով ասես սպառազինված զորքի, դրան պատճառելով կորուստներ, ի դեպ:

Սակայն բազմագետները լռեցին դրա մասին, երևի չէին ուզում Պապիկյանի կամ նրա շեֆի հետ հարաբերություններ փչացնել: Իրենք գիտեն, երբ կաղմկեն...



Ի ԴԵՊ, ԲԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աղմկողներից շատերին (կամ նրանց «լայքողները»՝ նրանց), համարում են ռազմական գործի մասնագետ, փորձագետ, մի խոսքով՝ լավատեղյակ, բանիմաց և այլն:

Լավ: Իսկ այդ բազմաթիվ բանիմաց մարդիկ ու՞ր էին, ի՞նչ էին անում, քանի՞ անգամ են ահազանգել, աղմուկ-աղաղակ բարձրացրել այն մասին, թե ինչպես էր 2018-2020 թվականներին կազմաքանդվում Հայաստանի բանակը, ինչպես էր խարխլվում Արցախի ՊԲ-ն, ինչպես էր «օդը բաց» կամ անպաշտպան թողնվում, ինչպես էին «կատլետ-կլուբնիկի», «մայկա-տռուսիկի» անվան տակ վարի տալիս բանակը, ինչպես էին փիարվելու ինքնաթիռ առնում՝ արդիական ՀՕՊ միջոցների փոխարեն, ինչպես էին անվանարկում ու նաև՝ նվաստացնում Արցախի ազատամարտի հերոսներին, մարտական գեներալներին:

Մի անգամ, նույնպիսի ձայներանգով, ինչ հիմա են, օրինակ, աղմկում, դուք այդ բազմագետների վրդովմունքը, կարծիքը, գնահատականը լսած կա՞ք:

Եվ հետո, այդ ի՞նչ բազմագետներ են, որոնց «քթից բռնած» 44 օր շարունակ խաբեցին, ինչպես խաբում են թոթովախոս մանկիկին: Այստեղ կարող եմ ասել նաև իմ քթի մասին, բայց ես գոնե խոստովանել եմ, որ խաբվել եմ ու ներողություն եմ նաև խնդրել, որ ակամայից, փաստորեն, ինքս էլ մոլորության մեջ եմ գցել ծանոթ ու անծանոթ մարդկանց: Ճիշտ է, ես «ռազմական փորձագետ» չեմ, բայց առնվազն հոկտեմբերի 20-21-ին, եթե ոչ՝ ավելի վաղ, արդեն հստակ հասկանում էի, որ «հաղթում ենք»-ը փուչիկ է, որ պայմանավորված տալիս են...

Լավ, բա դուք ի՞նչ բազմագետներ էիք, որ Լուգանսկի օդանավակայանի վնասված շենքի նկարը նիկոլենք հրամցնում էին որպես Գյանջայի «հօդս ցնդած» օդանվակայան, իսկ դուք ծպտուն չէիք հանում: Թե՞ դա էդպիսի բազմագիտական հատկանիշ է՝ աղմկել միմիայն իշխանությանը հարմար դեպքերում ու հարցերում:

Գիտե՞ք ինչ, ավելի լավ է՝ պատրաստվեք պարտիզանական «փողոցային մարտերի»՝ թուրքական տանկերի ու հրոսակի դեմ: Էնտեղ՝ դյուրավառ հեղուկներ, ինքնաշեն պայթուցիկներ, գոյատևման պարագաներ, «էն-զէ» պահուստավորեք: Դա ավելի հանրօգուտ կլինի, քան թե թշնամու շահերն սպասարկող

ԱԱԾ-ին ու ՊՆ-ին մարդկանց վրա ուղղորդելը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ