ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արմեն Սարգսյան. Հավատ-վստահություն-արդարություն և ամենօրյա աշխատանք, այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր ժողովրդի ներուժը

Արմեն Սարգսյան. Հավատ-վստահություն-արդարություն և ամենօրյա աշխատանք, այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր ժողովրդի ներուժը
09.04.2018 | 14:05

Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթի ունեցավ Արմեն Սարգսյանը: Նա շեշտեց, որ իրեն մեծ պատիվ է վիճակվել՝ ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, որ վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի առաջ: Նա խոստացավ, որ կներդնի ողջ եռանդը՝ արդարացնելու այն վստահությունը, որ մարտի 2-ին իր հանդեպ ցուցաբերեց ՀՀ ԱԺ-ն և նշեց, որ կանի ամեն ինչ՝ արդարացնելու հույսերը, որ իր հետ կապում են ՀՀ հասարակության տարբեր շերտերը, նաև Արցախի և Սփյուռքի հայրենակիցները:


«Ինձ ուժ է տալիս մեր երկրի ու ժողովրդի հավատը ապագայի հանդեպ»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, թե օրեր հետո կնշենք ՀՀ առաջին հանրապետության 100-ամյակը և հավելեց, որ 100-ամյա պատմություն ունենք, մյուս կողմից էլ՝ խորհրդանշանական կերպով սկսում ենք նոր էջից: «Մեր ժողովուրդը ոչ միայն կարողացավ ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ արժանապատիվ ներկայանալ աշխարհին: Մեր ժողովրդին բախտ վիճակվեց կայացնել Երրորդ հանրապետություն, ամրացնել ինքնիշխանությունը, ստեղծել ամուր և հզոր բանակ: Այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ ողջ Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին և պայքարելու է նրա հարցի արդար ճանաչման համար, պայքարելու է այսօր, վաղը։ Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,-ասաց նա:


Արմեն Սարգսյանի խոսքով՝ այսօր կարելի է ամենայն անաչառությամբ ու վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում երկրում հաջողվեց ստեղծել պետական կուռ համակարգով բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր:
«Երկիր, որը վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը: Սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է: Եվ, իհարկե, ՀՀ անցամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններ է ստեղծում դրա համար: Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի հմտությանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով անելիքներին՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ պետք է ապահովել ՀՀ քաղաքացու ինքնադրսևորման համար լավագուն միջավայրը: «Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական ու արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն»,- հավելեց նա:


«Փոքր երկիր, համաշխարհային ազգ՝ սա է մեր էությունը: Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա բարեխիղճ աշխատանք: Այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքով՝ այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսության աշխուժացման հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են խթանել ոչ միայն տնտեսական աճը, ներքին ու արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, հայրենիք վերադարձնել մարդկանց: Որքան էլ խոստումները լուսավոր լինեն, նրա խոսքով, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները:


Ըստ Արմեն Սրագսյանի՝ արագ փոփոխվող աշխարհում պետք է ներդրումներ անենք գիտության, տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում:
Նրա խոսքով՝ մեզնից է կախված՝ կարողանալու ենք օգտվել պատմական հնարավորություններից, եւ 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել:
«Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում: 21-րդ դարը մտքի դար է, դրան համահունչ մենք պետք է կերտենք նոր ու երիտասարդ Հայաստան, դինամիկ, ճկուն ու ստեղծագործ Հայաստան», հայտարարեց նա:

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ