«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է 2016-ի դիվանագիտական տարին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է 2016-ի դիվանագիտական տարին
31.01.2017 | 23:39

Հունվարի 31-ին ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանն անփոփել է անցած տարին մամլո ասուլիսով: Իր խոսքում նա ասել է.


-ՈՒրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում 2016-ի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին։ Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղությամբ։


Շարունակվեցին ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:
Կարևոր իրադարձություններից կառանձնացնեի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը և 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելու մասին որոշման ընդունումը։


2016-ին շարունակվեցին ջանքերն ուղղված ՌԴ-ի հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը։ Հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարևոր տեղ զբաղեցրեց մեր օրակարգում: Հաջող ընթացք ունեցան ԵՄ-ի հետ հարաբերություների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների յոթ փուլերը: ՈՒշադրության կենտրոնում էր անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, համագործակցության առավել զարգացումը։ Շարունակվեցին ընդլայնվել եվրոպական պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները: Քայլեր ձեռնարկվեցին՝ ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի զարգացման նպատակով: Հայաստանը գործնական ջանքեր գործադրեց ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Աշխատանքներ տարվեցին արաբական պետությունների հետ համագործակցության խորացման համար: Հայաստանը շարունակեց քայլեր ձեռնարկել ամերիկյան աշխարհամասի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով, աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Շարունակվեց ներգրավվածությունը միջազգային կառույցներում և բազմակողմ ձևաչափերում: Հայաստանը ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Գործնական մասնակցություն ունեցավ Անկախ պետությունների համագործակցության կառույցներում ծավալվող գործընթացներին։ Հայաստանը շարունակեց խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բնակականոն ընթացք ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը:


Արտգործնախարարության գործունեության առանցքային ուղղություններից էր Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը:
2016-ի կարևորագույն իրադարձություններից էր Հռոմի պապի պատմական այցը Հայաստան։ Նախորդ տարի պետությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտգործնախարարների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով կայացել է 120-ից ավելի փոխայցելություն։
Ինչպես տեսնում եք, 2016 թվականը բավականին ակտիվ տարի էր։ Կարծում եմ՝ 2017 թվականը ոչ պակաս հագեցած է լինելու։
Այսօր առավոտյան «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հրապարակվել է արտգործնախարարության 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Այն նաև հասանելի է մեր կայքում. դուք հնարավորություն ունեք ավելի մանրամասն ծանոթանալու այդ ամփոփման հետ։ Կսահմանափակվեմ այսքանով, որպեսզի ավելի շատ ժամանակ թողնենք հարցուպատասխանի համար։

Արմենիա ՀԸ. Պարոն նախարար, ապրիլից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ կայացան, և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել: Եվ այս վերջին օրերին, կարծես, այդ մասին աղմուկ էլ առանձնապես չկա: Ի՞նչ զարգացումներ կան: Ի՞նչ նորություն կա: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան. Զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս, փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց այդ պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են եռանախագահները և Հայաստանը, որը ուղղված է համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղվի։ Այնպես որ սրանով ենք զբաղվում:
Արմենպրես լրատվական գործակալություն. Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակներ են հետապնդում նման սադրանքները, ԱԳՆ կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, որ արտգործնախարարությունը հայտարարությունով հանդես եկավ միջադեպից անմիջապես հետո. կարծում եմ՝ ծանոթ եք այդ հայտարարությանը։ Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել, և ով է հրաման տվել։ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, թե՞ տեղական ինչ-որ հրամանատարներ, թե՞ ինքնաբուխ է արվել ինչ-որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից։ Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են։ Ենթադրենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել։ Դա մեկնաբանությունից վեր է: Չնայած որևէ մեկը կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն ընդունակ է այդպիսի հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցումից և հրադադարի ռեժիմի ամրապնդումից: Ենթադրենք՝ բացառություն էր այս անգամ, և Ադրբեջանի ղեկավարությունը չէր այս անգամ հրամանը տվել, այլ ինչ-որ տեղական հրամանատար: Դա ինչի՞ մասին է խոսում։ Այն մասին, որ ադրբեջանական բանակում, պարզապես, բեդլամ է։ Ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա և կարող են այնպիսի գործողությունների գնալ, անկանխատեսելի հետևանքներով այնպիսի արկածախնդրության դիմեն, որը կարող է ոչ միայն իրավիճակը սրել, այլև լուրջ բացասական զարգացումների բերել:
Ենթադրենք՝ այդ տարբերակն էլ չէ։ Ինչ-որ խելագարված անձինք, խելքը կորցրած դիվերսանտներ են դա արել: Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության գեբելսյան հռետորաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ կարող են այսպիսի երևույթներ լինել՝ ամբոխային խելագարվածության դրսևորումներ։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող է լինել, որ հանրային կարծիքի հարցումները, որոնք վերջերս՝ հունվարին, անցկացվել են հենց Ադրբեջանում, ասում են, որ Ադրբեջանի հասարակության 92 տոկոսը արտահայտվում է ուժի գործադրման և ռազմական ճանապարհով հարցի լուծման օգտին։
Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը և, առաջին հերթին, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին և կորցրել է իրականության զգացումը։

Հանրային ՀԸ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջնորդական առաքելության վրա։

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, դիրքորոշումները և, կարծում եմ, անձերի փոփոխությունը էական, լուրջ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի, գործընթացի վրա։
Արմինֆո. Ինչպե՞ս կանդրադառնա Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Դուք նաև խոսեցիք Ֆրանկոֆոնիայի համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին. դա ի՞նչ կտա Հայաստանին։ Ե՞րբ կավարտվեն ՀՀ-ԵՄ բանակցությունները:
Էդվարդ Նալբանդյան. Առաջինի վերաբերյալ կարճ պատասխանեմ. կարևորն այն է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերն անխտիր միաձայն են և այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, դատապարտման վերաբերյալ: Եվ գիտեք, Ֆրանսիան այն երկիրն է, որը համապատասխան օրենքի ուժով ճանաչել է դա: Երկրորդ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հարցի վերաբերյալ նշեմ, որ, իհարկե, սա կարևոր որոշում էր, և այս որոշումը շատ բանի մասին է վկայում, որ Հայաստանն արժանացել է այս կազմակերպության, որը ներկայացնում է խոշորագույն կառույցներից մեկը միջազգային հարթակում՝ ութսունչորս անդամ, ասոցացված անդամ և դիտորդ երկիր և կառավարություն, և նաև ասոցացված անդամ, և դիտորդ երկիր: Այդ կազմակերպության գագաթնաժողովը 2018-ին՝ հաջորդ տարի անցկացվելու է Հայաստանում, դա իհարկե, բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար: Նախևառաջ, սա կարևոր միջազգային հարթակ է երկխոսության և հարաբերությունների զարգացման համար, հատկապես այն երկրների հետ, որտեղ Հայաստանը դեսպանություն չունի: Մեր հնարավորություններից ելնելով` մենք չենք կարող ամեն տեղ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ: Հատկապես, եթե Աֆրիկյան մայր ցամաքի մասին ենք խոսում, այդ գագաթնաժողովները և արտգործնախարարների հանդիպումները միշտ օգտագործվել են ակտիվ շփումներ իրականացնելու բազմաթիվ երկրների հետ: Դա եղավ նաև վերջին գագաթնաժողովի ընթացքում՝ Անտանանարիվոյում: Սա նաև կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս նաև ներկայացնելու մեր մոտեցումները տարբեր տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ, նաև այն խնդիրների, որոնք մեզ համար հատուկ կարևորություն ունեն: Ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Գիտեք, Անտանանարիվոյի, Դակարի գագաթնաժողովներում և դրանցից առաջ, մեր ջանքերի շնորհիվ համապատասխան ձևակերպումներ ներառվեցին եզրափակիչ փաստաթղթերում, որոնք արտացոլում էին Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Եվ այդ մոտեցումները, ըստ էության, աջակցություն ստացան կառույցի բոլոր անդամ երկրների կողմից: Սա բավականին կարևոր հանգամանք է:
Բացի դրանից, գիտեք, որ 2015-ին մեզ մոտ կայացավ Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովը, որի ընթացքում ընդունված բանաձևերի շարքում էր նաև Ցեղասպանությունների կանխարգելման բանաձևը: Հասկանում եք այս շրջանակներում ընդունվող փաստաթղթերի նշանակությունն ու կարևորությունը:
Անկախությունից հետո այս գագաթնաժողովը ամենամեծ, լայնածավալ և ընդգրկուն համաժողովն է լինելու Հայաստանում՝ նախագահների, վարչապետների մակարդակով, և ոչ միայն գագաթնաժողով. դրանից առաջ լինելու է ԱԳ նախարարների հանդիպումը, որին նախորդելու է մշտական խորհրդի նիստը: Մոտ մեկ շաբաթ է տևելու։ Սա մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար: Մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Այս կապակցությամբ ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվել է նախապատրաստական աշխատանքային խումբ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, որտեղ ընդգրկվել են բազմաթիվ նախարարությունների ղեկավարներ: Եվ դրանով մեկնարկ տրվեց նախապատրաստական աշխատանքներին: Երեք-չորս օր առաջ ես Փարիզում հանդիպեցի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: Մենք քննարկում ունեցանք ոչ միայն կազմակերպչական աշխատանքների մասին է, այլև այս կարևորագույն միջազգային համաժողովի բովանդակային հագեցվածության մասին:
Երրորդ հարցի մասով. 2015-ի դեկտեմբերին ԵՄ-ի հետ մենք սկսեցինք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, և մինչ այսօր կայացել է բանակցությունների ութ փուլ: Մինչև անցյալ տարվա դեկտեմբերի վերջը՝ բանակցությունների յոթ փուլ: Հաջորդ փուլը՝ իններորդը, նախատեսվում է փետրվարին: Կարծում եմ՝ մենք մոտենում ենք արդեն եզրափակիչ փուլին, որովհետև գրեթե համաձայնեցված համապատասխան դրույթների և գլուխների ճնշող մեծամասնությունը, որոնք ընդգրկված են այդ նոր համաձայնագրի մեջ՝ թե քաղաքական, թե տնտեսական մասերով: Մոտակա օրերին սպասվում է Եվրոպական միությունից բավական կարևոր պատվիրակության այց Հայաստան, որում ընդգրկված են նաև եվրոպական կողմի բանակցողները, և, կարծում եմ, մենք մոտ ապագայում հնարավորություն կունենանք եզրափակելու այս բանակցային գործընթացը:
Հանրային ռադիո. Որքանո՞վ է հավանական ղարաբաղյան խնդրով առաջիկա բանակցությունների կայացումը: Եթե կա ժամկետ, նշեք, խնդրում եմ: Եվ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի՞ կաշկանդում Հայաստանին այլ տնտեսական միավորումների կամ երկրների հետ համագործակցության հարցում:

Էդվարդ Նալբանդյան. Նախ և առաջ բանակցությունների, ես կասեի՝ հանդիպման մասին. ավելի շուտ՝ այո, այդպիսի հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախաշեմին եռանախագահների հետ, նաև եռանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից. ես նկատի ունեմ ԱԳ նախարարների և այլ մակարդակով: Խոսքը եռանախագահների մասին չէ, պարզ է, որ եռանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում, բազմաթիվ տեղերում ենք մենք հանդիպում: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետև հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը, ո՞վ գիտի. ինչպես դա եղավ Համբուրգում, կամ Համբուրգից բազմաթիվ անգամներ առաջ:
Այսինքն՝ պայմանավորվում ենք մի բան, հետո վերջին րոպեին, իրենք ձևացնում են իբրև թե, ինչ-ինչ պատճառներ ի հայտ եկել, անգամ մեղադրում են, թե հայկական կողմն է հրաժարվում: Աբսուրդ է, իհարկե։ Համբուրգում ասացին, որ հանդիպում ընդհարապես չի կայացել, չնայած հանդիպում կայացել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ: Ապա ասացին, որ այդ հանդիպումը եղել է ճաշի ընթացքում: Կարո՞ղ է մեկ սեղանի շուրջ ճաշել էինք, և իրար չէինք տեսել, և չէինք հանդիպել: Այսինքն` տեսնենք, գուցե և նախարարների մակարդակով էլ այդ հանդիպումը կայանա, եթե Ադրբեջանը չհրաժարվի:
ԵԱՏՄ վերաբերյալ. գիտեք, հոռետեսներ կային, որ պնդում էին, թե ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը որոշ խնդիրներ կստեղծի այլ ձևաչափերում և այլ երկրների հետ տնտեսական և այլ հարաբերություննների զարգացման իմաստով: Բայց մենք հայտարարարել էինք, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի նշանակում, որ նվազեցնելու ենք մեր ներգրավվածությունը կամ համագործակցությունը այլ կառույցների կամ երկրների հետ: Եվ փաստերը խոսում են հենց դրա մասին:
ԵԱՏՄ-ին անդամակցությունից անմիջապես հետո և դրան հետևած ժամանակահատվածում, օրինակ, ԱՄՆ-ի հետ մենք կնքեցինք կարևորագույն՝ առևտրի և ներդրումների համապարփակ համաձայնագիրը, կամ հենց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո էր, որ ԱՄՆ-ը Հայաստանում կատարեց իր ամենամեծ ներդրումը: Ինչպես ասացի, ԵՄ-ի հետ մենք սկսեցինք բանակցությունները, և միայն մենք չենք ասում, այլ նաև Բրյուսելից էլ են ասում, որ այդ բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում՝ նաև ոլորտային, տնտեսական ուղղություններով: ԵԱՏՄ-ին անդամակցությունց հետո կայացավ ՀՀ նախագահի պետական այցը Չինաստան, որի ընթացքում կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, համաձայնագրեր ստորագրվեցին, և Չինաստանի հետ հարաբերությունները նոր զարգացում ապրեցին:
Այնպես որ հոռետեսությունը արդարացված չէր։ Հայաստանը կողմնակից է հարաբերությունների, համագործակցության զարգացմանը բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են դրանում, և մենք շարունակելու ենք այդ ուղղութամբ մեր ջանքերը:

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ