ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստանն ու Ղազախստանը կառուցողական երկխոսություն ունեն բոլոր մակարդակներում

Հայաստանն ու Ղազախստանը կառուցողական երկխոսություն ունեն բոլոր մակարդակներում
15.10.2016 | 10:12

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի վարչապետը նշել է, որ 2016-ը խորհրդանշական տարի է Հայաստանի և Ղազախստանի համար, քանի որ երկու երկրները տոնում են անկախության 25-ամյակը:

«Մենք գործընկերներ ենք Եվրասիական տարածաշրջանում, և կարծում եմ՝ համատեղ աշխատանքի մեծ ներուժ ունենք: Կցանկանայի հավաստիացնել, որ մենք բաց ենք համագործակցության համար, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է առաջ շարժվելու ուղղությունները նախանշելու համար», - ասել է Կարեն Կարապետյանը:
Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ Ղազախստանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը:

«Մենք փոխշահավետ կառուցողական երկխոսություն ունենք բոլոր մակարդակներում, և հատկապես սերտ գործակցություն է ծավալվում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք ունենք ցանկություն և հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնել երկկողմ միջպետական և տնտեսական հարաբերությունները», - ասել է Բակիտժան Սագինտաևը: Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը որդեգրել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանող քաղաքականություն և կոնկրետ քայլեր է ձեռնարկում արտաքին ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ: Բակիտժան Սագինտաևը ողջունել է ՀՀ կառավարության՝ արտասահմանյան ներդրողների գործունեության համար նպաստավոր դաշտ ստեղծելու պատրաստակամությունը և ընդգծել, որ դա լավ ազդանշան է և հնարավորություն՝ հայ-ղազախական գործարար կապերի զարգացման համար:


Երկու երկրների վարչապետները մտքեր են փոխանակել երկկողմ և ԵԱՏՄ-ի շրջանակում գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության, էներգետիկայի բնագավառներում համագործակցության ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալի ավելացման շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է առավել ինտենսիվացնել Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Կողմերն առանձնակի կարևորել են հայ-ղազախական գործարար կապերի աշխուժացումը և քննարկել այդ նպատակով համատեղ բիզնես ֆորումի, էքսպո-ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ վարչապետի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովը, գործարար համաժողովներն ու էքսպո-ցուցահանդեսները լավ հարթակ են բիզնես կապերի խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախաձեռնությունների համար:

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ