«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շնորհավոր տոնդ, հայրենակից

Շնորհավոր տոնդ, հայրենակից
20.09.2016 | 00:09

25 տարի առաջ հայաստանցիներս մեր քվեարկությամբ վավերացրինք Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1991 թ. սեպտեմբերի 21-ին, դեռևս Անկախության հանրաքվեի արդյունքները չամփոփած, մենք արդեն տոնում էինք այդ իրադարձությունը, իսկ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց քվեարկության արդյունքները, պարզվեց, որ մեր քաղաքացիների 95,5 տոկոսն «այո» է ասել անկախությանը, և մնում է միայն վավերացնել այն։


Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ անկախության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, որ այն նոր կյանքի քննություն է լինելու մեզ համար: Փառք Աստծո, այսօր հիշելով մեր կյանքի յուրաքանչյուր օրը, միասնաբար տոնում ենք Անկախության տոնը, քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուրիցս են կախված մեր երկրի, մեր զավակի ապագան, անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը, տարբեր մարտահրավերներին դիմագրավելու անկոտրում կամքը: Անկախությունից հետո տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց պատմական ճշմարտությունը, և ծնունդ առավ Արցախի Հանրապետությունը: Հաղթանակը ձեռք բերվեց զոհերի և զոհողությունների, անմոռաց սխրանքների և նվիրումի փառավոր էջերով: Մեր ժողովուրդը հիշում է պայքարի և մաքառման յուրաքանչյուր օր, այդ փառավոր էջերից վեր են հառնում սիրելի դեմքեր, անմոռաց դեպքեր, որոնք ի լուր աշխարհի հայտարարում են, որ մենք եղել ենք, կանք և կլինենք, որովհետև մենք մեր երկրում ո՛չ եկվոր ենք, ո՛չ էլ անցվոր, այլ այստեղ ենք հավերժ ապրելու և արարելու համար:


Անկախությունից հետո այդ փորձություններն ապրեցին նաև եզդի ժողովրդի զավակները: Նրանք հայ ժողովրդի հետ կիսեցին բոլոր դժվարությունները, ուրախությունների բերկրանքը և նպաստեցին անկախ Հայաստանի կայացմանը: Անկախության կանչը հարազատ էր բոլորիս:
Այսօր մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը: Միասնաբար պայքարենք մեր երկրի տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար: Անկախ դիրքից ու պաշտոնից պատվով և արժանապատիվ կատարենք մեր առջև եղած խնդիրները: Համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումները, նաև նոր ընտրությունները պետք է շատ բան փոխեն մեր կյանքում, իսկ իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն և ամեն ինչ անեն, որպեսզի ժողովուրդը վստահ լինի իր ընտրության հարցում: Իսկ մեր վստահությունն ու հավատը միայն հաջողություններ կբերեն մեր հայրենիքին վտանգներով լի այս աշխարհում:
Շնորհավոր Անկախության օրը, սիրելի հայրենակիցներ։


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 4490

Մեկնաբանություններ