«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 8-ը

Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 8-ը
08.09.2016 | 10:15

Երեկ ողջ օրը սպասվում էր վարչապետի ու կառավարության հրաժարականը, որը, սակայն, չհնչեց: Ակնհայտորեն գործեց կուսակցական կարգապահության օրենքը՝ ՀՀԿ-ականները չեն կարող առանց ՀՀԿ-ի կուսակցական որոշման որոշել իրենց անձնական ճակատագիրը՝ նրանք ծառայում են պետությանը: Այսօր երեկոյան ՀՀԿ-ն, գործադիր մարմնի նիստից բացի, նաև խորհրդի նիստ կանցկացնի։ Փաստն արդեն իսկ հուշում է, որ երեկոյան կարևոր որոշումներ կարող են ընդունվել: Փոփոխությունները, շրջանառվող տեղեկությունների համաձայն, վերաբերելու են վարչապետի, ԱԳ, պաշտպանության, ՊԵԿ նախարարներին:

Վարչապետի պաշտոնում հնչում է մոսկվաբնակ Կարեն Կարապետյանի անունը, նախարարների թեկնածուները ներսից են:
Եթե իրոք կատարվեն փոփոխություններ՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, ի՞նչ կառավարություն է կազմավորվելու՝ ազգային փրկությա՞ն, ազգային համաձայնությա՞ն, թե՞ պարզապես տեխնիկական, որ պաշտոնավարելու է մինչև ընտրությունները և նորից պաշտոնաթողության առաջ է կանգնելու՝ ըստ Սահմանադրության:
Որ կառավարությունը չի լինելու ազգային փրկության, վկայում են շրջանառվող անունները, առավել ևս վարչապետի թեկնածուն: Նվազագույնը տարօրինակ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է առաջադրել անկուսակցականի, որ վկայում է նաև կադրային բանկի սնանկությունը: Տարօրինակ է նաև, որ արևմտյան վարկերի հաշվին ապրող երկիրը պատրաստվում է վարչապետ բերել Ռուսաստանից: Նույնքան տարօրինակ է, որ բոլորը մոռացել են՝ Հայաստանում գործում է կոալիցիոն կառավարություն, մինչդեռ ՀՅԴ-ն հայտարարում է, որ կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին իր հետ որևէ քննարկում չի եղել։
Ազգային համաձայնության կառավարություն կարող է ձևավորվել ընտրությունների արդյունքներով՝ քաղաքական տարբեր ուժերից, ընտրություններից առաջ դա, եթե նույնիսկ հայտարարվի, իրավական չի լինելու: Մնում է տեխնիկական կառավարությունը, որը լուծելու է բազում բարդ խնդիրներ՝ ընտրություններից առաջ ու ընտրություններին վերաբերող:

Առաջին ու հիմնական խնդիրը քարոզչականն է՝ ընտրողներին պետք է ներշնչել, որ կատարվում են իրավիճակի փոփոխության նպատակ ունեցող քայլեր: Երկրորդ խնդիրը տնտեսությունը ալիքի վրա պահելն է և իշխանության վերարտադրությունն ապահովելը՝ ստանալով արտաքին աջակցություն ու լեգիտիմության հեռանկարը: Երրորդը՝ այդ խնդիրների լուծմանը խանգարողներին հեռացնելն է: Գործնականում երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու: ՀՀԿ-ն իր ներսում ու շրջապատում վերաֆորմատավորում է անցկացնում՝ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս առանց հետընտրական գործընթացների ունենալու համար: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծում անցումային շրջանը՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ մինչև 2018-ին գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Առավել ևս, որ գործող նախագահը ապագա վարչապետի հիմնական թեկնածուն է:


Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ է հեռացվում Հովիկ Աբրահամյանը հիմա: Նոր պաշտոն ստանալո՞ւ համար, թե՞ իսպառ: Ընտրական խարդավանքներին նրանից լավ ոչ ոք չի տիրապետում, գուցե նա անհուսալի դաշնակից է, բայց իբրև մրցակից, առավել ևս հակառակորդ, առավել քան վտանգավոր կարող է լինել:

Նրա ֆինանսական ու մարդկային ռեսուրսները հավասարակշռում են վարչական ռեսուրսների կորուստն ու քաղաքական կապիտալի բացակայությունը: Քաղաքական իմաստնությունը թելադրում է հակառակորդին աչքի առաջ պահել, իսկ դա նշանակում է, որ նրան կառավարելի պահելու համար պատասխանատու գործ է հանձնարարվելու, գուցե նաև ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետի:
Ի վերջո, դատելով երկրի վիճակից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունում չկա որևէ նախարար, որ պաշտոնանկության արժանի չլինի, իսկ թե երբ ու ինչի համար նրանք հրաժեշտ կտան պորտֆելներին, կարևոր չէ: Ամենակարևորը՝ ի՞նչ կփոխվի պաշտոնյաների փոփոխությամբ: Փորձը թելադրում է, որ էական ոչինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե իսկապես Աբրահամյանների ընտանիքում միակ պաշտոնյան մնա Արգամ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու սեպտեմբերի 8-ի նկատմամբ փոխել վերաբերմունքը՝ միշտ չէ, որ սեպտեմբերը նրան բարձր պաշտոն է բերում, ինչպես 2009-ի սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահ նշանակվելը, ներեցեք՝ ընտրվելը:

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ