«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան՝ ի՞նչ փոխվեց

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան՝ ի՞նչ փոխվեց
06.09.2016 | 10:13

Առաջին պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, նա արդեն եղել է Ծիծեռնակաբերդում, հանդիպել վարչապետի ու նախագահի հետ: Հիմք ընդունելով պաշտոնական տեղեկատվությունը՝ Վրաստանի վարչապետի այցից հետո հայ-վրացական հարաբերությունները կմնան նույն մակարդակին, ինչ կային այցից առաջ: Համենայն դեպս՝ պաշտոնական այցի արդյունքներով որևէ միջպետական համաձայնագիր չի ստորագրվել, չկան անգամ մտադրությունների հուշագրեր, մինչդեռ հայ-վրացական օրակարգում կան բազում հարցեր: Չլուծված հարցեր: ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետի հանդիպմանը քննարկվել են ընդհանուր խնդիրներ՝ «երկու բարեկամ ժողովուրդների կապերի ամրապնդման», «միջպետական հարաբերություններին նոր խթաններ հաղորդելու» և այլն, և այլն, և այլն:

Ընդհանուր ձևակերպումների նույն ոչինչ չասող խայտաբղետությունն է և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ: Նրանք «գոհունակություն են հայտնել քաղաքական ու տնտեսական երկկողմ հարաբերություններից և քննարկել են դրանց զարգացման հեռանկարները»: Ինքնին հասկանալի է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ գրվում է այն, ինչ չի եղել ու չի գրվում այն, ինչ եղել է, բարձրամակարդակ հանդիպումների փաստացի արդյունքներն ի հայտ են գալիս հետագա իրադարձություններում:


Վրաստանը Հայաստան ապրանքների մուտքի ու ելքի գլխավոր դարպասն է, բայց երկու երկրների միջև ապրանքափոխանակությունը գրեթե չնչին է, թեպետ ստորագրվել է համաձայնագիր ազատ առևտրի գոտու մասին: Համաձայնագիրը տարածվում է այն ապրանքների վրա, որ արտադրված են երկու երկրներում և նրանց արտահանումն ու ներկրումը կատարվում են առանց մաքսատուրքի, ազատ առևտրի գոտին անտարբեր է այլ պետություններից Հայաստան ներկրվող ապրանքների նկատմամբ: 2014-ին Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառությունը կազմել է 156, 3 միլիոն դոլար, 2015-ին՝ 182,9 միլիոն դոլար՝ ընդամենը 17 %-ով ավելի 2014-ից: Հայաստանից արտահանումը շատ ավելի մեծ է եղել, քան Վրաստանից ներկրումը: 2015-ին Հայաստանն արտահանել է Վրաստան 116 միլիոն դոլարի ապրանք, որ 37 %-ով ավելին է 2014-ից, երբ ընդամենը 84 միլիոն էր: Գուցե այս թվերը նկատի ունենալով են երկու վարչապետները խոսել հեռանկարների մասին: Համենայն դեպս՝ երկու երկրների համար էլ շատ կարևոր Իրանից-Հայաստան-Վրաստան գազի տարանցման թեման որևէ հաղորդագրության մեջ ի հայտ չեկավ, մինչդեռ դա առանցքային խնդիր է: Հազիվ թե առևտրատնտեսական հարաբերությունների օրինաչափ զարգացմանը խանգարեր այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիայի դեմ դիմաց կանգնած լուսանկարը հայտնվեց սոցցանցերում՝ ԼՂՀ-ի անկախության օրվա ընդունելության ժամանակ արված: Վրաստանում բացատրություններ պահանջեցին Հայաստանից և պատասխան ստացան, որ ՀՀ նախագահը Վիտալի Գաբնիայի հետ չի հանդիպել: Վրաստանի ԱԳ փոխնախարար Գիգի Գիգիաձեն հայտարարեց, որ Հայաստանն ընդունում է Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում «օկուպացիոն ռեժիմների» անկախությունը: Դա, իհարկե, վարչապետի այցից առաջ լավագույն դրվագը չէր, բայց հայ-վրացական հարաբերություններում իրական խոչընդոտները բոլորովին այլ հասցեներ ունեն՝ Մոսկվա և Բաքու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լցվեք լավատեսությամբ, նախ՝ Հովիկ Աբրահամյանը Գեորգի Կվիրիկաշվիլու հետ երեկոյան սրճարան է գնացել, իսկ նա կարողանում է այդ գործն անել բարձր մակարդակով ու որակով, և հետո՝ Վրաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են:

Դիտվել է՝ 2981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ