«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՊՊԾ-ն դեռ գրավված է

ՊՊԾ-ն դեռ գրավված է
26.07.2016 | 00:56

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Խորենացու փողոցում տեղակայված ՊՊԾ գնդում լարված իրավիճակը շարունակվում է։ Երեկ իշխանությունները, կարծես, գործուն քայլեր էին արդեն ձեռնարկել։ Այդ մասին են վկայում նախ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունները, որոնցից մեկով անվտանգության ծառայությունը զինված հարձակում իրականացրած անձանց նախազգուշացնում էր, որ թեև քիչ, բայց դեռ ժամանակ ունեն առանց դիմադրության հանձնվելու իշխանություններին։

«ԱԱԾ-ն շարունակում է միջոցներ ձեռնարկել ՊՊԾ գնդի տարածքը զավթած ջոկատի կողմից 2016-ի հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար։ Մասնավորապես, առաջարկվել են մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք պատշաճ և ստացիոնար բուժում ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։ Մեկ այլ ծանուցմամբ էլ իրավապահ մարմինները զինյալներին ցուցումներ էին տալիս, թե ինչպես պետք է ճիշտ եղանակով հանձնվել ոստիկաններին, սակայն նրանց կոչերն օդում մնացին։


Փոխարենը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ՊՊԾ գունդը գրավածների թիմակիցները պարբերաբար տեղեկություններ էին տարածում, որոնց մի մասը հետագայում համապատասխան մարմինները հերքում էին։ Օրվա սկզբում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց. «Երեկ գիշերվանից վարչախումբը դիմել է անվտանգության առումով սրացման, փորձ է արվել մոտենալ տարածքին, այս առավոտ նույնպես քայլեր են արվել, 10 րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սև գործին»։ Հետագայում հաղորդագրություն տարածվեց, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը դեպի Երևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել, 10 րոպե չանցած նկատվել է 2-րդ ուղղաթիռը։


Օրվա զարգացումները շարունակեց անվտանգության ծառայության հաջորդ հաղորդագրությունը։ Պարզվեց, հայտնաբերվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցուցաբերող ևս մեկ խումբ։ «Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց հափշտակած հրազենը։ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություն ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու մարմինների մշտադիտարկման ներքո։ Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները»,- նշված էր ԱԱԾ-ի հաղորդագրությունում՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տանող ճանապարհ դեռ կա։


Հասարակական-քաղաքական հարթակում ևս կոչերի պակաս չկար։ Թեև հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները գերադասում էին լռել, զինված հարձակման կողմնակիցները, սակայն, պերճախոս էին։ Վերջիններս, ի վերջո, հանգում էին այն եզրակացության, որ իշխանությունները պետք է գնան զիջումների, քանի որ Հայաստանում այս իրավիճակը ստեղծել է աննախադեպ ճգնաժամ։ Ի դեպ, վերջին օրերին Խորենացու փողոցում հավաքվելու, պայքարը շարունակելու կոչերով սկսեցին այնպիսի քաղաքական գործիչներ հանդես գալ, ովքեր, մեղմ ասած, բավականին «ժամկետանց» են և նույնացվում են Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։


Ձերբակալված ցուցարարների առումով երեկ դրական տեղաշարժ եղավ։ Երգող-ցուցարար Անի Նավասարդյանը, ով մեղադրվում էր սադրանք իրականացնելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, ազատ արձակվեց։
Փոխարենը «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցող Գարեգին Չուքասզյանի հանդեպ հետախուզում հայտարարվեց։ Քննչական գործողություններ իրականացնելու համար ծանուցագրեր են ուղարկվել նրան, սակայն վերջինս չի ներկայացել, ավելին, փոխել է բնակության վայրը։


Օրվա «բացահայտումն» այն էր, որ անձամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի՝ Ալեք Ենիգոմշյանի շուրթերով հնչեց այն հայտարարությունը, թե Ժիրայր Սէֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում։ Այս մասին հայտարարել էր նաև կողմերի հետ բանակցող Վիտալի Բալասանյանը, ինչի համար կոշտ քննադատության արժանացավ։ «Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե իրեն թույլ տան հանդիպել «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հետ, նա տեղում կվերլուծի իրավիճակը, կպատկերացնի իրադրությունը, նոր միայն կհանդիպի նախագահի հետ և կքննարկի իրավիճակին լուծում տալու հարցը, այլ ոչ թե կպահանջի նախագահի հրաժարականը, բայց դա չի նշանակում, որ Սէֆիլյանը ընդհանրապես հրաժարվում է հրաժարականի պահանջից»,- հայտարարել է Ենիգոմշյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ