«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիայի հուլիսի 16-ի լուսաբացը

Թուրքիայի հուլիսի 16-ի լուսաբացը
16.07.2016 | 10:54

Իրավիճակը Թուրքիայում մնում է անորոշ և արագ փոփոխվում է: Ակնհայտ է, որ գիշերը եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որը փաստացի չի հաջողվել: Միջազգային բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում՝ հայտարարել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները: «Հանուն սահմանադրական կարգի, ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ոեւ ազատությունների վերականգնման, երկրում իրավունքի գերակայության վերահաստատման, հասարակական կարգը վերականգնելու նպատակով ամբողջ իշխանությունը գրավված է: Հույս ունենք, որ բոլոր երկրների հետ մեր լավ հարաբերությունները կպահպանվեն»,- ասել են իրենց «Երկրում խաղաղության խորհուրդ» անվանող զինվորականները հայտարարության մեջ, որը հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով: Նրանք հայտարարել են Էրդողանին տապալելու եւ երկրում վերահսկողություն հաստատելու մասին: Բայց այդպե՞ս էր:


Տեղեկությունները շատ են ու հակասական ու խառնաշփոթ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ տարրեր «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»: «Մենք թույլ չենք տա նման փորձ: Նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ապօրինի գործում, թանկ են վճարելու»,- ասել է Բինալի Յիլդիրիմը` NTV հեռուստաընկերության հեռախոսազրույցում: «Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության լծակները: Կառավարությունը կհեռանա միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը կկամենա», - հավելել է նա: Անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջները, Անկարայում կրակոցներ են հնչել, ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները պտտվել են Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, կրակոցներ են հնչել Ստամբուլի ոստիկանության կենտրոնակայանի մոտ, այստեղ տանկ է հայտնվել: Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում բանակի կենտրոնակայանում պատանդներ կան: CNNTürk-ն հաղորդել է, որ զինվորներով լի երկու ավտոբուս մտել է TRT հանրային հեռուստաալիքի Անկարայի շենքի տարածք: Հեռուստաալիքը եղանակի տեսություն է հաղորդում: CNN-ի հաղորդմամբ էլ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգստի է մեկնել: Թուրքական NTV-ն կադրեր է ցուցադրել, որտեղ տանկեր են երևում Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի մուտքի առաջ: Անկարայի բնակիչները Թվիթեր սոցիալական ցանցում գրել են, որ մայրաքաղաքում պայթյուններ են լսվել: Սոցիալական ցանցերը առժամանակ արգելափակվել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CNN Turk-ին հեռախոսով ասել է, թե հեղաշրջման փորձը իրականացնում է զինվորականության մեջ «փոքրամասնություն կազմող մի խումբ»։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, նա պնդել է, որ հեղաշրջումը հրահրել է «զուգահեռ պետությունը»՝ ակնարկելով ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլա Գյուլենի հետևորդներին։ «Մենք չենք ընկրկի նրանց առջև», - ասել է Էրդողանը՝ վստահեցնելով, որ վերջ կդնի խմբավորման «օկուպացիային», կոչ անելով ժողովրդին միավորվել հրապարակներում և օդանավակայաններում։ Նա ասել է, թե ինքն էլ կլինի փողոցներում։ Հավաստիացնելով, թե հեղաշրջման հեղինակները հրամանատարական շղթայի մի մասն են, Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ «Ես եմ գլխավոր հրամանատարը»։


Euronews-ը հաղորդում է, որ Էրդողանը Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել։ Բեռլինը մերժել է՝ Գերմանիան Էրդողանի ինքնաթիռին թույլ չի տվել վայրէջք կատարել իր տարածքում՝ գրում է The Daily Beast-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին: Նրա ինքնաթիռը ուղևորվում էր Լոնդոն: Թուրքիայի նախագահի գրասենյակը չի բացահայտում նախագահ Ռեջեփ Էրդողանի գտնվելու վայրը՝ ասելով, թե նա ապահով տեղում է՝ հաղորդում է Associated Press-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ապաստան տալու որոշումը կարող է ընդունել միայն ՌԴ նախագահը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դրա մասին կարելի է խոսել, եթե լինի համապատասխան դիմում», - ասել է Պեսկովը:


Թուրքական F-16 կործանիչը խոցել է ռազմական հեղաշրջման փորձ կատարած ապստամբների «Սիկորսկի» ուղղաթիռը, հաղորդում է «Ֆրանսպրես»-ը` հղում անելով «նախագահական աղբյուրներին»:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում զինված ուժերի կենտրոնակայանում 17 ոստիկան է սպանվել:


T24-ի հաղորդմամբ՝ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանելով իշխանությունը զավթելու փորձը, ասել է. «Այս գիշերը կարող է մութ լինել, սակայն վաղը մեր պատիվը բարձրանալու է»։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայում խաղաղության եւ կայունության հաստատման հույս ունի:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայում հանգստության կոչ է արել։ ՄԱԿ-ը փորձում է պարզել իրավիճակը երկրում, հայտնել է ՄԱԿ-ի խոսնակը։ «Գլխավոր քարտուղարը ուշադրությամբ հետևում է զարգացումներին Թուրքիայում։ Նրան տեղյակ են պահել երկրում ռազմական հեղաշրջման հաղորդումների մասին»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը։


Սպանվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցող գեներալներից մեկը: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր ռազմական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից՝ հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հրամայել է երկրի օդային տարածքը փակել:
Հեղաշրջումը սկսվել է Ստամբուլից՝ նորից պայթյուն է որոտացել՝ հաղորդում է Reuters-ը: Անկարայում փողոցային մարտեր են եղել հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների և նախագահ Էրդողանի կողմնակիցների միջև: Էրդողանի կողմից են ոստիկանությունը, ռազմական որոշ ստորաբաժանումներ և 10-յակ հազարավոր մարդիկ, որ նախագահի կոչից հետո դուրս են եկել փողոցներ:


Անկարայում զինվորականները լքում են իրենց դիրքերը


Թուրքիայում գործող կառավարությունը նախկինի նման գտնվում է իշխանության գլխին՝ հեռուստատեսությամբ հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրտուլմուշը: «Կառավարությունը գտնվում է իշխանության գլխին: Մենք վստահ ենք, որ կկարգավորենք այս հարցը»,- ասել է Քուրտուլմուշը՝ կոչ անելով այլ քաղաքական կուսակցություններին աջակցել կառավարությանը:
Ժամը մեկի կողմերը թուրք զինվորականները հայտարարել են, որ տապալել են իշխանությունները սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերականգնելու համար՝ հաղորդում է Reuters-ը:
Զինվորականները պարետային ժամ են սահմանել երկրում:


Ավելի վաղ դադարեցվել էր Ստամբուլի միջազգային օդանավակայանի աշխատանքը: Արգելափակվել էր նաև Թուրքական պետական հեռուստաալիքը:
Անկարայում վերսկսել է աշխատանքը CNN Turk հեռուստաալիքը:
Օդում գիշերային դեգերումներից հետո՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսաբացին հայտնվել է Ստամբուլի օդանավակայանում Նա հայտարարել է, որ հարձակում է իրականացվել Թուրքիայի միասնության և միաձուլման դեմ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր ռազմական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից՝ հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Ստամբուլում հայտնաբերվել է հեղաշրջման 104 մասնակից, ոմանք ձերբակալված են: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել էր, որ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:


Լուսաբացին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է:
Ըստ հայտարարության, հեղաշրջման փորձի հեղինակներն են Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի ղեկավարությունը և ժանդարմերիան:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ հեղաշրջման կոմնակիցների ցանկացած ինքնաթիռ, որը օդ կբարձրանա, անմիջապես կոչնչացվի:
Ահա այսպիսի բուռն գիշեր ու անորոշ լուսաբաց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ձախողված հեղաշրջմանը զոհ են գնացել 60 մարդ, 42-ը՝ Անկրայում՝ հաղորդել է Habertürk-ը: Տանկերը դեռ Ստամբուլի ու Անկարայի փողոցներում են, պայթյուններից տուժել է խորհրդարանի շենքը: Ժամը 02-ին Ազգային հետախուզության պաշտոնական ներկայացուցիչ Նուխ Յլմզաը հայտարարել էր, որ պետական հեղաշրջումը կանխված է, Ստամբուլում ձերբակալվել են ռազմական հեղաշրջման 104 մասնակիցներ: Յլմազը, իհարկե, շտապել էր, կրակոցները շարունակվում էին ու Էրդողանն էլ համարյա ամբողջ գիշերն անցկացրել է օդում՝ ինքնաթիռի մեջ, իսկ ժամանելով Անկարա՝ հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ճնշվել է և խոստացել է զինված ուժերում զտումներ անել:
Մի քիչ ուշքի գալուց հետո նա նորից կմեղադրի ՛՛զուգահեռ պետությանը՛՛ Ֆեթուլա Գյուլենին և քրդերին, բայց ողջ մնացած կյանքում կհիշի, որ պետական հեղաշրջումը այնքան էլ անհնար չէ, երբ հեռուստաընկերությունները դադարեցնում են հեռարձակումը, ինտերնետը հեղեղվում է քաղաք մտած տանկերի ու փողոցային մարտերի կադրերով, ամբողջ երկրում հաստատվում է պարետային ժամ, ու չգիտես՝ ով է բարեկամդ, ով՝ թշնամիդ: Հիմա արդեն բոլորը հիշելու են, թե ինչ էին ուզում զինվորականները, որոնց Էրդողանը հաստատ մահապատժի կդատապարտի՝ հանուն Թուրքիայի միասնականության ու ժողովրդավարության հաստատման՝ ինչպես կազդարարեն թուրքական դատարանները: Իսկ զինվորականների նպատակը, ինչպես հեռուստաեթերում բացատրեցին իրենց գործողությունները, վերադարձն էր ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նրանք ասում էին, որ Էրդողանը ավտորիտարիզմ է հայտարարել և ոտնահարում է մարդու իրավունքները, պետությունը դադարում է աշխարհիկ լինել: Ինչու՞ նրանք տանուլ տվեցին, ինչու՞ չկարողացան ձերբակալել կառավարությանը և ստիպել հրաժարական տալ Էրդողանին: Այս հարցին պիտի պատասխանի թուրք ժողովուրդը՝ թե իշխանությունը, թե ապստամբները նույն ժողովրդից են և իրենք պիտի հասկանան՝ ի՞նչ են ուզում բռնապետությու՞ն՝ Էրդողանի տեսքով, որ այս գիշերվա դեպքերից հետո հաստատ երկրում սկսելու է վհուկների որս ու իսկապես մոլեգնելու է պետական ահաբեկչությունը այլախոհության որևէ դրսևորման դեմ, թե՞ աշխարհիկ պետություն, որը հիմնել էր Աթաթուրքը, իսկ Էրդողանը փորձում է վերադառնալ իսլամիստական կառավարման՝ հանրապետական կարգի փոխարեն հաստատելով նախագահական իշխանություն:

Դիտվել է՝ 2515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ