«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հռոմի պապ. «Ես որևէ այլ բառ չգիտեի, քան՝ ցեղասպանությունը»

Հռոմի պապ. «Ես որևէ այլ բառ չգիտեի, քան՝ ցեղասպանությունը»
28.06.2016 | 01:20

Հայաստանից Հռոմ վերադառնալիս՝ ինքնաթիռում կայացած ասուլիսում Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ «Արգենտինայում, երբ խոսում էին հայերի բնաջնջման մասին, մշտապես օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, ես որևէ այլ բառ չգիտեի»՝ ասել է նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց ելույթի տեքստից շեղվել և գործածել «ցեղասպանություն» բառը: Ֆրանցիսկոս պապը մանրամասնել է, թե երբ տեղափոխվել է Հռոմ, այնտեղ այլ ձևակերպումներ է լսել, օրինակ՝ «մեծ չարիք» կամ «սարսափելի ողբերգություն» և «ևս մեկ հայերեն տերմին, որը ես չգիտեմ՝ ինչպես ասել»:

«Ինձ ասել են, թե «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորական է, որ ես պետք է այլ բառ կիրառեմ: Ես խոսել եմ անցած դարի երեք ցեղասպանությունների մասին, մշտապես երեք՝ Հայոց ցեղասպանության, ապա՝ Հիտլերի, և վերջինը՝ Ստալինի իրականացրած»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ շարունակելով. «Այո, իմ ելույթի մեջ չկար «գենոցիդ» բառը, սակայն Հայաստանի նախագահի ելույթը լսելուց հետո որոշեցի օգտագործել: Նաև ճիշտ չէր լինի, անցյալ տարի Սուրբ Պետրոսի տաճարում մի բան ասել և Հայաստանում այլ բան: Ես այն ժամանակ նաև ուզում էի շեշտել, որ մեծ տերությունները անտեսել են ցեղասպանությունները»,- ասել է Հռոմի պապը։


Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ հայերին արդարություն և խաղաղություն է ցանկանում: Նա շատ է ուրախացել, երբ անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: «Մտածեցի՝ գոնե խոսում են: Նաև՝ Թուրքիայի հետ, Հայաստանի նախագահը քաջություն էր ունեցել ասելու՝ «եկեք համաձայնության գանք, ներենք մեկմեկու և նայենք ապագային»: Սա մեծ քաջություն է մի ժողովրդի կողմից, որը շատ է տառապել, այնպես չէ՞», - հարցնում է պապը:

Ադրբեջան այցի ժամանակ նա խոսելու է ճշմարտության մասին։ «Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահին և խոսել նրա հետ: Ձեզ կասեմ, որ մի փոքր հողակտորի համար խաղաղություն չհաստատելը մի մութ բան է նշանակում, այնպես չէ՞: Ես սա ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին

Հավանաբար, նրանք չեն կարող խաղաղության ուղիների շուրջ համաձայնության հասնել, և պետք է աշխատեն այս ուղղությամբ: Չգիտեմ էլ ինչ ասեմ: Ես այնտեղ կասեմ այն, ինչ այդ պահին սիրտս կհուշի, սակայն միշտ դրական՝ փորձելով լուծումներ գտնել, որոնք կենսունակ կլինեն»,- Հայաստան կատարած եռօրյա այցից հետո օդանավում տված ասուլիսում ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ