«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երբ ժուռնալիստիկան փոխարինվում է քարոզչությամբ

Երբ ժուռնալիստիկան փոխարինվում է քարոզչությամբ
28.06.2016 | 00:40

Հուլիսի 24-26-ին Հայաստանի Հանրապետությունը դուրս է եղել Ռուսաստանի Դաշնության հասանելիությունից: Քսանհինգ տարվա մեջ, փաստորեն, մենք ապրել ենք մեր կյանքի ամենաանկախ երեք օրերը: Նրանք մեզ չեն տեսել ու չեն լսել: Նրանք ևս եղել են անկախ: Որ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը փաստացի ձախողեց Կրետեի ուղղափառ տիեզերաժողովը՝ խորացնելով ուղղափառ աշխարհի երկփեղկումը, ինչ-որ չափով հասկանալի է. Ռուսաստանը ձգտում է նաև եկեղեցուց ներս իր գերիշխանությունը հաստատել՝ պատրիարք Կիրիլը չէր կարող թույլ տալ, որ շարունակվի Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի դարերով գործած կարգավիճակը՝ «առաջինը հավասարների մեջ»:

Համարենք, որ ուղղափառ աշխարհում քաղաքականությունն իր գործն արեց, ու ուղղափառները ևս մի քանի հարյուրամյակ պիտի աշխատեն, որ կարողանան տիեզերաժողով գումարել բոլոր եկեղեցիների մասնակցությամբ: Աստված համբերատար է՝ ժամանակն անվերջ: Երբ ՌԴ նախագահին պետք էր քաղաքական մեկուսացումից Հռոմի պապի աջակցությամբ դուրս գալ, Հռոմի պապը Վատիկանում նրան ընդունեց, ու հետո նրա առաջ տարբեր դռներ բացվեցին: Երբ Հռոմի պապը ուխտագնացության եկավ առաջին քրիստոնյա երկիր, ՌԴ իշխանական լրատվամիջոցները երեք օր մի տող չգտան՝ լուր տալու, որ Հռոմի պապը Հայաստան է եկել, հեռուստաալիքները կես րոպե ժամանակ չգտան՝ երեք օրվա որևէ իրադարձության անդրադառնալու: Ամբողջ աշխարհը գրում ու ցուցադրում էր, Ռուսաստանը աշխարհի տեղեկատվական քարտեզից դուրս էր: Սա ոչ թե վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության և Վատիկանի նկատմամբ, սա ախտորոշում է Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որտեղ վաղուց վերացել է ժուռնալիստիկան՝ տեղը զիջելով քարոզչությանը, որի բոլոր բառերի բոլոր տառերը գրվում են Կրեմլում: Եթե անկեղծ, շատ ավելի լավ է, որ ռուսները այս երեք օրերին մոռացել էին Հայաստանը, որովհետև որևէ լուսաբանում ուղեկցվելու էր քարոզչությամբ, որը ամեն ինչ աղավաղելու մեջ հասել է կատարելության: Այն ռուսները, որ ուզում էին Հռոմի պապի օրհնանքը ստանալ, եկան Հայաստան ու ստացան:

Ժողովուրդների հաղորդակցության ու հավատի հարատևության առաջ քաղաքական պարիսպներ ու դարպասներ չես կառուցի՝ ով ինչ որոնում է, այն էլ գտնում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ գուցե Մոսկվան խիստ վշտացավ Անկարայի համար, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը արդեն Երևանում երկրորդեց, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ: Էրդողանը կարող էր նեղանալ՝ ինչպե՞ս կարելի է, չէ որ հաշտության ճանապարհներ են որոնվում: Եվ հետո՝ ի՞նչ դարձավ Հայ առաքելական եկեղեցին, որ 21-րդ դարում արդեն երկրորդ պապին է ընդունում, իսկ Վատիկանի ու Մոսկվայի ճանապարհները առայժմ միայն Կուբայում են հանդիպում: Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր տոն էր նրան ուղեկցող ու նրա այցը լուսաբանող լրագրողների համար, տոն, որ Հռոմի պապը ստեղծում է իր խոսքով ու գործով, ռուսները զբաղված էին իրենց «անձնական» տոնով՝ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից, և ուրեմն քանդվում է Եվրամիությունը, և ուրեմն՝ կեցցե Ռուսական կայսրությունը՝ այժմ և ընդմիշտ, և հավիտյանս հավիտենից: Նույնիսկ եթե այդ կայսրության գործողության տարածքը սկսվում ու ավարտվում է Կրեմլում:

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ