«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վերադառնալ աստվածաշնչյան ընկալումներին

Վերադառնալ աստվածաշնչյան ընկալումներին
25.06.2016 | 22:07

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի իր տպավորությունը հայտնել Հռոմի պապի Հայաստան այցից.


-Երկու տարի առաջ Ստրասբուրգում արդեն առիթ ունեցել եմ տեսնել Հռոմի պապին և լսել նրա խոսքը, երբ ԵԽԽՎ նստաշրջանի հյուրն էր ու հզոր ելույթ ունեցավ՝ քրիստոնեական արժեքների ու գլոբալ աշխարհի հակասությունների մասին՝ կոչ անելով վերադառնալ Աստծո պատվիրաններին, սիրո ու գթասրտության, մերձավորի համար պատասխանատվության աստվածաշնչյան ընկալումներին:


Կարծում եմ՝ այս երեք օրերը Հայաստանում բացահայտումների ժամանակ է ոչ միայն Հռոմի սրբազան Պապ Ֆրանցիսկոսի համար, որ իր այցն անվանել է ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, այլև մեզ համար՝ այդ երկրի բնակիչների: Պապի խոսքերը մեզ՝ մեր պատմությունը, մեր մեծերին ու մեր վարքը վերաիմաստավորելու են մղում: Թվում է՝ մեզնից ո՞վ պիտի ավելին հասկանա ու գնահատի Եղիշե Չարենցին ու Գրիգոր Նարեկացուն, բայց երբ սրբազան քահանայապետի շուրթերից են հնչում նրանց անուններն ու գործերը, նոր երանգ ու նոր իմաստ են ստանում: Հայ ժողովրդի պատմության ու հայ գրականության իմացություն է պետք՝ ընտրելու համար ՛՛Ես իմ անուշ Հայաստանին՛՛՝ Հայաստանը լավագույնս բնորոշելու համար, իսկ դա վկայում է, որ Հռոմի պապը իր ուխտագնացությանը վերաբերվել է ամենայն պատասխանատվությամբ ու սիրով: Միայն սերը կարող է քաղաքական խնդիրները մի կողմ դնել ու սրտի թելադրանքով առաջնորդվել: Հռոմի պապը ոչ միայն համայն աշխարհի կաթոլիկների առաջնորդն է, նա Վատիկան պետության ղեկավարն է: Այցը դեռ նախօրեին ինտրիգ ուներ՝ լրատվամիջոցները նկատել էին ու գրում էին, որ այցից առաջ Վատիկանի պաշտոնական տեղեկատվության մեջ «ցեղասպանություն» բառը չի շրջանառվում:

«Ցեղասպանությունը» չկար և Ֆրանցիսկոս պապի նախագահականում նախատեսված ելույթում, որ բաժանվել էր լրագրողներին, բայց պապը արտաբերեց այդ բառը և շեշտեց, իսկ դա վկայում է նրա հավատարմությունը իր սկզբունքներին, որոնց վրա ազդեցություն չունեն ընթացիկ քաղաքական հանգամանքները: Իհարկե, թուրքական արձագանքը նա կանխատեսում էր, բայց ինչ էլ թուրքերը ասեն՝ ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն և այսօր Ծիծեռնակաբերդ իր այցով ու զոհերի հիշատակի առաջ խոնարհումով՝ Ֆրանցիսկոս պապը վերահաստատեց, որ հիշողությունը սրբագրումներ չունի, ոչ էլ ճշմարտությունը: Վստահ եմ, որ Հռոմի պապի իսկապես պատմական այցը Հայաստան չի պարփակվելու է այս երեք օրերի մեջ՝ իր քաղաքական ու հատկապես հոգևոր նշանակությամբ ու դառնալու է սիրո, հավատի ու հավատարմության վերարժևորման ելակետ հազարավոր մարդկանց համար, ովքեր իրենց ճանապարհին որոնում են ու ուզում են Աստծուն գտնել: Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկու հովվապետերի համատեղ պատարագը Գյումրիում և սուրբ նշխարի բաժանումը հավատացյալներին՝ ասածիս վկայությունն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ