«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացման հարցեր

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացման հարցեր
21.05.2016 | 01:04

Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ ԵԱՏՄ զարգացման ներկա փուլում կա ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկա:

«ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է միջազգային և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, որ հնարավորություն կտա բարձրացնելու ԵԱՏՄ-ի զարգացման մակարդակը: Այդ համատեքստում, Հովիկ Աբրահամյանն օրակարգի առանցքային կետերից առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցության հարցը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ Չինաստանի հետ փոխգործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել լոգիստիկ հնարավորությունները: Նա կարևորել է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ԵԱՏՄ պետությունների, այդ թվում` Հայաստանի միջոցով, Հնդկաստանով և Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ նախագիծը: Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը:

«Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը՝ նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների կայացում:
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության, հյուրընկալության և աշխատանքի, բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Նա կարևորել է պարբերական հանդիպումների անցկացումը՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման և իրենց առջև դրված խնդիրների լուծման տեսանկյունից: Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել միության իրավապայմանագրային բազայի ամրապնդումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ամբողջական ապահովումը և դեռևս առկա արգելքների ու սահմանափակումների վերացումը, տնտեսության առաջնային ոլորտներում միասնական շուկաների ձևավորումը: Նա կարևորել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արագ ընդունումը՝ գործարար հանրության համար ապահովելով հասկանալի, կանխատեսելի և նպաստավոր օրենսդրական դաշտ: Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի զարգացումը հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի և Հարավարևելյան Ասիայի այլ պետությունների հետ:


Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ Ղազախստանն առաջարկել է 2016 թվականը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ: Նա կարևորել է ԵԱՏՄ երկրների ազատ առևտրի իրականացումն այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը և այլն: Ըստ Մասիմովի, ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես բաց տնտեսական ընկերակցություն և պետք է շեշտը դնել տեխնոլոգիական զարգացման և ներդրումների գրավչության վրա: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջնային է համարել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը և կարևորել Մաքսային օրենսգրքի ընդունումը:


Ղրղզստանի վարչապետ Սորոնբայ Ժենեբեկովի խոսքով՝ Ղրղզստանի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նպատակային և հետևողական աշխատանքը առաջանային ուղղություն է: Նա նշել է, որ իր երկիրը նպատակադրված է ակտիվորեն իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման համար, համատեղ փոխգործակցությամբ գտնել նոր ուղղություններ՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցակցունակության և հնարավորությունների բարձրացման համար: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգին, կոորդինացված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության դրույթների կիրառմանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերին, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխանցման և բաշխման հաշվետվությանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի նախապատրաստման ժամկետներին և այլն:


Նիստի արդյունքում ստորագրվել և հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ստորագրվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթուղթ: Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 12-ին` Սոչիում: Նիստից հետո ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ՀՀ-ում արտադրված և ներմուծված ապրանքների վրա դրոշմապիտակների էլեկտրոնային կառավարման համակարգը:

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ