«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վիեննայի հանդիպումը այնքան էլ նվիրված չէր Արցախին

Վիեննայի հանդիպումը այնքան էլ նվիրված չէր Արցախին
20.05.2016 | 00:32

Նախօրոք ազդարարված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների «Վիեննայի հանդիպումը», ինչպես ցույց է տալիս լրահոսը, իրականում այնքան էլ այդպիսին չէր: Կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև շատ ու շատ երկրների արտգործնախարարներ ամենևին էլ Արցախի հարցի լուծման համար չէ, որ հավաքվել էին Վիեննայում: Եվ, ինչպես կարելի է հասկանալ տեսանյութերից ու տեղեկատվական հաղորդագրություններից, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույց չի եղել. հնարավոր է, այն նախատեսված էլ չէր: ԱՄՆ-ի ներկայացուցչությունը ընդլայնված էր. Քերիի կողքին բազմել էր նրա օգնական Վիկտորյա Նյուլանդը: Լավրովն իր հայտարարության մեջ այդպես էլ ընդգծեց. Վիեննայի հանդիպումը ԱՄՆ-ի նախաձեռնությունն է:

Հիշենք այս կարևոր հանգամանքը: Հատկանշական է Ֆրանսիայի դիրքորոշումը. արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոյի փոխարեն արցախյան հարցի քննարկմանը մասնակցում էր Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Հառլեմ Դեզիրը:
Բանակցություններում հայկական պատվիրակությունը նստած էր ռուսների կողքին, իսկ Սերժ Սարգսյանը զրույցի էր բռնվել Սերգեյ Լավրովի հետ: Դիմացը նստած էր Ադրբեջանի պատվիրակությունը: Թե դա ինչ կնշանակեր, կարող են տարբեր ճաշակի ու գույնի կարծիքներ հնչել: Արևմտյան ու ռուսական լրատվամիջոցները մի գլուխ նշում են, որ, չնայած որոշ հարցերում դիրքորոշումների տարբերությանը, Արցախի հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը, կարծես, տարաձայնություններ չունեն: Տա Աստված: Սակայն ինչպե՞ս հասկանալ, որ վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ նույն Քերին, ըստ էության, խթանում էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, բաքվեցիներին ընծայելով «Գազի հարավային միջանցք» (ԳՀՄ)

նախագծի «առաջատարներից մեկի» տիտղոսը: Ինչպե՞ս հասկանալ, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրը՝ ապրիլի 2-ին, Բաքվում կայացավ ԳՀՄ-ի բաժնետերերի արտակարգ նիստ: Հուսանք, որ այս հարցերը Քերիի հետ բանակցելիս շոշափել են և՛ նախարար Լավրովը, և՛ Հայաստանի նախագահը: Չէ՞ որ այդպես էլ առանձնահանդիպում չունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների «հանդիպումից» առաջ Լավրովը Քերիի հետ քննարկում էր նախ Սիրիայի և ՈՒկրաինայի հարցը, նոր միայն՝ Արցախի: Այսինքն, Վիեննայի նույնիսկ ոչ բանակցությունները, այլ կոնսուլտացիաները, ինչպես հայտարարվեց պաշտոնապես, ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար ընթացիկ պահի ամենագլխավոր խնդիր չէին և չեն: Այստեղից հետևություն. կամ հենց սկզբից էլ չէր ծրագրվել Արցախի մասին խոսակցությանը բանակցությունների կարգավիճակ հաղորդել, կամ էլ Լավրով-Քերի բանակցությունների ընթացքում Սիրիայի և ՈՒկրաինայի առնչությամբ տարաձայնությունների արձանագրումից հետո որոշվել է, որ երրորդ հարցում չարժե, որ Վաշինգտոնն ու Մոսկվան «մրցակցեն»:


Թաքցնելու բան չկա. Սիրիայի և ՈՒկրաինայի իրավիճակները պակաս սուր չեն, այդ երկրներում խնդիրները շատ շատ են, և հետաքրքիր կլիներ վերլուծել Վիեննայի հանդիպման արդյունքները նաև Սիրիայի և ՈՒկրաինայի առնչությամբ: Առավել ևս, որ Սիրիայի վերաբերյալ խոսակցությունը ամբողջ մոլորակի երկարաժամկետ հեռանկար է (հասկանալի է, թե Ադրբեջանի ապրիլյան քառօրյա արկածախնդրությունից հետո ինչու էին այդքան նյարդայնացած Ռուսաստանն ու Իրանը, երկրներ, որոնք «այնքան մոտիկից» զբաղվում են Սիրիայով), և մեզ հայտնի է, որ սիրիական իշխանությունների հորդորով (առայժմ համեստ) գերտերությունները, այնուամենայնիվ, ստիպված կլինեն առանձնակի անդրադառնալ սիրիացի քրիստոնյաների հարցին: ՈՒրեմն՝ նաև հայերի: Առավել ևս, որ իսլամիստները խախտում են հրադադարը, այդ թվում՝ Հալեպի քրիստոնեական (հայկական) թաղամասերում: Համոզված եմ՝ նույնիսկ Արցախում մարտի ընթացքում մեր տված զոհերը չպետք է Հայաստանի հասարակության ուշադրությունը շեղեն այն փաստից, որ ֆաշիստական ուժերը շարունակում են հայերի ցեղասպանությունը Սիրիայում: Բայց հասկանալի է՝ քանի դեռ Արցախում շարունակվում են կրակոցները, և զինվորականներ են զոհվում (լրատվամիջոցները հաղորդում են, որ անգամ Վիեննայում կողմերը միմյանց մեղադրում էին հրադադարի խախտման և իրենց զինվորների զոհվելու մեջ), ապա կամա թե ակամա հիմնական ուշադրությունը կենտրոնացած է հենց Անդրկովկասում տիրող իրավիճակի և հետագա զարգացումների վրա: Պետք է ասել, որ ակնկալված արդյունքների որոշ մասի առումով Վիեննայի հանդիպումը բացահայտորեն տարակուսանք, նույնիսկ հիասթափություն առաջացրեց: Բայց չէ՞ որ սկզբնապես պարզ էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարված և, ըստ էության, տրամագծորեն հակառակ մոտեցումների պարագայում երկու նախագահների առաջին, թեկուզ և ոչ անմիջական հանդիպումը ոչ մի էական արդյունք չէր կարող տալ: Եվ, ընդհանուր առմամբ, Հայաստանն այդ հանդիպմանը գնում էր հերթական անգամ միակողմանի զիջումներ արած. նախ, իշխանություններն ու ընդդիմության մի մասը մայիսի 16-ին Ազգային ժողովում ձախողեցին ԼՂՀ-ի անկախության ճանաչման օրինագիծը օրակարգ մտցնելու հարցի քվեարկությունը, երկրորդ, ինչպես կարելի է եզրակացնել ԵԱՀԿ կայքի պաշտոնական հաղորդագրություններից, Վիեննայի հանդիպման ընթացքում հայկական կողմը առհասարակ չի խոսել այն մասին, ինչը լայնորեն տարփողվում էր Երևանի տարբեր քաղաքական ուժերի կողմից, այն է՝ ԼՂՀ-ի իշխանությունները պետք է լիարժեքորեն վերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող անմիջական բանակցությունների սեղանի շուրջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախյան ռազմաճակատների հարավային թևում մենք նաև տարածքային կորուստներ ունենք, պետք է ասել, որ Հայաստանի իշխանությունները զիջում զիջումի հետևից են անում՝ փոխարենը չստանալով ոչինչ: Բայց այսպես մինչև ո՞ւր...


Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի սկզբին հակամարտության գոտում հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Քերիի հետ Հայաստանի ղեկավարը կարծես նախապայման է առաջադրել բանակցային գործընթացի վերսկսման համար, այն է՝ անհրաժեշտ է ապահովել 1994 թ. հրադադարի և 1995 թ. հրադադարի ամրապնդման համաձայնագրերի լիարժեք կատարումը, ինչպես նաև շտապ կարգով տեղակայել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ: Եվ առաջարկել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույն հաստատակամությամբ, ինչպես որ հասան Վիեննայի հանդիպման կայանալուն, իրենց հասցեական դիրքորոշումներով և հստակ քայլերով հասնեն բանակցությունները սկսելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Նույն բանի մասին է եղել խոսակցությունը նաև Մոգերինիի հետ, և նա Եվրամիության անունից աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել է այցելելու հակամարտությունից տուժած շրջաններ: Ընդ որում, նշված մտահղացումները Սարգսյանն առաջադրել է որպես սոսկ առաջին քայլ, հետևաբար այլ քայլեր ևս կան, իսկ Հայաստանի նախագահը դրանք բարձրաձայնել է, թե ոչ, առայժմ հայտնի չէ:

Այսպիսով, կոնսուլտացիաների հիմնական թեման, ըստ էության, Ռուսաստանի և Իրանի առաջարկություններն էին՝ իրավիճակը վերադարձնելու 1994-95 թթ. դրությանը և պահպանելու հրադադարի այն ժամանակ վերապահված պայմանները: ՈՒ թեև հաղորդվում էր, թե իբր Ալիևի հետ հանդիպման որոշումը Հայաստանը մտադիր էր ընդունել Քերիի հետ Սարգսյանի բանակցություններից հետո, թվում է՝ հարցը կարգավորվել է դեռ Լավրովի հետ Քերիի հանդիպման ժամանակ:


ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, համանախագահները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ և պնդում են, որ անհրաժեշտ է կատարել 1994 և 1995 թթ. հրադադարի համաձայնագրերը: «Նախագահները հավաստել են իրենց նվիրվածությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնության սպառնալիքը նվազեցնելու համար նրանք պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել սահմանագոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների տեղակայումը: Նախագահները պայմանավորվածության են եկել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նախագահները համաձայնության են եկել Կարմիր խաչի հովանու ներքո շարունակելու անհետ կորածների մասին տվյալների փոխանակությունը: Հաղորդագրության համաձայն, նախագահները պայմանավորվել են անցկացնել հանդիպման ևս մեկ ռաունդ (անցկացման վայրը կհամաձայնեցվի հունիսին), նպատակ ունենալով հասնելու հակամարտության համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսմանը:


Ահա և բոլոր «արդյունքները»: Ճիշտ է, անուղղակի հանգամանքներից ելնելով կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ինչ-որ բանից դժգոհ են մնացել: ՈՒոռլիքի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ է բանակցությունները վերսկսել առանց նախապայմանների, հակասում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե բանակցությունների վերսկսման համար պետք է երեք քայլ արվի: Հայ հասարակությունը հասկանում է, որ հետագա բանակցությունների արդյունավետության համար Հայաստանը պետք է պնդի, որ իր պահանջները կատարվեն, որովհետև ոչ թե Հայաստանն է խափանել բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանը, և բանակցություններն առանց նախապայմանների վերսկսելը նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի պատահել, որ պատերազմ չի եղել, որ մարդիկ չեն զոհվել, ոչ ոք ոչ մեկի գլուխը չի կտրել «ԻՊ-ի դեղատոմսով» և այլն: Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հենց Սարգսյանին ու Ալիևին են «վստահել» (պայմանով, որ երկուսն էլ կատարում են Վիեննայի պայմանավորվածությունը) որոշելու, թե ընթացիկ տարվա հունիսին իրենց երբ է հարմար նորից հանդիպել, թե որտեղ և ինչպես վարեն (ավելի ճիշտ՝ վերսկսեն) բանակցությունները, այսպես ասած, «համապարփակ կարգավորման» շուրջ, որը կարող է լինել միայն քաղաքական և միայն խաղաղ ճանապարհով:

Այսինքն, ոչնչի մասին դույզն-ինչ պատկերացում չկա, որովհետև որպես քաղաքական կարգավորման հիմք մնում են նույն Մադրիդյան սկզբունքները, իսկ դրանք, չնայած Երևանի ու Բաքվի նախկին հավանությանը, այնքան էլ ընդունելի չեն Ստեփանակերտի համար: Եվ, ինչպես ցույց են տվել Մադրիդյան սկզբունքների հաստատումից հետո անցած տարիները, փաստաթղթի առնչությամբ հարցեր ունեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը: ԱՄՆ-ը իր «սպասելիքները» հիմնականում բարձրաձայնում է Ջ. ՈՒոռլիքի միջոցով, իսկ, Լավրովի խոսքերով ասած, Ռուսաստանի դիրքորոշումը մաքուր ու ազնիվ է, և իրենք ամաչելու ոչինչ չունեն: Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ եթե ադրբեջանական կողմը խախտի հրադադարի ռեժիմը, ապա Հայաստանին այլ բան չի մնա անելու, եթե ոչ համարժեք պատասխան տալ:
Այլ խոսքով, ասել, թե ով է «տանուլ տվել» և ով է «շահել» Վիեննայի 2016 թ. մայիսի 16-ի կոնսուլտացիաներում, առայժմ վաղ է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ի կայքի թեզիսները տեղ են գտել նաև Քերիի, Լավրովի և Դեզիրի համատեղ հայտարարությունում, համանախագահները հավաստեցին, որ 1994-95 թթ. փաստաթղթերը վավեր են բոլոր կետերով, իսկ դրանցում ԼՂՀ-ն ներկայացված է որպես հակամարտության ինքնուրույն կողմ. այն տարիների բոլոր համաձայնագրերը առանձին ստորագրել է նաև Արցախը: Սա այնքան էլ մեծ շահում չէ ԼՂՀ-ի համար, բայց, այնուամենայնիվ, բանակցությունների վերսկսումը հետաձգվել է, իսկ թե ինչ կկատարվի մինչև հունիսյան համաձայնեցումները, հազիվ թե որևէ մեկը փորձի կանխագուշակել, ուստի և հրադադարի պահպանման հույսը կապված է հիմնականում նրանց հետ, ովքեր ապրիլին կարողացան կասեցնել ռազմական գործողությունների ընդլայնումը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ