«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բարով եք եկել՝ երբ բացում ես բանակցությունների ենթատեքստերը

Բարով եք եկել՝ երբ բացում ես բանակցությունների ենթատեքստերը
11.03.2016 | 23:47

Մարտի 10-ին երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման օրակարգի վերաբերյալ ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրեց. «Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր»: ՌԴ նախագահի մամլո ծառայությունը հաղորդեց. «Владимир Путин и Серж Саргсян обсудили ключевые темы российско-армянского взаимодействия, перспективы развития интеграционных процессов на евразийском пространстве, вопросы нагорнокарабахского урегулирования» (Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության առանցքային թեմաները, Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը): Սա, թերևս, առաջին դեպքն էր, որ հայկական լրատվությունը ռուսականից որոշակիորեն ընդարձակ էր, թեպետ այդ ընդարձակությունը որևէ պարզություն չի բերում հանդիպման բովանդակության մասին: Լրագրողների համար բաց հատվածում երկու նախագահներն արարողակարգային ողջույններ փոխանակելուց հետո մասնակի բացեցին քննարկման թեմաները: Վլադիմիր Պուտինը ի սկզբանե արձանագրեց. «Կարիք չկա բնութագրել մեր երկկողմ միջպետական հարաբերությունները. դրանք, իրոք, ռազմավարական գործընկերային հարաբերություններ են: Ինձ համար շատ հաճելի է դա փաստել և նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են հաջող»: Պատահաբա՞ր ՌԴ նախագահը երկկողմ հարաբերությունների մակարդակը ռազմավարական համագործակցությունից իջեցրեց ռազմավարական գործընկերության, թե՞ լեզվական նրբությունները քաղաքական բովանդակությանը չեն վերաբերում: Նա ընդունեց, որ կան խնդիրներ՝ իր ձևակերպմամբ՝ օբյեկտիվ. «Իհարկե, կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարարված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Ես կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա, մենք կզարգանանք նաև այդ ուղղությամբ»: Այնուհետև անցավ միանգամից ՀԱՊԿ-ին. «Դուք այս տարի ղեկավարում եք ՀԱՊԿ-ը, և մեծ հույս ունեմ, որ կհաջողվի խոսել Ձեզ հետ՝ որպես այդ միջազգային կազմակերպության նախագահողի, քանի որ հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, նրա համար, որպեսզի մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի: Եվ իհարկե, Հայաստանի ներկայացուցիչը՝ արդեն ոչ թե ազգային, այլ միջազգային պաշտոնյայի կարգավիճակում, բայց այնուամենայնիվ` Ձեր գործընկերը, այժմ գլխավորում է մեր առաջատար ինտեգրացիոն տնտեսական միավորումը՝ ԵԱՏՄ-ն: Այդ իսկ պատճառով, մենք խոսելու շատ բան ունենք, և ես ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»:
ՀՀ նախագահը այս նախաբանին պատասխանել է իր նախաբանով. «Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և 100 տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սա ընդհանրապես շատ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարեսկզբին՝ անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա ուղեցույցները սահմանելու համար: Եվ քաղաքական, և տնտեսական, և ռազմատեխնիկական, և հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում:
ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել մեր նախկին հանդիպումների ընթացքում: Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում: Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Եվ ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ, այնպես էլ իմ այլ ելույթներում եմ նշել, ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին:
Այսօր, Վլադիմիր Վլադիմիրի, մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, և քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին: Այսօր նաև բացվում է քաղաքակրթական մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, և ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը Ռուսաստանի քաղաքացիներին դուր կգա և իր ներդրումը կունենա մեր ժողովուրդների բարեկամություն ամրապնդման գործում: Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»):
Պաշտոնական տեղեկատվության առումով՝ այսքանը: Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ կարող էին նրանք քննարկել փակ դռների հետևում:
Ռազմավարական համագործակցությունից ռազմավարական գործընկերության անցնելու պարագայում՝ միանշանակ անդրադարձ է եղել հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, իսկ ավելի կոնկրետ գազի սակագնին: Դատելով պաշտոնական տեղեկատվության բացակայությունից՝ գազի սակագնի իջեցման հայկական կողմի առաջարկը մերժվել է: Ի՞նչ կարող էր իբրև փոխհատուցում կամ հայ-իրանական բանակցությունների ակտիվացումն այդ հարցում կանխելու համար առաջարկել Պուտինը: Փող չկա, բայց կան քաղաքական լծակներ: Պաշտոնական որևէ խոսք չկա Ռուսաստանի ու Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին (սեպտեմբերին ՌԴ Պետդումայի ընտրություններն են), բայց դա չի նշանակում, որ Պուտինը կարող էր առիթը բաց թողնել առաջին դեմքից ճշտելու իրադարձությունների զարգացման սցենարը: Ի՞նչ է ծրագրում Սերժ Սարգսյանը և ի՞նչ է ուզում Ռուսաստանն ունենալ Հայաստանում: Սա չափազանց ընդարձակ թեմա է և ժամանակն է քննարկել, որովհետև խորհրդարանական ընտրություններին Հայաստանում մնում է մեկ տարի ու մի քանի օր: Հայաստանի ինքնիշխանության պարագան չհիշեցնեք՝ ավելորդ է: Եթե Հայաստանում այս հանդիպումից հետո քաղաքական դաշտում որոշակիություն հաստատվի, ուրեմն հանդիպման ընթացքում պայմանավորվածությունները կայացել են՝ և քաղաքական ուժերի, և քվեարկության ձևի առումով: Բնականաբար ռուս-թուրքական հարաբերությունները չէին կարող շրջանցվել և այս դեպքում Սերժ Սարգսյանը առիթը բաց չէր թողնի առաջին դեմքից հետաքրքրվել՝ ինչ է լինում ու ինչ է լինելու: Նույնը՝ Սիրիայի պարագայում: Արևմտյան մամուլը ավելի ու ավելի շատ է գրում Սիրիայի բաժանման մոդելների ու սկզբունքների մասին, հայտնի չէ՝ «հայկական» Սիրիան որտեղ է հայտնվում: Շատ տեղին կլիներ՝ պարզել նաև Ռուսաստանի վերաբերմունքը քրդական հարցին: Եվ, իհարկե, մնում է Ղարաբաղի հարցը, որը այս փուլում կարծես թե վերածվել է շփման գծում հետաքննությունների մեխանիզմի տեղակայման հարցի: ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կողմ են, կողմ է ՆԱՏՕ-ն, նույնը՝ ԵՄ-ն: Հայաստանը վաղուց է հայտարարել, որ կողմ է: Դեմ է Ադրբեջանը: Ռուսաստանը հրապարակավ իր տեսակետը չի հայտնել: Տրամաբանական է ենթադրել, որ նույնպես դեմ է, որովհետև այդկերպ վերանում է սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը, նվազում են սադրանքների հնարավորությունները ադրբեջանական կողմից: ՈՒ՝ ի՞նչ, Սերժ Սարգսյանը չէր կարող այս հարցը չպարզել: Առավել ևս, երբ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ ՀԱՊԿ քարտուղար մնաց Նիկոլայ Բորդյուժան ու ՀԱՊԿ-ը ամորֆ մարմին է Հայաստանի անվտանգության հարցերում: Բնականաբար՝ ՌԴ նախագահին պիտի հետաքրքրեր, թե ԵՄ-ի բանագնաց Մոգերինին ի՞նչ է ուզում Հայաստանից և ավելի շատ՝ ի՞նչ է պատրաստ տալ Հայաստանին: ՈՒ, իհարկե, հայ-իրանական հարաբերությունները պիտի քննարկվեին, ասպարեզում կան երկու առանցքներ՝ Երևան-Թեհրան-Մոսկվա և Բաքու-Թեհրան-Մոսկվա, ո՞րն է գործելու, կամ՝ ո՞րը ինչպե՞ս է գործելու:
Հավելեք ևս մի քանի «անհետաքրքիր» հարցեր ու կստանաք ՀՀ նախագահի ու ՌԴ նախագահի հանդիպման զրույցի կետերը, գուցե նաև՝ բովանդակությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բայց ամենադժվարը Նալբանդյանի ու Լավրովի հանդիպումն էր՝ պատկերացնո՞ւմ եք Լավրովի ժպիտը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո Մոսկվա ժամանած Նալբանդյանին ընդունելիս: Առավել ևս, որ բրյուսելյան հանդիպումներին Սեյրան Օհանյանն էլ է ներկա եղել: Իսկ Ստոլտենբերգը առիթը բաց չի թողնում Ռուսաստանին ագրեսոր հայտարարելու: Ինչպե՞ս է Նալբանդյանն արդարացել, կամ՝ ի՞նչ ուղերձներ է Լավրովին փոխանցել: Հարցրե՞լ է, թե ռուսներն ինչու են ռուս-հայկական ռազմական համագործակցության գաղտնիքները հրապարակում, ինչո՞ւ են քնքշորեն Բաքվին հովանավորում, երբ Ադրբեջանն ու Անկարան փոքր ու մեծ եղբայրներ են՝ իրենց պնդումով: ՈՒ ի՞նչ պատասխան է ստացել: Միայն բիզնես, ոչ մի քաղաքականությո՞ւն: Բայց Լավրովը փայլուն դիվանագետ է՝ այդքան պարզունակ պատրվակով հարցը փակելու համար: Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները կամ չանդրադարձան կամ Պուտին-Սարգսյան հանդիպումին անդրադարձան միայն այն հատվածով, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Հայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Սիրիայում ՌԴ քայլերը:

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ