«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պապը թողություն տվեց Պուտինի բոլոր մեղքերին, որ հանդիպի պատրիարքին

Պապը թողություն տվեց Պուտինի բոլոր մեղքերին, որ հանդիպի պատրիարքին
14.02.2016 | 12:45

Ֆրանցիսկոս պապը խուսափեց ուղղափառ աշխարհի և Մոսկվայի կայսերական քաղաքականության հասցեին քննադատությունից և պարգևատրվեց Հավանայում պատմական հանդիպումով՝ գրում է Սանդրո Մաջիստերը L'Espresso-ում:
Պատրիարք Կիրիլի հետ հանդիպումը Հավանայի օդակայանում հրաշալի բնութագրում է Ֆրանցիսկոս պապի աշխարհաքաղաքականությունը: Նա շրջանցում է արգելքները՝ նրանց հետ չպայքարելով: Պապը նախապատվությունը տալիս է մարդու և մարդու հաղորդակցությանը, ինչպես դաշտային հոսպիտալում, որտեղ ոչ ոք չի սպասում մինչև պատերազմի ավարտը: ՈՒկրաինայում ու Մերձավոր Արևելքում պատերազմ է, և Ռուսաստանը խաղում է գլխավոր դերը: Բայց Ֆրանցիսկոսի համար Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարքի հետ գրկախառնությունը իբրև խաղաղության վկայություն ավելին արժեն, քան ուշադրությունը այդ ռեգիոնների կաթոլիկ բնակչության նկատմամբ: ՈՒկրաինան այդ դեպքում ցուցադրական օրինակ է: Ռուս ուղղափառ եկեղեցու համար դա ծննդավայր է, բայց այնտեղ իրեն զգում է միլիոնավոր «ունիատներով» պաշարված, իսկ կաթոլիկները տեսնում են թշնամի ու նվաճող ի դեմս ուղղափառ Ռուսաստանի: Ֆրանցիսկոսն ամեն ինչ արեց, որ չվիրավորի պատրիարքին ու Վլադիմիր Պուտինի կայսերական քաղաքականությունը, հիասթափություն սերմանելով եպիսկոպոսների, հոգևորականների և կաթոլիկ եկեղեցու կողմնակիցների մեջ այդ ռեգիոնում: Պապը ընդունեց Կիրիլի առաջարկը՝ հանդիպել Կուբայում՝ չեզոք երկրում: Իրականում այդ երկրում ոչինչ չեզոք չէ, ինչպես չկա ազատություն: Կուբան աշխարհի այն երկրների տասնյակում է, որտեղ ամենամեծ թվով քաղբանտարկյալներ կան: Կուբացիները հազարներով փախչում են երկրից: Մինչդեռ երբ պապը անցյալ տարի սեպտեմբերին Կուբայում էր, ոչ մի բառ չասաց ի հիշատակ այն փախստականների, որ խեղդվեցին ծովում, ոչ մի բառ չասաց իբրև աջակցություն քաղբանտարկյալների: Այսօր հայտնի է, որ Կուբայում Կիրիլի հետ հանդիպումն արդեն այն ժամանակ երկուսի օրակարգում էլ կար, արդեն չասելով Ռաուլ Կաստրոյի ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների մասին: Սուրբ Աթոռի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի նկատմամբ չեզոք չէ և միանգամայն հստակ է՝ այդպիսին է դարձել, երբ Պուտինը՝ հարվածներ չհասցնելով ԻՊ-ին, ամրապնդեց իր առաջատար դիրքերը շիական ասադապաշտպան ճակատում՝ Ռուս ուղղափառ եկեղեցին դա անվանում է «սրբազան պատերազմ»: Վատիկանի դիվանագիտությունը ավելի սերտ կապված է Իրանում գերակայող շիական առանցքին, հատկապես միջուկային համաձայնագրի կնքումից հետո, քան սուննիական աշխարհին, որի մեծագույն ղեկավար կենտրոնը Կահիրեի աստվածաբանական «Ալ Ազխար» համալսարանն է, որ հինգ տարի առաջ խզել է կապերը Հռոմի հետ: Մինչդեռ Ալեպոն ավերում են ռուսական ռումբերը, որ օրհնել է Հռոմի պապի համար այդքան թանկագին պատրիարքը:
Սանդրո ՄԱՋԻՍՏԵՐ, L'Espresso


Հ.Գ. Փաստորեն աշխարհում այդքան էլ չեն հավատում Հռոմի պապի ու Ռուսիո պատրիարքի խաղաղության կոչին, քրիստոնյաների մասին հոգածությանը և ամեն տեղ տեսնում են քաղաքականություն: Ի վերջո, Վատիկանը, թեկուզ աշխարհի ամենափոքր, բայց անկախ պետություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ