«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյան․ «Անցնող տարին յուրահատուկ ու շրջադարձային էր»

Սերժ Սարգսյան․ «Անցնող տարին յուրահատուկ ու շրջադարձային էր»
25.12.2015 | 23:14

Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նա շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին: «Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ, ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- լրագրողներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Սարգսյանն ու շարունակել. «Շնորհակալ եմ առաջին հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում ձեր ներդրած ջանքերի և կատարած մեծածավալ աշխատանքի համար: Դուք և արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը: Միաժամանակ դուք նաև կարողացաք մեր հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայացնել առաջադեմ մարդկության, նաև թուրքական հասարակության առողջ հատվածի համերաշխությունը մեր ժողովրդի ցավին ու իղձերին»: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև, իր բնութագրմամբ՝ զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին արձանագրված շրջադարձային առաջընթացի՝ Սահմանադրության փոփոխությունների թեմային: «Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ բարեփոխումների ողջ գործընթացում ցուցաբերած պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ակտիվ աշխատանքի համար, որն արտահայտվեց կողմ և դեմ կարծիքների բազմությունը լայնորեն ներկայացնելուց սկսած մինչև հանրաքվեի ընթացքում տեղամասերում տեղի ունեցած խախտումների արձանագրում և մատնանշում: Ոչ մի կասկած չունեմ, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին ձեր մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Ընդհանուր առմամբ, այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, և սա համատեղ հետևողական աշխատանքի արդյունք է և մեծ ձեռքբերում: Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք»,- արձանագրել է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ