«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քարագրություն՝ սիրո մաքուր ոսկին

Քարագրություն՝ սիրո մաքուր ոսկին
18.12.2015 | 00:30

13 տարի՝ 2002-ից սկսած ես այդ օրը ապրել եմ հազար անգամ ու ավելի, բոլոր մանրամասներով, ու ամեն անգամ թվում էր, որ մոռանում եմ ամենակարևորը, գլխավորը չեմ հասկանում, հիմնականը՝ չգիտեմ: Գուցե այդպես է: Իրոք, չգիտեմ՝ ինչո՞ւ են մարդիկ մեռնում: Հնարավոր բոլոր բացատրություններն ու պատճառաբանություններն ունեմ, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ մեռնում: Նոր էի տուն մտել, երեկոյան իննի կողմերն էր, զանգահարեց Այդին Մորիկյանն ու ասաց. «Հրանտ Մաթևոսյանը մահացավ»: Ինքնաբերաբար պոկված իմ «Ոնց թե»-ին չպատասխանեց: Երկուսով լռեցինք, հետո համարյա միաժամանակ իրար հարցրինք՝ «Հիմա ի՞նչ անեմ»: Հրանտ Մաթևոսյանը՝ փակվող էպոխայի ու բացվող էպոխայի միջև դռները բաց պահող կամարը պոկվեց ու փլվեց: Հիվանդ էր՝ գիտեինք, բուժվում էր՝ հույս ունեինք, անսահման հույս ունեինք, որ աշխարհում երբեմն առ երբեմն պատահող հրաշքներից գոնե մեկը մերը պիտի լինի՝ Հրանտ Մաթևոսյանը պիտի ապաքինվի: Թող ոչինչ այլևս չգրի, բայց մեր կողքին մնա, որ չկորցնենք պաշտպանության ու ջերմության զգացողությունը, մեր կապը ինքներս մեզ հետ: Տան զգացողությունը, կանաչ դաշտի, բաց երկնքի, անկրկնելի ուրախության ու անհասկանալի տխրության, որ ինքը կարոտն է, անփոխարինելի բառի, որի մեջ ապրում է Աստված: Դեկտեմբերի 18-ին ընդամենը մեկ ակնթարթում մենք կորցրինք հայերից նրան, որ աշխարհ էր եկել հոգևոր Հայաստանը հավաքելու ու մեզ՝ անխելամիտ, անձեռնհաս, թափառական, ծանծաղամիտ ու մոլորյալ, բարդույթավորված, հոգնած ժառանգներիս վերադարձնելու, որ մենք զգանք մեր տեղը աշխարհում ու կյանքում: Զգանք նախ և առաջ, կհասկանանք, թե չենք հասկանա, արդեն մեր խնդիրն էր, նրանը հայրենիքի զգացողության վրա շերտ-շերտ հավաքված դարավոր աղտ-աղարտի շեղջերը շրջելն էր, որ բացվի, անաղարտ փայլի սիրո մաքուր ոսկին: Նրանը զգացողություն փոխանցելն էր, որ մի առավոտ աչքերդ բացես ու ասես. «Ես ես եմ», ու դա քեզ երջանկություն բերի, որովհետև դու դու ես ու աշխարհը քոնն է: Հոգևոր Հայաստանը: Իսկ մենք գիտե՞նք այդ Հայաստանի տեղը: Իսկ մենք գիտե՞նք այդ Հայաստանի սահմանները: Իսկ մենք սահմանապա՞հ ենք այդ Հայաստանում: Լինում է, չէ՞, որ ցեղի միտքն ու հոգին հավաքվում ու խտանում են մեկ մարդու մեջ ու նա դառնում է Մաշտոց, դառնում է Շիրակացի, դառնում է Նարեկացի, կուտակվում-կուտակվում ու պոռթկում է Տերյանի պես հանդարտ, Թումանյանի պես իմաստուն, Չարենցի պես հզոր: Լինում է, մեզ հետ, մեր կողքին, մեզ համար եղել է: Իսկ մենք մեզ պահել ենք վերջին եսասերի պես, որ սիրում է միայն ստանալ, բայց ոչինչ չի տալիս: ՈՒ հիմա էլ այդպիսին ենք՝ սպառող, որ ոչինչ չի ստեղծում, իսկ ստեղծողի համար գրպանում միշտ մի քար ունի: Բայց այդ քարերով երկիր չի կառուցվում, այդ քարերի վրա գրեր չեն գրվում, ու այդ քարերը ապագա չեն նետվում: Հրանտ Մաթևոսյանի քարագրությունը կարդալու անպատրաստ մեր ժամանակը նրան կտանի դեռ այն օրերը, երբ ընթերցողի համար բառն արժեք ունի, ու բառի իմաստը անցողիկ արժեք չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Դեկտեմբերի 18-ի ուշ գիշերին Այդին Մորիկյանն ինձ նորից զանգահարեց ու ասաց՝ «Գրի՝ «Տեսա՞ր՝ ինչ բերին մեր գլխին Զանգեզուրի իշխանները: Հովհաննես Թումանյան»: «Գրեցի, հետո՞»: «Հրանտ Մաթևոսյանի ձեռքով գրված վերջին բառերն են, գտի՝ Թումանյանը որտե՞ղ է ասել»: Մինչև այսօր չեմ գտնում: Բայց գիտեմ, որ ասել է: Ասել է անձամբ Հրանտ Մաթևոսյանին: Հանճարների ցեղը հաղորդակցության համար ոչ ժամանակի, ոչ տեղի, ոչ ձևի սահմանափակում չունի: Սահմանափակումները մեզ համար են, որ որոնում ու գտնում ենք, բայց չենք ընկալում մեր ունեցածը ու մեզ տրվածը, ու մեզ թվում է, որ չենք գտել: Ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ:

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ