ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ

Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ
08.12.2015 | 12:50

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բանակցությունների մեկնարկին Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«ՈՒրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության բանակցությունների մեկնարկը:
Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու ԵՄ խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով:
Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ-ի հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խոր արմատներ ունի: ՀՀ նախագահի բնորոշմամբ՝ «հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է՝ իր անցյալով, մշակույթով, ներկա նպատակներով և իղձերով»: Որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան և հին են նրա հետ Հայաստանի և հայ ժողովրդի կապերը։ Նրանք գալիս են դարերի խորքից՝ այն ժամանակներից, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց ներդրումն էին բերում այն արժեքային համակարգի ձևավորման գործում, որն այսօր կոչում են եվրոպական արժեքներ:
Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին իր արժեքավոր աջակցության համար:
Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, որոնք ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել էին ամենաբարձր գնահատականի և բնորոշվել էին միջազգային չափանիշներին համահունչ, ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված այս նպատակներից շատերի իրագործմանը: Այդ բարեփոխումները երեկ տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքներով հաստատվել են։
Առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումը մեր ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են:
Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումների հետ մեկտեղ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է եղել ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:
Մենք մեծապես կարևորում ենք մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-ՀՀ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:
Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք վաղուց ավելի հեռատեսական մոտեցում որդեգրելու կողմնակից ենք եղել՝ օգտվելու այն լայն հնարավորություններից, որոնք ընձեռնվել են ինտեգրացիոն շրջանակների կողմից, և օգտագործելու նրանց ընձեռած առավելությունները՝ համագործակցության ու գործընկերության ոգուն համահունչ: Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, նորեկներ չեն և հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները և նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին։ Ես հաջողություն եմ մաղթում մեր համատեղ ջանքերին և վստահ եմ, որ մենք կշարունակենք առաջ ընթանալ ճիշտ ուղղությամբ։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ բանակցություններ»։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ