ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

42-րդ րոպեին սպասելիս

42-րդ րոպեին սպասելիս
07.12.2015 | 16:24

Բոլորն այսօր գրում են հանրաքվեի մասին, իսկ ես ուզում եմ գրել երկրաշարժի 27-րդ տարելիցի մասին: Չեմ ուզում ոչ ողբալ, ոչ նվնվալ, ոչ բողոքել: ՈՒզում եմ հիշել փառահեղ ճարտարապետ Ջիմ Թորոսյանին, որ շատ տարիներ առաջ իր արվեստանոցում ինձ պատմում էր իր երազների Սպիտակ քաղաքի մասին, մանրակերտի վրա ցույց էր տալիս քաղաքի դարպասները, հրապարակը, եկեղեցին, հիվանդանոցը, դպրոցը, տները, աչքերը կիսափակ պատմում էր Սպիտակի հրաշալի քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի մասին, որ եկել ու իրեն խնդրել էր նոր քաղաք նախագծել: Իրեն, ու դա շոյում էր նրա ինքնասիրությունն ավելի, քան մինչ այդ ունեցած բոլոր պաշտոններն ու կոչումները, որովհետև նա Աստծո տված ճարտարապետ էր: Մի քանի օր առաջ Վանաձոր գնալիս՝ անցա Սպիտակով, կենտրոնով, Ջիմ Թորոսյանի կառուցած Հրապարակով, որ չստացվեց այնպիսին, ինչպիսին ինքն էր ուզում, բայց, միևնույն է, հրաշալի է, ու սիրտս ցավից կծկվեց՝ մարդ չկար հրապարակում՝ դատարկ փողոցներ ու դատարկ ճանապարհ, մի քանի անկապ մեքենաներ՝ երևանյան համարներով: Մի քանի՝ տեղական: Վերջ: Հետո հիշողությանս մեջ խրված-մնացած մեկ այլ պատկեր դուրս լողաց՝ Լենինականի հրապարակի ժամացույցը՝ 11.41-ի վրա կանգնած, հետո բազում այցերը Գյումրի՝ պետական տարբեր պաշտոնյաների հետ, որ խոսում էին, խոսում, խոստումներ տալիս ու վերադառնում Երևան: Իսկ Գյումրին ձեռքը թափ էր տալիս ու ապրում իր կյանքով: Հիշեցի երկրաշարժի էպիկենտրոնում գտնված ու հիմնահատակ ավերված Նալբանդ գյուղը, որտեղ մի քանի տարի առաջ դպրոցը վերանորոգվեց, իսկ աշակերտ չկար: «Մեր ամբողջ փողոցում մի տղամարդ չկա, էս չորս-հինգ տունը տեսնո՞ւմ ես, մի մատ էրեխեք են ու մենք՝ կնիկներով, մեկիս որ գիշերով շտապ օգնություն է պետք լինում, ավտոն դիմավորող չկա»՝ այդ օրն ասաց ինձ սպիտակցի մի կին, որ չէր բողոքում, օգնություն չէր խնդրում, պարզապես իր կյանքն էր պատմում ու պատմում էր՝ ինչ ցանեց ու ինչ բերք հավաքեց, հարկերը մուծելուց հետո ինչ է իրեն մնալու ու եթե Ռոստովում աշխատող ամուսինը փող չուղարկի, ինչ է անելու, որ երեխաներին պահի: Նալբանդցի այդ կնոջը հիշում եմ, որովհետև սպանիչ էր նրա տոնը՝ պաղ, առանց հույզերի, արածի ու անելիքի չոր վիճակագրություն, նա հազիվ քառասուն տարեկան կլիներ, բայց ինձ թվում էր կրկնակի մեծ: Երկրաշարժի ժամանակ փողոցում էր եղել ու փրկվել էր՝ դա էլ պատմում էր անհույզ, չոր, անարցունք՝ համոզված, որ Երևանից եկածն իրեն չի հասկանա: Մեկ է՝ թողնելու է, գնա, ինքը շարունակելու է ապրել անտղամարդ փողոցում ու գիշերները վախենալ գայլերից, որ մեկ-մեկ գյուղ են իջնում: Քաղաք եկող գայլերի մասին Գյումրու Մուշ թաղամասում էլ էին պատմում: Հիմա արդեն գայլերն էլ չեն գալիս՝ ուտելիք, մեկ է, չկա: Գայլերի փոխարեն հիմա Գյումրի մարդասպաններ են գալիս՝ գիշերով, «ջուր խմելու»: Հանրաքվեի նախօրեին քաղաքապետը նախագահից փող է ստանում՝ քաղաքը ցեխից ու կեղտից ազատելու համար ու մի տարօրինակ հարց՝ խոստանո՞ւմ ես, որ կանես: ՈՒ դա ավելի անբացատրելի է, քան հանրաքվեի նախօրեին՝ ոչ շուտ ու ոչ ուշ անհնազանդ քաղաքին հատկացված գումարը: Գյումրին Սահմանադրության փոփոխությանը «ոչ» է ասել: Մարզպետն ու քաղաքապետը արդարացրել են վարչապետի բարձր վստահությունը՝ 30 տոկոս ակնկալիքից ստացվել է 52 տոկոս՝ «այո»-ի կողմնակից են եղել մարզից հեռացածները: Մարզը հանձնվեց, քաղաքը՝ ոչ: Ինչպես միշտ:
ՈՒ դա ևս դառնալու է հիշողություն՝ երկրաշարժից 27 տարի հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գյումրու կենտրոնական հրապարակի ժամացույցը կանգ էր առել 11.41-ի վրա, ե՞րբ է գալու 42-րդ րոպեն:

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ