ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մենք գտնելու ենք ապրելու և զարգանալու բանաձևը»

«Մենք գտնելու ենք ապրելու և զարգանալու բանաձևը»
01.12.2015 | 01:25

Նոյեմբերի 26-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը ամփոփեցին սեպտեմբերի վերջին հայտարարված՝ հասարակական հնչողություն ունեցող գաղափարների և նորարարական նախագծերի մրցույթը: Այդ առիթով հանդիպելով մրցույթի կազմակերպիչներին՝ խնդրեցի իրենց տպավորություններն ու եզրակացությունները ներկայացնել:


«ՄԻՇՏ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՔԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն)

-Արդարացա՞ն Ձեր ակնկալիքները մրցույթից, կարողացա՞ք մտքի շարժում առաջացնել:
-Միշտ ակնկալիքներն ավելի շատ են լինում, քան իրողությունները: ՈՒրախալի էր, որ եղան հետաքրքիր գաղափարներ առաջադրող մասնակիցներ: Մենք ընտրել ենք իրատեսական գաղափարները, որոնք հնարավոր է իրականացնել: Առաջին մրցանակին արժանացավ մեգանախագծի հեղինակ, Չինաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը: Նրա առաջարկը շատ համահունչ էր մեր մրցույթի ոգուն: Նա առաջարկել է կազմակերպել օնլայն դասընթացներ՝ հայկական հանրության անվտանգության խնդիրների վերաբերյալ: Սա խիստ կարևոր հանգամանք է: «Նորավանք» հիմնադրամը մշակել է նախագիծ՝ ստեղծելու Հայաստան-սփյուռք օնլայն համալսարան` ներգրավելով լավագույն 700 մասնագետների, որ կարող են շատ գաղափարներ ներկայացնել ամբողջ աշխարհում հայության համախմբման համար: Երկրորդ մրցանակին արժանացել են քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը՝ եվրասիական ինտեգրման թեմայով առաջադրած նախագծի համար: Երրորդ մրցանակը ստացել է «Այսօր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սոնա Մարտիրոսյանը, որն առաջարկել է ստեղծել տեղեկատվական անվտանգության համակարգ՝ փորձագիտական հարցման արդյունքում: Սոնա Մարտիրոսյանն առաջարկում է փորձագիտական հարցումներ կատարել անվտանգության ապահովման տեսակետից:
-Հարցումների արդյունքը ո՞ւմ է ուղղված լինելու:
-Կարծում եմ՝ փորձագիտական ազդեցություն կունենա տեղեկատվական դաշտի վրա, ինչ-որ չափով կօգնի այն մարդկանց, ովքեր ձևավորում ու ղեկավարում են տեղեկատվական դաշտը:
-Դուք ուտոպի՞ստ եք:
-ՈՒտոպիստ չեմ, բազմամյա փորձ ունեմ և լավատես եմ: Մեր առաջարկությունները տարբեր կազմակերպություններ տարբեր երկրներում օգտագործում են:
-Ի՞նչ առաջարկներ են ներկայացվել ընդհանրապես, եղե՞լ են անսպասելի գաղափարներ, որոնք զարմացրել կամ զայրացրել են:
-Ոչ բոլոր առաջարկներն էին, իհարկե, փայլուն: Մենք չէինք էլ կարծում, որ հրաշքներ են կատարվելու: Մեզ են դիմել տարիքային տարբեր խմբերից, գերակշռում էին երիտասարդները: Տպավորիչ էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Էրիկ Հովսեփյանի առաջարկը՝ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ Հայաստանում: Մենք նրան շնորհեցինք երրորդ մրցանակը, թող դա լինի մեր ավանդը կոռուպցիայի դեմ պայքարում: Մյուս խրախուսական մրցանակը շնորհել ենք Կառավարման ակադեմիայի ասպիրանտ, «Արմեդիա» կայքի վերլուծաբան Աննա Կարապետյանին: Նրա առաջարկած նախագիծը նույնպես վերաբերում էր եվրասիական ինտեգրման գործընթացին:

«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՁԵՌՆԱՐԿԵՑԻՆՔ ՄՐՑՈՒՅԹ, ՈՐՏԵՂ ՍԿՍԵՑԻՆՔ ՎՃԱՐԵԼ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱՐ»

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ («Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար)

-Ո՞րն է Ձեր գնահատականը մրցույթին:
-Հպարտ եմ, որ «Նորավանքի» հետ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք ձեռնարկեցինք մրցույթ, որտեղ սկսեցինք վճարել գաղափարի համար: Մրցույթն ավարտվեց հաջողությամբ՝ առանց նախանձի, չկամության, չարախոսության, նենգադուլի: Մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ իրենց ինտելեկտուալ մակարդակի սահմաններում մասնակցեցին մեր մրցույթին և առաջարկություններ արեցին: Մենք ստեղծեցինք ժյուրի, որի մեջ եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ էին, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբաններ, բուհերի առաջատար դասախոսներ, մեկ ամիս նրանք ուսումնասիրել են ներկայացված 40 առաջարկները, որոնցից ընտրվեց 9-ը, որոնք որակապես և ասելիքի լրջությամբ մյուսներից տարբերվում էին: Այդ 9-ից էլ ընտրվել են 5 մրցանակակիրները:
-Մրցույթի սկզբին և ավարտին ի՞նչ տպավորություն ունեք:
-Հաճելիորեն զարմացած եմ, որ ՉԺՀ Նանկինի համալսարանի դոկտորանտ Մհեր Սահակյանը, ուսանելուն զուգահեռ, սրտացավ է վերաբերվել մեր մրցույթին և օրիգինալ առաջարկ է ներկայացրել: Մեծ ուրախությամբ արձանագրում ենք, որ տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ մեզ դիմել են՝ 60 տարեկանից մինչև ուսանողներ: Երիտասարդներից մենք խրախուսել ենք երկուսին՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Էրիկ Հովսեփյանին և Կառավարման ակադեմիայի ասպիրանտ Աննա Կարապետյանին՝ հետաքրքիր ու մրցունակ գաղափարների համար: Մրցույթին ներկայացված վեց առաջարկներ տեխնոլոգիական կարողություններ էին պահանջում, և մենք ուղարկեցինք Գիտության պետական կոմիտե: Շատ կարևոր է, որ հասարակական հնչողություն ունեցող լավագույն գաղափարները՝ նորարարական նախագծերը հասարակությունն ընկալի: Լավագույն համարված աշխատանքները կհրապարակենք soiuzinfo.am և noravanq.am կայքերում: Եթե արձագանքները դրական լինեն, կարող ենք տարին երկու անգամ մրցույթ անցկացնել, և մեր հովանավորները կարող են ավելի լուրջ գումարներ ներդնել: Հայ իրականության մեջ առաջին անգամ մենք դարձանք այն կենտրոնը, որ ակտիվորեն Հայաստանում իր շուրջը ձևավորում է հասարակական հնչողության գաղափարներ գեներացնող մարդկանց խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
-Ո՞րն է մրցույթում հաղթած առաջարկների կիրառական նշանակությունը:
-Ամեն հասարակություն 21-րդ դարում ուժեղ է այն ինտելեկտուալ ներուժով, որ մղում է առաջ, ամեն հասարակություն կենսունակ ու մրցունակ է՝ որքանով ունի էլիտաներ, որոնք ոչ միայն հարուստ են ու ուժեղ, այլ նաև խելացի են ու գրագետ, կարող են հասարակական հնչողության գաղափարներ առաջադրել: Պետք է գտնել այդ գաղափարները և կենսագործել: Մեզ ներկայացրած առաջարկների մեջ եղել են շատ իրավիճակային գնահատականներ, որոնք չեն պարունակել լուծումներ, որն առաջադրված էր մրցույթի պայմաններով: Սեպտեմբերին մենք ասել եք, որ կխրախուսենք այն գաղափարը, որը հեղինակը կարող է իրականացնել, եթե ունենա ռեսուրսներ: Հայտատուների մի մասը մեր պայմանները բավարարել է, մի մասը՝ ոչ: Պետք չէ ակնկալել, որ ամբողջ հասարակությունը ինտելեկտ է գեներացնելու, այդպես ոչ մի տեղ չի լինում ամբողջ աշխարհում: Ամեն հարյուրից աշխարհում լավագույն դեպքում մտածում է հինգը: Դա աշխարհի ինտելեկտուալ վերնախավն է: Եթե ամեն հարյուրից հինգը մտածի, ամեն հազարից հիսունը կարողանա գաղափարներ գեներացնել, և գտնվեն այդ գաղափարներն իրականացնելու մեխանիզմներ, մենք կարող ենք մտածել ավելի բարձր նշաձողերի մասին: Ես շատ մտահոգված եմ հասարակության ինտելեկտուալ վիճակով, մենք շատ ասպարեզներում ունենք հետընթաց: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ու «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության շուրջ հավաքված ինտելեկտուալ մարդկանց ցանկությունն է մեր երկրում ունենալ ռեսուրսներ և ուշադրություն՝ ինտելեկտուալ ներուժը մեծացնելու և երկրի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:
-Ձեր ասածներին հավատո՞ւմ եք:
-Համոզված եմ, որ ամեն ինչ տեսած, ամեն ինչ փորձած հայ ժողովուրդը իր մեջ պիտի ուժ գտնի 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք պատասխանելու համար: Չի կարող 21-րդ դարում ավարտվել հայ ժողովրդի պատմությունը, որը 3000 տարում եկել-հասել է այս կետին:
-Չի ավարտվի, այլ երկրներում կշարունակվի:
-Ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք ապրելու և զարգանալու բանաձևը, որի փնտրտուքն այնքան ավելի կարագանա, որքան դժվարանան մեր երկրում ապրուստի միջոցներն ու մեր ընդհանուր համաշխարհային պայքարն ու մրցակցությունը:

«ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ»

ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ (տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր)

-Ի՞նչ տպավորություն ունեք մրցույթին ներկայացված առաջարկներից:
-Որպես առաջին քայլ՝ լավ էր: Գաղափարները մրցույթով չեն ծնվում: Պայմաններ են պետք, որպեսզի առաջադրվեն հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր:
-Նկատի ունեք, որ նման մրցույթներով պայմաննե՞ր են ստեղծվում:
-Մրցույթ, մրցակցություն՝ լավ մեխանիզմներ են հետաքրքիր գաղափարների առաջադրման համար և ստացված արդյունքները, որպես առաջին փորձի, միանգամայն դրական են: Պետք է զարգացնել նախաձեռնությունը:
-Ներկայացված հայտերում վերլուծություննե՞րն էին գերակշռում, թե՞ կոնկրետ խնդրի կոնկրետ լուծումները:
-Վերլուծություններն ավելի շատ էին, իհարկե, կային նաև մեխանիզմներ առաջարկող հայտեր, բայց նրանք չհաղթեցին՝ հիմնավորվածության թուլության պատճառով:
-Կա՞ր հայտ, որ պարզապես ծիծաղ էր առաջացնում:
-Կային շատ ֆանտազիաներ, ես հանգիստ եմ վերաբերվում նման դեպքերում՝ մարդիկ ուզում են լավագույնն անել՝ իրենց պատկերացումներով:
-Ձեր կարծիքով՝ նոր մրցույթներ կլինե՞ն:
-Անպայման, գիտական աշխատանքը պիտի մակարդակ ունենա, բայց դա այս մրցույթի խնդիրը չէ, դա գիտության կազմակերպման խնդիր է՝ միտքը պետք է համարժեք ֆինանսական գնահատական ստանա: Խթան է պետք, որ որակ ապահովվի: Այսօր գիտնականը ստիպված է մի քանի տեղ աշխատել, որ նորմալ կյանք ապահովի իր ընտանիքի համար, իսկ դա ազդում է աշխատանքի որակի վրա: Այս մրցույթի որակն արտահայտում է մեր ուսումնական համակարգի հիմնախնդիրները, մեր գիտական աշխատանքների ներկայացման, կազմակերպման խնդիրները պետք է դրվեն բուհերում, հատկապես մագիստրատուրայում, դասավանդման գործընթացը և վարձատրությունը պետք է համարժեք լինեն: Չես կարող դասախոսին որակի պահանջներ ներկայացնել ու ասել՝ նույն աշխատավարձն ես ստանալու:

«Արդի մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը» թեմայով քննարկումը, որ հաջորդեց մրցույթի հաղթողների պարգևատրմանը, ինչպես Արամ Սաֆարյանը բնորոշեց՝ տարին ամփոփելիս քաղաքական շահարկման թեմաներից է դարձել: Գագիկ Հարությունյանը այդ թեմային անդրադարձավ ծայրահեղականության աճը իբրև հիմնական տրենդ կտրվածքով: Նա այն կարծիքին է, որ աշխարհում ծայրահեղականությունն աճում է, կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ոչ միայն բնորոշում են վիճակը, այլև առաջարկում ելքեր: Ծայրահեղականության աճի հիմնական պատճառ նա համարում է աշխարհաքաղաքական, արժեքային համակարգի գլոբալ փոփոխությունները՝ ելնելով սպեկուլյատիվ ֆինանսական կապիտալի, տնտեսության զարգացումից:
Հայաստանի երիտասարդության և Հայաստանում տեղի ունեցող սոցիալական գործընթացների մասին խոսեց սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը: Ամենակարևոր ուղերձը նա համարեց, թե Հայաստանի էլիտան որքանով է համակարգված և հայեցակարգային տեսակետից ընկալում աշխարհը, տարածաշրջանը և Հայաստանը: Հայաստանի բուհական համակարգում ընդգրկված առարկաները չեն տալիս հայեցակարգային ընդհանրացված տեղեկություններ, թե ինչ է այսօր աշխարհում կատարվում: Նա առաջարկում է նոր դասընթաց՝ այդ տեղեկությունների տրամադրման համար: Գուցե նախ ֆակուլտատիվ փորձնական, հետո՝ արդեն ուսումնական ծրագրերում ընդգրկելով: Պարոն Մանուկյանը անհրաժեշտ է համարում այդ դասընթացը, որովհետև ինտելեկտուալ կրթության համար մարդը պիտի տիրապետի նվազագույն գիտելիքների աշխարհի զարգացման վերաբերյալ՝ հիմնական դրույթները, զարգացման տարբերակները: Երբ չկան այդ նախնական գիտելիքները, ցանկացած պրոբլեմ ստանում է հատվածական լուծում:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ներկայացրեց «Հայաստանը, արդի մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը» թեման: Նա կարծում է, որ արդարացված է այլ երկրների տարադրամից կախման նվազումը, ռուբլու դերի բարձրացումը արտաքին քաղաքական հաշվարկներում և ոսկու պաշարի նշանակության մեծացումը: Սակայն դա արդյունք չի տա, եթե չվարվի համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն: Անհրաժեշտ է փուլային անցում, որ ԵԱՏՄ երկրներում ինֆլյացիան 5 %-ից բարձր չլինի: Ազգային տարադրամի կուրսի իջեցումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի տարադրամի համեմատ պետք է համապատասխանի ինֆլյացիային: Պետք է ապահովել մոնետիզացիայի աճը և ունենալ համաձայնեցված ռեֆինանսավորում: Չափազանց կարևոր է պայմանագրային պարտավորությունների կատարումը, մասնավորապես ինֆլյացիայի և տարադրամային քաղաքականության հարցերում: Նպատակահարմար է ԵԱՏՄ պայմանագրի խմբագրումը, նոր պայմանները պետք է համակարգել ու ձևակերպել պայմանագրում: ԵԱՏՄ կայացումը լավագույն սցենարով կգնա, եթե ԵԱՏՄ-ին հաջողվի իրականացնել պայմանագրի առանցքային պահանջները և վարվի համաձայնեցած հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն: Իրենց դերն ունեն սոցիալական ու արտաքին քաղաքականության համակարգումը և կոռուպցիային արդյունավետ հակազդումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Որերորդ անգամ ներկա էի «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջոցառմանը, ամեն անգամ ինձ չի լքում զգացումը, որ կատարվում է կարևոր աշխատանք, որի արդյունքները արդյունավետ չեն օգտագործվում: Գուցե սխալվում եմ, բայց կազմակերպվող քննարկումների մակարդակը և նրանց ուղղակի ներգործությունը խնդիրների լուծման ընդհանուր գործընթացի վրա ուղղակի հակադարձ համեմատական են: Ափսո՜ս:

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ