ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայտնի է մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

Հայտնի է մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը
20.11.2015 | 16:43

Նոյեմբերի 20-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող՚ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ մեր ապագան առողջ ձեռքերում է, մենք ունենք ոգեղեն երիտասարդություն, ովքեր կարողանում են հզորացնել ու ամրապնդել մեր երկիրը։ «Կրթությամբ լուծվում է ազգային անվտանգության խնդիրը, երիտասարդներով պաշտպանվում է մեր երկրի անվտանգությունը։ Կրթությունը և բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող գործոններն են՚,- ասաց խորհրդարանի նախագահը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ, նշեց, որ դժվար թե աշխարհում գտնվի մի երկիր, որտեղ երկու շաբաթ շարունակ նշվում են այս տոները՝ ընդգրկելով երիտասարդների լայն շրջանակ։ Նա ընդգծեց, որ հատկապես մանկավարժական համալսարանում սովորողներն ուսանողական կյանքը Հայաստանում դարձնում են ավելի հետաքրքիր։
Տոնական ցերեկույթի ընթացքում պարգևատրվեցին բուհի ֆակուլտետների լավագույն ուսանողները, իսկ մանկավարժական համալսարանի 2015թ. լավագույն ուսանող ճանաչվեց կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Կորկոտյանը։
Գրիգոր Կորկոտյանը, խոսելով լավագույն ուսանողի կերպարի մասին, նշեց, որ նա առաջին հերթին պետք է բացարձակ գրազանց առաջադիմություն ունենա, նաև՝ ձգտում լինել հասարակությանը պիտանի, ձևակերպի իր նպատակները և տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելով՝ կարողանա օգտակար լինել շրջապատին։ «Լավագույն ուսանողը պետք է կյանքի ծարավ լինի, կենսուրախ, սիրի մարդկանց, իր մասնագիտությունը՚,- ասաց Գրիգորը, ով որպես մրցանակ ստացավ Իսպանիայի ուղեգիր։
Միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով. ելույթ ունեցան Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Ռուզան Ավետիքյանը, Վարդան Բադալյանը և այլք։
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ամենամյա է։ Ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, և հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և այլն։

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ