Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Հայաստանում ներդրումների նշանակալի հնարավորություններ կան»

«Հայաստանում ներդրումների նշանակալի հնարավորություններ կան»
11.11.2015 | 14:09

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան գերակայություններն են՝ խթանել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին և խրախուսել քաղաքացիական հասարակության կայացումը՝ Երևանում՝ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի միջոցառմանը հայտարարեց դեսպան Ռիչարդ Միլզը: «Իմ առաջին գերակայությունը գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումն է մեր երկու երկրների միջև: Ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առևտուրը՝ համատեղ առևտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առևտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով: Նորությունն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը հասել է այնպիսի մակարդակի, որ առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան, որոնց հետ կապված երկու կառավարությունները հաճախ ձեռնարկում են դժվարին քայլեր՝ համապատասխանեցնելով առևտրային կանոնակարգերը, իրավական ռեժիմներն ու մաքսային օրենսդրությունը»,- նշեց դեսպանը: Միլզի խոսքով, երկկողմ առևտրատնտեսական կապերը խորացնելու նպատակով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները մայիսին ձևավորել են Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդը, որի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 17-ին Երևանում:
Հաջորդ գերակայությունը կոռուպցիայի դեմ պայքարն է: Դեսպանն ընդգծեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի «խթանը գալիս է ԱՄՆ-ի կառավարության ամենաբարձր մակարդակից»: «Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդար չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը: Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ կոռուպցիան կեղեքում է երկիրը, կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները»,- նշեց Ռիչարդ Միլզը. «Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել և պահպանել: Կոռուպցիան սոսկ տնտեսության վրա չէ բացասաբար անդրադառնում: Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը, անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում և կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը»:
Հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակելու է աշխատել հայաստանյան ցանկացած պետական ու հասարակական կառույցի հետ, դեսպան Միլզը առանձնացրեց կառավարությանն առընթեր Հակակոռուպցիոն խորհրդի դերը՝ նշելով` աջակցությունը իրականացվում է այն պայմանով, որ խորհուրդը չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի, եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, աջակցությունը կդադարեցվի:
Ներկայացնելով հաջորդ գերակայությունը՝ ԱՄՆ-ի դեսպանը հայտարարեց. «Իմ գնահատմամբ, մերձբալթյան պետություններից հետո Հայաստանն ունի ամենակենսունակ ու ակտիվ քաղաքացիական հասարակությունը նախկին Խորհրդային Միության տիրույթում: Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանը ու փոփոխությունների մթնոլորտ ձևավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը և շահապաշտպան մոտեցումներ ձևավորելը հավասարապես կարևոր են ու պահանջում են համբերություն և նվիրված աշխատանք: Քաղաքացիական հասարակության համար մենք ունենք հետևյալ ուղերձը՝ կատարելագործեք ձեր կազմակերպական և շահապաշտպան կարողությունները, գտեք համակիրներ տեղերում»:
Ռիչարդ Միլզը խոսեց նաև Ռուսաստանի ու Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններից և Հայաստանի վրա այդ հարաբերությունների ազդեցությունից: Նշելով, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կան սուր տարաձայնություններ՝ դեսպանը հայտարարեց. «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ հնարավոր գործընկերների, այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և Եվրախորհուրդը»: Իրանի հետ կապված նշեց՝ հոկտեմբերի 18-ին ստորագրվել է Համատեղ գործողությունների համալիր ծրագիր, որի իրականացումից հետո ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պարտավոր կլինեն հանել միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները:
Ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չնշվեցին որպես գերակայություն, թեև Միլզը հայտարարեց, որ «ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա ասաց․ «Երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին»:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ