Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հանդիպել են Պուտինն ու Սարկոզին

Հանդիպել են Պուտինն ու Սարկոզին
30.10.2015 | 11:50

Հոկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի իր նստավայրում ընդունեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Մինչ հանդիպումը Սարկոզին դասախոսություն էր կարդացել МГИМО-ի ուսանողների համար և ստացել էր պատվավոր դոկտորի կոչում: «Ինչպե՞ս Ձեզ դիմել՝ պարոն նախագա՞հ, թե՞ պարոն դոկտոր: Դուք արդեն մեր ճանաչված բուհի պատվավոր դոկտոր եք, ուզում եմ շնորհավորել Ձեզ: Գիտեմ, որ Ձեր դասախոսությամբ լուրջ տպավորություն եք թողել ունկնդիրների վրա և ոչ միայն նրանց, ովքեր դահլիճում էին»՝ այսպես է Վլադիմիր Պուտինը ողջունել Նիկոլա Սարկոզիին ու ավելացրել է.

«Շատ ուրախ եմ քեզ տեսնել, Նիկոլա, վաղուց չենք հանդիպել՝ մի ամբողջ տարի»: Ֆրանսիայի նախորդ նախագահը նույնպես ուրախ էր Պուտինին տեսնել և ասել է, որ «աշխարհը Ռուսաստանի կարիքն ունի՝ Ռուսաստանն ու Եվրոպան դատապարտված են միմյանց հետ աշխատել», ու ընդգծել է՝ «Չնայած մեր միջև երբեմն տարաձայնություններ էին լինում, մեր երկրների միջև, երբ մենք Ձեզ հետ զրուցում էինք, միշտ կարողանում էինք ճիշտ փոխզիջում գտնել»:
МГИМО-ում իր ելույթում Նիկոլա Սարկոզին հայտարարել է. «Ոչ մի իմաստ չունի Ռուսաստանին մեկուսացնելը» և «Մենք ոչ մի դեպքում չպետք է համաձայնենք նոր սառը պատերազմին»: 2012-ին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Նիկոլա Սարկոզին երրորդ անգամ է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:
RFI


Հ.Գ.
ՈՒ Սարկոզիի ինչի՞ն է պետք Մոսկվա գալն ու МГИМО-ի պատվավոր դոկտոր դառնալը: Պուտինի ինչի՞ն է պետք նախկին նախագահին հանդիպելը: Այդքան սե՞րտ էր նրանց ընկերությունը: Հազիվ թե: Սարկոզին Բեռլուսկոնին չէ: Սիլվիոն այլևս մեծ քաղաքականություն վերադարձի քիչ շանսեր ունի, թեպետ մնում է ազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար: Նիկոլան Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածուն է՝ սոցիալական հարցումների համաձայն: Բայց ունի ֆինանսական խնդիրներ: ՌԴ նախագահը լավ գիտի, որ Ֆրանսուա Օլանդը նախագահական երկրորդ ժամկետի չի ձգի՝ հետպատերազմյան Ֆրանսիայի պատմության մեջ իր ամենացածր վարկանիշով: Իսկ պատժամիջոցներից պետք է ազատվել, հնարավորինս արագ: ՈՒ՝ ստացվում է երկուստեք կարևոր հանդիպում՝ հեռանկարի իմաստով: Գուցե եկող տարի Պուտինը Նովո-Օգարյովոյում ընդունի նաև Հիլարի Քլինթոնի՞ն: ՌԴ նախագահը գիտի ու գնահատում է անակնկալի գինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ