Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայաստանը կարող է իր լուման ունենալ Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու նախագծում

Հայաստանը կարող է իր լուման ունենալ Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու նախագծում
24.10.2015 | 01:27

Արդեն հեռավոր 1978-ին, ստանալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի դիպլոմը, ես պատկերացնել անգամ չէի կարող, որ 40 տարի անց ես՝ արդեն որպես Հայաստանի արտգործնախարար, պատիվ կունենամ իմ հայրենիքում՝ Երևանում, ընդունել նման կարևոր իրադարձություն՝ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների համաժողովը՝ Երևանում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Իր ելույթում նա նշել է. «Անցյալ տարի Մոսկվայում կայացած Երկրորդ համաժողովի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով, որ 2015-ին նշվում է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը։ Այս ինստիտուտը հետագայում վերակազմավորվեց Արևելագիտության Մոսկվայի ինստիտուտի, որի հիման վրա ստեղծվեց ՄԳԻՄՕ-ի Արևելյան բաժինը։
ՈՒրախ եմ, որ այդ օրը վրա է հասել, և մենք կարող են ձեզ ողջունել Երևանում 3-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում։
ՄԳԻՄՕ-ի յուրահատուկ հոգին միավորում է բոլոր շրջանավարտներին։ Թեպետ կյանքը մեզ ցրել է աշխարհով մեկ, սակայն ուսանողական տարիների ընկերները միշտ ուրախ են հանդիպման հնարավորության համար։ Այս մասին է վկայում նաև ողջ աշխարհից Երևան ժամանած համաժողովի մասնակիցների թիվը։
Ինստիտուտը, որն անցյալ տարի նշեց իր 70-ամյակը, պարզապես աշխարհում դիվանագետներ պատրաստող լավագույն կրթական հաստատություններից մեկը չէ։ Այն առաջին հերթին միահյուսում է ավելի քան 50 հազար շրջանավարտների ճակատագրերը, որոնք դարձել են ՄԳԻՄՕ-ի «մեծ ընտանիքի» անդամները։
Անցյալ տասնամյակների ընթացքում ինստիտուտը աշխարհին տվել է հայտնի դիվանագետների, տնտեսագետների, պետական գործիչների, գիտնականների, գործարարների և լրագրողների մի ամբողջ աստղաբույլ։ Դրանում իհարկե անվիճելի ավանդ ունեն փայլուն պրոֆեսորները և դասախոսները, որոնք շատ բան են արել աշխարհի տարբեր երկրների ամենաբազմազան ազգությունների շրջանում հազարավոր բարձր որակավորում ունեցող դիվանագետներ կերտելու գործում։
Խոնարհվում եմ մեր բոլոր պրոֆեսորների առաջ, որոնք ոչ միայն գիտելիք են տվել, այլև հատուկ էներգետիկա են փոխանցել և նպատակամղվածություն դաստիարակել բարդ խնդիրների լուծման համար, որոնք քիչ չեն պատահում միջազգային հարաբերություններում։ Նրան ոչ միայն սովորեցրել են մեզ խոսել տարբեր լեզուներով, այլև, ինչպես ասում են, շփվել առանց թարգմանիչների, ՄԳԻՄՕ-ի լեզվով։ Շփման այդ ունիվերսալ լեզվի շնորհիվ ձևավորվում է խնդիրների լուծման տրամադրվածություն, իսկ դիվանագիտության մեջ կարևոր է հասկանալ, որ խնդիրները ոչ միայն պետք է, այլ նաև հնարավոր է լուծել։
ՈՒրախացնում է այն փաստը, որ հարազատ համալսարանը կանգ չի առնում ձեռք բերածի վրա, այլ մշտապես կրթական գործընթացի, վերլուծական, գիտական աշխատանքների կատարելագործման և տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման գործընթացի մեջ է գտնվում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԳԻՄՕ-ի ղեկավարությանը, անձամբ Անատոլի Վասիլևիչ Տորկունովին՝ ՄԳԻՄՕ-ի և ՀՀ ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոցի արգասաբեր և արդյունավետ համագործակցության համար։
Ինձ վերապահված պատիվը՝ անցյալ տարվա ապրիլին ՄԳԻՄՕ-ի Պատվավոր դոկտորի կոչումը, նաև հարգանքի տուրք է ՄԳԻՄՕ-ի բոլոր հայաստանցի շրջանավարտներին, որոնք միջազգային հարաբերություններում օգտագործել և օգտագործում են ինստիտուտում ստացած գիտելիքների հսկայական պաշարը։ Շփվելով ՄԳԻՄՕ-ի ներկայիս ուսանողների և ասպիրանտների հետ՝ ես համոզվում եմ, որ մեր ինստիտուտն ունի ապագա, որը պակաս փառավոր չէ, քան նրա պատմությունը։
ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների եղբայրությունը հսկայական պոտենցիալ է և մեծ ուժ։ Բայց ոչ նրա համար, որպեսզի շուռ տանք աշխարհը, այլ որպեսզի այն դարձնենք ավելի ներդաշնակ, հուսալի և անվտանգ ապագա սերունդների համար։ Վստահ եմ, որ հենց դրան են նվիրված լինելու մեր այսօրվա քննարկումները։
Մեր համաժողովը լավ հնարավորություն է միջազգային հարաբերությունների արդիական հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։ Պատահական չէ, որ համաժողովի թեմատիկ հիմքերից մեկը նվիրված է Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակին, արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորմանը, այդ տարածաշրջանից փախստականների հոսքին և ահաբեկչության աննախադեպ աճին, որն այսօր մարտահրավեր է նետում քաղաքակիրթ մարդկությանը։
Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում հայեր են ապրում, որոնք տարածաշրջանում ապրող ազգերի բազմաէթնիկ, բազմակրոն խճանկարի անբաժանելի մասն են և բոլորի նման կրում են ծայրաստիճան լարված իրադրության ողջ ծանրությունը։ Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է 17 հազար փախստականի։ Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեր մշտական մտահոգության առարկան է մնում։
Մյուս կարևոր թեման նվիրված է Իրանին, միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո բացվող հեռանկարներին։ Այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն կայունության և անվտանգության ամրապնդման համար, այլ նաև ճանապարհ է հարթում տարածաշրջանային և միջազգային փոխշահավետ համագործակցության համար։ Կցանկանայի նշել, որ այսօր մենք իրանցի մեր գործընկերների հետ աշխատում ենք մի շարք հեռանկարային հարցերի շուրջ։ Իրանի ավելի ակտիվ միջազգային տնտեսական ներգրավվածությունը կարող է էապես մեծացնել ողջ տարածաշրջանի տնտեսական գրավչությունը։
Միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Այսօր աշխարհում կա մոտ 20 տնտեսական միավորում։ Շատ մասնագետներ ասում են, որ պարզելու համար, թե որքանով է այս կամ այն երկիրը շահում կոնկրետ տնտեսական միության անդամակցելուց, անհրաժեշտ է պարզել, թե լրացուցիչ տնտեսական հնարավորությունների առումով ինչ կկորցներ նա, եթե չդառնար այդ միության անդամը։
Այս տարվա սկզբից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցել է նաև Հայաստանը։ Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ հիմքում դրված 4 ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղափոխությունը, լրացուցիչ խթան են անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։ 21-րդ դարի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների և տնտեսական դիվանագիտությանը համաժողովի առանձին բանավեճային դրվագ է նվիրված։
Համաշխարհային հարցերից, տնտեսական գործընթացներից խոսելիս անհնար է շրջանցել այն առանցքային դերը, որը խաղում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Հայ-չինական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են գտնվում։ Մեր երկկողմ կապերին լրջագույն խթան տրվեց այս տարվա գարնանը ՀՀ նախագահի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ, որի շրջանակներում ստորագրվել էին ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, քննարկվել էր մեր տարածաշրջանի տնտեսական նախագծերում Չինաստանի հնարավոր մասնակցության հնարավորությունը։
Հայաստանը պատմականորեն եղել է հնագույն Մետաքսի ճանապարհի կարևորագույն օղակներից մեկը։ Հայ վաճառականները ակտիվորեն մասնակցում էին Արևմուտքի և Արևելքի միջև առևտրական հարաբերություններին։ Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու նոր նախագծում Հայաստանն անխոս կարող է իր լուման ներդնել։ Այդ հարցերին է նվիրված «Չինաստանի տնտեսությունը փոխհարաբերությունների համաշխարհային համակարգում։ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին» թեմատիկ դրվագը։
Հուսամ, որ համաժողովի մասնակիցները, քննարկումներից, գործնական հանդիպումներից բացի, հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնել մեր ժողովրդի քաղաքակրթության հնագույն մշակութային ժառանգությունը, ճարտարապետության հուշարձանները, կհամտեսեն հայկական խոհանոցի ճաշատեսակները և կզգան մեր ժողովրդի հյուրընկալ հոգին։ Ես կարծում եմ, որ պատահական չէ, որ մեզ մոտ ասում են. «Հյուրն Աստծունն է»։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ