ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սկյութներից՝ Աստանա

Սկյութներից՝ Աստանա
19.10.2015 | 23:22

«2015-ը շատ խորհրդանշական տարի է Ղազախստանի բոլոր քաղաքացիների համար. ուղիղ 550 տարի առաջ Եվրասիական մայր ցամաքի կենտրոնում մեր նախնիները հիմնեցին Ղազախական խանությունը: Այդ իրադարձությունը մեկնակետն էր ղազախ ժողովրդի բազմադարյա պետականության, որ առավել ամբողջական արտահայտություն գտավ ներկա պետության մեջ՝ Ղազախստանի Հանրապետության»,- հայտարարեց Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական ԺԱԼԳԱՍ ԱԴԻԼԲԱԵՎԸ՝ հոկտեմբերի 16-ին «Ղազախական խանության 550-ամյակը» կոնֆերանսում, որ կազմակերպել էին Ղազախստանի դեսպանությունը Հայաստանում ու Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Բացելով կոնֆերանսը՝ կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ հաճելի զուգադիպությամբ հենց նույն օրը ՀՀ նախագահը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու ԱՊՀ և ԵԱՏՄ խորհրդի նիստերին: Նա շեշտեց, որ այսօր Ղազախստանը տարածաշրջանային պետություն է, որ ակտիվ աշխատում է Կենտրոնական Ասիայում, բայց բազում հարցեր կան, որտեղ Աստանան հանդես է գալիս իբրև գլոբալ պետություն (օրինակ՝ աշխարհում միջուկային սպառազինության զինաթափման հարցերում): Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենովը հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը որակեց Հայաստանի և Ղազախստանի բարձրամակարդակ հարաբերությունների հիմք և պատահական չհամարեց, որ Հայաստանում նշվում է Ղազախական խանության 550-ամյակը: ԱԺ պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ևս կարևորեց երկու ժողովուրդների դարավոր կապերը, նրա համար 550 տարի առաջ Ղազախական խանությունում ղազախ ժողովրդի միավորումը նաև հոգևոր միասնության արտահայտություն էր, որն իր դրսևորումն ունի այսօրվա Ղազախստանում:
Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ժալգաս Ադիլբաևին էր տրված հիմնական զեկուցողի իրավունքը, և նա ներկայացրեց այդ հարցում իր պետության պաշտոնական դիրքորոշումը: Նա նշեց, որ Ղազախստանի ներկա տարածքում պետության ծնունդն ու զարգացումը դարերի խորքը գնացող արմատներ ունեն: Եվրասիայի տափաստանների Մեծ գոտու պատմությունը նախ և առաջ ռազմատենչ անասնապահ ցեղերի պատմությունն է, որ այդ արեալում ստեղծել են վաղ պետական կազմավորումներ՝ պարսկալեզու և թուրքալեզու ցեղերի միջև՝ սակերի, կանգլների, ուսունների և հոների: Պատերազմների, դիվանագիտության, առևտրի, քաղաքական ու ռազմական դաշինքների միջոցով տափաստանում բնակվող ազգերը աստիճանաբար մեծացրել են ապագա ղազախական պետության տարածքները, որի ժառանգորդները այսօրվա Ղազախստանի քաղաքացիներն են: «Դեռ մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսին հույն պատմաբան Հերոդոտոսը նկարագրել է արևելյան ընդարձակ պետություն՝ Սկյութիան, որ հայտնի էր որպես սակերի երկիր: Հին պարսից պատմիչները սակեր էին անվանում Ամուդարյայից ու Սիրդարյայից հյուսիս մեծ տափաստանում բնակվողներին: Սակերի քաղաքակրթությունը արևմուտքում հարում էր հին հունական անտիկ քաղաքակրթությանը, արևելքում՝ հին չինական: Սակերի քոչվոր Թուրանը հարավում սահմանակից էր նստակյաց Իրանին՝ հնդարիական ցեղերի պետությանը: Սակերի հենց այդ շրջանում է ձևավորվել Մետաքսի մեծ ճանապարհը, առաջին անգամ առևտրական կապերով կապելով Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունները: Հայտնի առաջին պետական կազմավորումներից պատմաբանները նշում են մ.թ.ա. 7-6-րդ դարերի Կանգխա պետությունը՝ Սիրդարյայի միջնամասում, որ հիշատակվում է հնդիրանական «Ավեստայում»: Հին չինական «Խան դինաստիայի գրքում» մ.թ.ա. 2-րդ դարում այդ տարածքում եղել է Կանգյույ պետությունը: Սակերի քաղաքական պատմության շարունակությունն է դարձել մ.թ.ա. 2-րդ դարի ույսունական պետությունը, որ նշանակալից ներդրում է ունեցել ղազախ էթնոսի մշակույթում: Ղազախական պետականության էթնոմշակութային ու քաղաքական անցյալում կարևորագույն դեր է ունեցել հոների մեծ պետության ի հայտ գալը պատմական ասպարեզում: Հոների թագավորության ժառանգորդն է դարձել Թուրքական կագանատը (գրավոր աղբյուրներում՝ Թուրքական էլ), որի հետ են ժամանակակից պատմաբանները կապում 6-րդ դարի կեսին Ղազախստանը բնակեցնող ցեղերի լեզվի, մշակույթի, աշխարհայացքի ձևավորումը: Կագանատի կառավարիչների քաղաքականությունը այնքան էր ներդաշնակում բոլոր թուրքական ցեղերին, որ պետականությունը ընդարձակել է իր տարածքները արևելքում մինչև Չինական մեծ պարիսպ, իսկ արևմուտքում՝ մինչև Սև ծով: Հիմք ընդունելով պատմական աղբյուրները՝ Ղազախստանի նախագահը իր գրքերից մեկում նշել է. «Թուրքական առաջին կագանատը (552-603) միացել էր Բյուզանդիայի, Իրանի, Չինաստանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունների համակարգին: Իր ծաղկման շրջանում Թուրքական կագանատը Մանջուրիայից մինչև Կերչի նեղուց էր տարածվում, Ենիսեյից՝ Ամուդարյա: Այդպես թուրքական կագանատները դարձան եվրասիական առաջին կայսրությունների ստեղծողներ»: Միավորելով արևելյան ու արևմտյան ժողովուրդների ձեռքբերումները՝ թուրքերը կարողացան ստեղծել ինքնատիպ մշակութային շերտ՝ սեփական գրերով: Տարբեր կրոնների՝ թենգրիականության, քրիստոնեության, բուդդայականության, հատույթում գտնվելը ևս մեծ դեր խաղաց հետագա զարգացման համար: Թուրքական կագանատի տրոհումից հետո ձևավորում են թուրք ցեղերի նոր էթնոքաղաքական միություններ: Իրտիշի ափերին բարձրանում է կիմակների պետությունը, սակայն արևելքից միգրացիայի հզոր ալիքը կիմակների պետությունը թուլացնում է, և արդեն 9-րդ դարի կեսերին սկսվում է ղփչաղների պատմությունը. դառնալով կիմակների պետականության ժառանգորդը՝ նրանք ստեղծեցին ղփչաղական պետությունը: 9-րդ դարի վերջին այդ պետության տարածքները հասան հարավռուսական տափաստաններ և Եվրասիական տափաստանային գոտի՝ Դանուբից մինչև Իրտիշ՝ ստանալով Դեշտ ի Ղփչաղ անվանումը: Ռուսական աղբյուրներում ղփչաղները հայտնի են «պոլովցիներ» անունով, եվրոպական աղբյուրներում՝ «կումաններ» կամ «կուներ»՛:
11-13-րդ դարերում Դեշտ ի Ղփչաղի տարածքում բազում ցեղեր էին ապրում, նրանց միավորում էին տնտեսական ու տարածքային կապերը, ձևավորվում էր լեզվամշակութային ընդհանրությունը: 13-14-րդ դարերում նրանք միավորվեցին և 1206-ին ստեղծեցին Կենտրոնական Ասիայի միասնական Մոնղոլական հորդան՝ Չինգիզ խանի գլխավորությամբ: Ապագա Ղազախական խանության համար կարևոր դեր խաղաց Չինգիզ խանի կայսրության տրոհումը պետությունների խմբի, որոնց թվում հատուկ տեղ ունի Ոսկե հորդան, որ ղեկավարում էին նրա ավագ որդի Ջուչիի ժառանգները: Ոսկե հորդան համարվում է առաջին կենտրոնացված պետությունը հետմոնղոլական շրջանում, որ ներառում է ժամանակակից Ղազախստանի տարածքի մեծ մասը: Սկզբում Ոսկե հորդան Մոնղոլական կայսրության մաս էր, բայց առաջին կառավարիչ Բաթու խանը (1242-1256) իրեն պահում էր իբրև անկախ տիրակալ: Ոսկե հորդայի պետականության հիմքում դրված սկզբունքները Ղազախստանի տարածքում հետագա պետականությունների ստեղծման ու զարգացման հիմք դարձան Ակ հորդայի, Նողայական հորդայի, Մոգուլիստանի, Աբուլխաիրի խանության, և, իհարկե, Ղազախական խանության: Այդ պետական միավորումները ձևավորվել էին բացառապես ժամանակակից Ղազախստանի տարածքում և միանման քաղաքական կառուցվածք ունեին, տնտեսական ու մշակութային զարգացում, բացի այդ՝ ընդհանուր դինաստիական ծագում: Պատմական առումով Եվրասիայի քոչվորների տափաստանային քաղաքակրթությունը միջնադարում մեծ ազդեցություն է ունեցել հարևան պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բյուզանդիայի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի երկրների վրա:
Քոչվոր քաղաքակրթության հիմքի վրա է ձևավորվել ղազախների, իբրև էթնոսի, առաջին պետական միավորումը, ներառելով լավագույն ավանդույթները քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ոլորտներում: Ղազախական խանություն անվանումը վկայում է 15-րդ դարում նոր ազգային պետության ի հայտ գալը պատմական ասպարեզում: Ժամանակի հայտնի պատմաբան Մուհամեդ Հայդար Դուլատի «Թարիխի Ռաշիդի» գրքի համաձայն՝ Ղազախական խանությունը ձևավորվել է Չու և Թալաս գետերի ափին 1465-ի աշնանը, երբ այդտեղ են քոչել սուլթաններ Քերեյն ու Ջանիբեկը՝ Շայբանիդների դինաստիայի ժառանգ խան Աբդուլհաիրի բռնապետության դեմ ապստամբելով: Օրենսդիր ու գործադիր իշխանությունը կենտրոնացած էր խանի ձեռքում, որ նաև գերագույն գլխավոր հրամանատար էր: 16-րդ դարում Ղազախական խանությունը լավ հայտնի էր Եվրասիայում: Արդեն 16-րդ դարի առաջին կեսին տարածքը անվանվում էր Ղազախստան: 1562-ին անգլիացի վաճառական Էնտոնի Ջենկինսոնի կազմած քարտեզում հարավում Տաշքենդի և հյուսիսում Սիբիրի միջև ընկած հողերն անվանված են Cassackia՝ Ղազախիա: Առավելագույն քաղաքական ու տարածքային ծաղկման Ղազախական խանությունը հասել է 16-րդ դարում՝ խան Կասիմի (1511-1523) և խան Հախնազարի (1538-1580) կառավարման տարիներին: Խաները վարում էին ակտիվ, բացարձակ ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականություն՝ Կասպից ծովից մինչև Ալթայ տարածքում: 17-րդ դարում արդեն ավարտվել էր միասնական ժողովրդի կազմավորումը՝ ղազախներ էին կոչվում Կենտրոնական Ասիայի բոլոր թուրքական ու ոչթուրքական ցեղախմբերը, որ մտնում էին Ղազախական խանության մեջ, կային էթնիկ ավանդույթներ, սովորույթներ, միասնական էին կրոնը, լեզուն և մշակույթը: Ղազախական խանությունը վստահորեն դառնում էր միջազգային հարաբերությունների սուբյեկտ: Մերձավոր ու հեռավոր երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ հարաբերություններում կուտակած փորձի հիման վրա Ղազախական խանության կառավարիչները արդյունավետ արտաքին քաղաքականություն էին վարում և լավ դիվանագետներ էին: Ղազախական խանության պատմական հեռանկարները, սակայն, սահմանափակում էին կռվազան ջունգարների քոչվոր ցեղերը և Եվրասիական տարածքում նոր գերակա ուժի ի հայտ գալը՝ Ռուսական կայսրության, որի կազմում Ղազախական խանությունը հայտնվեց մասամբ կամավոր, մասամբ եվրոպական զենքի կիրառմամբ՝ 130 տարվա ընթացքում՝ 1731-1865 թթ.: Հետևեց զարգացման հակասական, թերևս ոչ ամեն ինչում բացասական շրջան ցարական Ռուսաստանի կազմում»,- իր զեկույցում նշեց Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ժալգաս Ադիլբաևը:
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Կարեն Նահապետյանը, արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը, թուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, նույն ամբիոնի ասպիրանտ Շուշանիկ Խաչատրյանը գերազանցապես անդրադարձան հայ-ղազախական ներկա կապերին՝ ներկայացնելով պատմամշակութային համագործակցությունը: Մանրամասն վերլուծվեց ղազախ գրող Մուխթար Աուեզովի ստեղծագործությունը, նշվեց, որ ղազախ գրողները թարգմանվել են հայերեն և դարձել են նաև հայ ընթերցողի հոգևոր հարստությունը: Եվ ամեն ինչի «մեղավորը» Հայաստանում Ղազախստանի դեսպանատունն է, որ զարգացնում է գիտակրթական, մշակութային ու հումանիտար համագործակցություն Ղազախստանի ու Հայաստանի միջև: 2010-ին իբրև Ղազախստանի կառավարության նվեր՝ Երևանի պետական համալսարանում, թուրքագիտության ամբիոնին կից, բացվեց Ղազախական լեզվի, պատմության ու մշակույթի կենտրոն, որտեղ կան Ղազախստանի անցյալն ու ներկան ներկայացնող գրքեր, էլեկտրոնային տեղեկատվություն՝ գրականության, պատմության, տնտեսության, մշակութաբանության վերաբերյալ: 2010-ին ամբիոնի դասախոսներ Լուսինե Սահակյանը և Ալեքսանդր Սաֆարյանը սկսեցին հայ-ղփչաղական ձեռագրերի ուսումնասիրությունը, որ պահվում են Մատենադարանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Երկար՝ մի քանի ժամ, ես ամենայն ուշադրությամբ հետևում էի բոլոր ելույթներին, անանձնական ուրախությամբ ուրախանում էի ղազախների համար, զարմանքով իմացա, որ Երևանի պետական համալսարանում ցանկացողները կարող են ղազախերեն սովորել, և այլն, և այլն: Խոստովանեմ՝ ամբողջ ընթացքում կպչուն միտք կար՝ իսկ ղազախները գիտե՞ն Հայաստանի պատմությունը, Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը ունի՞ Հայաստանը՝ իր մ.թ.ա. սկսված և մ.թ. 21-րդ դարը հասած պատմությամբ, պետականությամբ, թագավորություններով, դպրությամբ ու համաշխարհային քաղաքակրթությանը ունեցած ազգային ներդրումով ներկայացնելու ծրագիր, կազմակերպո՞ւմ է նման միջոցառումներ, Ղազախստանի պետական համալսարանում հայերեն ուսանո՞ւմ են, հայ գրողները ղազախերեն թարգմանվո՞ւմ են: Հաջողվեց պարզել, որ ղազախերեն են թարգմանված Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները: Իբրև սկիզբ՝ ոչինչ, բայց հաստատ Հենրիկ Էդոյանը շատ քիչ է՝ Հայաստանի անցյալն ու ներկան հասկանալու համար: Երկրորդ կպչուն միտքն էլ կար՝ չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ Ղազախական խանության 550-ամյակը պետականորեն նշվում է ու նույնիսկ հասել է Հայաստան՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտության, որ Ղազախստանը պետականություն ստացավ խորհրդային կարգերի օրոք միայն: Ես պատմաբան չեմ, ինձ մնում է փոխանցել կոնֆերանսում հնչած տեսակետները, նրանց համապատասխանությունը պատմական իրողություններին պիտի որոշեն մասնագետները՝ սա երրորդ կպչուն միտքն էր: Բոլոր դեպքերում պատմությունը սքանչելի գիտություն է և հազարավոր շերտեր ունի անթեղած, որ ցանկացած պահի կարող ես պեղել՝ ամրակայելու քո օրվա քաղաքականությունը: Աշխարհում բոլորն են այդպես անում՝ սա արդեն ոչ թե կպչուն միտք էր, այլ իրականության արձանագրում:

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ