«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Փակ շուկան հավասարազոր է Անիի տաճարին»

«Փակ շուկան հավասարազոր է Անիի տաճարին»
03.04.2013 | 16:06

«Ոչ մի միլիմետր առաջխաղացում չկա, շարունակվում են շինաշխատանքները` առանց հաստատված նախագծի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով Փակ շուկայի առնչությամբ իրենց նամակներին, բողոքի ձայնին: Փաստելով, որ անօրինական է այդ կառույցը, ճարտարապետը շեշտեց, որ հուշարձանների պահպանության մասին օրենքն արհամարհել են, իսկ Երևանի ավագանու քար լռությունը զարմացնող է: Եթե անգամ այսօր դադարեցվեն շինաշխատանքները, ըստ ճարտարապետների միության նախագահի, կատարվածն արդեն բավարար է, որ բարբարոսություն համարվի: «Ընտրությունից ընտրություն ապրելն ամենատհաճ բաներից մեկն է: Քաղաքապետարանը պետք է աշխատի առանց ընտրություններին նայելու, սա մեծ ազդեցություն չպետք է ունենա: Մի տարի առաջ, մի տարի հետո ամեն ինչ կանգնում է, չի կարելի այդպես ապրել», - խնդիրը դիտարկելով նախընտրական շրջանում` ասաց Մինասյանը, ընդգծելով, որ հասկացողության պակաս կա, քանի որ Փակ շուկայի արժեքը հավասարազոր է Անիի տաճարին: «Ի՞նչ է կատարվել այստեղ, որ ոչ մեկը չի ուզում մոտենալ: ՈՒրեմն անձնական խնդիրներ են, որոնք վեր են կանգնած քաղաքի, օրենքի շահերից: Մի աստված են թողել` փողի: Այսպես հեռու չենք կարող գնալ»,- արձանագրեց ճարտարապետը, հավելելով, որ առաջիկա ընտրություններին վստահելու է այն մարդուն, ով Երևանի համար լավ բան է անելու: «Տարոն Մարգարյանն աշխատել է երկու տարի: Քաղաքապետ լինելը շատ ավելի դժվար բան է, քան թվում է: Վերջին կատարածները, կանաչապատումն ընդունում եմ, բայց ցանկանում եմ, որ Տարոն Մարգարյանն ավելի սրտացավ լինի: Մյուսների աշխատանքը չեմ տեսել: Եթե ես դժգոհում եմ, ապա չի նշանակում, որ մեկ ուրիշին եմ ուզում: Նրանց աշխատանքը չեմ տեսել, իսկ եթե նա ավելի վատ լինի՞>,- թե ընտրություններին որ քաղաքական ուժի թեկնածուին է առաջնայնություն տալիս հարցին` ասաց Մինասյանը:
Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ, խոսելով ընդհանրապես Երևանի ճարտարապետության մասին, այն որակեց ոչ միայն ագրեսիվ, այլև տխուր, ոչ հարազատ: «Եթե կամարներ ենք կառուցում շենքերի վրա, դա չի նշանակում, որ դա հայկական է: Երբ իմ կոլեգաները գալիս են այլ երկրներից, զարմանում են, թե մենք ոնց թույլ տվեցինք Երևանի կենտրոնը բերել այն մակարդակի, որ քաղաքը կորցրել է իր դեմքը: Անսպասելիորեն այստեղ Եվրոպա են բացահայտում ու զարմանում, թե ինչ ենք դարձրել: Խորհրդային տարիներին Երևանն ամենասիրուն քաղաքն էր: Ատելությամբ լցված մարդկանց ոնց կարելի է հասկացնել, որ Երևանը հայության սեփականությունն է: Այսօր ստեղծում ենք լրիվ ուրիշ քաղաք: Այդ գումարներով արվարձանները կարող ենք զարգացնել, այլ քաղաքներ զարգացնել: Բևեռացումը քաղաքի կենտրոնի վրա համարում եմ հանցագործություն»,- եզրահանգեց Բադալյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ