Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ներկայիս նախկին» իշխանություններին փոխել «նախկինիս ներկա» իշխանությունով

«Ներկայիս նախկին» իշխանություններին փոխել «նախկինիս ներկա» իշխանությունով
21.05.2012 | 13:02

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները հատկանշական էին նրանով, որ դրանց արդյունքները խորապես պայմանավորված էին տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներով։ Հայաստանյան քաղաքական գործընթացները հայտնվել են աշխարհի ուժային կենտրոնների աննախադեպ շահագրգռությունների կենտրոնում, այդ իսկ պատճառով ներքաղաքական նախապատվությունները, որոնք պայմանավորված են արտաքին շահագրգիռ կողմերի ազդեցություններով, հակված են առաջացնելու խիստ կտրուկ հակազդեցություն։

Հարկ է նշել, որ արևմտյան ուժային կենտրոնների համար Հայաստանը դիտվում է որպես մրցակից Ռուսաստանի հզորացումը զսպելու և նրան տարածաշրջանից դուրս մղելու կարևորագույն գործիքներից մեկը։ Եվ հենց սա է պատճառը, որ արևմտյան ուժային կենտրոններն ստանձնել են Հայաստանի «անկախության» պահապանի դերը։ Մյուս պատճառը, որն առկա է, ԱՄՆ-ի կողմից հայ-թուրքական հակամարտության կարգավորման գործընթացի հեռահար նկրտումն է։ Այս նոր կոնֆիգուրացիային համապատասխան Վաշինգտոնը բացառիկ ոգևորությամբ նպատակադրվել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում լիարժեքորեն փոփոխության ենթարկելու օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Սակայն հակազդեցությունների պարագայում, ինչն անխուսափելի է, չի բացառվում նաև քաղաքական ուղղվածությունների կտրուկ շրջադարձը, որը կարող է այս անգամ հանգեցնել մի նոր «Կարսի պայմանագրի», Հայաստանը կանգնեցնելով ազգային նոր աղետի առջև։
Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար Հայաստանը դաշնակից է այնքան ժամանակ, քանի դեռ ռազմավարական այնպիսի մի սահմանափակ ուժ է, այնպիսի օլիգարխիկ կառավարություն, որը բացարձակապես ընդունակ չէ կյանքի կոչելու սեփական երկրի հզորությունն ու իր ազգային շահերի և հետաքրքրությունների պաշտպանությունը։ Ռուսական «գարնիզոնային մոդելի» սկզբունքներով կառուցված հայկական պետությանն ու իշխանություններին երբեք թույլ չի տրվի սեփական ճակատագրին տեր կանգնել։ Հենց սա է պատճառը, որ երբ Հայաստանն իր ռազմավարությանը փորձում է ավելացնել որևէ քաղաքական տարր, Ռուսաստանի համար այն վերածվում է բացարձակ լուրջ լարվածության։
Հայաստանի ներքաղաքական պայքարը, դեռևս անտեսանելի ճակատներում, աստիճանաբար ձևավորվում է որպես արտաքին քաղաքական նախապատվությունների համար մղվող պայքար։ Մինչդեռ այս կամ այն նախապատվությունը ներքաղաքական կյանքում կհանգեցնի քաղաքական, գաղափարական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ մակարդակներում ռացիոնալիզմի զգացողության անվերադարձ կորստի։ Նման կտրուկ զարգացումները ձևավորում են տարբեր քաղաքական ուժերի արհեստածին միավորումներ, որոնց թերի և կաղապարված գաղափարները, թափանցելով հասարակության մտայնության մեջ, ստիպում են զանգվածներին անգիտակցաբար կառչել օտար կողմնորոշումներից և գաղափարներից։ Հենց այս համախառնուրդից ստացված սինթեզն էլ կխաթարի և կկասեցնի հասարակության ապահովության, ազգային անվտանգության գիտակցման ու բարոյական արժեքների դավանման մթնոլորտի կայացումը։ Թեպետ անցած 20 տարում պարտադրված օտար գաղափարների ու կողմնորոշումների ճնշման արդյունքում արդեն իսկ նահանջել են ազգային գաղափարներն ու դուրս մղվել պետական կենսագործունեության ոլորտներից։ Այսօր ապագաղափարականացված հասարակությունը չի կարող դիմակայել օտար գաղափարների զանգվածային ինտերվենցիային, ինչը կարող է հանգեցնել ազգային ինքնության կորստի։
Հակառակ իշխանության և ընդդիմության տարբեր դրսևորումներին, այնուամենայնիվ, գաղափարաքաղաքական առումով նրանք չունեն այնպիսի լուրջ գործոններ, որոնք հիմք կհանդիսանային պնդելու վերջիններիս սկզբունքորեն տարբեր նպատակների մասին։ Արհեստականորեն բուծվող արևմտամետ կոմպլեմենտար և ռուսամետ (եվրոպական) բազմավեկտոր տիպի քաղաքականության հավակնորդներն ու միավորումները, որքան էլ հարմարեցված են արտաքին պահանջներին և չափորոշիչներին, այնուամենայնիվ, հետևանք են քաղաքական էլիտայի ավելի քան շփոթվածության։ Լուրջ հավակնություններ ունեցող ուժերը փորձեր են ձեռնարկում հնարավորինս լավագույն ձևով օգտվելու արտաքին քաղաքական հնարավորություններից։ Մինչդեռ քաղաքական ողջ էլիտան, կառուցվածքն ու նրա վաշխառուաբիզնեսային վարչակազմը, որը միանշանակորեն դիտվում է որպես սկզբունքներից զուրկ մի անդեմ սպասարկող գործակալություն, համաշխարհային ուժային կենտրոնների կողմից երբեք չեն ընդունվել որպես գործընկերներ և դուրս են մղվել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներից։
Մինչդեռ հայոց պատմության գրեթե ողջ ժամանակահատվածում իշխանությունները միշտ էլ կազմավորվել են տարբեր ոլորտների հեղինակությունների մեկ ամբողջական համադրումի կայացմամբ։ Իշխանը, կաթողիկոսը, մտավորականն ու ավատները հանդիսացել են այն չորս գլխավոր բանալիները, որոնք բացարձակ հավասարակշռության, ինտելեկտի, հոգևոր և նյութական հավասարազոր զուգահեռներով դիֆերենցման ճանապարհով փոխակերպել են հայ հասարակությանը որպես գործունյա, արդի քաղաքական իշխանության։ Հենց սրանով են որոշվել պետականության ամուր հենքն ու տարածաշրջանային ազդեցության չափը և ունեցած կշիռը դաշնակից պետությունների շրջանակներում։
Հարկ է նշել, որ 1992-ից առայսօր իշխող բոլոր վարչախմբերի գաղափարաբանական և քաղաքական փիլիսոփայության մշակույթի սպառման հետևանքով առաջացած դեգերումների այս գորշ շրջանը ոչ միայն բթացրել է մեր պատմաժառանգական հիշողությունը, այլև մթագնել է ապագայի հանդեպ ունեցած ցանկացած պատկերացում, բավականաչափ թուլացրել ժողովրդի ներքին հավաքական կամքն ու վտանգել ինքնիշխան պետության կայացումը։ Սա դեռևս ազգային աղետ չէ և ինքնին պահանջում է էթնիկ ռեգեներացիայի համար որոշակի ժամանակահատված և խթանիչ միջավայր։ Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով խորհրդարանական ընտրությունների միջոցով «ներկայիս նախկին» իշխանություններին փոխարինելով «նախկինիս ներկա» իշխանություններով, միևնույն է, գումարելիների տեղափոխումից գումարը մնում է միշտ նույնը։ ՈՒստի մակերեսային ու խորքային փոփոխությունները չեն կարող առաջնորդել հայ հասարակության առաջ զարգացումը։ Աշխարհի ուժային կենտրոնների կողմից հայկական երկնակամարում քաղաքական «պետլի»-ի կիրառման ակտը կհանգեցնի բնական զարգացման էվոլյուցիոն և հեղափոխական միջոցների հերթափոխին։ Քաղտեխնոլոգների ուշադրությունից դուրս է մնացել այն գլխավոր տարրերից մեկը, որ աշխարհաքաղաքական գործընթացների եզրույթում սկիզբ առած ներքաղաքական նախապատվությունները, որոնք ուղղորդվում են արտաքին շահագրգիռ կողմերի ազդեցություններով, հանգեցնում են նաև հասարակության տարբեր վիճակների փոփոխության։ Իսկ այն պարտադրում է ձևավորել առկա պահանջներին համահունչ քաղաքական նոր կառույցներ, որոնք պիտի դիմակայեն տարբեր վիճակներից բխող մարտահրավերներին և կյանքի ընթացքն ուղղեն դեպի բնականոն զարգացում։ Որպես կանոն, սա տեղի է ունենում միայն հեղափոխական ճանապարհով, որի առանձնահատկությունը սահմանվում է հենց որակական հեղաշրջիչ փոփոխությունների եզրույթով։ Հայկական իրականությունում այն ներառում է կոնսերվատիվ հեղափոխության սկզբունքներն ու նրա շարունակականության պարտադրումը։
Եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանն անգամ չառաջնորդի կոնսերվատիվ հեղափոխությունը, իր ձեռքում ունենալով վերոհիշյալ չորս գլխավոր բանալիները, եթե ճգնաժամ ապրող համակարգը չապամոնտաժի և ամբողջ քաղաքական ռեժիմը, հին դեմքերն ու կրկնվող հնամաշ գաղափարներն ու կաղապարված այս գորշ մշակույթը չհեռացնի ասպարեզից, ապա հեղափոխական ալիքն այդ ամենը կկործանի իր իսկ համակարգի փլատակների տակ։ Պետք է հիշել, որ հեղափոխությունները միշտ էլ գալիս են անսպասելիորեն։


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով ցմահ դատապարտված

Դիտվել է՝ 2153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ