Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ադրբեջանի խղճուկ դիվանագիտության վկայագիր

Ադրբեջանի խղճուկ դիվանագիտության վկայագիր
21.05.2012 | 12:43

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Սուդանի ԱԳ նախարար Ալի Ահմեդ Քարթին Բաքվում իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Սուդանն ընդունում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:
Ինչպես ասում է ժողովրդական առածը, Ահմեդ Քարթին իր ծառը ծարավ թողել, ուրիշինն է ջրում: Այն, ինչ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում, իրականում նույնքան վարկաբեկիչ է, որքան, ասենք, վարկաբեկիչ կլիներ , եթե վաղամեռիկ ՈՒսամա բեն Լադենը ժամանակին հայտարարեր, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կամ, ասենք, Կամբոջայի տխրահռչակ դիկտատոր Փոլ Փոթը, ով հայտնի է նրանով, որ ցեղասպանություն է իրականացրել սեփական ազգի նկատմամբ` կոտորածի ենթարկելով երկրի բնակչության ուղիղ կեսին, հայտարարեր, թե բարձր է գնահատում Իլհամ Ալիևի կադրային քաղաքականությունը: Եվ հասկանալու համար, թե ում և ինչ է ներկայացնում այս մղորիկը Սուդանից, որի քաղցրախոսությունն ադրբեջանական մամուլը այսօրինակ հպարտությամբ տարածում է, կատարենք մի փոքրիկ անդրադարձ:
Սուդանը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելյան հատվածում: Համաձայն վիճակագրական տվյալների` այս երկրում կյանքի միջին տևողությունը 51 տարի է, բնակչության 31 %-ն անգրագետ է, իսկ 40 %-ը գտնվում է աղքատության սահմանից ցածր մակարդակում:
Հասկանալու համար, թե ովքեր են կանգնած Սուդանի ղեկին, բավական է միայն հիշել դարֆուրյան կոնֆլիկտը:
Դարֆուրի շրջանը հիմնականում զբաղեցնում են սևամորթ աֆրիկացիները և արաբական ցեղերը: Կոնֆլիկտը սկսվեց, երբ Դարֆուրի սևամորթ բնակչությունը հայտարարեց, որ նավթային եկամուտների բաշխման ժամանակ հաշվի չեն առնվում իրենց տնտեսական շահերը: 2003-ին Սուդանի ղեկավարության դեմ դուրս եկավ երկու ռազմական խմբավորում, որոնց նպատակն էր հասնել արդարության և հավասարության: Ի պատասխան դրա` Սուդանի ղեկավարությունը հսկայական քանակությամբ զինվորականներ ու ռազմական տեխնիկա ուղարկեց Դարֆուրի շրջան և տեղի արաբական ցեղերի միջոցով ձևավորեց կամավորական մի արյունարբու ջոկատ` «Ջանջավիտ» (ձիավոր սատանաներ) անվամբ: «Ջանջավիտի» վայրագությունները հանգեցրին սևամորթ բնակչության ցեղասպանության: Կոնֆլիկտը խլեց 400000 մարդու կյանք, իսկ 2000000 մարդ մնաց անտուն:
Շատ ավելի հետաքրքրական կերպար է երկրի ղեկավարը` նախագահ Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիրը, ով իշխանության է եկել ռազմական հեղաշրջման միջոցով և երկրի ղեկավարն է 1993 թվականից: Գալով իշխանության` նա արգելեց քաղաքական կուսակցությունները, վերացրեց խոսքի ազատությունը: Նրա կառավարման օրոք շարունակվում էր քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում, որն ավարտվեց Հարավային Սուդանի անկախացմամբ, իսկ 2003 թվականին սկսվեց վերոնշյալ տխրահռչակ դարֆուրյան կոնֆլիկտը: Ալ-Բաշիրի օրոք Սուդանը ենթարկվեց պետական ապարատի իսլամացման, և դարձավ միջազգային հանրության կողմից մերժված երկիր, որը 1991-1996 թվականներին իր տարածքում թաքցնում էր ՈՒսամա բեն Լադենին:
Նրա կառավարման տարիներին շարունակվում էր կոնֆլիկտը Հարավային Սուդանի հետ, որտեղ հիմնականում բնակվում էին քրիստոնյա սևամորթները: Կառավարական զորքերը զանգվածային գնդակահարություններ և կտտանքներ էին իրականացնում, վառում էին ամբողջական գյուղեր, թունավորում էին ջրհորները, ականապատում դաշտերն ու այգիները:
2008 թվականի հուլիսի 21-ին Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ ալ-Բաշիրի ձերբակալության կարգադրություն արձակեց` Դարֆուրում 2003-2004 թվականներին ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով:
2009 թվականի մարտի չորսին Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախագահ ալ-Բաշիրի ձերբակալության նոր կարգադրություն արձակեց մարդկության դեմ կատարված հանցագործությունների (սպանություն, ոչնչացում, կտտանքների կիրառում, բռնաբարություն) և ռազմական հանցագործությունների (քաղաքացիական բնակչության նկատմամբ կանխամտածված ուժի կիրառում, թալան) մեղադրանքով:
2005 թվականին, «Parade» ամսագրի տվյալներով, Օմար ալ-Բաշիրը զբաղեցնում էր առաջին տեղը աշխարհի ամենավատ բռնապետների շարքում:
Ալի Ահմեդ Քարթին` Սուդանի ԱԳ նախարարը, ներկայացնում է ալ-Բաշիրի հանցավոր ռեժիմը, իսկ միջազգային հանրությունն ալ-Բաշիրին համարում է ռազմական հանցագործ: ՈՒստի նման «բարձրաստիճան» հյուրի այցը Բաքու և նրա հայտարարության ցիտումը լրատվամիջոցներում խոսում է Ադրբեջանի խղճուկ դիվանագիտության, սեփական իմիջի նկատմամբ անփույթ վերաբերմունքի և ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումների մասին:


Գրիշա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ