ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«...ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՄԱՐԶՊԵՏ ԵՄ, ԻՍԿ ԻՆՔԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է»

«...ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ՄԱՐԶՊԵՏ ԵՄ, ԻՍԿ ԻՆՔԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է»
12.11.2010 | 00:00

ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ (Վայոց ձորի մարզպետ)
-Պարոն Բագրատյան, մարզում, այսպես ասած, Դուք «նոր» դեմք եք: Ամեն մարզ ունի իր «ցար ի բոգը»: Խոսակցություններ կան, որ Դուք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք Աշոտ Արսենյանի հետ: Նա, ըստ հավաստի աղբյուրների, ահավոր դեմ է եղել Ձեր թեկնածությանը` մարզպետի պաշտոնում: Ի՞նչ կասեք խնդրո առնչությամբ:
-Նկատի ունեք պատգամավո՞ր Աշոտ Արսենյանին:
-Մարզում էլի՞ Աշոտ Արսենյան կա: Այո, նկատի ունեմ պատգամավոր Արսենյանին:
-Մարզում, անկեղծ ասած, շատ Արսենյաններ կան, բայց Արսենյան Աշոտի հետ ես խնդիրներ չեմ կարող ունենալ, որովհետև ես մարզպետ եմ, իսկ ինքը պատգամավոր է: Ես կոչված եմ կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնելու, ինքը կոչված է ժողովրդի խնդիրները Ազգային ժողովում բարձրացնելու: Շահերի բախում, կարծես թե, չկա:
-Ճշմարիտ-ճշմարի՞տ եք ասում, պարոն Բագրատյան, որովհետև շահերի բախում այնքանով կա, որ, ինչպես ասացինք, մարզերն ունեն իրենց «ցար ի բոգերը», զորօրինակ` այս պահին Ձեր կողքին կանգնած Սյունիքի մարզպետը: Վայոց ձորն էլ, ասում են, ի դեմս Արսենյանի, «ունի» այդպիսին: Դե, ձևակերպենք գրագետ` ազդեցիկ դեմք է, կարճ ասած` մարզը «նայողն» է:
-Առաջին անգամ եմ լսում նման բան: Արսենյան Աշոտը որևէ պատգամավորից ոչ մի աստիճանով ավել կամ պակաս չէ և իր պատգամավորական լիազորությունները կատարում է նորմալ, ինչպես մյուս պատգամավորները։ Նման կարգավիճակ մեր մարզում որևէ մեկը չունի:
-Է՜, պարոն Բագրատյան, չեք տիրապետում ինֆորմացիային: Եվ այնուհանդերձ, ասում են, որ նախկինում «զմիմյանս» ինչ-ինչ պրոբլեմներ եք ունեցել:
-Չեմ կարծում, որ մարզում որևէ մարդ ինձ հետ կարող է պրոբլեմ ունենալ կամ ունեցել է: Չի կարող լինել նման բան երբեք, որովհետև մարդու իմ տեսակը պրոբլեմ չի ստեղծում, կոնֆլիկտ չի սիրում, բնականաբար, ինչ-ինչ հարցեր էլ չէին կարող լինել ո՛չ իր, ո՛չ էլ մեկ ուրիշի հետ:
-Ես, իհարկե, կարող եմ հիմա ընկնել փիլիսոփայության գիրկը և այդ գրկից Ձեզ արտաբերել, որ բացասման բացասումը, կարողությունը` «yметь конфликтовать»` զարգացման հիմքերի հիմքն է, բայց փիլիսոփայությունը քաղաքական կատեգորիա չէ, շարունակենք զրույցը պրագմատիկ «գետնին» վրա: Եվ այնուհանդերձ, պարոն Բագրատյան, ազդեցության այն լծակները, որ այսօր ունի Աշոտ Արսենյանը, և այնպես, ինչպես ինքն է տիրապետում, քաղաքագիտորեն ասած, մարզի «ներս ու դրսին», մարզում այլևս ոչ մեկը չունի:
-Արսենյան Աշոտին ճանաչում և ավելի շատ ընդունում են միայն Ջերմուկ քաղաքում, որը, ի դեպ, ամենափոքրիկ քաղաքն է մարզում:
-Բայց որը զարգացման ահավոր լուրջ հեռանկարներ ունի, ունի ընդերք, որով իր օրերում պետք է պահվեր Հայաստանը, իսկ այդ ընդերքի «խոզյաինը» հենց Ձեր և մեր իմացած Աշոտ Արսենյանն է: Գումարած, որ Ջերմուկի նկատմամբ հատուկ սեր ունի գործող նախագահը (ես էլ շատ ուժեղ ու մեծ սեր ունեմ Ջերմուկի հանդեպ ու ահավոր ցավում եմ` սեփական գործարանների ու հյուրանոցների համար Արսենյանի կտրած ծառերի, մանավանդ արծաթափայլ եղևնիների համար), ու որ սրան էլ գումարում ենք այն հանգամանքը, որ Աշոտ Արսենյանը «особо приближенный к императору»...
-Ջերմուկի հեռանկարը չգիտեմ, բայց որ Ջերմուկը 3 հազար 5 հարյուր ընտրող ունի, դա հաստատ է: Իսկ Վայոց ձորի մարզը, ընդհանուր առմամբ, 40 հազար ընտրող ունի:
-Ա՜խ, ահա ուր եք Դուք տանում, ԲՀԿ մարզպետդ. ՀՀԿ-ն էդ առումով լիքը մտածելու բան ունի, փաստորեն:
-Դառնամ խնդրին: Հիմա Դուք պատկերացրեք ազդեցության հնարավորությունները: Ցանկացած թվաբանություն Ձեզ ցույց կտա, թե ում հնարավորություններն ինչպիսին են մարզում:
-Է՜, պարոն Բագրատյան, միևնույն է, Դուք ինֆորմացիային չեք տիրապետում. վաղուց անտի և մանավանդ 21-րդ կիբեր դարում, արմագեդոնն ընդերքի տակ է ընթանում. ընդերքային պաշարների և ռեսուրսներ համար, իսկ Ջերմուկը, ինչպես ասացինք, հզոր ռեսուրսային կենտրոն է: Էլ չենք ասում` սպասվող տուրիստական ու «այլական» (կազինոները հանում ենք, օտարալեզու դպրոցը պահում) սպասումների մասին:
-Մենք, կարծես, խառնում ենք տնտեսությունը քաղաքականության հետ: Մեր դեպքում այդպես չէ:
-Պարոն Բագրատյան, այս հին ու բարի արևի տակ չկա ոլորտ, քան տնտեսությունն է, որն այնքան ու այնպես քաղաքականացված լինի:
-Ո՛չ, մեր դեպքում այդպես չէ: Մարզում չկա մեկը, որը կարողանա պետական կառավարման համակարգից բարձր լինել: Բացառված են նման անձերը, որովհետև օրենքով է դա արգելվում, և եթե որևէ մեկը ցանկանա նման ցատկ անել, մենք անմիջապես կհակազդենք:
-Ճիշտն ասած, մեր ողջ զրույցի ընթացքում թվում էր, թե պետք է ասեիք, որ շատ լավ հարաբերությունների մեջ եք Արսենյանի հետ, որ ոչ մի խնդիր էլ չկա, ծածկեիք-գնար, բայց խիստ գրագետ, նպատակային, նաև դիվանագիտորեն շեշտում եք ճիշտ հակառակը: Լավ, եթե անկեղծ` ի՞նչն է պատճառը, որ դուք այդպե՜ս լարված եք միմյանց հետ:
-Ներողություն, Դուք ո՞ր լրատվամիջոցից եք:
-«Իրատես de facto»:
-Տեսեք, օրինակ, հիմա ես Ձեզ հարցնեմ` Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրի հետ:
-Փայլո՜ւն: Ի դեպ, և՛ ես, և՛ նա այդ թերթի հիմնադիրներից ենք:
-Լավ, ի՞նչ հարաբերություն ունեք «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի հետ:
-Իրենք բոլորն իմ ընկերներն են:
-Իսկ դո՞ւք եք առավել ուժեղ, թե՞ «Իրավունք» թերթը:
-Մե՛նք ենք ուժեղ: Մե՛նք: Հիմա բոլոր թերթերի համար պիտի հարցնե՞ք: Քիչ էր մնում մտածեի` հացս կտրում եք, բայց պարզվեց` վատ հարցազրույց վարող եք. հարցազրույցը «тонкое дело», պարոն Բագրատյան, ու Ձեր բոլոր պատասխաններից երևաց, որ ուզում եք հաղթահարել Արսենյանին։ Մի խոսքով, մարզում մի բան էն չի:
-Ձեր իրավունքն է, ինչպես ուզում եք, մտածեք:
«Արմագեդոնեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ