ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ» ՈՒ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԻ» ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ» ՈՒ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԻ» ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ
24.11.2009 | 00:00

Անցած կիրակի լրացավ ուկրաինական «նարնջագույն» հեղափոխության հինգ տարին։ Հեղափոխություն, որն այն ժամանակ Կիևի փողոցներ դուրս բերեց հարյուր հազարավոր մարդկանց և շատ քաղաքագետների առիթ տվեց կանխատեսում անելու հետխորհրդային տարածքի «հեղափոխական մոդեռնացման» մասին։
2009-ին, սակայն, ազատության տոնը նշվեց առանց ոգևորված զանգվածների ու ազգային միասնության մթնոլորտի։ Մամուլի հաղորդմամբ, Անկախության հրապարակում հանրահավաքին մասնակցեց հարյուրից ոչ ավելի մարդ, հիմնական հանդիսությունները կազմակերպվեցին ՈՒկրաինայի տանը։ Այնտեղ էլ, փաստորեն, ներկա էին միայն գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն և նրա կողմնակիցները։ Եվ թեկուզ պետության ղեկավարը կրկին հայտարարեց, թե երկրի հիմնական քաղաքական ուժերի նպատակներն անփոփոխ են` Եվրամիությանն ինտեգրվելու և կոլեկտիվ անվտանգության համաեվրոպական համակարգին մաս կազմելու առումով, «մայդանի տարելիցը» նշվեց բոլորովին էլ ոչ գաղափարական պայքարով։
Տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում առկա է խիստ հիասթափություն։ Անցած հինգ տարիների ընթացքում Եվրամիությունն ավելի չի մոտեցել ՈՒկրաինային, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են այնքան, որ թվում է` ավելին հնարավոր չէ։ ՈՒկրաինան ավելի ու ավելի է սուզվում անզիջում քաղաքական պայքարի հորձանուտը, որտեղ միմյանց դեմ «մինչև վերջ» պայքարելու վճռականությամբ հանդես են գալիս նախկին դաշնակիցներ Վիկտոր Յուշչենկոն և Յուլյա Տիմոշենկոն։ Ըստ օրենքի, նախագահական ընտրություններն ՈՒկրաինայում կանցկացվեն 2010-ի հունվարի 17-ին։ ԿԸՀ-ն արդեն գրանցել է 18 թեկնածուների, ևս 54-ի գրանցումը, տարբեր պատճառաբանություններով, մերժվել է։ Արդեն հաշվարկված է, որ նախագահական ընտրությունները կարժենան 25 մլն դոլար, ընտրական գործընթացի հիմնական նորությունը թեկնածու գրանցված Վասիլի Գումենյուկն է (թարգմանաբար` «բոլորի դեմ»)։
Փորձագետների գնահատմամբ` ներքին իրավիճակն այնպիսին է, որ ՈՒկրաինային սպասում է ավելի լուրջ ցնցում, քան ժամանակին «նարնջագույն» հեղափոխությունն էր։ Թեպետ միանգամայն հնարավոր է, որ այդ ցնցումներն արտահայտվեն, այսպես կոչված, էլիտար մակարդակում։ Քարոզարշավը դեռ չսկսված, ՈՒկրաինան արդեն խորասուզվել է «բացահայտումների» ու տարաբնույթ «ռազբորկաների» հորձանուտը։ Գործողության մեջ է դրվում ամեն ինչ, սկսած թեկնածուների ազգային արմատներից, որ Տիմոշենկոյի պարագայում իբր հայկական են, իսկ Յանուկովիչի դեպքում` հրեական, մինչև պլանային տնտեսական շահերի բացահայտումներ։ Իրար էին խառնվել «ուռա-ազգայնականների» ու «ռուսամետ հայրենասերների» կարգախոսները, Ղրիմի թաթարների գործոնը և այլն։ ՈՒստի «թշվառ էլեկտորատի» համար շատ դժվար է կողմնորոշվել այդ հորձանուտում։
Եվ, այնուհանդերձ, քիչ թե շատ վստահելի սոցհարցումների համաձայն, նախընտրական մարաթոնի ֆավորիտներն այսօր երկուսն են` տարածաշրջանների ընդդիմադիր կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը և գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։ Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի վարկանիշը խիստ ցածր է, և փորձագետների մեծամասնության պնդմամբ, նախագահի պաշտոնը պահպանելու նրա շանսերը նվազագույնի են հավասար։ Նախագահն իր վարկանիշով զիջում է նույնիսկ Գերագույն ռադայի խոսնակ Արսենի Յացենյուկին, որը թեկնածություն է առաջադրել իբրև երրորդ ուժի ներկայացուցիչ։ Ըստ կանխատեսումների, ուժերի դասավորվածությունն այնպիսին է, որ երկրորդ փուլից հազիվ թե հաջողվի խուսափել։ Այսօրվա տվյալներով` երկրորդ փուլում ընտրողների 40 տոկոսը կքվեարկի Յանուկովիչի օգտին, 30 տոկոսը` Տիմոշենկոյի։ Բայց ամենամեծ անակնկալները կարող են լինել հենց դրանից հետո։
Այդ կապակցությամբ ուշադրության է արժանի այն, որ ուկրաինական ընտրություններով շահագրգռված հիմնական արտաքին բևեռները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը, հայտարարում են, թե չունեն հատուկ նախապատվություններ և պատրաստ են հարաբերություններ հաստատելու հաղթանակ տարած ցանկացած թեկնածուի հետ։ Սակայն Զբիգնև Բժեզինսկին ժամանակին իզուր չէր հայտարարում, որ ՈՒկրաինան Արևմուտքի համար չորս կարևոր հենակետերից մեկն է հետխորհրդային տարածքում։ Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ը և Եվրոպան բոլոր դեպքերում պատրաստակամ են «ամրապնդելու և զարգացնելու «նարնջագույն» հեղափոխության բոլոր դրական ձեռքբերումները»։ Այսինքն, մամուլի ազատությունը, շուկայական հարաբերությունները, ՈՒկրաինայի արագընթաց ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Որպես «չմիջամտության» դրսևորում կարելի է դիտարկել և այն, որ, Յուշչենկոյի և Յանուկովիչի պնդմամբ ԱՄՀ-ն նախագահական ընտրությունների փուլում դադարեցրել է ՈՒկրաինային ցուցաբերվող օժանդակությունը։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Յուշչենկոյի պարագայում նրանց համար արդեն ամեն ինչ պարզ է, սակայն մյուս երկու ֆավորիտների հետ կապված կան կասկածներ ու տարաձայնություններ։ Ռուսական փորձագետների պնդմամբ` «խորամանկ պրագմատիկ Տիմոշենկոն» լավ բանակցող է և, համապատասխանաբար, ավելի լավ է զգալու արտաքին քաղաքական զարգացումներում Ռուսաստանի ու Արևմուտքի հակադրությունը և իր ուզած պահին յուղ է լցնելու կրակի վրա։ Յանուկովիչի կապակցությամբ էլ նախկին լավատեսությունը չկա. Ռուսաստանում հիմա համոզված են, որ նա չի պայքարելու ռուսաց լեզվի կամ սևծովյան նավատորմն ՈՒկրաինայում պահելու համար, այլ կփորձի կառավարել այնպես, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները գոյություն ունենան այնքանով, որքանով դրանք գոյություն ունեն։ Ըստ այդմ, Մոսկվայի համար դժվար է կողմնորոշվել, թե ով է ավելի ձեռնտու, ուստի Ռուսաստանը շարունակում է աշխատել ՈՒկրաինայի հետ «մտրակի և քաղցրաբլիթի» ռեժիմով։
Հենց այդ իմաստով շատ բնութագրական էր երկու երկրների վարչապետների հանդիպումը Յալթայում` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների ամենամյա խորհրդակցության շրջանակներում։ Հենց այդ հանդիպման ժամանակ փլուզվեց կարծրատիպը, թե ռուսական ղեկավարությունը, ինչպես նախորդ ընտրություններում, աջակցելու է Վիկտոր Յանուկովիչին։ Պուտին-Տիմոշենկո հանդիպման ժամանակ ստորագրված միջպետական համաձայնագիրն իր մեջ մի քանի անսպասելի զիջումներ է պարունակում, որ Մոսկվան արեց Կիևին։ Ռուսաստանը համաձայնեց, որ ՈՒկրաինայի տարածքով իր գազի տարանցման արժեքն ավելանա 60 տոկոսով, սակայն միաժամանակ չեղյալ համարեց այն տուգանքները, որ Կիևը պետք է կրեր գազի ձեռքբերման պայմանագիրը խախտելու պատճառով։ Առաջին անգամ այս գործարքով նախատեսվեց, որ ռուսական գազն ՈՒկրաինային կվաճառվի եվրոպական արժեքով, և այդ կապակցությամբ Պուտինը հույս հայտնեց. «Լավ կլինի, որ նոր տարին դիմավորենք առանց տհաճ անակնկալների»։ Ռուսաստանի վարչապետի բնորոշմամբ` իր համար հարմար էր աշխատել Յուլյա Տիմոշենկոյի հետ։ Որոշ փորձագետների գնահատմամբ, սակայն, ռուսական զիջումներն իրենց մեջ ոչ այնքան քաղաքական շարժառիթներ են պարունակում, որքան տնտեսական, և Ռուսաստանն այդ քայլին է գնացել «այլ ոլորտներում ձեռքբերումների հույսով»։ Խոսքը, մասնավորապես միջուկային բնագավառում համագործակցությունը շարունակելու մասին է։ Որովհետև ռուսական միջուկային վառելիքով ուկրաինական ատոմակայանները սպասարկելու մասին պայմանագիրն ավարտվում է 2010-ին։ Գործող նախագահն արդեն հայտարարել է, որ այն լրանալուց հետո ՈՒկրաինան պայմանագիր կկնքի նաև այլ մատակարարների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ։
Անշուշտ, ամեն ինչ դեռևս վճռված չէ, և ռուսական նախապատվությունների մասին ավելի կոնկրետ հնարավոր կլինի ենթադրություններ անել, եթե մինչև նախագահական ընտրությունները Ռուսաստանը նոր դեսպան նշանակի ՈՒկրաինայում։ Իսկ առայժմ ուկրաինական քաղաքական դաշտը գնալով ավելի է տարաբաժանվում «նարնջագույն» և «սպիտակ-երկնագույն» բանակների։ Առաջինի գլուխ, բնական է, կանգնած է գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, երկրորդի առաջնորդը Վիկտոր Յանուկովիչն է։ Սակայն դա բոլորովին չի բացառում իրարամերժ բանակներում գտնվողների միջև լոկալ պայմանավորվածությունները։ Այսպես, խոսվում է այն մասին, որ երկրորդ փուլի դեպքում Յանուկովիչը կարող է պայմանավորվածության գալ նույնպես «նարնջագույն» ճամբարի թեկնածու, խորհրդարանի խոսնակ Արսենի Յացենյուկի հետ և նրա պաշտպանությամբ հաղթելու դեպքում, վերջինիս հանձնել վարչապետի պաշտոնը։ Իսկ դա, փաստորեն, կնշանակի, որ Յուշչենկոն ու նրա շրջապատը մասամբ կմնան իշխանության գլուխ։ Այս իմաստով առկա են նաև հետաքրքիր նախաձեռնություններ։ Մասնավորապես, Յանուկովիչի կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել սոցիալական չափորոշիչների բարելավման նախաձեռնություն, որն ընդունվել է, իսկ Յուշչենկոն, չնայած վարչապետի հրապարակային դժգոհությանը, ստորագրել է Տիմոշենկոյի կառավարության համար գրեթե աղետի հավասար այդ օրենքը։
Այնուամենայնիվ, գրեթե բոլոր փորձագետները վստահաբար պնդում են, որ չնայած բուռն կրքերին, հեղափոխությունն ՈՒկրաինայում չի կրկնվի։ Ոչ միայն այն պատճառով, որ հինգ տարվա վաղեմության զարգացումներից հետո հուսախաբված մարդիկ ուղղակի փողոց դուրս չեն գա և չեն աջակցի հերթական հեղափոխական առաջնորդին, ով էլ դա լինի, այլ նաև այն պատճառով, որ չհաջողված «գունավոր» հեղափոխություններից հետո հետխորհրդային տարածքում հեղափոխական գաղափարախոսությունը սկսեց փոխարինվել «տրանսֆորմացիայի» գաղափարախոսությամբ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ