ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մոռանալ Քոչարյանին

Մոռանալ Քոչարյանին
29.09.2009 | 00:00

Նա այրել է Արտեմիսի տաճարը: Չէ, դա Հերոստրատն էր: Բոլոր դեպքերում, հոկտեմբերի 27-ի տասնամյա տարելիցի նախօրյակին, մարտի մեկի դեպքերից տարիուկես անց, դեռ խոսվում է Քոչարյանի վերադարձի մասին: Խոսվում է լրջորեն, արձանագրվում` պարոնը շունչը պահած հետևում է հայ-թուրքական զարգացումներին, հաշվում է իր «ակտիվները»:
Ամենաառաջին պատճառը, որ ոգևորել է աֆրիկյան որսից վերադարձած «որսորդին», Ռուսաստանում տեղի ունեցող տեղաշարժերն են:
Բոլոր դեպքերում, Քոչարյանի վերադարձի «ակտիվներն» առանձնապես մեծ չեն. ռուսական հայտնի թևերի աջակցություն, ներքին` հայաստանյան թիմի «ռասկրուտկա», մասամբ` սփյուռքի այս պահի դժգոհություն:
Ռուսաստան. ինչ-որ առումով ընդհանրություն կա հայաստանյան և ռուսաստանյան ներքին իրավիճակների միջև. կան ընդգծված (ընդ որում, ներքին մարդու և անցած դպրոցների տեսանկյունից իրար ահագին նման) երիտթոշակառուներ, որոնք ցանկանալով ցանկանում են վերադառնալ իրենց նախկին ստատուսին:
Այսքանով ընդհանրությունն ավարտվում է, որովհետև Ռուսաստանում գոնե մինչև վերջերս հարցերը լուծում էր Վլադիմիր Վլադիմիրովիչը: Օբամա-Մեդվեդև մոսկովյան հանդիպումից, պայմանավորվածություններից, է՛լ առավել Արևելյան Եվրոպայում` ՀՀՊ-ների, Կալինինգրադում` «Իսկանդերների» տեղակայումից հրաժարվելուց, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, C-20-ի հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ համաշխարհային խաղը որոշող «համապատասխան ուժերն» անելու են ամեն ինչ` Դիմա Մեդվեդևին ուժեղացնելու, Պուտինի վազքը թուլացնելու համար, և իզուր չէր, որ դեռ մոսկովյան այցից ժամեր առաջ Օբաման հարկ համարեց իրեն թույլ տալ ոչ դիվանագիտական արտահայտություններ Պուտինի հասցեին` նա մի ոտքով մնացել է նախորդ դարում, մյուսով մտել է էս դար ու անվերջ հետ է նայում:
Նույնքան էլ բնական էր Պուտինի ռեակցիան` թե այն, թե այս օրերին. նա ալամ աշխարհին հասկացրեց, որ ինքը ժամանակավոր է նախագահի «աթոռակը» տվել Դիմային, և որ 2012-ին ինքը վերադառնում է (եթե ոչ ավելի շուտ. տեսաբաններն այս տարբերակը նույնպես հնարավոր են համարում), և իզուր է աշխարհն այդքան հույժ քնքշանքով շրջապատել Մեդվեդևին:
Իր վերադարձն ապահովելու համար Պուտին Վոլոդյան, «իր տակ եղող» բոլոր այն ուժերին, որոնք փայլուն կերպով «սարտիրում մաչիտ» են անում (իմա` «սիլավիկներին»), նոր` «իրադրային» լուծումների է պատրաստում-տանում:
ՈՒ հիմա, ինչպես ավետում են գործից տեղյակները, ռուսաստանյան «սարտիրում» բավականին լուրջ վիճակ է ոչ միայն այդ պատճառով, այլև որ Մեդվեդևը վերցրեց Պուտինից իրեն նետված ձեռնոցը և ասաց` ոչ, թանկագին հետախույզ (հայերեն` չեկիստ) Վովա, 2012-ին ես առաջադրվելու եմ, որքան էլ դու Գազպրոմի ակտիվները վերցնես-տաս քո «երկաթուղուն», որքան էլ փորձես ստանալ Գերմանիայի և Ֆրանսիայի աջակցությունը (Չինաստանինն էլ չասենք, իսկ Իրանի դեպքը հատուկ քննության կարիք ունի. այս խնդիրներին մենք դեռ կանդրադառնանք), դառնանք մեր թեմային, և այսպես, մեր օրվա թեման էր` «որսորդությունը և հայկական որսի առանձնահատկությունները»` հայ-թուրքականի նախաշեմին:
Քոչարյանական ակտիվների հաջորդ ընթերցումը նույնպես ոգևորող չէ. բանն այն է, որ Ռուսաստանը (դե, գոնե այս պահին) համաձայն է, որ բացվի հայ-թուրքական սահմանը, և այդ առումով առանձնապես հակված չէ Հայաստանում իրեն հատուկ ցնցումներ իրականացնել:
Ռոբերտ Քոչարյանի միակ «կենսունակ» ակտիվն այս ամենում ֆորս-մաժորն է: Կլինի այդպես, թե ոչ, դժվար է կանխատեսել, բայց քանի որ երբեք չի կարելի երբեքի մասին խոսել, թողնենք Քոչարյանին յուր ռուսաստանյան ակտիվների հետ, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ, փաստորեն, Քոչարյանը կամաց-կամաց վերածվում է մեզանում ռուսաստանյան գուբերնատորի։ Նա ոչ միայն «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է (հայերեն-պարտկոմերեն ասած` դիրեկտորը), այլև այդ նույն ընկերության իրավասության տակ են «Պարտք` գույքի դիմաց» հայկական ձեռնարկությունները, որոնք իրականում ղեկավարում է հենց ինքը` դիրեկտորը (իմաստուն է, չէ՞, տղան, համատեղությամբ` «վոյինը». նա ճիշտ ժամանակին Ստեփանակերտի հրապարակում այրեց իր «պարտբիլեթը», ճիշտ ժամանակին տվեց «գույքը» Ռուսաստանին ու հիմա նույնքան ճիշտ ժամանակին էլ տնօրինում-դիրեկտորում է դրանք):
Անցանք ներքին «ակտիվներին»։ Փաստորեն, եթե Քոչարյանը հասնի նրան, որ մինչև 2013-ը կարողանա ռուսական տնտեսական ակտիվները հավաքել մեկ կոնսորցիումի մեջ, ապա այդ ժամանակ կունենա և՛ ներքին, և՛ արտաքին լուրջ ռեսուրսներ` նախագահական ընտրություններին իր մասնակցությանը լրջագույն «մոծիվացիա և ծենձենց» հաղորդելու:
Բայց դա` 2013-ին: Իսկ հիմա նա ունի հողմաղացների դեմ պայքարող Օսկանյան` յուր «Սիվիլիտասով»։ Մեր Օսկանյանի վրա վերջերս ոնց որ «ոևէ դեղնություն է իջել». գնալով նրա «քննարկումները» բանահյուսական ողբասացության ժանրի պրոֆեսիոնալություն են ձեռք բերում, գումարած «դիզբակտերիկ ամնեզիան», էլ չենք խոսում ժողովրդական ալիք բարձրացնելու նրա ցավի մասին («ցավը կհասկնա՞ք... Հովակիմի աղջկան կնության տարեք»):
Վերջը. Քոչարյանն ունի «կես Րաֆֆի» («չար, թունավոր, այլասերված» լեզուներն ասում են` վերջին շրջանում այդ «վոյինի» «սեղանից» էր «Ժառանգությունը» ֆինանսավորվում. չլինի՞ «Հայկական ժամանակից» ստանալիք փողերն էր կանխավ մսխում դիրեկտորը):
Քոչարյանն ունի, բայց իրականում չունի ՀՅԴ (նկատո՞ւմ եք` ՀՅԴ կոմպրոմատների մասին ձեն-ձուն չենք հանում, չենք ասում, որ հարկավոր պահին մի վայրկյանում կպայթի թե՛ Հրանտ Մարգարյանի` «Զեթ» կառույցին «նվիրված» Արմենակ Մնջոյանի նամակների տողատակը, թե՛ չար-թունավոր լեզուների պատմած` երեխաների օրգանների տրանսպլանտացիայի համար «կատարված» առքուվաճառքի տողատակը): Համ էլ պատմական ճշմարտության ցիկլ կա, չէ՞. նախորդ դարի հենց այս օրերին դաշնակները «քանի անգամ» թուրքերի հետ «փոխհամաձայնությունների» են եկել, հիմա ելել` ո՞ւմ դեմ են բողոքում (չնայած ճիշտ են անում, որ բողոքում են` քաղաքական խաղի տեսանկյունից երկրին ձեռնտու է):
Իսկ Քոչարյանի` ԲՀԿ-ն ունենալ-չունենալու մասին ավելորդ է խոսելը։ Արդեն խոսել ենք:
Գրիշա Սարգսյանի մասին էլ ենք ասել։ Ի դեպ, նա իսկապես առանցքային էր ոչ միայն վերը նշված ուժերը կոորդինացնելու, այլև ուժայիններում եղած «հանգույցներն» իրար վրա բերելու առումով:
Ընդ որում, չնայած հանգամանքին, որ Քոչարյանը կենսաբանորեն ճշգրիտ տեսակ է (իր տեսակի մեջ նա խստագույնս կատարյալ է. ատում է` առանց ելևէջումների, խփում է` առանց խնայելու, ոչնչացնում` առանց հետ նայելու...), այնուհանդերձ, այսօր, հենց այս պահին, Քոչարյանի վերը նշված թիմն այնքան արագ է նրա «տակից» փախչում, այնքան սահուն, որ էլ դու` սուս։ Այնտեղ նույնպես շատ լավ են հասկանում` Քոչարյանն այն տեսակն է, որ բոլորին գրկած իր հետ անդունդը կտանի, իսկ «մեռնել» նրա հետ ոչ ոք չի ուզում` ո՛չ Արմեն Գևորգյանը, ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ...
Քոչարյանն ինքը շատ հաճախ է դրա ականատեսը լինում, ասենք` հանձնարարություն է տալիս, ինչը կարող է այս իշխանություններին դուր չգալ, ու «թիմը» չի անում դա, չի գնում խարակիրիի (օրինակները բազում են, մի տաք օր դրանք կներկայացնենք):
Այս ամենի ողջ հմայքը, սակայն, այն է, որ Քոչարյանը շատ լավ է հասկանում` եթե հայ-թուրքական այս ողջ «պատմությունը» պսակվեց հաջողությամբ, և դրանից հետո եթե Սերժ Սարգսյանին հաջողվեց գոնե առժամանակ ձգել Ղարաբաղի հարցի հանգուցալուծումը, Ազատիչը լծվելու է ներքին «բարեփոխումներին», «կադրային մաքրումներին» և կադրային, ներքին դաշտը վերաձևելու է` ի պատկերի յուրում, ու Ռոբերտը կորցնելու է իր թիմի վերջին բեկորները:
ՈՒ այդ ժամանակ, սիրելիներս, 2013-ին արդեն, «վոյինին» նույնիսկ «թոշակը» տանող չի գտնվելու:
ՈՒ նրա միա՜կ ապրուստը լինելու է աֆրիկաներում արած որսը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ