ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ «ՍԻՐԱՎԵՊԸ» ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ «ՍԻՐԱՎԵՊԸ» ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է
19.01.2010 | 00:00

ԵՎ այսպես, նախագահական ընտրություններն ՈՒկրաինայում կայացան։ Ինչպես և սպասվում էր, ընտրությունների արդյունքներն արդարացրին փորձագետների մեծամասնության կանխատեսումը, և ընտրական մարաթոնի երկրորդ փուլում մրցելու են «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչն ու գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։ Նախորդ ընտրությունների նման Յանուկովիչին հիմնականում աջակցեց երկրի արևելյան հատվածը, իսկ արևմտյան մասը հիմնականում քվեարկեց Տիմոշենկոյի օգտին։ Երկրորդ փուլի քվեարկությունը տեղի կունենա, հավանաբար, փետրվարի 7-ին, իսկ մինչ այդ, ինչպես և նախորդ ընտրություններում, սպասվում է կենաց ու մահու անզիջում պայքար։
Առայժմ երկրորդ փուլ անցած երկու հավակնորդներն էլ տոնում են իրենց հաղթանակը, իսկ ովքեր հետևել են ընտրական գործընթացին, փորձում են վերլուծել առաջին փուլի արդյունքները։ ՈՒկրաինայում կա գեղեցիկ ավանդույթ, երբ քաղաքների ու գյուղերի բնակչությունը, մինչև ընտրական տեղամաս մտնելը, աղոթում է եկեղեցում։ Հետաքրքրական է, որ հավատացյաների մեծ մասը խոստովանել է, թե առաջին հերթին աղոթել են արդար ընտրությունների համար, և որ ընտրվի արդարամիտ նախագահ։ Ըստ մամուլի, երկու ցավալի դեպք է տեղի ունեցել. Օդեսայում 28-ամյա մի կին հանկարծամահ է եղել ընտրատեղամաս մտնելիս, իսկ նույն մարզի Կոմինտերնի շրջանում մահացել է ընտրատեղամասային հանձնաժողովի կին անդամներից մեկը։
Բայց եղել են նաև հաճելի անակնկալներ։ Մասնավորապես, քվեարկությունից անմիջապես հետո երեխայի սպասող ընտրողներից մեկը ծննդաբերել է միանգամից երկու աղջիկ և մեկ տղա։ Որպես ուկրաինական այս ընտրությունների հիմնական սկանդալ մատնանշվում է վրացական «դիտորդների» մասնակցությունը։ Վրացական ԿԸՀ-ի 15 պաշտոնական ներկայացուցիչներից բացի, ընտրությունների նախօրեին չարտերային չվերթներով ՈՒկրաինա ժամանեցին մի քանի հարյուր ոչ պաշտոնական «դիտորդներ»։ Դրանից առաջ վրացական կողմը ցանկություն էր հայտնել ուղարկելու երկու հազար դիտորդի, սակայն մերժվել էր ՈՒկրաինայի ԿԸՀ-ի կողմից։ Եվ ահա քվեարկության նախօրեին Դոնեցկ ժամանեցին մի քանի հարյուր վրացիներ, ինչը «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավարությունը նշեց իբրև իրավիճակի ապակայունացման նպատակ հետապնդող նախաձեռնություն։ Ինչպես Վիկտոր Յանուկովիչի շտաբը, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներն ու վրացական ընդդիմությունն ի լուր աշխարհի հայտարարեցին, թե, այսպես կոչված, վրացական «դիտորդներն» ուղարկվել են Սաակաշվիլու անձնական հրահանգով, և նրանց ղեկավարում է վրացական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն։ Յանուկովիչի շտաբի պնդմամբ` ժամանած «դիտորդները» Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներ են և, ըստ ամենայնի, եկել էին Վիկտոր Յուշչենկոյին աջակցելու։
Արդյունքում ՈՒկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվեց պաշտոնապես գրանցել ոչ միայն նորահայտ «դիտորդներին», այլև վրացական ԿԸՀ-ի պաշտոնական պատվիրակությանը։ Դրան ի պատասխան, վրացական կողմը հայտարարեց, թե իրենք աջակցում են ոչ թե Յուշչենկոյին, այլ Յուլյա Տիմոշենկոյին, և դիտորդի կարգավիճակ չստանալն իրենց համար խոչընդոտ չէ, կգրանցվեն իբրև մամուլի ներկայացուցիչներ տեղերում, քանզի իրենց նպատակը հատկապես «երկրորդ ու վճռորոշ փուլին հետևելն է»։ Սա, անշուշտ, դրսևորում է, որ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենա վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա։ Սակայն ուշադրության են արժանի նաև այլ հանգամանքներ, որոնք առանձնացնում են ուկրաինական ընտրություններն ԱՊՀ մնացած երկրների ընտրություններից։
Առաջին հերթին ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՊՀ դիտորդները, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, գործնականում զուգահեռ հայտարարեցին, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան։ ՈՒկրաինայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն, ընտրությունների օրն արձանագրվել է ընտրական օրենսդրության ընդամենը 74 խախտում, երբ երկրում գործել է 34 հազար ընտրատեղամաս։ Ամենատարածված խախտումն ընտրողների ազգանունների բացակայությունն է ընտրացուցակներում, որը նախանձելի արդյունք է նոր դեմոկրատիաների շարքը դասվող պետության համար և միաժամանակ` շատ ուսանելի։ Երկրորդը. չնայած փորձագետների` ցուրտ եղանակի հետ կապված կանխատեսումներին, որ ընտրություններին բնակչության մասնակցության տոկոսը բարձր չի լինի, այնուհանդերձ, այն կազմել է ընտրողների շուրջ 70 տոկոսը, թեպետ զիջում է 1999 և 2004-2005-ի նախագահական ընտրությունների ցուցանիշներին (74 տոկոս)։ Այսինքն, չնայած բոլոր տեսակի ճգնաժամերին ու հիասթափություններին, ՈՒկրաինայի հասարակությունն ակտիվ է, և նրա ակտիվությունն էլ քաղաքական գործընթացի զարգացման հնարավորություն է ստեղծում։
Բնակչության վերաբերմունքի հստակ դրսևորում կարելի է գնահատել նաև այն հանգամանքը, որ գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն ոչ միայն երկրորդ ժամկետով չվերընտրվեց իր պաշտոնում, այլև նախագահի աթոռի հավակնորդների շարքում զբաղեցրեց ընդամենը 5-րդ հորիզոնականը։ Նրան իրենց ստացած քվեներով գերազանցել են ինչպես խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկը և միլիարդատեր Սերգեյ Տիգիպկոն, այնպես էլ ընտրարշավի ֆավորիտները` Յուլյա Տիմոշենկոն և քվեների ամենաբարձր տոկոսը ստացած Վիկտոր Յանուկովիչը։
Գործող նախագահի երկրորդ ժամկետով չվերընտրվելն ԱՊՀ-ում բացառիկ օրինաչափություն է, որը բնորոշ է միայն ՈՒկրաինային։ Ժամանակին նույն կերպ երկրորդ ժամկետով չընտրվեց երկրի առաջին նախագահ Կրավչուկը` իր տեղը զիջելով Կուչմային։ Եվ թեկուզ 2006-ի հունվարից հետխորհրդային այս երկրում նախագահի լիազորությունները սահմանափակվել են` հօգուտ խորհրդարանի իրավասությունների ընդլայնման, այնուհանդերձ, նախագահի ձեռքին, անկասկած, եղել են վարչական ռեսուրսներ։ Սակայն Վիկտոր Յուշչենկոյի պարագայում դրանք, փաստորեն, որոշիչ նշանակություն չեն ունեցել, ինչն անհնարին է անգամ ԱՊՀ «ժողովրդավարության առաջատար» համարվող Վրաստանում և մյուս հետխորհրդային պետություններում։
Այսպիսով, չնայած հատկապես ռուսական ԶԼՄ-ներով Յուշչենկոյի ծաղրանկարային կերպարը ստեղծելու փորձերին, փաստ է, որ նա իր հետնորդներին թողնում է արդեն ձևավորված ժողովրդավարության հիմքեր։ Այսինքն, ՈՒկրաինան ժողովրդավարական երկիր է և, որպես այդպիսին, կարող է օրինակ ծառայել հետխորհրդային տարածքի մյուս պետությունների համար։ Ավելին, հասարակությունն ակնկալում է, որ ընտրական մարաթոնի բոլոր մասնակիցները կճանաչեն ընտրությունների առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլն էլ կընթանա նույն «խաղի կանոններին» համապատասխան։ Ընդ որում, եվրոպական դիտորդներն էլ ընտրությունների ավարտից հետո ընդգծեցին, որ ՈՒկրաինան «իսկապես ժողովրդավարական երկիր է, կողմնորոշված դեպի Արևմուտք, ինչում էլ առիթ եղավ համոզվելու այս ընտրություններում»։
Սակայն ընտրությունների արդյունքները և դրանց աշխարհագրությունը, այնուհանդերձ, հաստատում են, որ երկիրը մնում է բաժանված «նարնջագույն» Արևմուտքի և «կապույտ» հարավ-արևելքի։ Թեկուզ և ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ հայտարարում են, թե ունակ են միավորելու տարանջատված երկիրը, գործնականում դա խիստ բարդ է լինելու։ Նրանց այժմ չի հաջողվել անգամ ձեռք բերել ընտրարշավից` դուրս մնացած թեկնածուների, առաջին հերթին մոտ 14 տոկոս ստացած Տիգիպկոյի և 6 տոկոսից ավելի քվեներ հավաքած Յացենյուկի աջակցությունը։ Երկուսն էլ արդեն հայտարարել են, թե կոչ չեն անի իրենց կողմնակիցներին աջակցելու Յանուկովիչին կամ Տիմոշենկոյին։ Ինչպես նշում են տեղյակ փորձագետները, ՈՒկրաինայում սկզբունքորեն գոյություն չունի ձայները մի թեկնածուից մյուսին փոխանցելու որևէ մեխանիզմ։ Միաժամանակ, ի տարբերություն Յանուկովիչի ու Տիմոշենկոյի, Տիգիպկոն և Յացենյուկը չունեն, այսպես կոչված, «բազային ընտրազանգված»։ Նրանց հաջողությունը պայմանավորված է նրանով, որ բնակչության որոշակի հատված քվեարկել է քաղաքականության մեջ նոր դեմքերի օգտին, ովքեր չեն ասոցացվում խորհրդային արդյունաբերական ժամանակների հետ։ Չնայած դրան, շատ փորձագետներ համարում են, որ թեկնածուների «սիրավեպը» դեռ առջևում է, և Յուլյա Տիմոշենկոն դեռ կարող է մոտ 14 տոկոս հավաքած Տիգիպկոյին առաջարկել վարչապետի պաշտոնը` իր նախագահ ընտրվելու պարագայում։ Համարժեք առաջարկություն արդեն հնչել է Յանուկովիչի հովանավոր, օլիգարխ Ռինատ Ահմեդովի կողմից։ Իսկ մինչև փետրվարի 7-ը որոշում կայացնելու ժամանակ դեռ կա։
Անշուշտ, տվյալ պարագայում պակաս կարևոր չէ, թե երկրորդ փուլում ում կաջակցեն Յուշչենկոյի ընտրողները, և ում օգտին կծառայեն հեռացող նախագահի հնարավորությունները։ Յանուկովիչն արդեն հայտարարել է, որ այս շաբաթ Գերագույն ռադայում քննարկման կդրվի ներքին գործերի նախարարի և վարչապետ Տիմոշենկոյի պաշտոնանկության հարցը։ Տիմոշենկոն հանգիստ է ընդունել մարտահրավերը և հեռուստաբանավեճի հրավիրել իր ընդդիմախոսին, որը թեկուզ և զգուշանում է ու առաջին փուլում խուսափեց «խոսքակռվից», բայց երկրորդ փուլում, թերևս, հարկադրված կլինի մասնակցել «դուելին»։ Միաժամանակ փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների համար էլ վաղաժամ է հաղթանակ տոնելը. ոչ մեկի հաղթելու հավանականությունն էլ միանշանակ չէ։ Նույնիսկ տարածված անեկդոտ կա, թե ՈՒկրաինային երկու նորություն է սպասում. մեկը` լավ, մյուսը` վատ։ Լավ նորությունն այն է, որ կպարտվի Յուլյա Տիմոշենկոն, վատը, որ կհաղթի Վիկտոր Յանուկովիչը։ Եվ, ընդհակառակը։ Ըստ ամենայնի, այս անեկդոտն արդիականությունը կպահպանի մինչև փետրվարի 7-ը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ