Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մեսիջներդ որո՞ւ աղջկան կարդալ տամ

Մեսիջներդ որո՞ւ աղջկան կարդալ տամ
05.12.2008 | 00:00

«ԳԵԼԱՓ»ԱԹՌԻՉՔ
Ընդունված ճշմարտություն է` տան գաղտնիքը փոքրից կիմանան, իշխանականը` սոցիոլոգիական հարցումներից:
Այսպիսով, հայ բազմաչարչար հասարակությանն ի՞նչ մեսիջներ էին հղվում «Գելափի» վերջին հարցումներով:
«Ա»-ով ասվում էր` Սերժ Սարգսյանը «բարով-խերով» հաղթահարել է մարտի մեկին հաջորդող «մնացորդային» երևույթները և պատրաստվում է «ֆրոնտալ» ճակատամարտի` բոլոր ուղղություններով:
«Բ» կետով հասկացվում էր` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երկրորդ անգամ ընտրվել, և եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա, ապա հաջորդ նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն կստանա Ս. Սարգսյանը` վաթսուն տոկոս:
Ինչ է սա նշանակո՞ւմ։ Չարժե խորանալ, որովհետև «Գելափը» որոշում, Աստված տնօրինում է, և, այնուհանդերձ, մեսիջը հստակ էր, հասցեատերերը` նույնպես։ Բոլոր «երիտթոշակառուները», «հուր հեր» ունեցողները, իմիջները երկինք հասցրածներն ու նույնիսկ կին ատամնատեխնիկները պետք է հույսները կտրեն «հավելավճարներից» և բավարարվեն ստացած «թոշակով». Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին, և պետք չէ ավելորդ «ցցվել», մանավանդ իշխանական ճամբարում:
«Գ». Սա հարցման ամենանուրբ կետն է: Հասկանալի է` ողջ հարցումը «նվիրված» էր Ս. Սարգսյանին առ այն, որ նա «всех белее и милее», և գերագույն նպատակն, այո, նրա երկրորդ «սրոկ» պաշտոնավարելն է, սակայն այդ «պաշտոնին» հասնելու համար շատ մեծ «հոպ» պետք է արվի` լուծվի ղարաբաղյան խնդիրը: Այլապես երկրորդ պաշտոնավարման շեմին հասնել հնարավոր չի լինի, որքան էլ «Գելափը» պնդում է, որ Ս. Սարգսյանը պոկվել է մարտի մեկի ծանր դեպրեսիայից` իր հետ «պոկելով» ռեսպոդենտներին:
Չքննարկենք` Ս. Սարգսյանը կոնյունկտուրային պատկերացումներից ելնելո՞վ է փորձելու լուծել ղարաբաղյան խնդիրը, որովհետև «աթոռի» խնդիր կա, և որովհետև խոսք է տվել միջազգային հանրությանը, ի դեմս համաշխարհային կարևոր կենտրոնների, թե՞ իսկապես ցանկանում է մտնել պատմության մեջ` որպես նման կնճռոտ հարց լուծած հայոց առաջնորդ:
Կարծում ենք` բոլորը միասին:
Կկարողանա, թե ոչ, նույնպես մեր այսօրվա քննարկման ծիրում չէ, մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում իշխանության «սրտում», և ինչ ներքաղաքական զարգացումներ է «նախապատրաստում» իշխանությունը սրտից ավելցածի արդյունքում:
Այսպիսով, դատելով սոցհարցումից, հասկանալի է դառնում. ղարաբաղյան խնդիրը կարող է լուծել միայն մեծ հեղինակություն, լեգիտիմություն ունեցող գործիչը: Ահա և «Գելափի» ու նրա հետևում կանգնածների հաջորդական մեծ նպատակը:
Նպատակադրման պարզաբանումն, ի դեպ, դրված էր Արթուր Բաղդասարյանի (որին «Գելափը» նույնպես չէր մոռացել) անվտանգ ու փխրուն ուսերին: Սոցհարցումից վայրկյաններ անց երիտ-Արթուրը կարևորեց ղարաբաղյան «հարցի լուծման լեգիտիմության աստիճանը», շարունակությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում հարկավոր է գնալ համարձակ և ազգաշահ լուծումների ճանապարհով. «Փոխընդունելի փոխզիջումն ավելի կարևոր է, քան անիմաստ առճակատումը: Հիմնախնդրի կարգավորումը տալիս է տնտեսական, քաղաքական առաջընթացի բոլորովին նոր որակներ Հայաստանի համար»:
Դո՛ւ ասացիր:
Այսպիսով, իշխանությունն, ի դեմս Սերժ Սարգսյանի, փորձում է հնարավորինս արագ ռեաբիլիտացվել մարտի մեկի դեպքերից հետո և գնալ համարձակ լուծումների: Ասել է` այն պահին, երբ Սերժ Սարգսյանը կզգա` ինքը բավարար ուժ ունի, ձեռնամուխ կլինի ղարաբաղյան խնդրի իրական լուծմանը:
Կուժեղանա նա, թե ոչ, ոչ ոք չի կարող ասել, մանավանդ որ, ի հեճուկս «Գելափի», գոյություն ունեն իրողություններ, որոնք այդպես մտածելու հիմքեր չեն տալիս (տղաներն ութ ամիս բանտերում են, նույնիսկ Սյունիքի մարզպետի նմանից Ս. Սարգսյանն ազատվել այդպես էլ չկարեցավ, ԱԺ նախագահի պոստում անչափ տարօրինակ-անհասկանալի ՀՀԿ-ական ռոտացիա իրականացրեց): Բայց որ Ս. Սարգսյանը կասկադյորական համարձակ քայլերի ընդունակ է, նույնպես կասկածել պետք չէ. դիտենք` Իրաք թռչելու նրա կայծակնային որոշումը, Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելը, Ռուսաստանին «չէ» ասելու մի շարք նախադեպերը:
«Դ». Հարցումից հասկանալի է դառնում իշխանության (իմա` Սերժ Սարգսյանի և մերձավորների) հաջորդական նպատակադրումը. ասպարեզ բացել Տիգրան Սարգսյանի համար` տալով նրան քարտ-բլանշ երկրում երկրորդը լինելու համար (կառավարության և վարչապետի գործունեությունը բարձր է գնահատվում «չորս ասպեկտով. աղետի գոտում վերականգնողական աշխատանքներ, բարեփոխումներ կրթության ոլորտում, ընդհանուր գործունեություն...»):
Հարցումը պատվիրածներն ու նրանց թիկունքում կանգնածները լավ են հասկանում` Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան երկմիասնությունն այս պահին այն լավագույն կոնֆիգուրացիան է, որը հնարավորություն կտա վերը նշված խնդիրներն առավել արագ կյանքի կոչել, փակել թե՛ ընդդիմադիրների, թե՛ Քոչարյանի «ռևանշը» («սողանցքներն» ու վարչապետական կադրային տեղաշարժը կխախտեն ողջ իշխանական կառույցը):
Սա է, թերևս, պատճառը, որ իր տեսակի մեջ եզակի հարցադրման են պատասխանել ռեսպոդենտները, արձանագրելով` վարչապետի գործունեությունն առաջիկա երեք տարիներին առավել արդյունավետ կլինի: Ինչը նշանակում է` Սերժ Սարգսյանը դեռ երեք տարի պատրաստվում է աշխատել այս վարչապետի հետ: Իսկ երեք տարի` այն պարզ պատճառով, որ երեք տարուց հետո այս պառլամենտը կունենա այլ մեծամասնություն, և այս խնդրով հաստատ այլ սոցհարցում կանցկացվի:
Մի խոսքով, մինչև մյուս պառլամենտական ընտրություններ այս երկյակն «աշխատելու է միասին», որքան էլ այլ «աշխատողներ» ամեն ինչ անում են դա բացառելու համար:
«Ե». Հենց սա է ամենացնցող մեսիջը, որը պիտի կարդանք` «որո՞ւ աղջկան»: Պարզվում է` հարցված լայն հասարակությունը հիշում է բոլոր-բոլորին` Րաֆֆի Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, բայց ոչ երբեք` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին (այն, որ երկրի երկրորդ դեմք Հովհաննես Աբրահամյանին նույնպես չի հիշում, դրան դեռ մի կերպ կդիմանանք)։ Այն նույն Քոչարյանը, որին նոյեմբեր ամսին բոլորս «սրտատրոփ» սպասում էինք, որ վերադառնար ու էլ հարկատուների հաշվին «թոշակ» չստանար, վարչապետեր երկիրն` իր դրես-կոդով (վիզկապով), բացարձակ, ամենևին չէր հիշվել ռեսպոդենտների կողմից:
Ասել է` Քոչարյանին ոչ միայն վարչապետ չեն նշանակի, ինչպես ինքն է սպասում, այլև «պերսոնա նոն գրատա» կարող են համարել:
Բանն այն է, որ օրերս Բելառուս մեկնած Քոչարյանն այնքան էլ Բելառուս չէր մեկնել։ Այնտեղից թռել էր Մոսկով, հանդիպել Վլադիմիր Պուտինին:
Բա էլ ո՞նց Քոչարյանը «մի երկու բաժակ» չխմի և մեզ էլ չասի` «խորհուրդ ըմ տալի` դուք ըլ խմեք»:
Դե, որ ասում ե՜ ս...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4007

Մեկնաբանություններ