ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԴԱՎՈՒԴՕՂԼՈՒԻ ԵՐԱԶԱՆՔՆ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ, ՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԲԱՔՎԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՍ, ԱՆՑՆԵՍ ՂԱՐԱԲԱՂՈՎ, ԵՐԵՎԱՆՈՎ, ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ ՈՒ ՀԱՍՆԵՍ ԿԱՐՍ

ԴԱՎՈՒԴՕՂԼՈՒԻ ԵՐԱԶԱՆՔՆ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ, ՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԲԱՔՎԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՍ, ԱՆՑՆԵՍ ՂԱՐԱԲԱՂՈՎ, ԵՐԵՎԱՆՈՎ, ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ ՈՒ ՀԱՍՆԵՍ ԿԱՐՍ
19.01.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհը գնաց իր ճանապարհով, Հայաստանը` իր, ժամանակը ցույց կտա` ով ուր հասավ:
Հունվարի 20-ին Երևանում կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, 21-ին կմեկնեն Բաքու, մինչ այդ` հունվարի 16-ին, Երևանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն և բանակցություններ էր վարում ՀՀ արտգործնախարարի հետ: Սովորաբար համանախագահները միասին գալիս-միասին գնում են, Բրադկե-Նալբանդյան առանձնազրույցն ինչո՞վ էր պայմանավորված: 2009-ին միջնորդների նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումներն ապահովելն էր, որպեսզի «վերջնական տեսքի բերվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները»:
Շաբաթվա հայաստանյան կարևոր իրադարձությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էր Հայաստան: Անակնկալներ չեղան, ասվեց` ինչ ասվել էր, վերահաստատվեց` ինչ պետք էր: Այն է` ՌԴ-ն կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կայունացման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության հաղթահարման միջև: «Կոռեկտ չեմ համարում արհեստականորեն իրար կապել այս երկու հարցերը: Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցության, սակայն արհեստական նախապայմաններ առաջ քաշելը սխալ է»,- ասաց Սերգեյ Լավրովը: Ավելին, ուղիղ հարցին` Ռուսաստանը Թուրքիայի հետ իր էներգետիկ շահը կարո՞ղ է բարձր դասել ԼՂ ժողովրդի արյամբ նվաճած ինքնորոշման իրավունքից, Լավրովն ուղիղ պատասխանեց` ոչ, չի կարող: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ ասեր` այո, թերևս, հնարավոր է: Լավրովը: Դիվանագետը: Արտաքին գործերի նախարարը: Ռուսաստանի: Չե՞ք պատկերացնում: Ճիշտ է: Չէր ասի, նույնիսկ եթե այդպես է: Պիտի ասեր` ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ Ռուսաստանը որևէ շահ չի հետապնդում, բացի խաղաղ պայմանագրի` երկուստեք ընդունելի սկզբունքներ մշակելուն աջակցելուց: Ավելին, «Պայմանագրի մշակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել», այսինքն` համանախագահ Ռուսաստանը չի առարկի ժամանակն այնքան ձգելուն, մինչև ամեն ինչին մի 6 ամիս «ոչ» ասող, մի 6 ամիս ոչինչ չասող, մի 6 ամիս «այո» չասող Ադրբեջանը համաձայնի բանակցությունների սեղան ԼՂ-ի վերադարձին, որտեղից նրանց «մեղմաբար» հեռացրել էր Ռոբերտ Քոչարյանը, անշուշտ, ոչ աննպատակ:
ՌԴ արտգործնախարարի այցը Հայաստան` նոր տարում առաջին երկիրը, սակայն, սկիզբ չէր, այլ շարունակություն էր մեկ այլ այցի: Թուրքիայի վարչապետն էլ պաշտոնական այցով Մոսկվայում էր: Շատ արդյունավետ այցով: Տնտեսապես: Սամսուն-Ջեյհան նավթամուղ, «Հարավային հոսք» գազամուղ, առաջին ատոմակայանը Թուրքիայում, որ կառուցելու է Ռուսաստանը, երկու երկրների միջև երկաթուղային կապի հաստատում և վիզայի վերացման հնարավորություններ... Հագեցած օրակարգ է: Պատահաբար չի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել. «Ռուս-թուրքական հարաբերությունները վերելք են ապրում, իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են»: Իսկ քաղաքականապե՞ս: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ասուլիսում ասել է այն, ինչ Հայաստանում կրկնում էր Լավրովը` ղարաբաղյան և հայ-թուրքական խնդիրները շատ բարդ են և մեկ փաթեթով չեն կարող լուծվել: Այդ խնդիրներից յուրաքանչյուրն առանձին-առանձին լուծելը շատ բարդ է, եթե այդ խնդիրները նույն կույտի մեջ դրվեն, լուծման հեռանկարն ավելի կհեռանա: Մարտավարական ու ռազմավարական տեսանկյուններից նպատակահարմար չէ խնդիրները շաղկապել: Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի դրանց լուծմանը:
Ռեջեբ Թայիփ Էրդողանը ՌԴ այցի ավարտին ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում և հայտարարել է, որ Թուրքիան արտաքին քաղաքականությունը կառուցում է «հաղթելու և ընկերներ ձեռք բերելու սկզբունքի վրա»: ՈՒսանողներից ոչ մեկը չի հարցրել այդ երկու սկզբունքների ժամանակային հերթագայության մասին` նախ հաղթե՞լ, հետո՞ ընկերներ ձեռք բերել, թե՞ ընկերներ ձեռք բերել, հետո հաղթել: Մասնավորապես` ո՞ւմ հաղթել և ո՞ւմ հետ ընկերանալ:
Իսկ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի վարչապետը համարում է, որ իր երկիրը կարևոր քայլեր է կատարել բարելավման համար: Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Նա Պուտինին հորդորել է ավելի ակտիվ գործել Ղարաբաղի հարցում, դառնալ ամենակարևոր դերակատարը:
2010-ի մայիս-հունիսին պաշտոնական այցով Թուրքիա կմեկնի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Անկարայի «Մետրոպոլիս» հետազոտական կենտրոնի հարցման արդյունքներով` Թուրքիայի կառավարության անդամներից ամենամեծ ժողովրդականությունը վայելում է արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Միլիբենդի հետ ասուլիսում Դավուդօղլուն վերստին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, «որպեսզի հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ իմաստ ունենան, պետք է հաշվի առնել ողջ տարածաշրջանի իրավիճակը»: Լոնդոնի King’s College համաժողովի ելույթում էլ նա անգլիացիներին իր երազանքն է ներկայացրել` ունենալ այնպիսի տարածաշրջան, որ մեքենայով Բաքվից դուրս գաս, անցնես Ղարաբաղով, Երևանով, Նախիջևանով ու հասնես Կարս: Մտքի ի՜նչ թռիչք:
«Zaman» օրաթերթի հաղորդմամբ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը ցյուրիխյան արձանագրությունները հանձնաժողովի օրակարգ բերելն օգտակար չի համարում, որովհետև քննարկելն ու հավանության չարժանացնելը ներքին փակուղային վիճակ կառաջացնեն: Ըստ նրա` Թուրքիան ծայրաստիճան զգայուն է ադրբեջանական ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, և միայն հայ-ադրբեջանական խնդիրը հարթելու ջանքերը կարող են հեշտացնել վավերացման ընթացակարգը: Ըստ իրավական ընթացակարգի` Թուրքիայի կառավարությունն ընդունել է արձանագրությունները և վարչապետի ստորագրությամբ նամակ ուղարկել խորհրդարան` վավերացման դնելու դիմումով: Արտաքին կապերի հանձնաժողովը, ըստ կանոնակարգի, 45 օրում պետք է քննարկեր և իր տեսակետը ներկայացներ: Հանձնաժողովին փաստաթղթերը տրվել են 2009-ի հոկտեմբերին: Պարզ չէ` որքան է տևում 45 օրը Անկարայում: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Մերջանը համարում է, որ երկու երկրները վավերացման գործընթացում հասել են նույն կետին: Եթե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արձանագրությունները հավանություն ստանան, Երևանն Անկարայից քայլ առաջ կլինի:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2010-ի հունվարի 12-ին քննության առավ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ ու ԹՀ միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Բնականաբար, որոշեց, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Ո՞վ էր կասկածում:
2009-ին Հայաստանում ծնվել է 44999 երեխա, մահացել է 27268 մարդ: 17731-ով ավելի շատ հայ է շարունակել Հայաստանում հայություն անել: 2008-ին ծնվել է 41406 երեխա, մահացել է 27281 մարդ: 2007-ին ծնվել է 40844 երեխա, մահացել է 26827 մարդ: Այս վիճակագրությունը, որ հավակնում է հավաստիության, բնավ ժողովրդագրական հաջողություն չի արձանագրում: Ո՞Ւմ խնդիրն է սա:
ՌԴ նախագահի հրավերով հունվարի 18-ին Մոսկվա մեկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. նա Մեդվեդևի առաջին արտասահմանյան հյուրն է այս տարի: Հանդիպման օրակարգում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հարցը: Իսկ գուցե պարզապես Մեդվեդևը շարունակելու է այն, ինչ չի ավարտել Լավրո՞վը:
«Freedom House»-ի գնահատականով` 8-րդ տարին անընդմեջ Հայաստանը որևէ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ, տարեցտարի վատթարացնում է ցուցանիշները և 2002-ից մինչ օրս համարվում է մասամբ ազատ երկիր:
Հայ շախմատիստները աշխարհի թիմային առաջնությունում 5-րդ տեղը գրավեցին: Բուրսայում: Վատ չէին խաղում: Բայց իբրև չեմպիոններ չվերադարձան Թուրքիայից: Գիտե՞ք` ինչու: Հայաստանում ոչ մի ընտրություն չկար: Հատկապես` նախագահական: Ահա ինչն է խթանը: Սպորտում էլ, կյանքում էլ:
Նավթի համաշխարհային խոշորագույն արդյունահանող Ռուսաստանը նաև ասիական էներգետիկ շուկաներն է գրավում շնորհիվ նոր նավթամուղի, որ հում նավթ է արտամղում Սիբիրի նավթահանքերից Խաղաղ օվկիանոսի նոր տերմինալ: ՌԴ վարչապետը դեկտեմբերին պաշտոնապես բացեց 12 միլիարդ դոլարանոց նավթամուղի նոր հատվածը, և Միջազգային էներգետիկ գործակալությունն արդեն արձանագրել է, որ ռուսական հում նավթը մրցակիցներին դուրս է մղում շուկայից իր որակով: Ռուսաստանի և Եվրոպայի հետ հարաբերությունների շրջագծում Ռուսաստանը բազմիցս ակնարկել էր, որ իր էներգառեսուրսների արտահանումը կարող է ուղղել Ասիա: Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետ Դայան Մանրոյի գնահատականով` «հիմա Եվրոպան ռուսական նավթի համար պետք է մրցակցի Ասիայի հետ»: Կոզմինոյի նոր տերմինալը Չինաստանից, Հարավային Կորեայից ու Ճապոնիայից հինգ օրվա նավարկություն է բաժանում: Այսինքն` «Հարավային հոսքը»` հարավային հոսք, բայց կա նաև ասիականը, որ պակաս չի հոսում։
Հունվարի 17-ի նախագահական ընտրություններն ՈՒկրաինայում փակեցին նարնջագույն Մայդանի դռները: Այսինքն` Եվրոպայի կենտրոնում գտնվող, դեպի ծով ելք ունեցող մեծ մի տերություն կամաց դուրս եկավ պերմանենտ հեղափոխականությունից... «Էքզիտ պոլի» արդյունքներով` ընտրություններում 18 թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքել է Վիկտոր Յանուկովիչը, ապա` Յուլյա Տիմոշենկոն, երրորդը Սերգեյ Տիգիպկոն է: Ամենայն հավանականությամբ, նախագահ կընտրվի երկրորդ փուլով, որին կմասնակցեն ընտրողների ձայների մոտավորապես 36 տոկոսը ստացած Վիկտոր Յանուկովիչը և 26 տոկոսը ստացած Յուլյա Տիմոշենկոն: Ընտրությունների անակնկալը 13,5 տոկոս ձայներով երրորդ տեղում հայտնված Սերգեյ Տիգիպկոն է: Ըստ տեղեկությունների` Վիկտոր Յանուկովիչը Սերգեյ Տիգիպկոյին առաջարկել է վարչապետի պաշտոն, եթե երկրորդ փուլում միանա իրեն: Տիգիպկոն, սակայն, արդեն հայտարարել է, որ իր ձայները չի պատրաստվում տալ ո՛չ Յանուկովիչին, ո՛չ Տիմոշենկոյին, այլ մտադիր է զբաղվել կուսակցական շինարարությամբ: Յուլյա Տիմոշենկոն էլ չի ուշացրել կանխատեսել Վիկտոր Յանուկովիչի աստղային ճանապարհի ավարտը` վստահություն հայտնելով, որ երկրորդ փուլում իրեն ձայն են տալու մյուս թեկնածուների համակիրները: Իսկ ամենահետաքրքիրը Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցներն են. հակառակ նրա ստացած 5,2 տոկոսի, նրանք պնդում են, որ Յուշչենկոն եղել է, կա և կլինի ՈՒկրաինայի նախագահը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ