Ժամանակը յոթմղոնանոց քայլերով առաջ է գնում, իր հետ տանելով իրադարձությունների «գեղադիտակը»։ Երբ նոյեմբերի 27-ի ուրբաթ օրը մենք պնդում էինք, որ Ռուսաստանն ու Իրանը նոր ծուղակ են նախապատրաստում Արևմուտքի համար, ապա, անկեղծ ասած, չէինք ենթադրում, թե Արևմուտքն ինքը կսկսի իր համար թակարդ լարել Թեհրանի ու Մոսկվայի դաշինքի ահից։ Բայց Սիրիայի երկնքում ռուսական Cy-24-ի խոցումը, որքան էլ տարօրինակ թվա, կարող է կապված լինել գազ արտահանող երկրների համաժողովի` (ԳԱԵՀ) Թեհրանում կայացած երրորդ հանդիպման արդյունքների հետ, որը տեղի ունեցավ հենց նոյեմբերի 23-ին և մտորումների լրջագույն թեմա տվեց։ Այդ թվում` այն առնչությամբ, թե ինչի՞ պետք է պատրաստվեն Ռուսաստանի ու Իրանի հետ այսպես թե այնպես կապված և համաշխարհային շուկային բնական գազի հիմնական մատակարար տարածաշրջանները։ Որպեսզի ոչ ոքի «չմտատանջի» այն հարցը, թե այստեղ ինչ կապ ունեն ԳԱԵՀ-ն ու Սիրիան, ուղղակի հիշեցնենք. հենց Թուրքիան ու Կատարն էին 2010-11 թթ. հանդես գալիս իբրև Պարսից ծոցից դեպի Սիրիա արտահանական գազամուղի կառուցման ջատագովներ, բայց, ինչպես հայտնի է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախընտրեց Իրաքով դեպի Սիրիայի ծովափ ձգվող գազամուղի իրանական նախագիծը։ Մնացածը հայտնի է ամբողջ աշխարհին. «արաբական գարնան» «ժողովրդավարացման» պատրվակով Սիրիան ենթարկվեց աննախադեպ ահաբեկչական ագրեսիայի, պատերազմը չի դադարում արդեն գրեթե հինգ տարի, մոտ 300 հազար մարդ զոհվել է, փախստականների թիվը միլիոնների է հասնում։
Իրանի «սիրիական նախագիծը» համաձայնեցված էր Ռուսաստանի հետ, որովհետև, եթե հավատալու լինենք իրանական լրատվամիջոցներին, որոնք վկայակոչում էին իրանական հետախուզության տվյալները, Կատարի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ընդհուպ մինչև 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը ջանում էին ամեն կերպ ներգործել Սիրիայի առնչությամբ ռուսական ղեկավարության դիրքորոշման վրա և, ի դեպ, անուղղակի ձևով նույնիսկ ահաբեկչություններով էին սպառնում, ձգտելով Մոսկվային պարտադրել խաղերի անվտանգության ապահովման իրենց «ծառայությունները»։ Արաբական շանտաժն այն ժամանակ մերժվեց, իսկ Սինայի երկնքում ռուսական աերոբուսի նկատմամբ ահաբեկչական ակտից հետո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ), այնուամենայնիվ, գաղտնազերծեց այն տեղեկությունը, որ Սոչիի խաղերի նախօրեին կանխվել է մարդատար ինքնաթիռի նկատմամբ նման ահաբեկչության փորձը։ Եվ ահա Թեհրանում Իրանի և Ռուսաստանի ղեկավարները երես առ երես հանդիպեցին Կատարի ներկայացուցչի հետ, լսեցին նրա հերթական զառանցանքները և ստորագրեցին իրենց կարևորագույն պայմանագրերի վաղուց համաձայնեցված նախագծերը։ Անաչառ դիտարկման բոլոր փաստերի համադրմամբ հանգիստ կարելի էր հետևություն անել, որ այս անգամ էլ ԱՄՆ-ի կարևորագույն խամաճիկներից մեկի շանտաժը չանցավ. թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը հանդես բերեցին արդեն ոչ զարմանալի միահամուռություն, այդ թվում` գազի ոլորտում ներդրումների ներգրավման և գնագոյացման հարցերում։ Վլադիմիր Պուտինի խոսքերով, ոչ միայն ներդրողներն ու արտադրողները, այլև գազ սպառողները պետք է պատասխանատվություն կրեն ռիսկերի համար, իսկ դա նշանակում է, որ գազի գինը կաճի, որովհետև «2035-40 թթ. գազի համաշխարհային պահանջարկը ավելանալու է 32 %-ով` գրեթե 5 տրիլիոն խորանարդ մետրով»։
ԳԱԵՀ-ի երրորդ հանդիպումը, որի ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս կարտել ստեղծելու օգտին, դարձավ գազի շուկայում իրենց պայմանները թելադրելու Ռուսաստանի և Իրանի պատրաստակամության ցուցանիշ։ Եվ, ինչպես հայտնի է, հենց Կատարն էր, որ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ԱՄՆ-ի «հանձնարարությամբ» ձախողեց այդ ուղղությամբ Ռուսաստանի, Իրանի, Վենեսուելայի և Ալժիրի համատեղ նախաձեռնությունները։ Մինչդեռ, թեև դա ուղղակիորեն կապված չէ ԳԱԵՀ-ի հետ, նոյեմբերի 23-ին Իրանն Արևմուտքին ևս մեկ խնդիր առաջադրեց. Իրանի նավթի նախարար Բիժան Նեմդար Զանգանեն հայտարարեց, որ հիմա նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ) հայտարարված քվոտայից շատ է արդյունահանում, և Իրանը պահանջում է կրճատել այն ու մնալ օրական 30 մլն տակառ քվոտայի շրջանակներում։ Միևնույն ժամանակ դա չի նշանակում, թե Իրանը պատրաստ է հրաժարվելու արդյունահանման աճից։ «Շուկա վերադառնալը մեր իրավունքն է»,- ընդգծեց նախարարը։ Նա կասկած հայտնեց, թե դեկտեմբերի 4-ին նավթ արտահանող երկրների հանդիպման ժամանակ հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրել արդյունահանման քվոտայի վերաբերյալ։ ՆԱԵԿ-ի առաջիկա հանդիպման ժամանակ նախատեսվում է քննության առնել Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հանելուց հետո իրանական նավթի` համաշխարհային շուկա վերադառնալու հարցը։ Փորձագետները կանխատեսում են, որ արդեն 2016 թ. Իրանը կսկսի շուկա արտահանել նավթի լրացուցիչ ծավալներ։ Արդեն նոյեմբերի 24-ին Սաուդյան Արաբիան շտապեց պատասխանել, որ պատրաստ է, իբր, մասնակցելու այդ օրակարգով կայանալիք բանակցություններին, համապատասխանաբար, արձանագրվում է նաև նավթի համաշխարհային գների աճ։
Երևում է Արևմուտքում շատերը ափսոսանքով արձանագրել են, որ «Ասադի ճակատագրի» հարցում, Ռուսաստանի վրա «ճնշում գործադրելու» միջոցով ինչ-որ բան պոկելու ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի «մտահղացումը» (կամ և՛ Թեհրանից, և՛ Մոսկվայից) մեկ անգամ ևս ձախողվեց, թեև դրա համար պետք չէր սպասել ԳԱԵՀ-ի երրորդ հանդիպման ժամանակ Պուտինի կամ նրա իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի ելույթներին։ Բավական էր ուշադրություն դարձնել Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարարությանը. հանրահայտ է, որ Խամենեին հազվադեպ է որևէ պետության առաջնորդի ընդունում։ Շատ պերճախոս է նրա հայտարարությունն այն մասին, թե Իրանը պատրանքներ չի փայփայում և մազաչափ անգամ չի վստահում ԱՄՆ-ին, սակայն վստահում է Ռուսաստանին։ Այն նախազգուշացումները, թե «ամերիկացիներն ունեն երկարաժամկետ պլան, ձգտում են գերիշխանություն հաստատել Սիրիայում, ապա նաև` ամբողջ տարածաշրջանում, իրական սպառնալիք են բոլոր երկրների, հատկապես Ռուսաստանի ու Իրանի համար»։ Նրա խոսքերով, «Սիրիայում անհաջող ռազմարշավից հետո ԱՄՆ-ը որոշեց անցնել նպատակին հասնելու քաղաքական եղանակների»։ Այս պարագայում այաթոլլահ Խամենեին կոչ արեց խորացնել կապերը Թեհրանի ու Մոսկվայի միջև։ Մենք այն կարծիքին չենք, որ, ինչպես փոխանցել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ, «այաթոլլահ Խամենեին Պուտինին նախազգուշացրել է ԱՄՆ-ից բխող վտանգի մասին»։ Ոչ, իրականում գերագույն առաջնորդը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է, որ Իրանը հավատարիմ է մնում այն կուրսին, որն ավելի վաղ արտացոլվել էր Թեհրանի ու Մոսկվայի ստորագրած տարածաշրջանային փաստաթղթերից մեկում (խոսքը մերձկասպյան պետությունների հռչակագրի մասին է), որում բացառվում է ոչ միայն մերձկասպյան տարածաշրջանում արտատարածաշրջանային երկրների զորքերի տեղաբաշխումը, այլև մերժվում է այդ նույն արտատարածաշրջանային ուժերի ցանկացած մասնակցություն մերձկասպյան տարածաշրջանի խնդիրների լուծմանը։ Հանրահայտ է, որ Իրանը համանման դիրքորոշում ունի նաև Մերձավոր Արևելքի առնչությամբ, բացառելով, ինչպես Ռուսաստանը, արտատարածաշրջանային ուժերի ու երկրների միջամտությունն այդ տարածաշրջանի, մասնավորապես նաև Սիրիայի, ներքին գործերին։ Եվ ահա C-300 ПМУ-2 զենիթահրթիռային համալիրներն էլ են գնում Իրան, իրանական կողմը Պուտինի հետ քննարկում է Սիրիայում իրանցիների ցամաքային գործողության հարցը և հավանություն է տալիս համատեղ բանկ ստեղծելու Ռուսաստանի մտահղացմանը։ Ռուսաստանի նախագահի շքեղ ընծան` հնամյա ձեռագիր Ղուրանը, խորհրդանշական արարք է, ինչը մեծ կշիռ ունի Արևելքի աչքում։ Բայց ի պատասխան Արևմուտքը չարագույժ վրիպում է թույլ տալիս` թուրքերը խփում են ռուսական Cy-24-ը։
Իհարկե, Արևմուտքի հետ Ռուսաստան-Իրան դաշնազույգի փոխհարաբերությունները սիրիական ռազմաբեմում դեռ էլի նման դրվագներ կունենան։ Պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև այն հարցը, թե ինչ պետք է անեն նախկին խորհրդային երկրները։ Նկատենք, մեկը նրանցից, ում հետ Թեհրանում հանդիպում ունեցավ Պուտինը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդիմուհամեդովն էր։ Շատ հարցեր են քննարկել, այդ թվում Սիրիայում Ռուսաստանի գործողությունների շրջանակներում Կասպյան ավազանի օդային տարածության օգտագործման հարցը, սակայն, հաստատ, խոսել են նաև գազի մասին։ Այս կապակցությամբ հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վրաստան կատարած այցի ընթացքում, մեկնաբանելով ռուսական գազամատակարարումների շուրջ «Գազպրոմ» կորպորացիայի հետ բանակցություններ սկսելու հանգամանքը, Վրաստանի էներգետիկայի նախարար, առաջին փոխվարչապետ Կախաբեր Կալաձեն նկատեց, որ Ադրբեջանը հնարավորություն չունի առևտրային գազ մատակարարելու Վրաստանին։ Վրաստանի նախարարի հայտարարությունն անմիջականորեն հաջորդեց Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել էին էլեկտրաէներգիայի տարանցման և Իրանի հետ գազային համագործակցության հարցեր։ «Այսօր Իրանի հետ կապված իրադրությունը միանգամայն այլ է, և մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են,- նշեց Կալաձեն։- Վրաստանը հետագայում կարող է Իրանից գազ գնել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով։ Մենք այլ ելք չունենք։ Դա երկարաժամկետ նախագիծ է, և մենք կքննարկենք այն»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Կալաձեի ասելով, Վրաստանը մտադիր չի եղել Ալիևի այցի շրջանակներում քննության առնելու ռուսական «Գազպրոմի» հետ հնարավոր գործարքը։ «Վրաստանը առաջ էլ է հարաբերություններ ունեցել «Գազպրոմի» հետ, որից մենք գազ ենք գնել առևտրային օբյեկտների համար,- նշեց Կալաձեն։- Մենք հիմա էլ ենք գնում, հնարավոր է ձեռք կբերենք նաև ապագայում»։ Վրաստանին գազի մատակարարման հարցը որքան օրախնդիր է, նույնքան էլ քաղաքականացված։ Երկրի կառավարությունը, ոչ առանց հիմքի, կարծում է, որ Ադրբեջանը բավականաչափ պաշարներ չունի, որ գազ ապահովի Վրաստանին, ուստի և տրամաբանությունը հուշում է, որ գազի լրացուցիչ ծավալներ ստանալու համար Վրաստանը պետք է համագործակցի ՌԴ-ի հետ։ Իսկ վրացական ընդդիմությունը կոկորդ է պատռում, որ վտանգավոր է ընկնել ռուսական էներգետիկայի ճիրանները, ինչը, իբր, կհանգեցնի Վրաստանում Ռուսաստանի ազդեցության անխուսափելի ուժեղացման։
Եվ ահա առաջարկված է Իրանից գազի մատակարարման մի բանաձև։ Իրանի նավթի նախարար Զանգանեն նույնպես չի բացառում Վրաստանը գազով ապահովելու հնարավորությունը։ Հետաքրքրական է, որ Կալաձեն ճիշտ դուրս եկավ, և Ալիևը Վրաստան կատարած այցի ընթացքում ծպտուն չհանեց ո՛չ «Գազպրոմի» հետ Վրաստանի բանակցությունների, ո՛չ էլ Իրանից գազի մատակարարման հնարավորության մասին։ Փոխարենը իր վրացի պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը բավականաչափ բնական գազ ունի իրեն, հարևաններին և առհասարակ ամբողջ Եվրոպային հարյուր տարի ապահովելու համար. «Ադրբեջանը գազի մեծ պաշարներ ունի։ Անգամ հարյուր տարի հետո էլ նա կարող է գազ մատակարարել ոչ միայն իրեն, այլև հարևաններին ու Եվրոպային»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե այնուհետև ինչպես ադրբեջանական քարոզչամեքենան լծվեց «100 տարի Եվրոպային գազ մատակարարել կարողանալու» նախագահ Ալիևի դատարկաբանությանը, կարելի է հասկանալ, որ Կալաձեի և Զանգանեի մտահղացումը, ինչպես նաև «Գազպրոմի» հետ Վրաստանի բանակցությունների փաստն անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանի իշխանություններին, այլև Արևմուտքի այն շրջանակներին, որոնք արդեն 20 տարի Անդրկովկասում հովանավորում են ոչ միայն դեպի Թուրքիա խողովակաշարերի շինարարությունը, այլև, ըստ էության, ձգտում են տարածաշրջանը վերջնականորեն հանել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից։ Չէ՞ որ զուր չէին նոյեմբերի 24-ին արևմտյան առաջատար լրատվամիջոցներն արձանագրում, թե, իբր, հնարավոր է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև «գժտություն» առաջանա, սակայն հիմա նրանց հարաբերությունները «ցեմենտում է» Սիրիան։ Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում մինչև Սիրիան էլ «ցեմենտը» քիչ չի եղել. նույն արցախյան հարցը, որի շրջանակներում Ռուսաստանն ու Իրանը միշտ հետևողականորեն հանդես են գալիս հրադադարի պահպանման և բանակցությունների շարունակման օգտին, կամ էլ Կասպից ծովի կարգավիճակը, որի շուրջ Ռուսաստան-Իրան զույգը 2014-ին համապարփակ համաձայնագիր կնքեց Կասպյան ավազանում արտատարածաշրջանային պետությունների զինվորականների հայտնվելը բացառելու վերաբերյալ։ Գազի վերաբերյալ Մոսկվայի ու Թեհրանի գաղտնի համաձայնագրերն էլ են վկայում նրանց հարաբերություններում եղած «ցեմենտի» հուսալիության մասին։
Իսկ ի՞նչ է մտածում Վրաստանը։ Մոսկվայից ու Թեհրանից գազ գնելու անհրաժեշտության մասին խոսում է նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Առաջին փոխվարչապետ Կալաձեն արդեն կոշտ կերպով ժամկետներ է նշում. նա ակնկալում է, որ համաձայնագիրը «Գազպրոմի» հետ կստորագրվի դեկտեմբերին, և դա մի քայլ կլինի Ռուսաստանի և Իրանի հաշվին գազամատակարարումը բազմազանեցնելու ճանապարհին։ Բազմազանեցման անհրաժեշտության մասին են խոսում նաև վրացի առաջատար փորձագետները, մասնավորապես քաղաքագետ, Georgian Times մեդիահոլդինգի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին։ Դրանից կարելի է հետևցնել, որ, նախ, Թբիլիսին հասկանում է պահի ռազմավարական կարևորությունը և չի ուզում անտեսել Ռուսաստանի ու Իրանի դաշինքը, հիշելով, որ հենց այդ տերություններն են բնական գազի պաշարների համաշխարհային առաջատարները։ Երկրորդ, Վրաստանում չեն վստահում Ադրբեջանի գազի պաշարների անսպառության մասին Ալիևի բարբաջանքներին։ Վրացի պաշտոնատար անձանց և քաղգործիչների դատողություններում տեղ է գտել նաև Հայաստանի դերի մասին հարցը։ Օրինակ, փոխվարչապետ Կալաձեն մեկնաբանել է Իրանով և Հայաստանով գազամուղի անցկացման տարբերակը. «Մենք դեռ սպասում ենք` տեսնելու, թե այդ ուղղությամբ ինչպես կդասավորվեն մեր հարաբերությունները Իրանի հետ. իհարկե, եթե հնարավորություն լինի, մենք կքննարկենք այդ հարցը»։ Բայց կա մեկ խնդիր. դա Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելին է, որը, կարծես, հավանություն տալով գազամատակարարումը բազմազանեցնելու Վրաստանի ձգտմանը, կարծիք է հայտնել, թե Վաշինգտոնն անհանգստացած է, որ որպես այլընտրանքային մատակարարներ հանդես են գալիս Ռուսաստանն ու Իրանը։ Այսպես թե այնպես, իրավիճակն ինքնին հանգեցնում է այն բանին, որ Անդրկովկասը պետք է գիտակցված կերպով սահուն ընթանա Ռուսաստանի և Իրանի հետ ամուր կապերի ուղղությամբ, և չձգտի դեպի «արևմտյան հեռաստաններ»։ Իսկ ինչ և հատկապես ինչպես կորոշեն Ռուսաստանն ու Իրանը, ասենք, Թուրքմենստանի և Հայաստանի կապակցությամբ, որպեսզի հուսալի վառելիքաէներգետիկ միավորում ապահովեն Անդրկովկասում և խստիվ վերահսկեն այն, երևի չարժե կանխատեսել։ Հետևություն. ըստ էության Թեհրանից աշխարհով մեկ հնչեց Իրանի և Ռուսաստանի համատեղ ազդը (քանի որ ինքը` Պուտինը, այաթոլլահ Խամենեիի ասած և ոչ մի բառ չվիճարկեց, հարցականի տակ չդրեց կամ «չսրբագրեց»). «Թեհրանն ու Մոսկվան պետք է համատեղ դիմակայեն տարածաշրջանում ԱՄՆ-ի նվաճողական նկրտումներին»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ